BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մուհամեդ Ալի. Թիթեռի պես ճախրելով

Մուհամեդ Ալի. Թիթեռի պես ճախրելով

Հեծանիվը Կասիուս Կլեյի ամենաթանկ իրն էր եւ ամեն ինչ սկսվեց հենց հեծանիվից: Երբ այն գողացան, նա անմիջապես վազեց ոստիկանություն, որտեղ հանդիպեց ոստիկան Ջո Մարտինին: Նա ասաց, որ եթե բռնի գողին, կսպանի: Մարտինին հարցրեց.-  «Իսկ դու գոնե կռվել գիտե՞ս: Կլեյը պատասխանեց. «Ոչ, բայց կջարդեմ դրան հենց բռնեմ: «Այդ դեպքում վատ չէր լինի, եթե սկսեիր բռնցքամարտով զբաղվել»: Հաջորդ օրը Կասիուսը սկսեց մարզվել: Պարապում էր օրն ամենաքիչը 5-6 ժամ:
12 տարեկան Ալին պարապում էր ոստիկան-մարզչի մոտ եւ փոքր եղբորը ստիպում իր վրա քարեր նետել: Կասիուս Կլեյը հանուն բռնցքամարտի անուշադրության էր մատնում նույնիսկ բժիշկների զգուշացումները: 17 տարեկան էր, երբ արյան ճնշումը սկսեց բարձրանալ, բայց նա  անուշադրության մատնեց ցավն ու շարունակեց պարապմունքները:

Նա հստակ ընտրել էր իր ուղին ու գիտեր իր ճանապարհը`  բռնցքամարտիկ էր:

Կասիուս Կլեյի առաջին խոշոր մրցությունը 1960-ին էր: Նա ոսկե մեդալ նվաճեց Հռոմի օլիմպիական խաղերի ժամանակ, որը չէր նշանակում, թե սևամորթը հավասար է սպիտակամորթին: Ռասսայական խտրականությունը այդ ժամանակ ամենուր էր: Կենտուկկիում Կասիուսին չթողեցին ներս մտնել միայն սպիտակների համար նախատեսված ռեստորան: Դա իսկապես ծանր հարված էր նրա համար ու Կասիուսը հունից դուրս եկավ: Հենց նոր նվաճած օլիմպիական մեդալը Օգայո գետը նետեց: Այդ քայլը ավելի ճանաչելի ու հայտնի դարձրեց նրան ու բոլորը սկսեցին խոսել նորահայտ աստղի մասին:
Կլեյի խոսքերն ու բռունցքները իրար չէին հակասում: Նրան պաշտում էին սեւամորթները եւ չէին սիրում սպիտակամորթները: Աշխարհի չեմպիոնության համար նրա առաջին մենամարտի ժամանակ դահլիճը կանգնած էր հակառակորդի` Սոնի Լիսթոնի կողքին, բայց դա ոչինչ չփոխեց` Կասիուս Կլեյը անպարտելի էր:
 «Ճախրել թիթեռի պես, խայթել մեղվի պես». սա Մուհամեդ Ալիի ամենահայտնի արտահայտությունն ու նշանաբանն էր, որն առանց բացառության միայն հաղթանակներ էր բերում նրան:

Եվ սա միայն նշանաբան չէր, սա Կլեյի ոճն էր: Նա տարբերվում էր բոլորից: Կասիուսը մենամարտում էր գրեթե պարելով եւ սպասում հարմար պահի` հարվածի համար: Հարվածները որքան անսպասելի, նույնքան վտանգավոր էին մրցակցի համար, որոնց մինչեւ 12-րդ ռաունդը դիմանալը պարզապես հերոսություն էր:
Կասիուս Կլեյի ամենամեծ առանձնահատկությունն այն էր, որ չնայած ծանր քաշային էր, բայց կարողանում էր արագ ու ճշգրիտ հարվածներ հասցնել: Այդպես չեն լինում ծանր քաշայիները, իսկ նա հենց այդպիսին էր:
Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում ծնված Մուհամեդ Ալին միակ բռնցքամարտիկն է, որն այս ծանր ու դաժան սպորտաձեւ ներմուծեց շոուի էլեմենտներ:

Այլ Կերպ ասած Մուհամեդ Ալիի ոճը բերեց նրան, որ բռնցքամարտը սկսեց դիտվել, ոչ միայն որպես սպորտային մարզաձեւ, այլև որպես նոր ժամանակների յուրօրինակ շոու: Հենց նրա շնորհիվ աշխարհում պոպուլյար ու նորաձեւ դարձավ բռնցքամարտը եւ այս սպորտաձեւի մարզիկները սկսեցին ավելի բարձր վարձատրվել: Բայց նրանցից առաջ ու առաջինը հենց Ալին էր, որի հոնորարները յոթանիշ թվերով էին:  
Եվ շոուն շարունակվում էր ոչ միայն մրցամարտից առաջ, այլև  հենց մրցամարտի ընթացքում ու դրանից էլ հետո, գուցե մինչեւ օրս: Ալին հատուկ քաղաքականություն էր որդեգրել, որը բռնցքամարտիկների համար անընդունելի էր: Նա ոչ միայն բռուցքներով, այլեւ խոսքով ու հայտարարություններով էր ոչնչացնում իր թշնամիներին:
4-րդ ռաունդում Կլեյը մոտեցավ հակառակորդին ու ականջին ու ասաց. «Ես մեծագույնն եմ»: 6-րդ ռաունդը ուժասպառ արեց Լիսթոնին, և նա հանձնվեց: Աշխարհի նոր չեմպիոնը ոչ մի վայրկյան չէր կասկածում իր ուժերին ու  իր հաղթանակին:
Ավելի բարձր կարող էր միայն Ալլահը լինել:

Հաջորդ օրը Կլեյը հայտարարեց, որ միանում է կանադա-ամերիկյան սահմանին գտնվող Դետրոյթ քաղաքում ստեղծված «Իսլամի ազգություն» կրոնական շարժմանը: Մի քանի տարի անց` 1975-ին նա դարձավ սունի մահմեդական:

Մարտին Լյութեր Քինգի աստեղային տարիներն էին; Նա  առաջնորդում էր ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը եւ քարոզում էր ռասսայական հավասարություն հաստատելու իր սկզբունքները` հրաժարվելով բռնության դիմելուց։
«Երբ մեր հանրապետության ճարտարապետները գրում էին Սահմանադրության և Անկախության հռչակագրի տեսքտը, նրանք դրանով իսկ ստորագրում էին մուրհակ, որը պետք է ժառանգություն ստանար յուրաքանչյուր ամերիկացի: Համաձայն այդ մուրհակի բոլոր մարդկանց երաշխավորվում էին կյանքի, ազատություն և երջանկության ձգտման անբեկանելի իրավունքներ:  Բայց մինչեւ այսօր սեւամորթը տառապում է ամերիկյան հասարակության անտարբերությունից և աքսորի մեջ է հայտնվում իր սեփական երկրում»-  սա հատված է Մարտին Լյութեր Քինգի հայտնի 1963 թ.-ի օգոստոսի 28-ի ելույթից, որը հնչեց Լինքոլնի հուշակոթողի աստիճաններին: Ես երազ ունեմ ճառը ռասսայական խտրականության դեմ այն ապտակը եղավ, որն ամերիկացիներին ստիպեց  մտածել: Շարժմանը  միացավ նաեւ աշխարհահռչակ բռնցքամարտիկը: Իր համբավի շնորհիվ սևամորթ չեմպիոնը քաղաքական կերպար դարձավ: Մարտին Լյութեր Քինգը նրա մարտերի ժամանակ առաջին շարքում էր նստում: «Իսլամի ազգության» գաղափարակիր Մալկոլմ Իքսը նրա ընկերն էր:
Նրա կյանքում սկսվեց իրական փոփոխությունների ժամանակաշրջան, նա սկսեց ամեն ինչ փոխել ու ջնջել այն ամենը, ինչ տհաճ էր իր անցյալից: Լյութեր Քինգի շարժմանը միանալուց ու մուսուլմանություն ընդունելուց հետո Կասիուս Կլեյը փոխեց նաեւ իր անունը:
Լրագրող:  - Ինչու՞ եք ուզում, որ Ձեզ Մոհամմեդ Ալի կոչեն:
Կլեյ:  – Այդ անունն ինձ ուսուցիչս է տվել: Իմ առաջին անունը` Կասիուս Կլեյը, ստրուկի անուն է: Իսկ ես այլևս ստրուկ չեմ:
Գերմանիայում Մոհամմեդ Ալին ուժերը չափեց Եվրոպայի չեմպիոն Կառլ Միլդենբերգերի հետ: Ալին այս մրցության ֆավորիտն էր: Բայց գերմանացին ոչ միայն դիմադրում էր, այլև քիչ էր մնում պարտության մատներ Ալիին: Դա անակնկալ էր բոլորի համար, նաև աշխարհի չեմպիոնի: Ի վերջո Ալին հաղթանակ տոնեց: Խաղն ավարտվեց 12-րդ ռաունդում:
Չեմպիոնին բարդ ժամանակներ էին սպսում: Սկսվեց Վիետնամի պատերազմը, նա ևս պետք է մասնակցեր, բայց ռազմաճակատի փոխարեն նա հայտնվեց դատարանում: Ալին փախել էր զորահավաքից, ինչի համար դատապարտվեց ու զրկվեց չեմպիոնի տիտղոսից: Բռնցքամարտիկները լռում էին, բայց Ալին երբեք:
«Մենք բոլորս ռեալ հնարավորություն ունենք Վիետնամի արյունոտ պատերազմը կանխելու»:

Ալին չհանձնվեց: Ամերիկայի բարձրագույն դատարանը չեղյալ հայտարարեց նախորդ որոշումն, ու նա կրկին սկսեց մարզվել, որպեսզի հետ բերի չեմպիոնի տիտղոսը: Մարտը կայացավ Զաիրում: Աշխարհի չեմպիոնն այդ պահին Ջորջ Ֆորմանն էր, լուրջ մրցակից էր: Ալին  անձնական թշնամի հռչակեց Ֆորմանին:
Այդ օրը Ալին հաշվենկատ էր գործում, սկզբում թվում էր, թե Ֆորմանը կհաղթի, բայց Ալիի մարտական դիվանագիտութունը ճիշտ էր: Ֆորմանը հոգնել էր, և Ալին սկսեց գրոհել: 8-րդ ռաունդը վճռեց հանդիպման ելքը: «Ալի Բումայե»` գոռում էր դահլիճը. «Սպանիր նրան»: Մարտն ավարտվեց մաքուր նոկաուտով: Նա կրկին չեմպիոն դարձավ:
Այդ տարիներին Խորհրդային Միությունից բռնցքամարտիկների խումբ է մեկնում Միացյալ Նահանգներ: Աավանդական հանդիպման ժամանակ գրեթե հնարավոր էր դառնում հայ բռնցքամարտիկի ու Մուհամմեդ Ալիի մենամարտը: Իրադարձությունների կենտրոնում էր Սուրեն Ղազարյանը, որ մինչեւ այդ արդեն նվաճել էր Սպարտակիադայի չեմպիոնի կոչումը եւ պատվիրակության առանցքային դեմքերից էր:
Խորհրդային Միության Սպորտ.կոմիտեի նախագահը մեկնելուց առաջ ընդունում է մարզիկներին եւ հայտարարում, որ Մուհամմեդ Ալիից հեռագիր են ստացել, որը Ֆրեզերի հետ հանդիպումից առաջ ցանկանում է Կամո Սարոյանի հետ դիմակով Սպարինգ անցկացնել: Սակայն Խորհրդային Միության ղեկավարությունն այդպես էլ Կամոյին թույլ չի տալիս մասնակցել եւ ընդունել այդ հրավերը, համարելով, որ դա ստորացուցիչ է ԽՍՀՄ բռնցքամարտիկի համար: Բայց դա չխանգարեց, որ Ալին մենամարտի Ջո Ֆրեզերի հետ:
Կամաց-կամաց սկսվեց Ալիի կարիերայի անկումը: Նա այդպես էլ չէր կարողանում հեռանալ եւ հեռացավ միայն Լարրի Հոմսից կրած պարտությունից հետո:
«Ամբողջ կյանքում պայքարեցի անարդարության, ռասիզմի, աղքատության, հանցագործության, անգրագիտության  դեմ: Եվ այս ամենը բռնցքամարտի շնորհիվ»:

Ի վերջո նա հաշտվեց Ամերիկայի ու աշխարհի հետ: Հիվանադացավ: Պարկինսոնի հիվանդությունը այն գինն էր, որ նա պիտի վճարեր: Միացյալ նահանգները վերջապես նրան աշխարհի չեմպիոն վերահռչակեց ու հազարամյակի բռնցքամարտիկին վերադարձրեց ոսկե մեդալը:
Մուհամեդ Ալին հենց այն բռնցքամարտիկն էր, որը կարողացավ բռնցքամարտը` կոպիտ սպորտը, դարձնել գրեթե արվեստի գործ: Հենց նա կարողացավ ապացուցել, որ բռնցքամարտը ուղղակի ծեծ ու ջարդ չէ, բռնցքամարտը երազ է, որին հասնելու համար պարզապես պետք է արթնանալ: Սա Ալիի խոսքն է ու փիլիսոփայությունը:
Մյուս կողմից Ալիի մեծությունը իր պայքարի ու քաղաքական հայտարարությունների մեջ է: Բոլորը լռում էին, իսկ նա ասում էր այն, ինչ մտածում էր: Օրինակ Վիետնամի պատերազմի օրերին նա հայտարարեց, որ վիետնամցիներն իր թշնամին չեն, որովհետեւ նրանցից ոչ ոք իրեն նեգր չի անվանել եւ ինքը չի պատրաստվում կռվել նրանց դեմ: Այսպիսին է Ալին` հակասական, անհաշտ, ուժեղ ու խելացի:

Տարածել