Հայ-ամերիկյան առողջության կենտրոն. Երբ փրկում են հազարավոր կյանքեր
Մայրս փրկվեց: Նրանց օգնությամբ: 5 տարի առաջ ճշգրիտ ախտորոշումն ու երիտասարդ, բայց բանիմաց բժիշկների խումբը 43-ամյա կնոջը երկրորդ կյանք պարգևեցին:
Կրծքագեղձի գանգատներով ու ապարդյուն բուժման կուրսերից հետո հարևանուհու խորհրդով դիմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոն: Ընդունեցին: Հետազոտեցին: Ասացին՝ կօգնենք, կբուժվի. բարորակ է, ժամանակին եք դիմել: Երիտասարդ ու բարեհամբույր բժիշկն սկսեց հետազոտման ամբողջական փուլն ու խստացված ռեժիմով դեղորայքային բուժումները, իսկ արդյունքն արդեն օրեր անց նկատելի էր: Մեղմացել էին ցավերը, տհաճ ու վատ ինքնազգացողությունը նվազել էր: Հիմա տարվա մեջ երկու-երեք անգամ անցնում է պարտադիր բուժզննում, չնայած ամեն ինչ կարգին է:
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի պատմությունը սկիզբ է առնում 1995-ից: Այն ժամանակ հազարավոր կանայք կանգնած էին նույն խնդրի առաջ ու չէին էլ իմանում, թե ինչ ասել է մամոգրաֆիա: Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալյանի և այդ շրջանում պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թ. վերափոխվեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ): Այն մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում:
Կենտրոնի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, զբաղվել կանխարգելիչ բժշկությամբ, իրականացնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության ախտորոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր, նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, իրականացնել կրթական ծրագրեր: