Դերենիկ Դեմիրճյանը և իր կանայք (մաս 1)
Ըստ Դերենիկ Դեմիրճյանի քրոջ աղջկա` Նատալյա Շիրինյանի՝ Դեմիրճյանը զերծ է եղել բոլոր կարգի թուլություններից. ո՛չ ալկոհոլ, ո՛չ ծխախոտ, սուրճն անգամ միայն կաթով էր խմում, բայց ունեցել է մեկ թուլություն` կանայք: Դեմիրճյանը երկու անգամ օրինական ամուսնություն է ունեցել. առաջին կինը Մարիամ Կանայանն էր` Դրաստամատ Կանայանի քույրը: Ունեցել են երկու որդի` Արտաշեսը, որը մահացել է 2 տարեկանում, և Վիգենը, որը ապրել է մոտ 60 տարի և ունեցել է մտավոր խնդիրներ: Մարիամի մահից մի քանի տարի անց Դեմիրճյանը հանդիպել է երկրորդ կնոջը` Մարիա Միխայլովնա Իվանովային:
***
Մինչև «Վարդանանք»-ի հրատարակվելը Վարպետն այնքան էլ ապահովված չէր: Նա չէր սիրում, որ դրամ էին վերցնում և խոստացած ժամանակին չէին տալիս. շատ ճշտապահանջ էր: Մի անգամ թատրոնից մի տղամարդ Վարպետից գումար էր խնդրել և չէր վերադարձրել: Մոսկվայում իմ միջոցով նորից խնդրեց, որ Վարպետն իրեն փող տա: Երբ ես այդ մասին հայտնեցի Դեմիրճյանին, նա ասաց.
«Նա վերցնում է անվերադարձ, բայց միշտ էլ ասում է՝ այսօր կբերեմ, վաղը կբերեմ, և չի բերում: Իրեն ասա՛, որ փող չունեմ»:
Մյուս օրը, երբ Վարպետի հետ դուրս էինք գալիս Մոսկվայի Փոքր թատրոնից 1941-ին, նա ասաց. «Գիտե՞ս, Գարո՛ւն, ես նրան փողը տվեցի. դե՛, մեղք է, ջահել տղա է»: Ես շատ ուրախացա, որ նրան օգնել է օտար տեղում՝ Մոսկվայում:
Վարպետը հաճախ գալիս էր ջութակով, հատկապես Վիգենի համար: Վիգենը երկրորդ դասարանում էր. նա նվագում էր, որից հետո Վարպետն ասաց. «Վիգենը ինձ է քաշել. լավ լսողություն ունի, պետք է տանեմ երաժշտական դպրոց»: Եվ ինքն անձամբ տարավ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որի դիրեկտորն էր հանգուցյալ Հայկանուշ Դանիելյանը: Դանիելյանը փորձել էր Վիգենի լսողությունը և ասել, որ բացի լսողությունից` ունի նաև ձայն, և իրոք որ նա ձայն ուներ և երգում էր իր համար: Դրանից հետո շատ սուղ պայմաններով գնեցինք դաշնամուր` «Ռոստով-Դոն», և այդ դաշնամուրը Վարպետը տարավ իրենց մոտ` Աբովյան փող. 29, որպեսզի Վիգենն ավելի կապված լիներ իրենց տան հետ: Դաշնամուրի դասատու ընկ. Թագուհի Արամյանը գնում էր Վարպետի տուն և պարապում երեխայի հետ, սակայն որոշ ժամանակ անց երեխան որոշեց չգնալ. դա ուներ իր հիմքերը (մեծ Վիգենի պատճառով), որից հետո դաշնամուրը տեղափոխեցինք ինձ մոտ, և երեխան սկսեց պարապել: Անուղղակի նայում էի, թե ինչպես է Վարպետը ուրախ աչքերով նայում Վիգենին ու նվագում. ինքը՝ ջութակ, իսկ Վիգենն էլ իր իմացած փոքրիկ էտյուդն էր նվագում: Մինչև այժմ այդ դաշնամուրը՝ որպես մասունք, պահել եմ. ես Վիգենի համար գնեցի նորը, երբ նա գնաց նոր բնակարան իր ընտանիքի հետ: Այդ դաշնամուրը պահպանվում է ինձ մոտ:
Երբ Դեմիրճյանի համար տուն-թանգարան կկազմակերպեն, ես այդ դաշնամուրը կտամ այդ թանգարանին:
Դերենիկ Դեմիրճյանը և իր կանայք (մաս 2)
Վարպետի 70-ամյակի օրը փոքրիկ Վիգենն իր մոտ էր, որտեղ ներկա էին նաև Իսահակյանի ընտանիքը, գրող Հրաչյա Հովհաննիսյանը: Երբ տիկին Սոֆիկը Վիգենին բարձրացնում և կանգնեցնում է աթոռի վրա, Դեմիրճյանն ասում է. «Տեսե՛ք, իսկական իմ պնչից թռած է»: Այդ ժամանակ տիկին Սոֆիկն ասում է. «Իսկական փոքրիկ Դերենիկն է»: Երբ արդեն ուշ է լինում, կանչում է Վիգենի դայակին և պատվիրում երեխային տուն տանել` նկատի ունենալով մեծ Վիգենին….
