10 ֆիլմ, որ տրամադրում են աշնանն ու ուսումնական տարվան
«Մեռած պոետների հանրությունը» («Dead Poets Society»). ԱՄՆ, 1989
Հենց սկսում ես ուսանողական միջավայր պատկերող ֆիլմերի մասին մտածել, առաջին մտքիդ եկածը «Մեռած պոետների հանրությունն» է: Փիթեր Ուիրի այս գլուխգործոցում Ռոբին Ուիլյամսի խաղացած դերը լավագույնը չէ նրա կարիերայում, բայց ֆիլմի ու դերասանի անունները ընդմիշտ փոխադարձաբար ասոցիացվելու են: Ֆիլմը վաղուց դիտած մարդիկ մինչև հիմա էլ զարմացած բացահայտում են, որ այստեղ խաղում են բոլորովին պատանյակ համաշխարհային մեծություններ Իթան Հոուքը և Ռոբերտ Շոն Լեոնարդը: Անկրկնելի ռոմանտիկ ֆիլմ՝ մտքի ազատության ու մարմնի ստրկության ճակատագրական բախման մասին:
«Մոնա Լիզայի ժպիտը» («Mona Lisa Smile»). ԱՄՆ, 2003
Մայքլ Նյուելի ֆիլմը «Մեռած պոետների» գրեթե հայելային, բայց իգական արտացոլանքն է: Կրկին ազատատենչ ու մտածել ստիպող ուսուցիչ՝ պահպանողական դպրոցում, բայց այս դեպքում բոլոր գործող անձինք կանայք են: Ամերիկայում միշտ չէ, որ գենդերային, կրոնական կամ ռասայական հավասարությունը նորմ է եղել: 50-ականներին այստեղ կանայք ընդամենը մի դեր ունեին՝ կազմել ընտանիք և ունենալ երեխաներ: Ջուլյա Ռոբերթսի մարմնավորած ուսուցչուհին այն առաջին «խորհրդավոր միանձնուհին» էր, որն իր աշակերտուհիներին փորձում էր բացատրել, թե ինչ բարձունքների կարող է և, ամենակարևորը, իրավունք ունի հասնելու կինը, եթե ցանկանա: Իր արական երկվորյակի պես այս ֆիլմն էլ ավարտվում է «հեղափոխականի» գործազրկությամբ: «Մեռած պոետներն» իրենց ուսուցչին ճանապարհում էին սեղանների վրա հպարտ կանգնած, մինչդեռ «խորհրդավոր միանձնուհիները» իրենց շնորհակալությունը հայտնում են նրան հեծանիվներով ուղեկցելով:
«Ստիլյագները» («Стиляги»). Ռուսաստան, 2008
Ուրախ ու գունագեղ մյուզիքլ՝ մոխրագույն իրականության մասին, որի գլխավոր խորհրդանիշը յուրաքանչյուր բնակարանի անկյունում դրված կազմ ու պատրաստ ճամպրուկն է: Այնպիսի ժամանակներ են, երբ նստեցնում են նույնիսկ ոչ պոլիտկոռեկտ Ադոլֆ անվան կամ Ստալինի նկարը պատահաբար զուգարանի դռան դիմաց փակցնելու համար: Պյոտր Տոդորովսկին որպես գլխավոր կերպարներ ներգրավել է ուսանողների, որոնց շվայտ կյանքն ու «ստիլյագությունը» իրականում սովետական միօրինակության մառախուղից դուրս պրծնելու անգիտակից փորձ են: Ֆիլմը շատ ուժեղ չէ, բայց ուժեղ են օգտագործված երգերը՝ 20-րդ դարավերջի ռուսական ռոք բենդերի աստղաբույլի լավագույն կատարումները:
«Դաժան խաղեր» («Cruel Intentions»). ԱՄՆ, 1999
Ֆրանսիացի գեներալ Շոդերլո դը Լակլոյի «Վտանգավոր կապեր» վեպը, որ համարվում է 18-րդ դարի լավագույն արձակ ստեղծագործություններից մեկը, ամենաէկրանավորված պատմություններից է նաև: Հոլիվուդյան գերաստղերի մասնակցությամբ համանուն ֆիլմը, որ երեք «Օսկար» է ստացել, պետք է որ դիտած լինի ցանկացած կինոսիրող: Նույն վեպի մեկ այլ՝ «Դաժան խաղեր» էկրանավորումը նվազ հայտնի է, բայց էականորեն տարբերվում է մնացածներից: Պատկերը կառուցված է ժամանակակից ուսանողական միջավայրում, ինտրիգները ծավալվում են քոլեջի պատերի ներսում: Դրանք 1700-ականների Ֆրանսիայի ազնվականներին բնորոշ ինտելեկտուալ տարրերով սիրային ինտրիգներից նվազ էսթետիկ են, բայց ժամանակակից ամերիկյան իրականությանն ամբողջովին հարիր:
