Որքան դաժան պետք է լինի մարզիչը. Դաժանության հայկական մեթոդիկան
Երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսնը խաղակոշիկով հարվածեց Դևիդ Բեքհեի երեսին` 2003-ի փետրվարին, մեգաաստղը նրան դատի չտվեց: Իր վատ խաղի պատճառով էր «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել «Արսենալին»: Նա դա հասկանում էր: Ու հասկանում էր մարզչի զայրույթը: Ուստի թիմից հեռացավ նույն տարում. ցավով և ունքի մեծ սպիով:
Ա ր ա յ ի կ Ա վ ե տ ի ս յ ա ն
Հայաստանի Դուքենդո կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, Արագածոտնի մասնաճյուղի նախագահ, սև գոտի, 4-րդ դան
7 տարեկանում գնում էի կարատեի, մարզվում` շաբաթը 4-5 օր: Տուն էի գալիս ուժասպառ, կապտուկներով, տանջված, սնվելու ցանկությունը կորցրած: Մարզիչս կյանքս ուտում էր: Ամեն երեկո ինքս ինձ ասում էի. «Վերջ, սա վերջին օրն է. այլևս չեմ գնալու կարատեի»: Բայց հաջորդ օրը` կրկին ձգումներ, որոնց կարծես վերջ չկար: Հենց թուլացնում էի տեմպը` ցուցափայտով հարված հետույքիս: Բակի ընկերներով անվերջ մրցակցության մեջ էինք. ո՞վ կարող է անթերի շպագատ իջնել: Մարզիչս ինձ նստեցնում էր հատակին, բռնում երկու ձեռքիցս, ու ոտքերով սեղմում ոտքերս` դարձնելով հորիզոնական գիծ: Ամենադաժան ցավն էր, որը երբևէ զգացել եմ մարզումների ժամանակ: Տասը տարի անց հանդիպեցի իմ վարպետի հետ, ու զրուցեցինք անկեղծ:
Հ ա յ կ Ղ ու կ ա ս յ ա ն
Հայաստանի ընդհանուր մենամարտերի «ArmFC» ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ
Հաղթանակի հասնելու համար մարդկայինն հարաբերություններն ամենակարևորն են: Ես գիտեմ իմ մարզիկների բոլոր թերությունները, գիտեմ` ինչ են անում մարզումներից հետո, ինչ կյանքով են ապրում, սոցիալական ինչ խնդիրներ ունեն: Իմ պրակտիկայում արտառոց դեպքերը շատ են եղել: Տխուր մի դեպք. մարզիկս պատրաստվում էր շատ լուրջ մենամարտի, ու մենամարտից քսան րոպե առաջ ինձ զանգում են ու ասում, որ նրա մայրը մահացել է: Բնականաբար, չասեցի:
Կարևոր մենամարտ էր, արտասահմանում միջազգային մրցաշարի էինք մասնակցում: Մնացել էր մեկ ժամ, հանդերձարանում մարզիկիս հետ զրուցում էի: Ասեցի, որ լավ պատրաստված չես, ծեծ ես ուտելու ռինգում ու ամոթով ես վերադառնալու Հայաստան: Մի պահ դուրս եկա հանդերձարանից, վերադարձա, տեսնեմ` փորձում էր սավանով կախվել առաստաղից. ամոթից, որ հանկարծ խայտառակ չլինի: Մարզիկներիցս մեկը պարտվելուց հետո գլխով ջարդել էր հանդերձարանի բոլոր դռները, ձեռքերով կոտրել լվացարանները: Մեկ ուրիշը ինքնասպանության փորձ արեց պարտվելուց հետո:
Ա բ ր ա հ ա մ Խ ա շ մ ա ն յ ա ն
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Յուրաքանչյուր հաջողություն գալիս է ազնվությունից ու վստահությունից: Ընդհանրապես, մարզիչ տերմինն ինձ համար սուրբ բառ է: Բուդդիզմում խոնարհվում էին ուսուցիչների առաջ. ինձ համար մարզիչը հենց ուսուցիչն է: Մի քիչ ճիշտ վարվեք այդ բառի հետ, քանի որ այսօր շատերն են «մարզիչ» համարվում, բայց այդպես չէ:
Մի փոքր հեշտ է ապակոմնորոշել մեր ֆուտբոլի ղեկավարներին. ամենևին պարտադիր չէ, որ մարզիչը լինի խիստ: Մարզիչը պետք է լինի պահանջկոտ իր և իր ֆուտբոլիստի հանդեպ: Այսօր մարզիկներիս հետ աշխատում եմ ավելի ավտորիտար մեթոդով: Պետք չէ մարզումների գալ «բեյսբոլի մականը» ձեռքին: Մարզիչը պետք է մեծ նպատակ ունենա: Փորձ ունեցող ֆուտբոլիստները կարծում են, թե իրենք միշտ պետք է խաղան, լինեն մեկնարկային կազմում, սակայն իմ պարագայում այդպես չէ: Նա կնստի պահեստային նստարանին ու տեղը կզիջի ավելի լավ մարզավիճակով ֆուտբոլիստին:
Նախկինում լավ են պատրաստ եղել, թե վատ` խաղացել են. իմ թիմերում ես դա չեմ թույլատրել: Եթե ֆուտբոլիստին մեկ անգամ բացատրում ես, երկրորդ անգամ բացատրում ես, և նա չի ընկալում, ուրեմն նա քեզ խանգարում է: Մոտ 50 ֆուտբոլիստի եմ հանել իմ թիմերից: Մարզական տվյալները չեն համապատասախանել` ասել եմ` հաջողություն: Բայց խաղադաշտից դուրս նրանց հետ կապը միշտ պահում եմ: Նաև ֆինանսական տույժեր են կրել ֆուտբոլիստները, բայց ամենամեծ պատիժը, որը կիրառել եմ` թիմից ազատելն է: Եվ հիմա էլ, եթե նկատեմ, որ ինձ որևէ ֆուտբոլիստ խանգարում է, առանց մտածելու կազատեմ թիմից` առանց նրա կարգավիճակին ուշադրություն դարձնելու: Մեր մտածելակերպը ստիպում է, որ ես խստապահանջ լինեմ:
newmag #68 մարտ / ապրիլ