Գլխավոր Մեդիալուսաբանում

Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ նախ ինքն իր

Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ նախ ինքն իրեն պետք է հետաքննի. Մարիաննա Հակոբյան

02/13/2026

newmag-y-n

Օրերս Newmag Winterfest-ի շրջանակում կայացել է լրագրող, հեռուստամեկնաբան Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գրքի շնորհանդեսը:

Օրերս Newmag Winterfest-ի շրջանակում կայացել է լրագրող, հեռուստամեկնաբան Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գրքի շնորհանդեսը: Այն հոգեբանական թրիլլեր է՝ դետեկտիվ տարրերով, որը ընթերցողին տեղափոխում է 90-ականների իրականություն։ 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը 2 տասնամյակ անց պետք է դառնար քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Ի՞նչ է կատարվել իրականում, երբ հայտնի պատգամավորը, նախարարն ու սկսնակ լրագրողուհին առանձնացել են բնակարանում։ Ահա թե ինչ հարցեր են արծարծված նորատիպ գրքում:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով գրքի առանձնահատկությունների մասին՝ Մարիաննան նշում է. «Գիրքն առանձնահատուկ է նախեւառաջ նրանով, որ դետեկտիվ-թրիլլեր է: Դետեկտիվը ամենաինտելեկտուալ ժանրերից է`միտքը լարող, ընթերցողին խաղի մեջ ներքաշող, որտեղ ենթադրվում է, որ պետք է սրվի հոտառությունը, արթնանա դիտողականությունը: Դետեկտիվը պատրվակ է խոսելու գաղտնիքներից: Իմ մեջ տարիներով խտացված, ինձ ցնցած շատ պատմություններ ընտրեցին գրքի կերպարանք, ոչ թե թաքնվելու, այլ խոսելու համար: Ամենաաշխարհատես գրող Կոստան Զարյանն ասում էր` խոսքերը ստեղծված են մտքերը թաքցնելու համար: Ով միայն խոսք է հասկանում, ոչինչ չի հասկանում: Գիրքս պատմում է մի կնոջ ողբերգության մասին, կին, որ ուզում էր ունենալ ավելին, երեւալ այն, ինչ չկա, թվալ, եւ ստանալ սրտի ուզածը անազնիվ ճանապարհով: «Ճշմարտությունը» բարձրաձայնելուց առաջ պետք է առերեսվել ճշմարտությանն ու հասկանալ նրա բարդ բնույթը` որքանով ազնիվ կլինի այն բոլոր կողմերի հանդեպ»: Թե որն է գրքի ուղերձը, հեղինակն այսպես է արձագանքում. «Դու գտնելու ես այնտեղ, որտեղ չես փնտրում, և դա լինելու է այն, ինչ դու չէիր փնտրում: Անակնալներով լի կյանք, որ սիրում է ստեղծագործել աբսուրդ ժանրում»: Իսկ եղե՞լ են դրվագներ, որոնք դժվար են գրվել, մի քանի անգամ փոփոխել են: «Այո, բռնաբարության դրվագը անընդհատ պտտվել է գլխումս: Ես առաջնորդվել եմ «rule of the cool» սկզբունքով` եթե էսթետիկ է, ուրեմն տեղին է: Եթե գեղարվեստականորեն արդարացված է, ուրեմն կարելի է»,- նշեց Մարիաննա Հակոբյանը:

Հարցին՝ իր կարծիքով ինչ խնդիր պետք է լուծի այսօրվա գրողը TikTok-ի սերնդին գրականություն ու հատկապես տպագիր գիրք բերելու համար, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ պատասխանեց. «Նախեւառաջ չպետք է քննադատի, պետք է փորձի հասկանալ ու ընկերանալ: Խոսի պարզ ու հավասարը հավասարի հետ`առանց հպարտության ու մերժողական դիրքերից: Հետաքրքիր պատմությունները չեն ճանաչում տարիք ու նախասիրություն: Լատինական արտահայտություն կա. «Esse est percipi»` լինել, նշանակում է ընկալվել: Բոլոր ժամանակներում կանգնել նույն խնդրի առջեւ ինչպես լինել ընկալելի`չլինելով շաբլոն`չտրվելով խորտակող հոսքերին: Երիտասարդներն էլ փնտրում են ընկալելի լինելու ճանապարհներ, ես կուզեի, որ դա անեին որակյալ: Իսկ այդ ճանապարհին ամենաչպարտադրող խորհրդատուները գրքերն են»: Մեր զրույցի ընթացքում այլ թեմաների էլ անդրադարձ եղավ. «Ֆիզիկական բռնությունը շեշտադրվում է գրքումս, բայց հոգեբանական բռնությունը պակաս վտանգավոր չէ, եթե ոչ ավելի: Մեր կարծրատիպային հասարակության մեջ կինն է շարունակում մնալ «մեղավորը»: «Ով էր խնդրում գնալ հանդիպման, բաց էր հագնված, տոն է տվել…»: 

Կանայք հաճախ հարմարվում եմ զոհի կերպարին`արդարացնելով, թե «էդ ա իրականությունը: Հայաստանում ենք»: Ես հավատում եմ, որ զոհն է ձգում հանցագործին: Զոհերը բողոքում են ամեն ինչից, բացի սեփական խելքից: Պատասխանատվություն չվերցնելն ավելի հեշտ է, հարմար է և դրա համար էլ նախընտրում են զոհ լինել: Պետք է կարդալ հատկապես գեղարվեստական գրքեր, որովհետև դրանք սովորեցնում են կողքից նայել մարդկանց, հետազոտել նրանց խոսքն ու վարքը և իրական կյանքում ավելի բազմակողմանի նայել բոլոր հարցերին: 6 -ը հակառակ կողմից 9 է: Համակողմանի մտածողությունը թեթև ապրելու կարճ ճանապարհն է: Խորքային մտածող մարդիկ հաճախ են խորհում ով եմ ես-ի, տեղից եմ եկել և ուր եմ գնում հարցերի շուրջ: Կարծում եմ` այս հարցերի մեջ մարդ երբեք իրեն չի գտնի, չծեծված հարցերի մեջ պետք է փնտրի: Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ, լրագրող նախ ինքն իրեն պետք է հետաքննի: Ինքնաճանաչում` հետո մնացածը: Գիրքս անդրադառնում է այս բոլոր հարցերին»: 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տարածել

Անունները չփոխե՛լ
Անունները չփոխե՛լ

Մարիաննա Հակոբյան

5800 ֏

Նկարագրություն

Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։