Դեմիրճյանը չներեց քրոջ որդու ինքնասպանությունը
Դեմիրճյանը չտեսնված հայրենասեր էր: Ամբողջ օրը մտածում էր մեր հաղթանակի մասին և համոզված ասում էր. «Մերոնք շուտով կհաղթանակեն, ու հաղթանակով կգան եղբայրդ և բոլորի եղբայրները, ամուսինները, քույրերը»:
Իր քրոջ` Սաթենիկ Դեմիրճյանի որդին 1942 թ. եկել էր մի քանի օրով արձակուրդ և իր ատրճանակով խփել էր իրեն ու տեղնուտեղը մահացել: Դեմիրճյանը տուն եկավ՝ շատ հուզված: Ես ոչ մի բան չասացի, և առհասարակ, երբ նա հուզված էր, ես պետք է շրջանցեի, իսկ հետո ինքն սկսում էր պատմել, թե ինչու է հուզված, ու ասաց. «Քրոջս տղան ինքն իրեն խփեց, իր կյանքին վերջ տվեց»: Ես ու մայրս մի պահ կորցրեցինք մեզ, բայց Վարպետը, առանց իրեն կորցնելու, ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ նա համարվում է ազգի դավաճան, նա իր պարտքը չկատարեց, թուլամորթություն արեց. հետո ճաշեց շատ հանգիստ, բայց երբեմն դեմքի այտոսկրերը բարձրանում և իջնում էին:
Թաղման ժամանակ նա կանգնած էր հեռու և ոչ մի արցունք չթափեց: Երբ մյուս օրը մայրս ցանկացավ նորից խոր վիշտ հայտնել, նա մորս ասաց.
«Նա պետք է ընկներ իր հայրենիքի համար` որպես ազնիվ զավակ»:
Դրանից հետո ոչ մի խոսք չասաց: Երբ քրոջ տղայի 7-րդ օրն էր, ես ասացի, որ պետք է գնալ գերեզման: Նա հուզված ասաց, որ այդպիսիներին չեն ափսոսում, նա թուլամորթություն է ցուցաբերել. չպետք է գնալ: Նա այս ահեղ օրերին իր ժողովրդի ազատության համար պետք է կռվում ընկներ: Եվ մենք չգնացինք յոթին:
Երբ նա ինձ էր նվիրում իր «Վարդանանք» վեպը, ասաց.
