[Կանն-2017] Ովքե՞ր են ֆավորիտները, ո՞ր ֆիլմերին արժե սպասել
Տարածաշրջան
Այս տարի Ռուսաստանի կինոշուկայի համար Կանն իսկական տոն է. մրցութային ծրագրում ներկայացված են միանգամից երկու ֆիլմեր՝ «Ոչ սեր»՝ փառատոնի ռուս ֆավորիտ Անդրև Զվյագինցևի նոր ֆիլմը և Սերգեյ Լոզնիցայի «Հեզաբարո կինը»՝ Ֆ. Դոստոևսկու վիպակի ազատ էկրանավորումը։
«Չսերը» ամուսնալուծության մասին է, որտեղ և կինը, և ամուսինը ցանկանում են սկսել նորից, սակայն նոր կողակիցների հետ։ Տեսնելով ծնողների հերթական վեճը՝ 12 ամյա Ալյոշան անհետանում է տնից։ Սցենարի հեղինակն է Օլեգ Նեգինը, ով աշխատել է Զվյագինցևի հետ «Արտաքսում», «Ելենա» և «Լեվիաթան» ֆիլմերի վրա, և Զվյագինցևի հետ միասին արժանացել է Ոսկե արմավենու։
Միացյալ Նահանգներ
Գրողը տանի, լավ սուրճ ու հատուկ գործակալ Քուպերը վերադառնում են. հեռուստա և համացանցային պրեմիերաներին գրեթե զուգահեռ Դևիդ Լինչը կցուցադրի «Թվին Փիքսի» երրորդ եթերաշրջանի առաջին երկու սերիաները։ Լինչը, լինելով հոլիվուդյան ռեժիսոր, միշտ «խաղացել է» անկյունում և իր մարգինալական ձեռագրի շնորհիվ հաճախ է այցելել Կաննի կինոփառատոնը. 1990-ին նա ստացել է փառատոնի գլխավոր մրցանակը «Սրտերով վայրենիները» սիրային ռոուդ-մուվիի համար, իսկ 2001-ին Լավագույն ռեժիսոր մրցանակը կուլտային «Մալհոլանդ Դրայվի» շնորհիվ, և դա չհաշված նոմինացիաները։
http://www.youtube.com/watch?v=d714bEXFny4
Մեկ այլ ամերիկյան ռեժիսոր՝ Նոա Բոումբակն, ով հայտնի է ոչ միայն «Ֆրենսիս Հա» ինդի ֆիլմով, այլ նաև որպես Ուես Անդերսոնի սցենարիստ («Ջրային կյանքը», «Ֆանտաստիկ պարոն Ֆոքսը»), ներկայացնելու է իր նոր կատակերգությունը՝ «Մայրովից ընտանիքի պատմությունները» ֆեմիլի մուվին, որտեղ ամերիկյան կատակերգու Ադամ Սենդլերից և Բեն Սթիլերից բացի, ներգրավված են նաև Դասթին Հոֆմանն ու բրիտանուհի Էմմա Թոմփսոնը։
http://www.youtube.com/watch?v=YBn5dgXFMis
Կանացի էքզիատենցիալ խնդիրների մասին խոսող օսկարանոմ Թոդ Հեյնսը («Քերոլ», «Դրախտից հեռու», «Միլդրեդ Փիրս»), ով բոլորից հետաքրքիր ներկայացրել է Բոբ Դիլանի էկրանային կյանքը («Ես այնտեղ չեմ») Կաննում կներկայացնի Միշել Ուիլիամսով և (կրկին) Ջուլիաննա Մուրով նոր դրաման՝ «Հրաշքներով ցնցվածը»։Նոր ֆիլմի երիտասարդ հերոսները կրկին զբաղված են սեփական «ես»-ի որոնումներով։
Արևելք Ճապոնուհի Նաոմի Կավասեն, որը վեց անգամ նոմինացվել է Կաննում, 1997-ին արժանացել է Ոսկե տեսախցիկի լավագույն դեբյուտի համար իսկ տասը տարի անց՝ Գրան- պրիին «Սգո անտառը» դրամայի համար, կրկին փառատոնի մրցութային ծրագրում է։ Ռեժիսորի նոր ֆիլմի անունն է «Փայլատակում», որտեղ պատմությունը կենտրոնացված է կնոջ և տղամարդու բարդ սիրահային հարաբերությունների վրա։
http://www.youtube.com/watch?v=pbJ9AXaVK2k
