BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newstory] Սուրեն Սարումյան. Սատանա տեսած բանասերը

[newstory] Սուրեն Սարումյան. Սատանա տեսած բանասերը

1993 թվականի ձմռանը բոլոր քաղաքաբնակները զարմանքով պարզեցին, որ փողոցային լուսավորությունը քաղաքային ենթակառուցվածքի՝ կյանքը հարմարավետ դարձնող, գործնական նշանակություն ունեցող տարր չէ միայն, այլ անմիջականորեն ազդում է բնակիչների բարոյահոգեբանական նկարագրի վրա:
Տարիներ հետո այդ   ձմեռվա երկար գիշերները նկարագրելիս բանասերը երբեք չէր օգտագործում խորհրդավորության ու ռոմանտիզմի երանգ ունեցող բառեր: Հեշտագին, անույշ, թավշահեր, հաշիշով օծված, հեքիաթային և նմանատիպ բնորոշումները համարում էր հայհոյանք իր հիշողությանը: Փոխարենը, օգտվելով համաշխարհային գրականությունից ու հայերենի տարաբնույթ բառարաններից, ընտրում էր մակդիրներ, որոնք պիտի փոխանցեին ցրտից ու սովից կեղեքվող մարմնի ու ամեն հպումից դատարկ դույլի ձայն արձակող հոգու ամբողջ հուսալքությունը:
-Գիշերը ամեն հոգնատանջ օրվա ավարտին քաղաքի վրա էր դնում քառապատկված ցրտի, ամայության և անհուսության սև կնիքը,- ասում էր նա իր անմոռանալի, խզված ձայնով: Ձյունը համեմատում էր կեղտոտ պատանքի հետ, որի վրա, ստվարաթղթե երկավուն տուփերի պես անկենդան, կանգնած էին հոսանքազրկված բարձրահարկները: Իսկ այդ շենքերի արանքում խրթին գալարներ նկարող փողոցները նմանեցնում էր սգո խունացած ժապավենների: Փողոցների սև ժապավեններ՝ ամրացված տարածության ճերմակ պատանքի վրա: Լաբիրինթոս, որի մուտքը ծնուննդն էր,  հետևաբար, -պնդում էր նա, այդ լաբիրինթոսի միակ ելքը կարող է լինել մահը: Ժխտում էր, որ անհեթեթությունը ունի ինչ-որ խղճուկ դղյակի, անսպասելի կերպարանափոխության կամ երկրաշարժի պես հանկարծահաս դատավարության տեսք:
-Այդ անհեթեթությունը, զուրկ չէ որոշակի գեղագիտությունից,- հայտարարում էր բարձրաձայն, - ուրեմն՝ արդարացված է:  Բանասերը իսկական անհեթեթություն էր համարում չվերջացող ձմեռը, ձյան կեղտոտ ճերմակի վրա ցիրուցան գորշ բարձրահարկերը,  չջեռուցվող խոհանոցներում թեփուկների մեռյալ արծաթով փայլող սիգն ու աշխատավարձերի փոխարեն տրվող սրճաղացները:
Հավերժորեն երկար թվացող ամեն երեկո քաղաքի գրեթե բոլոր չջեռուցվող խոհանոցներում մարդիկ Սիզիփոսի համակերպված եռանդով պտտում էին սրճաղացների բարակ մետաղական բռնակները: Գլանաձև իրանի ընդերքից հնչող ձայնը, անփութորեն տաշված երկաթյա մասերի իրար խփվելու ձայնը բանասերը համարում էր չարագուշակ խորհրդանիշ: Իրականության դժոխային ալիտերացիա, որի մեջ հնարավոր էր նշմարել բախտի թափանիվների ճռինչը, տիեզերական ջրաղացի աղմուկը, իսկ կեղտոտ պատուհանից դուրս նայելով՝ տեսնել նաև փշրված ոսկորների ու գանգերի՝ ձյան հետ քաղաքի վրա նստող փոշին:
Տխուր մարդ էր բանասերը: Տխուր և փոքր-ինչ տարօրինակ: Այդ տարիներին նրան հաճախ կարելի էր հանդիպել քաղաքի հանրահայտ կինոթատրոններից մեկում, որի կիսադատարկ, ցուրտ դահլիճում նա ազատ էր մնում իր հրեշների հետ՝ իր նման միայնակ, գլխիկոր ու քչախոս մարդկանց հետ գերմանական և իտալական պոռնոֆիլմեր դիտելով: Ֆիլմի կեսին մոտ նրա դեմքը սկսում էր կարմրել: Դառնում էր մթության մեջ թույլ լույս տվող պղնձաձույլ արձան՝ լռակյաց ու անմատչելի: Աչքերի հսկայական սպիտակուցները, շարժուն, անհանգիստ սպիտակուցները փայլում էին: Բանասերի աչքերում թախիծ ու անհույս կարոտ էր հայտնվում: Հավիտենական մեղքի և հավիտենական անզորության գիտակցություն, որը  ֆիլմի ավարտին դահլիճից մերթընդմերթ հնչող հառաչանքների ներքո  վերածվում էր  անկեղծ տառապանքի արտահայտության:
Բանասերը խորապես հավատացյալ էր: Կինոթատրոնում շնանալուց հետո տառապում էր իրեն գայթակղող չքնաղակերպ դևերին իրականության մեկ այլ վարկածում անձնատուր եղած սուրբ Անտոնիոսի մոլեռանդությամբ: Տառապանքն ուժգին էր, որովհետև բանասերը համոզված էր, որ ինքը մի քանի անգամ տեսել է դժոխքի կրակի հրացոլքը:
-Իմ հանգուցյալ տատիկի տանը սատանաներ են բնակվում,- անհանգիստ պտտելով փայլող սպիտակուցները՝ համալսարանի մութ միջանցքներից մեկում խոստովանել էր ընկերոջը:
Ընկերը, ով մի քանի տարի շարունակ համարվում էր բաժնի ամենից խոստումնալից ուսանողը, բաց չէր թողել սրամտությամբ ու հումորով  փայլելու առիթը: Աթեիզմի, փիլիսոփայության, նույնիսկ աստվածաբանության ճանաչված հեղինակությունների էր մեջբերել: Փորձել էր համոզել, որ քրիստոնեության սատանան իրականում նույն էության մեկ այլ մասն է՝ լուսնի հակառակ կողմը, մագնիսի բացասական բևեռը, օձի թույն՝ քամված այն նույն ծաղիկից, որից մեղուն կարողանում է նեկտար ու մեղր ստանալ, զրադաշտականների Ահրիմանը, ֆիզիկոսների որոնած հականյութը:
-Սատանան ընդամենը տեսանկյան հարց է,- բանաձևել էր վերջում:
 Բանասերը տրտմորեն օրորել էր գլուխը:
-Մեր տանը սատանա կա, ու ես իմ աչքով տեսել եմ  նրան,- կարծես թե վախեցած նայելով չորս կողմը՝ արագ-արագ շշնջացել էր ընկերոջ ականջին:
Ընկերոջ թերահավատ ժպիտը ծայրաստիճան զայրացրել էր նրան: Մոռացել էր, որ զայրույթն իր կրոնի տեսանկյունից համարվում է յոթ մահացու մեղքերից մեկը: Հրել էր ընկերոջը: Հարվածելու չափ ուժեղ: Աչքերում արցունքներ էին հայտնվել: Շրջվել էր ու գրեթե վազելով հեռացել:
Բանասերը պոռնոֆիլմերն ու գրքերը համարում էր դեպի այլ իրականություններ տանող մուտքեր: Պոռնոֆիլմերը տանում էին համատարած, հորիզոնից հորիզոն տարածված, հասանելի ու բաց մարմնի իրականություն: Սիլոգիզմների կառուցման սկզբունքեր կիրառելով մի կուռ տեսություն էր մշակել, որն ապացուցում էր, թե ցանկացած պոռնոֆիլմ շեքսպիրյան գլուխգործոցներից ավելի արժանահավատ ողբերգություն է:
-Պոռնոֆիլմերում պետք է որ նկարահանվեն աշխարհի ամենից տխուր մարդիկ: Սեքսը տիեզերական միայնությունը ժխտելու հուսահատ, անհաջողության դատապարտված փորձ է,- նեղ շրջապատում ասում էր բանասերը,- ի սկզբանե ձախողված, որովհետև վերջավոր է ու կարճատև: Հո իզուր չէին հներն ասում, որ մերձեցումից հետո յուրաքաչյուր էակ վհատություն կամ սարսափելի թախիծ է զգում: Բազմապատկենք այդ թախիծը մերձեցումների անքանակ թվով, ու կարող ենք պատկերացնել պոռնոֆիլմերի ամբողջ ողբերգականությունը:
Գրքերն ավելի բազմանիստ իրականություն տանող մուտքեր էր համարում: Իրենց տանը բնակվող սատանաների մասին զրույցի հաջորդ օրը համալսարան էր եկել մի բավականին հաստ գիրք  բանաստեղծ հոր նվիրած կաշվե թղթապանակում թաքցրած:
Դասի ժամանակ  ցույց էր տվել գրքի կարմիր կազմի մի անկյունը:
-Բենվենուտո Չելլինիի գիրքն է: Նրա կենսագրությունը,- կամացուկ ասել էր հետաքրքրությամբ իրեն նայող ընկերոջը:
-Ոսկերիչի գիրքն ինչու՞ ես բերել,- շշնջացել էր ընկերը:
-Հետո, դասամիջոցին կասեմ,-  գեստապոյական սպայի սառցե աչքերով իրենց նայող դասախոսի հայացքի ներքո խոսակցությունը փակել էր բանասերը:
Դասամիջոցին իջել էին համալսարանական ճաշարան՝  կտրոններվ բաժանվող տաք կաթով ու հյուսիսատլանտյան դաշինքի ինչ-որ պարենային պահեստից դուրս գրված թխվածքաբլիթով  քաղցը հագեցնելու:
-Դե, բացիր գիրքդ,- փչելով տաք կաթի վրա՝ ասել էր ընկերը:
-Գիրքը բացելու կարիք չկա,- ընկերոջը հաստատակամորեն մերժել էր բանասերը:- Բավական է իմանալ, որ այն գոյություն ունի: Գրքի մասին լսելը, առավել ևս՝ նրա կազմի անկյունը տեսնելն ու շոշափելը բավական են գրքի գոյությունը քեզ ապացուցելու համար:
-Բայց….
-Լսիր,- ընդհատել էր ընկերոջ հակաճառելու փորձը,- դու գիտե՞ս , որ Չելլինիին իր անհավանական վարպետությունը ստացել է սատանայից:
Վճռականորեն ընդհատել էր ընկերոջը, երբ նա փորձել էր խոսել պարականոն ավետարանների, Ենոքի գրքի, գնոստիկների ու մանիքեականության մասին: Պնդել էր, որ Չելլինին,  մեռելհարցությամբ զբաղվող մի վանականի օգնությամբ Կոլիսեումում գաղտնի, արգելված ու զազրելի ծիսակարգ կատարելով, սատանա է կանչել: Պատմել էր, որ հազարավոր խողխողված գլադիատորների արյամբ ու ամբոխի վայրի հիացմունքով ներծծված ամֆիթատրոնը լցվել էր անհամար չար ոգիներով: Դևերի հսկայական քանակը մի պահ սկսել է լուրջ վտանգ ներկայացնել գերբնական հանդիպման մահկանացու կողմի համար: Սատանա կանչողները չար ոգիներին փախցնելու նպատակով ցանկացել են կիրառել ասսա-ֆետիդե: Սակայն, հանրահայտ է, որ չար ուժի մերձենալու նշաններից մեկը սրտխառնուքն է: Ըստ երևույթին դևերով պռնկեպռունկ լցված ամֆիթատրոնը տակնուվրա էր արել ծեսի մասնակիցներից մեկի աղեստամոքսային համակարգը: Մարդը, որոտաձայն բխկալով, առատորեն փսխել էր: Միջնադարյան կերակրացանկով սնվող դժբախտի փսխուքի տեսքն ու հոտն այնքան սարսափելի են եղել, որ սատանաները նախընտրել են անհապաղ ճողոպրել դժոխք:
Աթեիստ ընկերը ծաղրական դիմախաղով ծիծաղել էր բանասերի պատմության վրա: Ծիծաղը համարել էր անձնական վիրավորանք: Իր ճշմարտացիությունը ապացուցելու նպատակով, չար ուժի մոլեգնությամբ հայտնի վայրերը բնակության համար ընտրող միջնադարյան ճգնավորի խիզախությամբ առաջարկել էր գիշերել հանգուցյա տատիկի տանը, հանգուցյալ տատիկի սենյակում: Ասել էր նաև, որ ոչ այն է տատիկի տանը բնակվող, որ այն է մյուս դժոխային գործերի ընթացքում ժամանակ առ ժամանակ այդ տուն այցելող սատանայի անունը Լյուսիֆուչի Ռոֆոկանի է, ինչն աներկբայորեն մատնում է չարքի իտալական ծագումը:
Տատիկի չարաբաստիկ տուն մեկնել էին շաբաթ օրը, դասերից հետո: Ճեղքելով քաղաքը թանձր տխրությամբ պարուրած սառնամանիքը, զգալով ամեն քայլի հետ ոտքերի ավելի ու ավելի թրջվելը՝ հասել էին երկաթուղային կայարան: Իրենց համար վերցրած մի շիշ օղին զիջելը օգնել էր համոզել բեռնագնացքի մեքենավարին, ու նրա տաք խցիկում հասել էին մոտակա արդյունաբերական քաղաք, որտեղ կենդանության օրոք բնակվել էր բանասերի տատը: Տատիկի շենքը, բարեբախտաբար, հեռու չէր գտնվում կայարանից: Հասել էին՝ չհացնելով նույնիսկ կարգին մրսել:
Եռահարկ խրուշչյովյան շենքը, որտեղ գտնվում էր տատիկի՝ չար ուժի թիրախ դարձած բնակարանը, ծվարել էր հսկայական միկրոշրջանի մի հեռավոր անկյունում, իր համեմատությամբ տարօրինակորեն մեծ բազմահարկերի արանքում, անխնամ ու հնամաշ, ծռմռված ջրհորդաններով ու ժանգոտած տանիքով, լքված բնակարանների կոտրատած ապակիներով պատուհաններով ու անհյուրընկալ:
Բակի՝ մի փոքրիկ տաղավարում տեղավորված վաճառասրահի գեր ու կարմրաթուշ տիրուհին  հետո վճարելու պայմանով մի շիշ օղի ու նրբերշիկ էրտվել իր հանգուցյալ հարևանուհու ուսանող, խելացի, քաղաքավարի թոռանը:
Մինչ մթնելը ևս մեկ շիշ օղի, նրբերշիկ ու ծխախոտ էին վերցրլ: Չարքի՝ սենյոր Լյուսիֆուչի Ռոֆոկանիի  մասին ընդհանրապես չէին խոսել: Խմել էին, կերել ու ծխել: Ծխել, կերել ու խմել:
Հետախուզական դեսանտի պես սրընթաց քաղաքի վրա իջած մթությունը սուրշեղբ ստվերներ էր նետել սենյակի մեջ: Պարսկական նավթավառի կլոր պատրույգի եզրագծով թրթռացել,  անշտապ պարել էր թույլ կրակը: Ընկերը բանասերի աչքերում տարօրինակ փայլ էր նկատել: Մահացու վտանգի մեջ իրեն կամովին  նետած մարդու խենթության կործանարար կայծեր: Նավթավառի կրակի՝ պատին շարժվող ստվերները եռաժանու սուր ճանկեր էին թվացել: Դևերի, վհուկների, դարձվորյակների, վամպիրների, ջրահարսերի գոյությունը՝ ոչ այնդքան անհավատալի:
Հետո ստվերներին միախառնվել էին գիշերվա տարօրինակ ձայները:Վառարանների խողովակների մեջ ու տանիքի տակ մտած քամու ոռնոցն ընդմիջվել էր պատին խփվող ջրհորդանի տհաճ ձայնով:
Անկողինի սառնության հետ պայքարելիս ընկերը ևս  վարակվել էր բանասերին համակած անմռունչ սարսափով: Չէին կարողացել քնել:
Կեսգիշերին մոտ երկուսն էլ ուժգին սրտխառնուք էին զգացել:
-Շան քածի վաճառած նրբերշիկը հին էր- կմկմացել էր աթեիստ ընկերը:
-Սատանան մոտ է,- վախից կլորացած, խենթորեն փայլող աչքերը ոլորելով շշնջացել էր հավատացյալ բանասերը:
Լռել էին:
Լռության, նավթավառի թույլ կրակի հետ երերացող խավարի մեջ անասելիորեն բարձր ու երկար հնչել էր բացվող դռան ճռռոցը: Գրեթե անլսելի սկսված ու բացվելու հետ զզվելիորեն ուժեղացած ճռռոցը: Փակվող պատուհանի խլացուցիչ չրխկոց էր լսվել: Փշրվող ապակու շառաչ: Կատվի երկարուձիգ, հոգի ճանկռտող մլավոց: Սարսափահար՝լսել էին խոհանոցի հատակին ինչ-որ բան ընկնելու թրմփոցը: Զգացել ծծումբի թույլ հոտը:
Երբ դռան արանքից երկու փայլող աչք էր երևացել, բանասերն աներևակայելի ճարպկությամբ վեր էր թռել:
-Ռոֆոկանին, սատանան այստեղ է,- աղաղակել էր անճանաչելի ձայնով, ցատկել ընկերոջ վրայով ու, ոտքի հարվածով կրնկահան անելով դուռը, դուրս փախել ննջարանից:
Տարիներ հետո բանասերը, գիտական անսպառ եռանդ ցուցաբերելով, հիմնավորում էր իր կյանքի ամենից սարսափելի գիշերվա նկարագրությունը:  Իր անմոռանալի, խզված ձայնով պնդում էր, որ 1993 թվականիձմռանը նույնիսկ չար ուժը՝ տարերքները կառավարելու ունակություն, նյութական կաղապարից զերծ չար ուժը  պարտադրված էր ներկայանալ ինքնիրեն փակվող-բացվող դռների, ինքնիրեն ջարդվող ապակու ու փշրված հայելիների, սենյակի կենտրոնում անսպասելիորեն հայտնված սև կատվի ու մթության մեջ դիվային փայլ արձակող աչքերի տեսքով:
-Նույնիսկ չար ուժը, նույնիսկ սատանան ենթակա է ժամանակին, - ասում էր համոզված:
Հիմա անգամ ամենից տարեց  տատիկի տուն այցելելու դեպքում  չար ոգին չէր վարանի  կիրառել գիտատեխնիկական առաջընթացի վերջին նվաճումները: Լքված գերեզմանատների ու գարշահոտ ճահիճների փոխարեն՝ համացանց: Առնետների նողկալի բանակի փոխարեն՝ համակարգչային մկնիկ: Հոգին վաճառելու՝ արյունով ստորագրված պայմանագրերի փոխարեն՝  միանգամայն անվճար գրանցում սոցիալական ցանցերում: Ծծումբի հոտի փոխարեն՝ թանկարժեք օծանելիքի նուրբ բուրմունք: Մեռելհարցության, սև մոգության արգելված գրքերի փոխարեն՝  գովազդ:
- Եթե սատանան տատիկիս տանը հայտնվեր հիմա,-ասում էր բանասերը,- ինքնիրեն կվառվեին կան կանջատվեին էլեկտրական լույսերը,  հեռուստացույցի բոլոր ալիքներով ու  ինքնիրեն միացած համակարգչի էկրանին կնշմարվեին նույն զարհուրելի դեմքիի ուրվագծերը, բոլոր սարքերի բարձրախոսներից կլսվեր զազրելի ոճիրներ կատարել պահանջող նույն մետաղական, անդրշիրիմյան ձայնը:
Բանասերն իր խզված ձայնով պատմում էր, որ այդ հիշարժան ու սարսափելի գիշերվանից հետո նրա աթեիստ ընկերը դարձել է ջերմեռանդ հավատացյալ, տարներ հետո հոգևորական կարգ է ընդունել և հիմա հեռավոր ու հայտնի եկեղեցիներից մեկի վանահայրն է:
-Ինչպես ենք լուսացրել գիշերը՝ կարևոր չէ,- ասում էր տարօրինակորեն ու տխուր ժպտալով:
Այդ գիշեր, ճանաչելով  զարհուրանքի ողջ խորությունը ու մնալով ողջ, կարողանալով  չկորցնել բանականությունը, վարժվել էր սենյոր Ռոֆոկանիի՝ դժոխքի հին դպրոցի ներկայացուցիչ, ազնվական նախապաշարմունքներ ունեցող չարքի ավելի ու ավելի հազվադեպ դարձող այցերին:
-Հիմա նույնիսկ խղճում եմ Ռոֆոկանիին: Համոզված եմ, որ անգամ դժոխքում նա՝ հնաոճ ու տարեց սատանան, ոչ մեկին պետք չէ: Նրա աշխատանքի արդյունավետությունը զրոյական է: Նրա հնացած, խղճուկ հնարքներն ի զորու չեն վախեցնել անգամ երեխաներին: Կարծում եմ, որ ժամանակակից չորս-հինգ դեռահասը կարող են հաշված րոպեների ընթացքում ավելացնել Ռոֆոկանիի սպիտակ մազերի քանակն ու նրան ստիպե գլխապատառ  փախչել տարտարոս:
 Իր զարմանահրաշ պատմությունը միշտ ավարտում էր նույն բառերով:
 -Մի քանի տարի հետո ես ու Ռոֆոկանին՝ իմ վաղեմի բարեկամը, վառարանի մոտ նստած՝  սուրճ ենք վայելելու ու ծերունական ձայնով փնթփնթալով՝  դժգոհելու ենք մեր միայնակ, տխուր, աննկատելիորեն մարող կյանքից:

Տարածել