[ ԷԼ ՆԵՐՎ ՉԿԱ ] Ինչո՞ւ Եվրոպայի համար շաբաթն ուրբաթից շուտ եկավ
Շաբաթը նշանավորվեց բումերանգների վերադարձով: Աշխարհի տարբեր միջօրեականներում նրանք սկսեցին վերադառնալ խիստ հանկարծակի: Տարաժամ աղետի առաջին գոտում` ներգաղթյալների խուռներամ բազմության պաշարումից շնչարգելության մեջ հայտնված ծերուկ Եվրոպան էր:
Հենց նրա դուռը թակելուց հետո էլ անգլիական բարեկրթությամբ ճակատագիրը նրբորեն գուժեց՝ «Ձեր բումերանգը, Սըը՜ր…»:
Տեսաբանների կարծիքով, Ծերուկի համար շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այդ իսկ պատճառով էլ ինքնավստահությամբ պայմանավորված անպատրաստությունը եվրոպական երկրների գերակշիռ մասում ճշմարիտ խուճապի որոմ սերմանեցին: Տարիներ շարունակ շահարկված, նրա ձեռքին «հաղթաքար» ծառայած «հանդուժողականության» պատգամը, նոր իրավիճակում արդեն՝ Եվրոպայի համար միաժամանակ և՝ փորձաքար, և՝ դամբանաքար դառնալու ակնառու միտում դարձավ: Շպենգլերյան կանխատեսված մայրամուտի բոսորագույն հրացայտերը հայտնվեցին նաև Նոր Աշխարհի վիթխարահասակում՝ Նյու Յորքում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նյու յորքյան 70-րդ նստաշրջանը նույնպես հոբելյանական լինելուց ու «պատմական» որակվելուց բացի` «բումերանգառատ» էր:
«Իզգոյացող» աշխարհի դեսպանորդը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Ռուսաստանն էր, որը ոչինչ չուներ կորցնելու՝ իր և ճակատագրակիցների «շղթաներից» բացի:
Առաջնորդվելով «За себя и за того парня» սկզբունքով, նա բոլորի ցավը մեկտեղելով սկսեց կուժի բերանով լսեցնել տալ կուլային: Աշխարհին դիվադադար արած, միլիոնավոր մարդկանց տնանկ դարձրած միահեծան ժանդարմի` Միացյալ Նահանգների հետ հեռակա զրույցում ավելի շիտակ էր «Բատկան»:
Լուկաշենկոն իրերն իրենց անուններով կոչեց ու հորդորեց վերադառնալ թեկուզ հին, բայց փորձված «տաշտակին»… «Ավելի մեծ Սիրիայի» չվերածվելու ու ավելի շատ ներգաղթյալներ չընդունելու համար էլ Ռուսաստանը ՄԱԿ-ի ամբիոնից իր ուղերձները հղելուց հետո, սողոմոնյան վճիռ կայացրեց, և որոշեց համաշխարհային ճատրակախաղում առաջին օկտետ վերադառնալ և ինքնահռչակների հետ իր խնդիրները լուծել ուրիշի հողում… Մերձավորարևելյան ճեպընթացը սկսեց սուրալ գերվայրենի արագությամբ…
Իսկ մեծ աշխարհի մեր անկյունում, նույն այդ ընթացքում, իրադարձությունների զարգացման հունը փոխելու «ապշերոնյան միջնախաղ» էր կիրառվում: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախաշեմին հայկական խաղաղ բնակավայրերի հրետաոծումը ալիևյան կլանի «փայլուն տրամաբանությամբ»` խնդրի հանդեպ միջազգային հանրության ուշադրության բևեռումն էր:
Խաշնարածն ինչ իմանա,սակայն, քաղաքակրթական հնամենի՝ «Օլիմպիադաների ժամանակ մեծ ու փոքր բոլոր պատերազմները դադարեցվում են» սկզբունքի մասին, քոչվորն ունա՞կ է արդյոք կռահելու, որ Նյու Յորքյան Վեհաժողովն իր էությամբ նույն՝ Օլիմպիական խաղերն են՝ միայն թե քաղաքական հարթակում:
Թեև դժկամորեն, բայց Ադրբեջանին էլ հասկանալ կարելի է: Նրան այդ քայլին մղողը քաղաքակիրթ աշխարհի կողմից վերջնականապես լուսանցք չքշվելու ճարահատ ճիգն էր, ու ձևավորվող նոր իրավիճակում սեփական յուղում տապակվող ավագ եղբորից՝ Թուրքիայից օժանդակություն ակնկալելու գնալով անիրատեսական դարձող հեռանկարը: Ապշերոնյան հրետանային միջնախաղը հայկական կողմին հարկադրեց գնալ՝ «Ակն ընդ ական» տարբերակով:
Պարտիայի վերջնարդյունքի մասին գլխիկոր հայտնում են արդեն հենց իրենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները:
«Երբ թնդանոթները կրակում են, մուսաները լռում են»,-ձայնում է ժողովրդական ասացվածքը: Որքան էլ զավեշտական թվա, բայց հենց այդ օրերին են լրատվամիջոցները նվազ զազրելի դառնում: Որքան էլ տարօրինակ թվա, բայց չնկատել էլ չենք կարող, որ հենց այդ օրերին է անալի ու անբովանդակ լուրերի տեսակարար կշիռը նկատելիորեն նվազում, հենց այդ օրերին է ամենագո ու ամենագիտակ Ահարոն Ադիբեկյանն անգամ «խոհեմաբար» քաշվում երկրորդ պլան՝ ուզած թեմայով փորձագիտական իր եզրահանգումները թողելով «լայն օրերի»: Նույն թեմայով իր 999-րդ ասուլիսը չի հրավիրում «Լինենք հադուժող» հ/կ-ն, սահմանադրական բարեփոխումների «կարևորությունը» չի շեշտում դրանց «պատմական նշանակությունը» գիտակցող մատաղ կարիերիստը:
Ճիշտն ասած, նյարդերս արդեն չեն դիմանում, բայց չեմ կարող անտարբեր անցնել ուրիշի վշտի կողքով: Շաբաթը լավ չդասավորվեց նաև ծագող արևի երկրի համար: Նա տվեց հերթական «անդառնալի» կորուստը:
Կյանքին հրաժեշտ տվեց 1900 թվականին Տոկիոյի Սիբույա թաղամասում ծնված, աշխարհում ներկա պահին ամենատարեց կինը համարվող ճապոնուհին: Կյանքին հրաժեշտ տված 115-ամյա հոբելյարը, սակայն, ունի իր արժանի տեղապահը: Նա հանգուցյալից ընդամենը մի քանի ամսով կրտսեր Կագոսիմա պրեֆետուրայի բնակիչ Նաբի Տաձիման է: Եթե ասվածին հավելեմ նաև, այս տարվա ապրիլին կյանքին հրաժեշտ տված աշխարհի ամենատարեց մյուս ճապոնուհուն՝ 117-ամյա Միսաո Օկավային, ապա «տխրությունս» իրավ որ, ավելի անանձնական կդառնա…
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)