Ապրիլի 2-ը մեկնարկ դեպի սեպտեմբերի 26. Ալիևի պատերազմը հանուն միապետության
Հուլիսի 18 ին Ադրբեջանի նախագահը ստորագրեց հրամանագիր երկրի Սահմանադրության մեջ փոփոխութ-յուններ կատարելու վերաբերյալ: Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հավանություն տվեց նախագահի նախագծին, ինչից հետո Իլհամ Ալիևը սեպտեմբերի 26-ը նշանակեց Սահմանադրական հանրաքվեի օր: Ալիևի առաջարկած նոր սահմանադրության մեջ էական նշանակություն ունեն 3 կետեր:
1. Առաջարկվում է մտցնել փոխնախագահի պաշտոնը, ով իր լիազորություններով կլինի պետության երկրորդ մարդը:
Փոփոխության համաձայն, եթե Ադրբեջանի նախագահը որևէ պատճառով անկարող է իրականացնել իր լիազորությունները, այդ լիազորությունները փոխանցվում են փոխնախագահին: Որպես Ադրբեջանի փոխնախագահի ամենահավանական թեկնածու դիտվում է առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Նա արդեն իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երկրորդ դեմքն է՝ իր ամուսնուց հետո, նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է:
2. Առաջարկվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դարձնել 7 տարի:
Ալիևի ներկայիս՝ երրորդ պաշտոնավարման ժամկետը լրանում է 2018 թվականին: Դեռևս 2009 թվականին Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխություն է մտցվել, որով նախագահի վերընտրվելու քանակի որևէ սահմանափակում չկա: Արդեն հիմա վստահ կարելի է ասել, որ 2018-ին Ալիևը 57 տարեկանում չորրորդ անգամ առաջադրվելու է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու: Եթե ամեն ինչ ընթանա նրա ծրագրով, Ալիևը կպաշտոնավարի մինչև 2025 թվականը:
3. Առաջարկվում է վերացնել տարիքային սահմանափակումը ըստ որի Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանը լրացած անձը:
Սահմանադրության «Ալիևյան» նախագծի ամենաինտրիգային և ուշագրավ այս կետը պետք է ապահովի իշխանության ժառանգականությունը: 2025 թվականին, երբ կլրանա 64 տարեկան Իլհամ Ալիևի պաշտոնավարման չորրորդ ժամկետը, նրա որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը կդառնա 28 տարեկան: Անկասկած սահմանադրական փոփոխության այս կետը կարելի է կոչել Հեյդար Ալիև կրտսերի անունով:
Այսպիսով` Իլհամ Ալիևը գնում է նույնիսկ ամենատիրական Ադրբեջանի չափանիշներով աննախադեպ հանդուգն քայլի: Ադրբեջանի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է հաշտվել Ալիևի ցանկացած որոշման և բռնության հետ, կուլ տալ իշխանության պատրաստած ինֆորմացիոն կամ քարոզչական խայծերը: Սակայն սահամանադրական փոփոխության կետերում հստակ և մեկ առ մեկ ուրվագծվում են Ադրբեջանի նախագահի հեռահար նպատակները, որոնց արդյունքում Ադրբեջանում միապետությունը կամրագրվի սահմանադրությամբ: Դա Ադրբեջանում իհարկե գիտակցում են:
Հարց է առաջանում, արդյո՞ք Ադրբեջանում՝ նույնիսկ վախի և ճնշումների մթնոլորտում ապրող հասարակությունը պատրաստ է մարսել Ադրբեջանի համար աննախադեպ այս նախագիծը: Ապրիլի 2-ից հետո ադրբեջանցիները պատրաստ է դրան, գոնե Ալիևը այդպես է կարծում: Ապրիլին սանձազերծված պատերազմը որպես քաղաքական հաշվարկ հենց այս նպատակի համար էր: Ալիևին պետք էր հաղթանակ կամ գոնե դրա պատրանք՝ ցանկացած գնով: Քառօրյա պատերազմում ադրբեջանական բանակը տվեց մի քանի հարյուր զոհ և վիրավոր, կարողացավ գրավել մի քանի հայկական դիրքեր և հենակետ: Զոհերի և վիրավորների իրական թիվը հաջողությամբ թաքցնելով, գրաված տարածքների ծավալը չափազանցնելով՝ Ալիևին հաջողվել է հասարակությանը համոզել, որ Ադրբեջանը ապրիլին հաղթանակ է տարել, իսկ ինքը Ադրբեջանի պատմության մեջ առաջին առաջնորդն է, ով հողեր է ազատագրում, այլ ոչ թե զիջում: Պետք է արձանագրել, որ ադրբեջանական հասարակությունը այս անգամ էլ խայծը կուլ է տվել: Երկրում Ալիևի վարկանիշը ապրիլից հետո աճել է:
Բռնաճնշումներն ու ընտրակեղծումները մնում են ուժի մեջ, սակայն «հաղթանակի» էյֆորիայի պայմաններում և Ղարաբաղն ամեն գնով «վերադարձնելու» խոստումներով ալիևյան ընտանիքը հույս ունի իր վերջնական նպատակին հասնել ժողովրդական մինիմալ դժգոհությամբ ու դիմադրությամբ: Ալիևի արյունոտ ծրագրից հետո նախատեսում է,որ ադրբեջանցիները սեպտեմբերի 26-ին հանրաքվեի են գնալու ապրիլի 2-ի հոգեբանությամբ: