Ադելի առաջին հարցազրույցը 3 տարում
Ադել Ադկինսը անոմալիա է: Նա հաղթում է «փառքի խաղում»` հրաժարվելով ընդհանրապես խաղալ այն: Եվ դրանից նրա երաժշտությունն ավելի լավն է դառնում:
Ադելի պապիկը մահացավ, երբ աղջիկը 10 տարեկան էր: Նա հիասթափված էր կյանքից: Նա ոչ միայն իր վիշտն էր սգում, այլ նաև զգում էր տատիկի կորստի ցավը. «Ես այնքան էի սիրում նրան: Տատիկս ու պապիկս միշտ ինձ համար իդեալական հարաբերությունների , իդեալական ընկերության, ընկերության, ամեն ինչի օրինակ են եղել»:
Պապի մահից ազդված 10-ամյա Ադելը որոշեց սրտաբան դառնալ. «Ես ուզում էի բուժել մարդկանց սրտերը»: Մեկ տարի անց Ադելը ավագ դպրոցում էր ու հաճախում էր Balham's Chestnut Grove School-ի կենսաբանության դասերին: Ադելի «աորտային ամբիցիաները» ավարտվեցին, երբ բացահայտեց ժամանցն ու տղաներին:
Պապիկի մահից տասը տարի անց, երբ տուն վերադարձավ Լոս Անջելեսից, որտեղ պրոդյուսեր Դեն Ուիլսոնի հետ աշխատում էր իր առաջին` «19» ալբոմի վրա, 11-ժամյա թռիչքից ու անքնությունից հոգնած ուղևորվեց մայրիկի տուն. «Նրա համար կատարեցի «Someone like you»-ի նախնական տարբերակը: Մաման սկսեց լացել: «Դու վիրաբույժ ես»,- ասաց,- «նորոգում ես մարդկանց սրտերը»: Հետո լռեց ու թոթվեց.-«Sliding Doors-ի նման է, չէ՞»:
Իրականում Ադելի նոր ալբոմը` «25»-ը, նմանություն ունի Գվինեթ Փելթրոուի մասնակցությամբ 1998 թվականի Sliding Doors կատակերգրական դրամայի երաժշտական մոտիվի հետ: Երբ նա պատրաստվում էր ձայնագրություններին, շտապեց մոտակա խանութից նոր նոթատետր գնել. «Այդպես բոլոր ալբոմներիս ժամանակ եմ արել: Գնում եմ նոր բլոկնոտ, հոտոտում այն, որովհետև բույրը կարևոր է: Հետո մեծ, ընդգծված տառերով առաջին էջին գրում եմ տարիքս: 25-ից հետո 5 հարցական նշան դրեցի, որովհետև ինքս էլ զարմացած էի` այդ ե՞րբ, գրողի տանի, 21-ից դարձա 25»:
Ադելն ասում է` նոր ձայնասկավառակը մեծանալու և նոստալիգիկ դառնալու մասին է: Այն մասին, թե ինչպիսին էր նախկինում, ինչպիսին է հիմա, և ինչպիսին պետք է լինի ապագայում: «Այն այնպիսի բաներ կարոտելու մասին է, որոնք նախկինում մտքովս չէին անցնի` օրինակ 18 տարեկանում ընկերներիդ հետ Brockwell Park-ում 2 լիտր խնձորօղի խմելը: Դրանք կյանքիս ամենից իրական ու լավ պահերն էին, և կուզեի այն ժամանակ հասկանալ, որ այլևս չեմ կարողանալու այգում նստել և մի շիշ խնձորօղի կոնծել»:
