«Սև սաթ» կամ ո՞ւր է տանում անհետացած կտավների հայաստանյան հետքը
Հանգիստ ու միալար անձրևն իջնում էր արդեն մեկ ժամից ավելի և, ինչպես թվում էր, ավարտվելու միտք չուներ։ Այն ոչ թե միայնակ հոգու հավերժական մորմոքն էր իր կորուստների համար (ինչպես կասեին լալկան բանաստեղծները), այլ սովորական, ամենօրյա մի իրողություն։ Ու եթե այդ ժամին ստիպված չես փախչել փողոցում, գլխավերևում ծածկ որոնել, այլ հարմարավետ մի սրճարանում նստած՝ սուրճ ես վայելում, ապա լուսամուտից երևացող ջրի անվերջ վայրէջքը պարզապես հաճելի է։
Առավել ևս, եթե քեզ սրճարան է հրավիրել գեղեցկատես մի կին, որը փորձում է ավելին իմանալ, քան դու ասացիր քիչ առաջ ավարտված ասուլիսին։ Դոն Կալոյի համար իսկապես հաճելի էր ընդունել հմայիչ կնոջ հրավերը։ Արդեն 27 տպագրված գրքի հեղինակ Կալոն հաճախ էր հրավիրվում ասուլիսների և հեռուստատեսային հարցազրույցների և, կարելի է ասել, ճանաչված դեմք էր դարձել հենց հեռուստատեսության շնորհիվ։
- Ես ուշադրությամբ լսեցի Ձեր ելույթը և Ձեր պատասխանները հարցերին։ Կարդացել եմ Ձեր գրքերը և ցանկանում եմ մի հարցազրույց վերցնել «ՍԱԿ» կայքի համար, որը ներկայացնում եմ,- ասաց խորհրդավոր հայացքով և վանիլի հոտ բուրող տիկինը: Նա ներկայացավ Սաթի անունով։
- Դուք իսկապե՞ս կարդացել եք իմ գրքերը,- հարցրեց Կալոն։
- Իհարկե, կարդացել եմ։ Ձեր գրքերից մեկում Դուք առանձին հատվածներ ունեք համաշխարհային մշակութային արժեքների կողոպուտների մասին։ Հետաքրքրությամբ եմ կարդացել դրանք։ Եթե չեմ սխալվում, համաշխարհային մշակութային արժեքների մասին Դուք գրել եք «Ինչպես դառնալ միլիարդատեր», իսկ Հայաստանից հափշտակված նկարների, քանդակների, գրքերի մասին` «Հայաստանում Լուվր, Ուֆիցի, Էրմիտաժ չկա, բայց...» հոդվածներում։
- Ուղղակի զարմանալի է, որ Դուք դրանք կարդացել եք,- ասաց Կալոն։- Այլապես շատ հաճախ ասուլիսներին գալիս են մեկ-երկու երիտասարդ տղա և պստլիկ աղջիկներ, որոնց նպատակը ոչ թե քո խոսքից նյութ քաղելն է, նոր տեղեկություններ ստանալը, այլ ավելի գիտակ երևալը, քան ասուլիսին հրավիրված բանախոսը։
- Լրատվական աշխատանքի երկար տարիների փորձ չունեմ, սակայն մշակել եմ մի գործելակերպ, որ հարցազրույցի չեմ գնում այն մարդու մոտ, որի գրքերը կամ հոդվածները չեմ կարդացել։ Ճիշտ է, տեղեկությունների այս ահռելի հեղեղի մեջ անհնար է հետևել տպագրված բոլոր գրքերին, համացանցով կամ հեռուստատեսությամբ տարածվող բոլոր նորություններին, սակայն եթե ընտրում ես մի թեմա, ապա դրա մասին խոսելու, առավել ևս գրելու համար պարտավոր ես շատ բան փնտրել ու գտնել։ Լուրջ, իրեն հարգող ժուռնալիստն այդպես կվարվեր։ Այլապես կհայտնվես ծիծաղելի վիճակում։
- Զարմանալի է, շատ զարմանալի և ուրախացնող,- ասաց Դոն Կալոն։- Ես այդպիսի մի ծիծաղելի և անհեթեթ իրավիճակի ակամա ականատեսն եմ եղել տարիներ առաջ։ Եթե ժամանակ ունեք, մեկ-երկու խոսքով ներկայացնեմ դա, թեև առաջին հայացքից դա կարող է չվերաբերել մեր զրույցին։
- Պարո՛ն Կալո, ես հսկայական ժամանակ ունեմ և ուշադիր կլսեմ Ձեզ։ Առավել ևս, որ այս անձրևը կտրվելու միտք չունի։
- Դե՛, ահա տեսե՛ք,- ոգևորված շարունակեց ուսումնասիրողը։