«Լավ կպահես, Վիգենը մեծանա և հասկանա, որ այս պատմավեպը` «Վարդանանքը», որ գրել եմ Հայրենական մեծ պատերազմի օրերին, գրել եմ, որպեսզի մեր երիտասարդները լցվեն հայրենասիրական մեծ գաղափարով: Մի խոսքով, ուզում եմ բարձր տրամադրություն ստեղծել ռազմի դաշտում մեր հայրենիքը պաշտպանող մարտիկների մեջ»:
«Վարպետը մահից շատ էր վախենում»
Վարպետը շատ էր վախենում մահից, և միշտ Իսահակյանի հետ կատակելով ասում էին, թե իրենցից ով է շուտ մահանալու: Այն ժամանակ Ավ. Իսահակյանը ապրում էր Գնունի փողոցում՝ խանութի վերևի հարկում, իսկ մենք՝ նրա կողքին՝ Գնունի 4-ում՝ դեղատնային վարչության մոտ, և հաճախ էինք այցելում մեկս մյուսին և իրար շատ էինք սիրում:
Դեմիրճյանը շատ ազնիվ էր իր զգացմունքների մեջ և միշտ ասում էր, որ մարդն իր իրավունքների մեջ պետք է լինի ազատ, ոչ մեկին չի թույլատրվում՝ մարդու կյանքի վրա բռնանա, մարդուն տրվում է կյանքը մեկ անգամ, և ինչո՞ւ նա իր իրավունքներում ազատ չլինի:
Այն ժամանակ, ըստ իմ դատողության, կարծում էի, որ դա միայն ու միայն գրողներին է հատուկ՝ որպես ստեղծագործողների. իրենց զգացմունքների նկատմամբ պետք է որ ազատ լինեն բոլոր հարցերում:
Վարպետը մի անգամ եկավ ու ինձ ասաց. «Գարո՛ւն, ես գնալու եմ Լեռնային Ղարաբաղ. ճիշտ է, առողջական վիճակս էլ մի բան չի, բայց պետք է գնամ. որոշ բաներ կան, պետք է ուսումնասիրեմ իմ ստեղծագործությունների համար»: Ես հարցրեցի. «Երկա՞ր ժամանակով»: Նա ասաց, որ չգիտի. «Բայց իմացի՛ր՝ մինչև իմ վերադարձը գուցե որոշ խոսակցություններ գան-հասնեն քեզ. դրանք դատարկ բան են, դու գիտես, որ ես քեզ անկեղծ եմ սիրում, նախ՝ որպես իմ որդու մոր, հետո՝ շատ ազնիվ ես իմ նկատմամբ, բոլոր հարցերում՝ անշահախնդիր»:
«Ես նրա ձեռնափայտն եմ սիրել»
Ես նրա ձեռնափայտն եմ սիրել. այդպես էլ ասում էին շատ տեղերում որպես անեկդոտ:
Մի անգամ՝ ներկայացումը վերջանալուց հետո, Վարպետը շուտ էր գնացել տուն: Մեծ մասամբ, եթե մնում էր մինչև ներկայացման վերջը, մանավանդ իր պիեսների, անպայման ինքն էր ինձ տուն ուղեկցում: Այս անգամ Լևոն Մսրլյանը եկավ ներկայացումը վերջանալուց հետո և հայտնեց, որ Դերենիկը շուտ գնաց տուն և խնդրեց, որ ինքը ինձ տուն հասցնի (Լևոն Մսրլյանն էլ ուներ 2-րդ կինը, բայց ոչ պաշտոնականացված, և նրանից` մեկ տղա): Ես ասացի. «Ո՛չ, ինքս կգնամ, միշտ էլ մենակ եմ գնում»: Նա ինձ կատակով ասաց. «Դե՛, լավ, մեկ անգամ էլ ես փոխարինեմ Դերենիկին»: Ես պատասխանեցի. «Ոչ մի դեպքում: Ես Դեմիրճյանի նույնիսկ ձեռնափայտն եմ սիրում»: Եվ այս խոսքն էլ հասել էր Վարպետին, և նա կատակով ասել էր. «Լևո՛ն, տեսա՞ր….»: Մի խոսքով, գիտեր շատ համով ու հոտով կատակներ անել: Երբ գալիս էր մեզ մոտ, ես նստում էի իր