BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պետրոս Ղազարյանը Հնդկաստանում տեսածի մասին

Պետրոս Ղազարյանը Հնդկաստանում տեսածի մասին

-Էլի կգնայի՞ր Հնդկաստան:
-Ո՛չ:
-Վա՞տ էր:
-Չէ՛, շատ լավ էր:
Հնդկաստան գնալու համար յուրահատուկ տրամադրություն է պետք: Ավելի ճիշտ` ոչ թե տրամադրություն, այլ հոգևոր պահանջ: Մոտավորապես այսպես. գտնել մի բան, որը չկա մյուս քաղաքակրթություններում: Ընդ որում, նույնիսկ վերադառնալուց հետո շատ դժվար է մեկ բառով բնութագրել այն, ինչ տեսնում ու զգում ես Հնդկաստանում:
Աղքատություն
Հնդկաստանի աղքատությունը նման չէ ոչ մի բանի: Այն ավելին է, քան աղքատությունը: Այն կենսակերպ է, կրոն, մշակույթ, փիլիսոփայություն: Աղքատությունը Հնդկաստանի ամենաներդաշնակ բանն է և շղթայված է փառահեղ տաճարներին, շքեղ բնությանը, գունեղ կրոններին, տեխնոլոգիական զարգացմանը, խայտաբղետ քաղաքներին, փողոցներին ու մարդկանց: Անհնար է գալ Հնդկաստան և չդառնալ այդ աղքատության մշակույթի մասը: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ աղքատությունը մարդուն նվաստացնում է և չարացնում, Հնդկաստանում այն մաքրում է մարդուն: Այստեղ այնքան աղքատություն կա, որ նույնիսկ հարուստները մի քիչ աղքատ են թվում:
Ենթակառուցվածքներ
Դելին մեծ գյուղ է: 19-միլիոնանոց գյուղ, որտեղ ճանապարհով երթևեկում են ավտոմեքենաները, մոտոցիկլետները, հեծանիվները, կովերը, այծերը, սայլերը և Աստված գիտի էլ ինչ: Երթևեկության կանոնները խիստ պայմանական են. ճանապարհային խցանումը կարող է լինել ոչ թե երկու տաքսիների բախումից, ինչպես Երևանում, այլ շատ հնարավոր է, որ փողոցի մեջտեղում կով նստած լինի, և նրան ոչ ոք չի նեղացնի: Դելիում չկան բացօթյա սրճարաններ, ռեստորաններ, նույնիսկ մայթեր, որտեղով կարելի է պարզապես զբոսնել: Մայթերի վրա ապրում են, լողանում, ճաշ պատրաստում, բնական կարիքներ հոգում, պարզապես ժամանակ անցկացնում: Այստեղ բացօթյա են վարսավիրանոցները, ատամնաբուժարանները, կոշիկի արհեստանոցները:
Մարդիկ
Հնդիկները բարեպաշտ կրոնավորներ են: Ագրայից Ջայփուր՝ ռաջաների երկիր, գնացինք մոտ յոթ ժամ: Օրը համընկել էր ինչ-որ կրոնական տոնի: Ճանապարհի ամբողջ երկայնքով մեծ վրաններ էին, որոնցում դրված էին աստվածների արձաններ և հնդկական աղքատիկ ուտելիք: Ամենուր կրոնական երաժշտություն էր հնչում: Հնդիկները քայլում էին դեպի գյուղերը, ընդ որում աստվածների արձանները տանում էին սայլերի կամ հեծանիվների վրա, որ դրանք չհոգնեն: Իրենք գնում էին ոտքով: Ասում են՝ նրանք ամեն առավոտ իրենց աստվածներին լվանում են կաթով և վարդի թերթիկներ են շաղ տալիս նրանց վրա: Հնդկական տաճարների սպասավորներին մի շատ կարևոր բան առանձնացնում է մեր եկեղեցու սպասավորներից. հնդիկ կրոնավորները չեն փորձում քեզ սովորեցնել այն, ինչ կարդացել են վեդաներում, չեն նայում քեզ որպես մոլորյալի, որին պետք է ճշմարիտ ուղին ցույց տալ: Նրանք փորձում են ընկերանալ քեզ հետ և հասկանալ, օգնել քեզ: Նրանք մարդամոտ են:

Հնդիկների ուշքը գնում է լուսանկարվելու համար: Եթե դու հանում ես հեռախոսդ և ձեռքով ցույց տալիս, որ պատրաստվում ես նկարվելու առաջարկ անել, նույն պահին մոտ քսան-երեսուն հնդիկ պատրաստվում է փոխադարձ առաջարկի: Հնդիկների հետ մենք չունենք հատման կետ: Այստեղ դու քեզ զգում ես լիարժեք եվրոպացի:

Տաճարները
Որքան աղքատ է Հնդկաստանը, նույնչափ հարուստ ու շքեղ են նրա տաճարները: Արևելքի ճոխությունը, հինդուիզմն ու իսլամը, հնդկական ոգին ու հարստությունը, բնությունն ու կրոնը, յուրահատուկ փիլիսոփայությունը մեկտեղ կարելի է գտնել միայն տաճարներում: Ինձ թվում էր, որ Հնդկաստանում միայն տաճարներն աղքատ չեն:
Կենդանիները
Հնդկաստանում մենք հանդիպեցինք կոբրաների, կապիկների, ուղտերի, կովերի, սիրամարգների, գետնասկյուռների, փղերի: Ոչ թե ջունգլիներում, այլ քաղաքում: Նույնիսկ ճանապարհորդեցինք` փղերի վրա նստած: Աշխարհի ոչ մի երկրում կենդանիներն այսքան ներգրավված չեն առօրյա կյանքին ու հավասար չեն մարդուն:


Նարնիկո. Հռոմ. Ամառային հանգստի պլաստմասսայե օրերի քրոնիկոն


Մեսրոպ Մովսեսյան. Լրագրողները դարձել են միագույն էակներ, բոլորը նույնն են





Յուրահատկությունները
Դելին, իրոք, մեծ գյուղ է հիշեցնում, բայց ունի շատ լավ և ժամանակակից մետրո: Կանայք և տղամարդիկ իրավունք չունեն նույն վագոններում երթևեկել: Մեզ պատմում էին, որ Հնդկաստանում պաշտոնապես գոյություն ունի երրորդ սեռ, և նրանց անձնագիր են տալիս՝ որպես այդ սեռի ներկայացուցչի: Հնդկական կրոնն ասում է, որ եթե նեղացնես երրորդ սեռի մարդկանց, ապա հաջորդ կյանքում կծնվես որպես բույս կամ կենդանի: Հնդկաստանում կա մի փոքրիկ մարզ, որտեղ չկա աղքատություն: Կոչվում է Գոա: Շքեղ, ծովափնյա հյուրանոցներով լի հանգստավայր է: Մեզ պատմում էին, որ Արևմուտքի հասարակությանը մշակութային հեղափոխության հասցրած հիպիական շարժումը ծագել է հենց Գոայում: Հիպիական գաղափարախոսության հիմքում ընկած է եղել Գանդիի մարդասիրական և խաղաղասիրական փիլիսոփայությունը: Ի դեպ, Գոան Հայաստանից այնքան էլ հեռու չէ. օդանավով` հինգ ժամ, հանգստյան տների գներն էլ շատ մոտ են Ծաղկաձորի գներին:

Տարածել