- Մոտ 20 տարի առաջ էր, ավելի ճշգրիտ՝ 1995-ի օգոստոսը։ Ես հերթական անգամ հյուր գնացի մեր ժամանակների հայ գրականության «նահապետին», ինչպես նրան՝ Հրանտ Մաթևոսյանին, կոչում էին և հիմա էլ շարունակում են կոչել շատերը։ Հյուր ուներ. պստլիկ-մստլիկ մի աղջիկ էր։ Ձայնագրիչը միացրել էր, գրառումների տետրը բացել և որսում էր գրողի ամեն մի բառը։ Մի քանի րոպե այդ աղջկան լսելուց հետո զգացի, որ Հրանտ Մաթևոսյան չի կարդացել, Հրանտ Մաթևոսյան գիտե միայն «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի շնորհիվ։ Ոչ ավելին։ Ու անկապ, անիմաստ հարցեր է տալիս։ «Ինչի՞ վրա եք աշխատում»,- հարցրեց այդ աղջիկը։ Վարպետը սկսեց արագ-արագ շնչել, ավելի ճիշտ՝ քիթը վեր քաշեց: Զգացի, որ նա զայրանում է: Որպեսզի թաքցնի իր զայրույթը, նա միշտ այդպես էր անում. քիթը քաշում էր։ «Սեղանի վրա»,- արագ պատասխանեց Հրանտը և ներողություն խնդրեց սենյակից մի քանի րոպեով դուրս գալու համար։ Տեսա, որ այս աղջիկը իր գրառումների տետրում արագ-արագ նշում կատարեց։ «Ներողություն, հիմա կգամ,- ասաց Հրանտ Մաթևոսյանը։
- Իսկ մինչև այդ Ձեր հարցերին կարող է պատասխանել իմ բարեկամը: Նա լավ գիտե, թե ինչ եմ գրում, որտեղ եմ գրում և ինչու եմ գրում»։ Գրողի դուրս գալուց հետո այս պստիկ-մստիկ աղջիկը «իմաստնաբար» շարժեց գլուխը և ասաց. «Ունիկալ է, շատ ունիկալ... Վիպակ, որը կոչվում է «Սեղանի վրա»։ Ներողություն, իսկ Դուք որևէ բան կարդացե՞լ եք այդ վիպակից»,- հարցրեց ինձ: Ուշադրությամբ նայեցի նրան և ողբացի մեր գրականության համար։ Այսքան ծանր ու դաժան մայրամուտ չէի կարող պատկերացնել։ Որքան հնարավոր է, սիրալիր պատասխանեցի. «Վիպակ չէ, հրա՛շք աղջիկ, վեպ է՝ չորս մասից։ Դա մի պատմություն է Սևամազով եղբայրների մասին, որոնք կասկածվում են հայրասպանության համար»։ «Դուք գիտե՞ք, թե այդ վեպը երբ կհասնի ավարտին, և մենք երբ կկարողանանք այն կարդալ»,- հարցրեց աղջիկը։ «Ձեր հարցին կարող է պատասխանել միայն ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկին»։ «Ի՞նչ է, այն նաև միաժամանակ թարգմանվո՞ւմ է»։ «Չէ՛, ի՞նչ եք ասում, Հրանտ Մաթևոսյանը վեպը գրում է ռուսերեն»։ «Ահա թե ինչ»,- ուրախությունից վառվեց աղջիկը։
- Սա իսկական սենսացիա կլինի ընթերցողի համար...»: Հրանտ Մաթևոսյանը, իհարկե, չվերադարձավ սենյակ։ Բայց աղջկա հեռանալուց առաջ ես չհամբերեցի և խորհուրդ տվեցի, որ այս հարցազրույցը որևէ տեղ չտպագրի, որովհետև և՛ Հրանտ Մաթևոսյանը, և՛ ես կատակ էինք անում։ Աղջիկը խելոք էր. այս «հարցազրույցը» չտպագրեց:
- Դրանից հետո կրկին հանդիպե՞լ եք այդ աղջկան։
- Վերջին անգամ հանդիպել եմ կես տարի առաջ, երբ թերթերից մեկի գլխավոր խմբագրի տեղակալն ինձնից որևէ ցնցող նյութ պահանջեց` խոստանալով լավ հոնորար։ Մի հինգէջանոց նյութ տարա մեր լավագույն նկարիչներից մեկի՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 21 նկարի գողության մասին, որը կատարվել էր 10 տարի առաջ՝ 2003 թվականին։ Երբ մտա խմբագրություն, այս տեղակալը, որը ժամանակին իմ խորհրդով մեր թերթի՝ «Ազգի» համար նյութեր էր գրում, որոշեց ինձ ներկայացնել գլխավոր խմբագրին: Եվ երբ տեսա «գլխավոր խմբագրին», անմիջապես հիշեցի այն աղջկան, որը հարցազրույցի էր եկել Հրանտ Մաթևոսյանի տուն։ Չգիտեմ՝ նա ինձ չհիշե՞ց (գուցե չցանկացավ ցույց տալ)։ Մի փոքր զրուցեցինք։ Գլխավոր խմբագիրն ու նրա տեղակալն ինձ տեղեկացրին, որ իրենց թերթն ամենամեծ պահանջարկն ունի շուկայում (իսկ թե որ շուկայում, չասացին)։ Ես «հիացած ու ակնապիշ» լսեցի նրանց, ասացի, որ մոռացել եմ հոդվածը բերել, խոստացա հենց հաջորդ օրը բերել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով և դուրս եկա։