Եվ ոչ այն պատճառով, որ հայտնի է, այլ որովհետև նրա (նաև դպորցական ընկերների) կյանքը առաջ է գնացել: Ոչ ոք այլևս թինեյջեր չէ: «Կարծում եմ` ալբոմը անցյալը պարզ հասկանալու մասին է» -, ցածրաձայն ավելացնում է Ադելը,- «ծնող դառնալու և «էլ 20 տարեկան չլինելու» մասին: Հիմա ես շատ բաների պատճառով չեմ կարող անհանգստանալ: Այո, ես ապրել եմ սիրային դրամայի բոլոր տարատեսակները: Բայց հիմա մայր եմ, դրանց ժամանակը չունեմ: Այնքան մայրական հոգս ունեմ հիմա: Եվ, գիտեք ինչ, կյանքն ավելի հեշտ է, երբ չես քչփորում անցյալը»:
Ըստ ամենայնի, Ադելի «25»-ը քննադատները կներկայացնեն փառքի ու հարստության հավակնություն: Բայց այդպես չէ: Իր նախկին ձայնագրություններում Ադելն իր անձնական ապրումները հիանալիորեն դարձրել է հանրային: Նա դա անում է, Աստված իմ, շատ գայթակղիչ ձևով: Նրա սիրտը կոտրվում է, որովհետև մեր սրտերն են կոտրված: Նա պայքարում է, մենք էլ ենք նույնն անում` անկախ նրանից` ով ենք մենք և ինչով ենք զբաղվում: «25»-ը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք բոլորս փոխվել, և կապ չունի` համաշխարհային աստղ ենք, շրջանավարտ, արհեստավոր, թե նորաթուխ մայրիկ:
«25»-ով Ադելը հստակ ցույց է տալիս` այն «21»-ը չէ` 30 միլիոն օրինակ վաճառք ունեցած բազմակի մրցանակակիր ալբոմը, որը նրան դարձրեց համաշխարհային գերաստղ. «Ես չափազանց զգոն էի, որ նորից «21» չստեղծեմ: Չէի պատրաստվում գրել սրտաճմլիկ երգեր, որովհետև հիմա իմ սիրտը կոտրված չէ: Ես այլևս չեմ ուզում այդպես զգալ»:
Ադել Լոուրին Ադկինսը հիմա 27 տարեկան է: Երեք տարվա դադարից հետո առաջին հարցազրույցին շտապում է իր XL լեյբլի լոնդոնյան գրասենյակ: Ականջակալներով է, Macbook Pro-ն ձեռքին, հագին XL-ի գովազդային շապիկ, մյուս ձեռքին էլ iPhone 6-ն ու Bob The Builder պայուսակն է պահել: Նա կանաչ թեյ է խնդրում. «Փորձում եմ առողջ ապրել»,- պարզաբանում է:
Սև լեգիններ, սև բաճկոն, սև Nike 5.0+ սպորտային կոշիկներ, եղունգներն անգույն են, ոչ մի զարդ, միայն մեծ, կլոր, ականջօղեր է կրում: Առանց ավելորդությունների եկել է i-D-ում իր «25»-ից 7 երգ ներկայացնելու:«Մի քիչ հուզված եմ»,- խոստովանում է` ճպճպացնելով կանաչ մեծ աչքերը,- «Իմ մենեջերից հետո Դուք առաջինն եք լսելու այս երգերը»:
Մատը սահեցնում է իր iTunes-ի վրայով. - «Օքեյ, ո՞րը միացնեմ, գրողը տանի: Ահա, այս մեկը Hello է կոչվում, առաջին սինգլն է»: Հենց այն երգն է, որն ինտերնետը պայթեցրեց հաշված ժամերում: Նա սեղմում է play-ը ու մենք «անջատվում ենք»: Ադելի ձայնը 4 տարվա ընդմիջումից հետո լսելն իրոք հրաշալի է: Taylor-ի, Rihanna-ի և Miley-ի առաջարկած փոփ երաժշտության մեջ Ադելի բացակայությունը ակնհայտորեն զգացվում էր: 3,5 րոպե անց երգն ավարտվում է ու աչքերիս արցունքներ են:
[1] adele interview: world exclusive first interview in three years
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)