«Խելացի Ուիլ Հանթինգը» («Good Will Hunting»). ԱՄՆ, 1997
Այս ֆիլմը կինովարպետ Գաս Վան Սենթի մեյնսթրիմ շրջանի լավագույն աշխատանքն է: Այստեղ խաղացած դերի համար Ռոբին Ուիլյամսն արժանացավ իր առաջին ու միակ «Օսկարին», իսկ Մեթ Դեյմոնն ու Բեն Աֆլեքը, որ տանդեմ էին կազմել ոչ միայն որպես կերպարներ, այլ նաև ֆիլմի դրամատուրգիան կառուցելիս, «Օսկար» ստացան լավագույն սցենարի համար: Ֆիլմը բանվորությամբ և համալսարանում հավաքարարությամբ զբաղվող երիտասարդի մասին է: Նա մաթեմատիկայի ոլորտում նույնիսկ վաստակաշատ գիտնականի քիթը տրորելու բնածին հանճար ունի: Ուիլ Հանթինգը, սակայն, մանուկ հասակում ստացած հոգեկան վնասվածքների պատճառով փակվել է աշխարհից, և նրա ինքնաբացահայտմանը օգնության է գալիս ոչ պակաս կոմպլեքսավորված հոգեբանը՝ ենթագիտակցորեն փոխօգնություն հայցելով:
«Գտնել Ֆորեսթերին» («Finding Forrester»). ԱՄՆ, 2000
Նորից Գաս Վան Սենթ, ու նորից պատմություն սոցիալական պայմանականություններով շղթայված տաղանդավոր երիտասարդի մասին: Խոստումնալից արձակագիր Ջամալ Ուոլեսը՝ սևամորթ մի պատանի, որին ավելի շատ գնահատում են բասկետբոլ խաղալու, քան գեղեցիկ տեքստեր կառուցելու տաղանդի համար, պատահաբար հրաշալի ուսուցիչ է գտնում: Նա ինքը` Ուիլյամ Ֆորեսթերն է (Շոն Քոնորի)՝ համաշխարհային ճանաչում ստացած վեպի հեղինակը, որ այլևս երբեք ոչինչ չի գրել, ու ոչ ոք մինչև այդ պահը նրա գտնվելու վայրը չգիտեր: Այս ֆիլմով Վան Սենթն արդեն խոշոր քայլ է անում մեյնսթրիմից դեպի արթ հաուս, սակայն ուսանող պատանիների թեմատիկայով ֆիլմագրության նրա դափնեպսակը դեռ առջևում էր, որին մենք անպայման անդրադառնալու ենք այս շարքում:
«Սոցիալական ցանց» («The Social Network»). ԱՄՆ, 2010
Դևիդ Ֆինչերի աղմկահարույց ֆիլմը ոչ այնքան ուսանողական կյանքի, որքան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծման մասին է: Այլ հարց է, որ ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի են ունենում Հարվարդի համալսարանում՝ պատկերելով դեռ ուսանողական տարիքից ամերիկյան երազանքին հասնելու ճանապարհին որևէ խտրություն չդնելու «շնաձկնային» հակումները: Ֆիլմը բացառիկ է նրանով, որ փաստորեն անկաշկանդ բացահայտում է իրական մարդու՝ ամենահայտնի ու ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկի բոլոր անհաջող կողմերը` առանց նույնիսկ հերոսի անունը փոխելու: Ասում են` Ցուկերբերգը որոշած է եղել չդիտել ֆիլմը, բայց մի քիչ դիմադրելուց հետո տեղի է տվել հետաքրքրասիրությանը:
«Նախաճաշ ակումբ» («The Breakfast Club»). ԱՄՆ, 1985
Առանց որևէ մրցանակի կամ արտառոց գերշահույթների ֆիլմ, որն ուղղակի 80-ականներին ամենասիրելիներից ու ամենահաճախ դիտվողներից էր: «Նախաճաշը» Ջոն Հյուզի՝ թեթև, կատակերգական նրբերանգներով մելոդրամա ստեղծելու վարպետության պսակն է: Այն պատմում է միմյանց հետ ոչ մի ընդհանրություն չունեցող հինգ համադասարանցիների մասին, որոնք դպրոցում պատժված են և պարտավոր են միասին անցկացնել օրը՝ «Ի՞նչ կարծիքի եք Ձեր մասին» շարադրություն գրելով: Գեղեցկուհին, մարզիկը, խելացին, ըմբոստը և տարօրինակություններով աղջիկը ճանաչում են միմյանց, բայց միևնույն ժամանակ բոլորովին չեն ճանաչում: Համատեղ անցկացրած ժամերի ընթացքում նրանք բացահայտում են մեկը մյուսին՝ բացելով նաև իրենց դրական կողմերը: Լուսավոր ֆիլմ՝ դպրոցի, ընկերության ու սիրո մասին:
Փիղը (Elephant). ԱՄՆ, 2003
Անկանխատեսելի Գաս Վան Սենթի այս կինոկտավը, որի մասին խոստացանք պատմել վերջում, «Խելոք Ուիլ Հանթինգից» ու «Գտնել Ֆորեստերին»-ից էականորեն տարբերվում է ձեռագրով ու ժանրով: «Փիղն» արթ հաուսի խոհանոցում եփված ծանրամարս դելիկատես է՝ իսկական կինոգուրմանների համար: Սյուժեի հիմքում 1999-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրական դեպքեր են: Երկու աշակերտներ զինված մտել էին դպրոց, գնդակահարել գրեթե բոլոր ներկաներին ու ինքնասպան եղել: Ֆիլմում այդքան ցնցող չէ բուն սյուժեն, որքան հեղինակի կատարողական վարպետությունը: Վան Սենթը լիարժեք բացահայտել է դպրոցականների սադիզմի մոտիվները, բայց նաև կարողացել է նրանց ներաշխարհի ամենամութ կողմը մատուցել բացարձակ խաղաղության մթնոլորտում՝ դանդաղ, անվրդով ու ադրենալինի սիրահարների համար նույնիսկ ձանձրալի եղանակով: Տևական ժամանակ ֆիլմի գեղարվեստական արժանիքները վայելելուց հետո վերջաբանը պայթում է, ինչպես ամպրոպը բաց երկնքում:
«Փիղը» ոչ պրոֆեսիոնալ դերասաններով ու նվազագույն բյուջեով 17 օրում նկարահանված ֆիլմ է, որը Վան Սենթին նորից վերադարձրեց կինովարպետների անդերգրաունդ և Կաննի «Ոսկե արմավենի» բերեց:
«Ցեղը» («Племя»). Ուկրաինա, Նիդերլանդներ, 2014
Միրոսլավ Սլաբոշպիցկու դեբյուտը, որ Կաննում երեք «Ոսկե արմավենի» ստացավ, հետո շահեց հայկական «Ոսկե ծիրանը» ու դեռ շարունակում է փառատոնային հաղթարշավը, այս տարվա ամենանշանավոր կինոիրադարձություններից է: Ամբողջ ֆիլմի ընթացքում ոչ մի մարդկային ձայն չի լսվում, միայն ինտերաղմուկ: Դերասանական կազմը ոչ պրոֆեսիոնալ ու իրականում խուլ երիտասարդներ են, որոնք միմյանց հետ շփվում են միմիայն ժեստերի լեզվով: Կարող է թվալ, թե առանց ենթագրերի ֆիլմը դիտելն իմաստ չունի, բայց դա սխալ տպավորություն է: Ամեն ինչ չափի մեջ է` խուլ ու համրերի ինտերնատում ապրող մանկահասակ աղջիկների սեռական շահագործում, կոռուպցիա, դասակարգային անառողջ հարաբերություններ, սեր, սիրուց ծնված խանդ, խանդից ծնված դաժանություն՝ որոշակիորեն կանխատեսելի, բայց իր տեսակի մեջ անսպասելի ավարտով: Բացառիկ դեպք, երբ ռեժիսորը չի շահագործել մարդու հաշմանդամությունը՝ խղճահարություն առաջացնելու կամ սյուժետային լուծումները համեմելու համար: Գուցե հասարակությունից մերժված լինելն է գլխավոր պատճառը, որ այս դեռահասները որոշել են գոյատևել դաժանության շնորհիվ, բայց նրանք այնպիսին են, ինչպիսին կան, և շփվում են այն լեզվով, որը թարգմանության կարիք չունի:
Լուսանկարը՝ Ալբերտ Խաչատրյանի