Կորեացի Պոն Ջուն-հոն, ում սինեֆիլները գիտեն «Տոկիո» ալմանախի պատումով, Կանն 2017-ին կներկայացնի «Օկչա» ֆանտաստիկ մարտաֆիլմը։ Միացյալ Նահանգների, իսկ ավելի ստույգ Netflix-ի հետ միասին, նկարահանված արկածային ֆիլմում գլխավոր դերերից երեքը բաժին են հասել Հոլիվուդի շնորհիվ հայտնի Ջեյք Ջիլենհոլին, Պոլ Դանոյին և ուշադրություն՝ Թիլդա Սուինթոնին։ Իսկ դեռևս ոչ մի նմանատիպ ֆիլմ չհիշեցնող պատմությունը Մի-ջա անունով աղջնակի մասին է, որն ապրում է սարերում, ապրում է Օկչա անունով անհայտ ծագման գազանի հետ։ Եվ ահա մի օր Օկչան անհետանում է, և աղջիկն ընկնում է ճամփա՝ընկերոջ գտնելու համար։ Ինչպես երևում է թիզերից, Ջուն-հոն ներկայացնելու հեքիաթային հիմք ունեցող դրամայի ժամանակակից և յուրօրինակ տարբերակ։
http://www.youtube.com/watch?v=E-wBI7Mh6H4
Սոֆիա Կոպոլան հավատարիմ է մնացել իր «կոստյումերային» ձեռագրին, սակայն այս անգամ հանդես է գալիս բավականին անսպասելի ժանրով՝ վեսթերնի տարրեր ունեցող դրամայով, որն իր հերթին Քլինթ Իսթվուդի «Խաբվածը» ֆիլմի րիմեյքն է։ Փակ պանսիոնի անդորրը, որտեղ դաստիարակվում եմ միմիայն երիտասարդ աղջիկներ, խանգարում է վիրավոր զինվորականը (Քոլին Ֆարել)։ Բարդ չէ գուշակել, որ տղամարդու ներկայությունը լարվածություն և այնուհետև որոշակի խնդիրներ է ստեղծում առանձնատանը։ Հետաքրքիր է, որ սա ծրագրի երկու ֆիլմերից մեկն է, որտեղ հանդես է գալիս Նիկոլ Քիդման-Քոլին Ֆարել զույգը, իսկ Կոպոլան, հավատարիմ մնալով իր անցած ֆիլմագրությունը, կրկին նկարահանել է Քիրսթեն Դանսթին։
http://www.youtube.com/watch?v=K_3pP9l2ddk
Եվ վերջապես, Եվրոպա
«Սպիտակ ժապավենի» և «Սիրո» մեգահաջողություններից հետո գերմանացի կենդանի դասական Միխաել Հանեքեն այս տարի կներկայացնի «Հեփի էնդ» սարկաստիկ անվանումով սոցիալական դրաման, որի էպիկենտրոնում են էմիգրանտական խնդիրները։ Ռեժիսորի մոտ կրկին նկարահանվել են Ժան-Լուի Տրենտինյանն ու Իզաբել Յուպերը, իսկ նրանց միացել են Մատյե Կասովիցը («Ամելի») և Թոբի Ջոնսը («Տիտանիկ» մինի-սերիալ և մի վագոն բրիտանական ֆիլմեր)։
Յորգոս Լանտիմոսը հույն արտհաուսային ֆիգուրից դարձել է եվրոպացի անկախ կինեմատոգրաֆիստ։ «Լոբստերի» հաջողության շնորհիվ փիլիսոփա և հակաուտոպիստ Լանտիմոսը Կաննի մրցութային ծրագրում է «Սուրբ եղջերուի սպանությունը» ֆիլմով։ Գլխավոր դերերում են Նիկոլ Կիդմանն ու Քոլին Ֆարելը, ով արդեն նկարահանվել է Լանտիմոսը նախորդ ֆիլմում։
http://www.youtube.com/watch?v=dgX-UUiFcQA
2011-ին Միշել Խազանավիչուսը ներկայացրեց կինոփառատոնային շուկային «Արտիստը», ինչի շնորհիվ ամիսներ անց ստացավ Օսկար և համաշխարհային փառք։ 6 տարի անց նա կրկին վերադառնում է կինոյի թեմային. նրա նոր ֆիլմը Գոդարի մասին է, և կոչվում է «Երիտասարդ Գոդարը»։ Գոդարին մարմնավորում է հանդիսատեսի իգական կեսի ֆավորիտ Լուի Գարելը, իսկ սյուժեն 1967 թվականին տեղի ունեցած ռեժիսորի և դերասանուհու Անն Վյազեմսկու սիրավեպի մասին է (արդյունքում դերասանուհին ամուսնացել է Գոդարի հետ)։ Հատկանշական է, որ ֆիլմի սցենարը Խազանավիչուսը գրել է հենց Վյազեմսկու հետ միասին։ Հետաքրքիր է Գոդարի կարծիքը։