Օրացույց. Ինչպես էին հաշվում օրերն ու ամիսները Հայկական լեռնաշխարհում
Ժամանակի մեջ կողմեորոշվելու համար մեր նախնիները պետք է ունենային վերլուծական միտք: Նրանք պետք է ստեղծեին ժամանակի հատվածներն ընկալելու և չափելու համակարգեր: Դրանց հիմքում էլ պետք է լինեին կենսական, երկրային, երկնային երևույթների ժամանակային բնութագրերը: Այսինքն` մարդն ուզեր-չուզեր, պետք է ստեղծեր օրացույց: Տարբեր երկրներում ու ժամանակներում ձևավորվել են օրացույցի հարյուրավոր տեսակներ: Դրանք ունեին մի հիմնական հատկանիշ, օրերը, շաբաթներն ու ամիսները հաշվելու որոշակի կարգ և հաշվանքի սկզբնակետ:
Ժամանակի տևողության պարզագույն գիտելիքները սաղմնավորվել են 20-30 հազարամյակ առաջ: Աստղագիտական հիմքով առաջին օրացույցները ծագում են VII-IV հազարամյակներում, երբ մարդիկ սկսում են գիտակցել, որ իրենց կյանքում կարևոր երևույթների մեծ մասը երկնային լուսատուների՝ արևի, լուսնի, մոլորակների ու աստղերի շարժման հետևանքն է:
Հռոմեական կայսրության շրջանում ձևավորվեց և ընդունելի դարձավ մեկ միասնական օրացույց՝ Հուլյան տոմարը (1582-ից՝ Գրիգորյանը): Որոշ երկրներ ու ժողովուրդներ էլ պահպանեցին իրենց ավանդական օրացույցները:
Բոլոր օրացույցների հիմքում ժամանակի չափումն է. երկնային մարմինների շարժումների օգնությամբ (տարի, ամիս, շաբաթ, օր) և մարդու տրամաբանությամբ (հազարամյակ, դար, ժամ, րոպե, վայրկյան): Կան նաև տիեզերագիտական, երկրաբանական, կենսաբանական, պատմական ու մշակութային պարբերաշրջաններ: Սակայն տոմարի աստղագիտական հիմնատարր՝ առաջնային միավոր կարող են ծառայել միայն երեքը՝ միջին արեգակնային օրը, լուսնամիսը (29,53 օր) և արևադարձային տարին (365,24 օր): Եթե Նկատեցիք, այս միավորները մեկը մյուսի մեջ չեն տեղավորվում ամբողջական անգամներով, և հենց սա էլ բարդացրել է օրացույց կազմելը (առավել ևս՝ միասնական օրացույց կազմելը):