կողքին՝ բազմոցի վրա, և ամենայն անկեղծությամբ ինձ հետ այնպիսի զրույցներ էր անում, որ ես ուղղակի հիանում էի, թե որքան հոգեբան էր, և այնպիսի թեմաների շուրջ էր զրուցում, որ ես աշխարհից վերանում էի և երբեք նրա տարիքը չէի տեսնում: Եվ առհասարակ չեմ տեսել նրա լավ ու կուլտուրական վերաբերմունքի շնորհիվ. նրա մեջ միշտ արվեստն էր խոսում, և հաճախ ասում էր. «Կարծես թե մենք որոշ հարցերում իրար լավ ենք հասկանում, ես էլ իմ փոքր հասակում (8-10 տարեկան) մեկ-մեկ նեղ շրջանակներում դերասանություն եմ արել, սիրել եմ երաժշտությունը, իսկ 14 տարեկանում կարդացել եմ բոլոր հեղինակներին»:
Նա մեծ բավականություն էր ստանում, երբ ես իր հետ նստում էի բազմոցին, և մի որոշ ժամանակ առանց խոսելու նայում էինք իրար, միայն ինձ ասում էր. «Դու շատ բարի սիրտ ունես և երբեք ինձ որևէ հարց չես տալիս»: Ես, ճիշտն ասած, անհարմար էի զգում որևէ հարցի մասին խոսել, բայց նա կարծեք թե հարց ու պատասխանի միջոցով ինձ ավելի էր ճանաչում:
Երբ վերադարձավ Լեռնային Ղարաբաղից, երկրորդ օրը եկավ մեր տուն, ըստ իր սովորության` հարցրեց տղայիս` Ռադիկի (մեծ տղաս) գործերի և ուսման մասին, իսկ Վիգենի մասին ասաց, որ նրա մասին չի ուզում խոսել, քանի որ նա լավ խավիծ ուտող է և միշտ էլ առողջ: Երբ ճաշեցինք, երեխաները գնացին, իսկ ես ու ինքը միասին էինք, նա, ձեռքը դնելով գլխիս, ասաց. «Գարո՛ւն, ես բավական լավ զգացի Լեռնային Ղարաբաղում. այնտեղ երիտասարդ աղջիկներ կային, և իմ տրամադրությունը բավական բարձրացրին իմ ստեղծագործական աշխատանքներում»: Ես շատ ուրախացա և ասացի. «Այո՛, Դուք ասում եք, որ մարդն իր իրավունքների մեջ պետք է ազատ լինի…»: Նա ոչինչ չասաց, երևի կռահեց ու ասաց. «Մեծ հոգու տեր կին ես, դու իմ Վիգենին աշխատի՛ր լավ նայել և իմ մահից հետո լա՛վ եղիր Մարիա Միխայլովնայի հետ. նա կլինի քո լավ բարեկամը»: Եվ իրոք, Մարիա Միխայլովնան իր լավ բնավորությամբ ու գիտակցությամբ եզակի էր, և այդպիսի անձնավորություն չկա և չի կարող լինել:
Մի քանի խոսք` Մարիա Միխայլովնայի մասին
Որքա՜ն էր սիրում փոքրիկ Վիգենին, մեծին էլ ինքն է պահել և իմ մեծ տղային. ոչ մի անգամ ոչ մի առիթով չի տրտնջացել: Վիգենի հետ պարապում էր ռուսաց լեզու: Երբ մենք երեխայի հետ գնում էինք Կիսլովոդսկ, միշտ (գնալուց մի քանի օր առաջ) ասում էր. «Անպայման մածո՛ւն քամեք և վերցրե՛ք Ձեզ հետ, որպեսզի ճանապարհին Վիգենին ջուր չտաք. երեխային վնաս կտա. ջրի հետ խառնե՛ք քամած մածունը»: Նրա որդին (ոչ Դեմիրճյանից) այնքան էր կապված փոքր Վիգենի հետ, որ երբ գալիս էր Երևան, շատ անկեղծ էր դեպի նա: Նատան (Դեմիրճյանի քրոջ աղջիկը) ինձ հանդիպեց շուկայում և ասաց, որ Մարիա մորաքույրը այլևս չի խոսում, աչքերը փակ է և մահամերձ է: Ես և փոքր Վիգենն անմիջապես գնացինք (ելակ վերցրինք. մենք հաճախ էինք գնում նրան տեսակցության, նա մեծ բավականություն էր ստանում): Երբ ներս մտանք, իրոք, աչքերը փակ էին, և կարծեք հոգեվարքի մեջ էր: Երբ փոքրիկ Վիգենը կռացավ նրա դեմքին և ասաց. «Տյոտյա Մարիա», նա մի պահ բացեց աչքերը և Վիգենին դեպի իրեն քաշեց ու մի կերպ ասաց. «Վիգեն», և մի քանի վայրկյան միասին գրկված մնացին: Ես ու Նատան զարմացանք, թե ինչպես նա Վիգենին ճանաչեց և արդեն… Եթե Մարիան ուշ մահանար և մի քանի տարի էլ ապրեր, իմ Վիգենի վիճակն ավելի լավ կլիներ, նրան չէին հալածի հարազատները շահի համար (դա ունի իր հիմքերը. ինչո՞ւ հիվանդին միայն սիրել, իսկ քեռու նորմալ մյուս փոքրիկ Վիգենին միշտ պահել հոգեկան ծանր վիճակի մեջ…):
Մոխրագույն կոստյումը
Որքա՜ն բարի էր Դեմիրճյանը. նրա մոխրագույն կոստյումի մասին: Մեծ տղաս բավական երկար հասակ ուներ և հավանել էր մեկ մոխրագույն գծերով կոստյում (պոլիտեխնիկական ինստիտուտի 4-րդ կուրսում էր սովորում): Ես անմիջապես տղայիս ցանկությունը կատարեցի, կոստյումը բերեցինք, հագավ մի քանի անգամ և մի անգամ էլ ասաց, որ իրեն դուր չի գալիս, տղաներն ասել են, որ իրեն չի սազում; Այդ պահին Դեմիրճյանը ասաց. «Ռադի՛կ ջան, մի՛ հագիր, որ դուրդ չի գալիս, ապա ես փորձեմ»: Նա հագավ, և վրան շատ լավ նստեց, ու անմիջապես փաթաթել տվեց, իմացավ արժեքը: Հաջորդ օրը դրամը բերեց: Ես շատ վիրավորվեցի: Նա ասաց, որ դա իր գործն է, թող տղան իր ճաշակով ընտրի: Այդքան բարի ու ազնիվ մարդուն ինչպե՞ս կարելի է չսիրել, չհարգել, չխոնարհվել նրա ձեռնափայտի առաջ: Իմ որդուն նայում էր, ինչպես իր հարազատի, երկու Վիգեններից չէր տարբերում: Հիմա հեռուստացույցով հենց ցույց են տալիս այն կոստյումը, մեծ տղաս ասում է. «Իմ կոստյումն անմահացել է» (նա այժմ կոմունիստ է և աշխատում է շինվարչության պետ): Ահա Դեմիրճյանի մեծությունն ու ազնվությունը:
Մի անգամ եկավ մեզ մոտ և ծիծաղելով ասաց ինձ. «Ավետիքը հարցրեց` Դերենի՛կ, այդ ինչպե՞ս է, որ Մարիան ու Գայանեն (Գարունը) այդքան լավ են իրար հետ: Ես ասացի, որ երկուսդ էլ անշահախնդիր մարդիկ եք»: Քանի՜ անգամ Մարիան ինձ ասել է, թե ինչու ես փող չեմ վերցնում Դեմիրճյանից, երբ նա տալիս է: Ես ասացի, որ աշխատում եմ, այդ պատճառով: Այդ կարող եք հաստատել նրա գրած նամակով ինձ (երբ տանը չեմ եղել), որը գտնվում է գրականության թանգարանում:
Առհասարակ ես միայն տեսել եմ մարդուն, գրողին, մեծ փիլիսոփային, տեսել եմ նրա ազնիվ ու անշահախնդիր, կիրթ և ուշադիր վերաբերմունքը իմ նկատմամբ: Մանավանդ Մոսկվայում (1941 թ.՝ առաջին դեկադայի ժամանակ) որքա՜ն ուշադիր էր իմ նկատմամբ: Նա ինձ տանում էր բոլոր թանգարանները, տեսարժան վայրերը, բացատրում էր, ինչպես երեխայի: Ես առաջին անգամ էի լինում Մոսկվայում, և նրա մեղմ ու կիրթ մոտեցումն ինձ կախարդել էր: Լիֆտով բարձրանալիս ես վախեցա. առաջին անգամ էր: Նա այնպե՜ս հուզվեց և ինձ ասաց, որ իրեն գրկեմ ու աչքերս փակեմ:
1956-ին Գայանե Ավետիսյանին ձերբակալում են
Ցավոք սրտի, ինձ հետ դժբախտություն պատահեց…. (Խանութում աշխատելու ընթացքում՝ 1956- ին, Գայանե Ավետիսյանին ձերբակալում են գումարային ինչ-որ պատմության պատճառով: Մանրամասները հայտնի չեն - Լ. Ա.): Երբ Վարպետի մոտ էին գնացել և պատմել իմ մասին, միայն ասել էր. «Շուտով ամեն ինչ կանեմ, որ Վիգենս որբ չմնա», և այնպես հուզված էր ասել, որ նրա աչքերից արցունքներ էին հոսել: Երբ ես նրա մահվան լուրը լսեցի, գտնվում էի հիվանդանոցում (բանտի), որից հետո այլևս չեմ զգացել` ինչ է կատարվել ինձ հետ: Այդտեղից ինձ 1957 թ. տեղափոխեցին քաղաքի հիվանդանոց միայն ու միայն մեծ Վարպետի խնդրանքով` Ավ. Իսահակյանի, տիկին Սոֆիկի (Իսահակյանի կինը - Լ. Ա.) ու Բելլայի, որը գրել էր. «Մեծարգո՛ Շմավոն ջան, աշխատե՛ք Դեմիրճյանի տղայի մորը շուտ ազատել այդ հիվանդանոցից, Դերենիկը չկա, երեխան մեղք է»:
Մեծ հոգու տեր կին էր տիկին Սոֆիկը, որքա՜ն է հետաքրքրվել իմ գործով, նրա հետ՝ և հարսը՝ Բելլան (Բելլայի հետ թատրոնում միասին էինք աշխատում, որքա՜ն նամակներ եմ գրել Բելլային. այդ բոլոր իմ գրած նամակները գտնվում են Ավ. Իսահակյանի թանգարանում): Բելլայի նման կին, այդպիսի մարդ… Երևի մեծ Վարպետի դաստիարակությունն է եղել, քանի՜-քանի՜ անգամ եկել է ինձ տեսակցության: Այդ իմ ծանր ճակատագիրը պակաս ազդեցություն չունեցավ իմ փոքրիկ Վիգենի վրա: 14 տարեկան էր, չկար հայրը, մայրը… Եվ այդ երեխան երբեք չփչացավ, վատ շրջապատ չընկավ մինչև իմ ազատվելը: Ես անմեղ էի և խանութից գլուխ չհանելու պատճառով ընկա այդ արհավիրքի մեջ: Այդ խանութում ընդամենն աշխատել էի 6 ամիս և հազիվ 10 անգամ խանութում եղած լինեի: Այժմ ես հաճախ եմ գնում և ծաղիկներ դնում Վարպետի` Իսահակյանի, և կնոջ գերեզմանի շիրմաքարի վրա (Կոմիտասի այգում), որ նրանք ինչքա՜ն օգնություն ցույց տվեցին իմ երեխային ու ինձ: Շատ կարելի է գրել, բայց դառը հուշերը ինձ թույլ չեն տալիս գրել, և ես հիվանդանում եմ հոգեպես: Եվ այն լավ հուշերը, որոնք կապված են Դեմիրճյանի հետ (Մոսկվա, թատրոն, Կիսլովոդսկ), որոնցով ես հիմա ապրում եմ, ու երբեք ոչ մի տղամարդ, լինի գրող, լինի ամենագետ, երբեք ու երբեք իմ կյանքում ԴԵՄԻՐՃՅԱՆ լինել չի կարող:
«Տիխը, մադամ սպիտ»
Երբ ես սկսեցի վերհիշել իմ հուշերը` կապված Դեմիրճյանի հետ, հոգեկան ծանր վիճակի մեջ ընկա և որոշ ժամանակ հիվանդացա: Հիմա արդեն լավ եմ զգում. ախր դժվար է այդպիսի մոտիկ հարազատի, անշահախնդիր, ոչ հետին մտքերի տեր տղամարդուն մոռանալ: Կանայք առհասարակ չեն մոռանում թե՛ վատը, թե՛ լավը:
Երբեմն, երբ իմ աշխատանքում որոշ մարդիկ (դիրեկտորը և այլն) դիտողություններ էին անում ոչ արդարացի (երևի նրանք էլ իրենց միտումներն ունեին. ես դեռ երիտասարդ էի), ես մի պահ մտքումս ասում էի. «Ախր դուք շատ մանր եք, և մի ՞թե կարելի է ձեզ համեմատել Դեմիրճյանի ձեռնափայտի հետ»:
Երբ մենք Մոսկվայում էինք, գտնվում էինք տարբեր հյուրանոցներում: Վարպետը և անվանի դերասանները «Մոսկվա» հյուրանոցում էին տեղավորված: Բայց փորձերից կամ ներկայացումից հետո (հաճախ ցերեկները), երբ ես դուրս էի գալիս, Վարպետն ասում էր. «Գնանք ինձ մոտ` հյուրանոց, այնտեղ միասին կճաշենք: Ոչ թե ռեստորանում, այլ հենց համարում»: Ես մի անգամ (իր կարգադրությամբ) պառկեցի հանգստանալու, դեռ չէի քնել, երբ մատուցողը թակեց դուռն ու ներս մտավ: Այդ վայրկյանին Վարպետն ասաց. «Տիխը, մադամ սպիտ»: Երբեք ու երբեք չեմ մոռանա: Հետո, երբ ամեն ինչ պատրաստ էր, զգույշ մոտեցավ, ես անմիջապես վեր կացա, ինձ կարգի բերեցի, լվացվեցի, և մենք միասին ճաշեցինք: Որքա՜ն երջանիկ էի զգում ինձ:
Մի անգամ, երբ միասին նախաճաշում էինք, զանգ եղավ: Նաիրի Զարյանի կինն էր` Սիրանը, որը ցանկացավ գալ Վարպետի մոտ` հյուրանոց: Վարպետն ինձ ասաց. «Գարո՛ւն ջան, ինձ ների՛ր, հիմա դու գնա՛, որ նա չգա, այստեղ մեզ միասին տեսնի, հետո մենք կշարունակենք մեր նախաճաշը»: Մինչև այժմ էլ չեմ հասկանում, թե ինչու նա այդ ասաց: Տիկին Սիրանը միշտ բարևում էր ինձ և իմ նկատմամբ վատ չէր: Ես գնացի մեր հյուրանոց: Կես ժամ չանցած`Վարպետը եկավ իմ հետևից, և մենք միասին նորից գնացինք: Ահա թե որքան ուշադիր էր իմ նկատմամբ:
Մայրս մահացավ 1950 թվականին. Վարպետն արդեն գիտեր, որ կարճ օրեր են մնացել, միշտ ինձ հուսադրում էր և ասում. «Երբ մայրիկիդ մի բան պատահի, անմիջապես զանգի՛ր»: Իսկ մինչև այդ մայրս ու նա մի քանի օր առաջ զրուցել էին, և մայրս ինձ ասաց. «Եթե բոլոր գրողներն այսպիսի խելքի տեր լինեն, աշխարհի գործերը լավ կգնան: Իմ մահից հետո դու հույսդ դի՛ր միայն Դերենիկի և Մարիա Միխայլովնայի վրա»:
Առավոտյան մայրս մահացավ: Ես ավելի ուշ զանգեցի Դեմիրճյանին, և չանցած երկու ժամ` Մարիա Միխայլովնան եկավ և շոշափելի գումար բերեց ինձ ու մխիթարեց: Ես գումարը չէի վերցնում և շատ խիստ վիրավորվեցի. ինձ համար լավ կլիներ, որ ինքը գար: Իսկ ես ունեմ եղբայրներ և աշխատում եմ, դրա կարիքը չունեմ: Նա ասաց. «Դուք գիտեք, որ նա այդպիսի տեղեր չի գնում, նա կգա թաղումից հետո՝ մյուս օրը»: Իսկ չէ՞ որ Վիգենի (փոքր) տատիկն է մահացել, որի ամբողջ խնամքը նա էր տանում:
Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան