Գլխավոր Մեդիալուսաբանում

«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադար

«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է

04/03/2026

newmag-y-n

Օրեր առաջ լույս տեսավ Արցախի մասին հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով պատմող «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» վերնագրով գիրքդ։ Ինչի՞ մասին է այն, ովքե՞ր էին նախաձեռնել այդ «գրական կամուրջը»։

- Օրեր առաջ լույս տեսավ Արցախի մասին հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով պատմող «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» վերնագրով գիրքդ։ Ինչի՞ մասին է այն, ովքե՞ր էին նախաձեռնել այդ «գրական կամուրջը»։

- Երբ 2022թ․ ազերի կեղծ բնապահպանները փակեցին Հակարիի կամուրջը, ես Երեւանում էի, եւ ամբողջ շրջափակման ժամանակ հնարավոր չեղավ վերադառնալ Արցախ: Այդ ժամանակ զանգ ստացա Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանից։ Ասաց, որ Արցախ-Ֆրանսիա երկխոսության ծրագիր կա, որ հենց ֆրանսիացիներն են նախաձեռնել` գրողներ, մշակույթի գործիչներ, ովքեր հետաքրքրված են Արցախի հարցով: Ձեւաչափն այն էր, որ Արցախից մի գրող եւ Ֆրանսիայից մի գրող կամ արվեստագետ նամակներ գրեն իրար։ Նպատակն էր, որ արցախցի գրողն այդ միջոցով պատմի Արցախի մասին: Եվ ասաց, որ Արցախում որոշել ենք, որ այդ գրողը դու լինես: Արդեն 2023թ. ապրիլին ստացա առաջին նամակը Փարիզից: Ինձ գրում էր երաժիշտ-երգահան, փիլիսոփայության դոկտոր՝ Ուլիս Մանես անունով մեկը: Առաջին նամակում ինձ հարց տվեց` կարո՞ղ ես Արցախի մասին պատմել քո մանկությամբ: Եվ ես Ուլիսին պատմեցի իմ մանկության մասին, որ անքակտելիորեն կապված էր արցախյան առաջին պատերազմի հետ: Ես մտածում էի, թե ինչ եմ գրելու ֆրանսիացուն։ Արդյո՞ք կհասկանար, որ այդպիսի մանկություններ էլ են լինում աշխարհում․ եթե պատմեմ այնպես, ինչպես իրականում կար, այդպես ցավը շատ կլիներ: Ու որոշեցի պատմել այն երազանքների մասին, որ ունենում են երեխաները, որովհետեւ Արցախում ապրող երեխաները, ինչպես առաջին պատերազմի ժամանակ եւ հետո, ինչպես 44-օրյա պատերազմի եւ շրջափակման ժամանակ, ունեին նույն երազանքները, որ ունենում են աշխարհի տարբեր երկրներում ապրող երեխաները: Մենք ուզում էինք ուղղակի հանգիստ խաղալ մեր բակում եւ չտեսնել, որ ինքնաթիռներ են երեւում երկնքում, չվախենալ, որ հիմա ռումբեր կպայթեն, եւ խաղը կավարտվի: Մենք ուզում էինք խաղալիքներ ունենալ, չէինք ուզում խրամատներ սարքել հողից կամ փայտից ատրճանակներ եւ դրանցով խաղալ, մենք ուզում էինք նորմալ խաղալիքներ ունենալ, մենք ուզում էինք կոնֆետներ եւ պաղպաղակներ ունենալ, որ չկային խանութներում: Մենք ուզում էինք հայրիկ եւ մայրիկ ունենալ: Այս էի պատմում Ուլիսին, որ այն, ինչ մենք ուզում էինք, մեծ բան չէր, որ փոքրիկ, բայց կարեւոր մանկական երազանքներ էին, որ ոչ մի բանով չէին տարբերվում աշխարհի բոլոր երեխաների երազանքներից:

Երբ փոքր էի, մորս ասում էի` լավ բան եմ ուզում, մայրս հարցնում էր` ի՞նչ լավ բան, ի՞նչ է այդ լավ բանի անունը, ասում էի` չգիտեմ, բայց լավ բան եմ ուզում: Մի օր էլ մայրս ասաց` հայրդ, որին ես գրեթե չեմ հիշում, այն վերջին գիշերը, երբ գնաց, քեզ ասաց` գնում եմ այդ լավ բանը բերելու: Ես Ուլիսին պատմեցի այդ լավ բանի մասին, որը խաղաղությունն է եւ ազատ ապրելու երազանքը: Նաեւ պատմեցի, որ 1995-ին Ամերիկայից մի աղջիկ եկավ մեր գյուղ, իր հետ շոկոլադ էր բերել, եկավ մեր տուն` մեզ հետ ծանոթանալու, որովհետեւ ասել էին` գյուղի հրամանատարի տունն է, որը զոհվել է: Նա պայուսակից հանեց շոկոլադը, տվեց ինձ։ Ես չգիտեի՝ ինչ պետք է անեմ։ Հարցրի` ի՞նչ է սա, ասաց` շոկոլադ է։ Ես հարցրի` շոկոլադն ի՞նչ է: Ինքն արտասվեց։ Մայրս ասաց, որ այստեղ ոչ մի երեխա չգիտի, թե շոկոլադն ինչ է: Ես ուրիշ շատ բաների մասին պատմեցի․ սա մի գրական ճամփորդություն էր, որի միջոցով Ուլիսի համար բացահայտվեց Արցախը: Նամակագրության նախաձեռնողները շատ տպավորված էին եւ ասացին` մենք չէիք մտածել, որ սա գիրք կդառնա, բայց եւ չի կարող գիրք չդառնալ: Քանի որ «Նյումեգն» է հրատարակում իմ գրքերը, առաջարկեց այս գիրքը եւս հրատարակել: Գիրքը՝ «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա», հայերեն եւ ֆրանսերեն է, նաեւ իմ բանաստեղծությունները կան վերջում, որոնք նամակների հետ ուղարկել էի Ուլիսին: Գրքի հիմնական թարգմանիչը Լիլիթ Բլեյանն է, նաեւ՝ Հովհաննես Գեւորգյանը եւ Անի Չաքմիշյանը, խմբագիրը Վահագն Աթաբեկյանն է, վերնագիրը նույնպես իր առաջարկով է ընտրվել: Ես գրում էի հայերեն, ուղարկում Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանին, որը թարգմանում էր ֆրանսերեն եւ հետո Ուլիսի նամակն էր թարգմանում հայերեն` ուղարկում ինձ: Ես բոլոր նամակները ստորագրում էի իմ ինքնության հասցեով․ Հերմինե Ավագյան, Արցախ, Մարտունու շրջան, գյուղ Աշան. սա իմ դրախտի հասցեն է:

- Այդ դրախտը, որտեղ մարդիկ էին ապրում, հանրապետություն էր` թեպետ չճանաչված, արդյո՞ք իրավունք ուներ մեկ հոգին, թեկուզ ՀՀ վարչապետը, ինքնագլուխ եւ կամայական որոշում կայացնել` Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում:

- Առաջինը, որ ինձ սովորեցրել են իմ ծնողները, «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է եղել: Ասել են, որ դա քո հայրենիքի մասին է: Հարցրել եմ` իմ հայրենիքն Արցախը չէ՞: Պատասխանել են` Արցախն իմ ծննդավայրն է, իսկ իմ հայրենիքը Հայաստանն է, եւ Արցախն էլ Հայաստան է: Ես եւ իմ սերունդն այդպես ենք մեծացել: Կապ չունի, թե երեկ ով էր իշխանության եւ այսօր ով է: Ոչ մի իշխանություն չի կարող ինձ համոզել, որ ես փախստական եմ իմ հայրենիքում: Ես գիտեմ, որ որոշ շրջանակներում արգելված է Արցախ ասելը, որ դրա համար մարդիկ կարող են պատժվել, զրկվել աշխատանքից, բայց դա չի կարող պատճառ լինել, որ ես ինձ այստեղ պատանդ զգամ։ Որովհետեւ իշխանություններն անցողիկ են․ հավերժ են միայն հայրենիքները: Երբ այսօր ինձ ասում են` ընդունիր Հայաստանի քաղաքացիություն, ես ասում եմ՝ չե՛մ ընդունելու: Ինչո՞ւ, ես ո՞վ եմ, Հայաստանի քաղաքացի չե՞մ: Ես իմ անձնագիրը չեմ փոխելու, որովհետեւ Արցախում ստացած իմ անձնագրի վրա գրված է` Հայաստանի Հանրապետություն: Սկզբունքորեն չեմ փոխելու, որովհետեւ ես ինձ զգում եմ ՀՀ քաղաքացի: Եվ ով ուզում է լինի իշխանությունը, նա ո՛չ իրավունք ունի իմ փոխարեն որոշում ընդունել, ո՛չ էլ իրավունք ունի ինձ ինչ-որ քարտեզ ցույց տալ` իր կրծքին խփած, եւ իմ երեխային կամ որեւէ մեկին համոզել, որ սա է քո իրական քարտեզը: Մենք գիտենք` որն է իրական քարտեզը, մենք գիտենք, որ այսօր ֆիզիկապես չենք կարող վերադառնալ Արցախ, բայց ոչ մեկը չի կարող մեզնից խլել այդ վերադարձի հանդեպ հավատը: Ոչ մեկը չի կարող ասել` սա է քարտեզն այսօր, եւ այսպես շարունակվելու է: Ես սա չեմ ընդունում, իմ երեխաներն էլ չեն ընդունելու: Իմ երեխաների համար Հայաստանն իրենց հայրենիքն է, եւ իրենք ինձ պես, չգիտեմ՝ երբ, բայց հավատում են, որ մի օր լինելու է այդ միացյալ Հայաստանը: Ոչ մեկը թող չփորձի մեզ ասել, որ դու փախստական ես քո հայրենիքում: Եվ որեւէ մեկը որեւէ մեկի փոխարեն իրավունք չունի որոշում կայացնել այս աշխարհում:

- Մեծ հնչեղություն ստացավ մետրոյի դեպքը, երբ Փաշինյանը հերոսի դստեր հետ զրուցելիս արցախցիներին անվանեց «փախածներ»: Դուք նույնպես զոհված հրամանատարի դուստր եք: Հնարավո՞ր է ավելի դառը բան ճաշակել երբեւէ:

- Նա, ում այդպես անվանեց, իմ հայրիկի մարտական ընկերոջ աղջիկն է: Նրա հայրն Արցախյան առաջին պատերազմում զոհված հրամանատար Մերուժան Մոսիյանն է: Այն ժամանակ, երբ մարդիկ դեռ հավատում էին, որ Մոսկվան խաղաղ ճանապարհով կլուծի Արցախի հարցը, հանրահավաքներ էին անում, Արմինեի հայրիկը եւ իմ հայրիկը նկուղներում զենք էին պատրաստում, ջոկատ էին հավաքում: Նրանք արդեն գիտեին, որ այդ հարցն առանց պատերազմի չի լուծվելու, եւ, ինչպես հայրս էր ասում, օդից վառոդի հոտ է գալիս: Երբ նայեցի այդ տեսանյութը, չգիտեի, թե ես ինչ կպատասխանեի նրան Արմինեի փոխարեն: Ինքը պարզապես իրավունք չունի խոսելու որեւէ հերոսի մասին, «փախած» անվանելու հերոսի աղջկան: Անվանել «փախած» մեկին, որի ամբողջ մանկությունն անցել է պատերազմի մեջ` ինչպես բոլորինս: Այստեղ հարցը միայն Արմինեն չէ, հարցն ամբողջ արցախահայությունն է, որ ստիպված է եղել բռնի կերպով դուրս գալ Արցախից: Որովհետեւ ուրիշ ճար չկար, եթե մնար, կցեղասպանվեր: Որովհետեւ մնացել էր մենակ, որովհետեւ բանակը զինաթափված էր, որովհետեւ ռուսների օգնության վրա հույս չկար, եւ կար ադրբեջանական սպառնալիքը` ցեղասպանելու: Դա ամեն օր բարձրախոսներով հնչեցնում էին բոլոր գյուղերում, գրական հայերենով սպառնում էին, որ դուրս գանք։ Դուք կասկածո՞ւմ եք, որ իրենք ցեղասպանություն կանեին: Իսկ իրեն ես չեմ լսում արդեն, ես նեղանում եմ այն մարդկանցից, ովքեր իրեն հավատում են, ընդունում են իր ասածները եւ իրենք էլ արցախցիներին անվանում են փախածներ:

- Արցախը զոհաբերենք` Հայաստանը փրկելու համար: Մի քանի օր առաջ էլ ասաց` գիտակցաբար գնացել ենք զոհաբերության, որ անկախանանք: Գիտեմ, ահավոր ծանր է Ձեզ համար՝ լսել այդ դժոխային խոստովանությունը, եւ անասելի է այն մայրերի ցավը, որոնց զավակները զոհվել են: Այս իրողությունը կարո՞ղ ենք որեւէ կերպ մարդկային համարել:

- Հայաստանն Արցախի հետ ամբողջական օրգանիզմ է: Երբ որեւէ մեկը քո օրգանիզմից մի օրգան հատում է, մյուս օրգանները չեն կարող այդ օրգանի դերը կատարել, դու դառնում ես կիսատ մարդ: Իսկ Արցախը Հայաստանի ողնաշարն է, եւ պատահական չէ, որ ժամանակին Մոնթեն ասել է․ եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը: Դա պաթոս չէ: Հիմա այդ ողնաշարը ջարդվել է: Իսկ այսօր խոսում են խաղաղության համաձայնագրերի մասին: Իհարկե, մենք՝ բոլորս, խաղաղություն ենք ուզում: Դուք գիտե՞ք մի հայ մարդու, որ պատերազմ է ուզում: Ես չգիտեմ: Բայց ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ այսօր Արցախում ցեղասպանությունը շարունակվում է, ոչնչացվում են մեր պատմամշակութային հուշարձանները, քրիստոնեական արժեքները, ջնջվում է հայկական հետքը: Դա մշակութային ցեղասպանություն է: Խաղաղություն եւ մշակութային ցեղասպանություն. կարծում եմ՝ դրանք հականիշներ են: Էթնիկ զտման մասին ոչ մի խոսք չի եղել, եւ հիմա էլ այդ ցեղասպանությունը շարունակվում է մշակույթի տեսքով: Ոչնչացվում է մեր պատմական հետքը աշխարհի եւ Հայաստանի իշխանությունների աչքի առաջ, եւ մենք խոսում ենք խաղաղության մասին: Այսօր Բաքվի բանտում շարունակում են մնալ հայ գերիներ, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իսկ մենք խոսում ենք խաղաղության մասին: Խաղաղությունը բանտարկված է Բաքվի բանտում. ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Այդ մարդիկ բանտում են, որովհետեւ Արցախի անցած անկախության ուղին են ներկայացնում: Փնտրեք խաղաղությունը Արցախում ոչնչացվող հուշարձանների մասին տեսանյութերում, որ հրապարակում են ադրբեջանցիները: Փնտրեք Բաքվի դատարաններից տրվող տեսանյութերում: Ես չեմ կարող ընկալել այդ խաղաղությունը․ դա կեղծ ձեռքսեղմումների մեջ չէ: Բայց ես ուզում եմ արժանապատիվ խաղաղություն: Զոհաբերեցիք Արցախը, Հայաստանի կարեւոր ստրատեգիական դիրքերում նստած են ադրբեջանցիները․ դուք կարծում եք՝ այսօր Հայաստանը շրջափակման մեջ չէ՞, այդքանից հետո ինձ ցույց տվեք այդ խաղաղությունը, ես չեմ տեսնում, ո՞ւր է:

- Ի՞նչ է զգում, մտածում Արցախից բռնագաղթած հայն այսօր:

- Ես այս պահին չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է: Նախ պետք է Հայաստան ունենանք, այդ արժանապատիվ խաղաղությունն ունենանք, հետո մտածենք, թե ինչպես ենք Արցախ վերադառնում: Ես հիմա ուղղակի ուզում եմ Հայաստան ունենալ:

Հուսիկ Արա

Տարածել

Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա
Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա

Հերմինե Ավագյան

Ուլիս Մանես

6800 ֏

Նկարագրություն

Այս նամականին գրական կամուրջ է երկու աշխարհների՝ ֆրանսիացի երաժիշտ ու լրագրող Ուլիս Մանեսի և արցախցի գրող Հերմինե Ավագյանի միջև: Մի կողմում Ուլիսի անծանոթ ու հետաքրքրասեր հայացքն է, մյուսում՝ Հերմինեի անէացած ծննդավայրը: Հերմինեն Ուլիսին իր բանաստեղծական շնչով և հուշերի նուրբ թելերով տանում է Արցախի թաքնված արահետներով. այնտեղ, որտեղ մանկության երանգներն ու հայրենի գյուղի բույրերը միախառնվում են պատերազմի մշուշին:

Այս գիրքը նաև տարեգրություն է՝ հյուսված Հերմինեի լուսավոր կարոտով և Ուլիսի՝ հայ ժողովրդի նկատմամբ սիրով: Այս զրույցն այն մասին է, թե բառն ինչպես է դառնում հայրենի տուն, երբ հողն այլևս ոտքերիդ տակ չէ, և թե երկու օտար հոգիների հանդիպումն ինչպես է վերածվում գրքի, որն ապրելու է ժամանակից դուրս ու տարածությունից անդին: