Դերենիկ Դեմիրճյանը և իր կանայք (մաս 2)
Մարիան գնաց, բայց իմ հոգում միայն ու միայն մեծ տաղանդի տեր մարդը մնաց
Դեմիրճյանի մեջ գտել եմ լավ գրողի, լավ դրամատուրգի, լավ մարդու, նրա «Քաջ Նազարը», «Ավելորդը» «Վարդանանքը»: Նա այնքան բովանդակալից զրույցներ էր ունենում ինձ հետ, որ ես վերանում էի. պատմում էր Ավ. Իսահակյանի մասին, Թիֆլիսի «Վերնատան» մասին, գրողների հանդիպման մասին, Շվեյցարիայում լինելու մասին: Որքա՜ն էր զգում Իսահակյանի բացակայությունը և այդ բոլորից հետո ինձ ասում էր. «Այս ի՜նչ բախտ է, որ Իսահակյանը և Դուք ապրում եք նույն փողոցում» (մեր փողոցը Գնունի էր, հետո դարձավ Պուշկինի): Այդքան մտերիմ, այդքան ջերմ ընկերներ հնարավոր չէ նկարագրել: Եվ դա էր պատճառը, որ տիկին Սոֆիկը, Իսահակյանի հարսը` Բելլան, ինձ հետ շատ ու շատ բարի և բարեկամական հարաբերությունների մեջ էին: Նրանք շատ էին սիրում իմ փոքրիկ Վիգենին, հայրը հաճախ էր նրան տանում նրանց տուն, և իմ դժվար օրերին ինձ շատ էին օգնում:
Մի անգամ եկավ, տեսավ` ընթերցում եմ «Ավելորդը». արդեն 4-րդ անգամ էր: «Պույ-պույ մկնիկը» սովորեցնում էի Վիգենին` արտասանելու. հիմա Դեմիրճյանի թոռն է արտասանում դպրոցում և այն էլ ինչպիսի՜ բավականությամբ և ասում է. «Տատի՛կ, ես գիտեմ՝ իմ պապիկն է գրել»:
Դեմիրճյանը շատ անհանգիստ բնավորություն ուներ, մանավանդ գրական ստեղծագործության ժամանակ. երբ մեկն ինչ-որ դիտողություն էր անում` դրական կամ բացասական, երկուսի համար էլ հուզվում էր և չէր սիրում, որ իրեն գովերգում էին իր ներկայությամբ:
Տրոլեյբուսում
Շատ էր սիրում, որ մարդիկ խոսեն ճիշտ գրական լեզվով (մանավանդ ուսանողները և աշակերտները): Ահա մի դեպք. միասին գնում էինք թատրոն, տրոլեյբուսում երկու աղջիկներ` աշակերտուհիներ, խոսում էին և իրար ասում, թե վաղը ինչ դասեր ունեն: Մեկն ասաց` «աշխարհ» (այսինքն` աշխարհագրություն), մյուսն ասաց` «թվաբ» (թվաբանություն), և ՛ ռուսերեն էին խոսում, և ՛ հայերեն: Վարպետն իր ձեռնափայտը շատ զգուշությամբ մեկնեց այդ աղջիկներից մեկին և ասաց. «Խոսե՛ք իսկական հայերեն` թվաբանություն, աշխարհագրություն: Կա՛մ խոսե՛ք լրիվ ռուսերեն ու վերջացրե՛ք ռուսերեն, կա՛մ հայերե՛ն խոսեք: Ցավոք, երկու լեզուներով էլ ճիշտ չխոսեցիք»: Մեկն այնպես նայեց զայրացած, բայց անմիջապես շիկնեց և կամաց ընկերուհուն ասաց. «Դեմիրճյանն է»:
Եվ հաջորդ կանգառում անմիջապես իջան:
Նա շատ ուրախացավ, երբ տեսավ իմ մեծ տղայի հարսանյաց հանդեսը. ճիշտ է, այդ օրը չեկավ, բայց մյուս օրը եկավ և իմ մեծ հարսի հետ բավական կիսվեց իր հետ պատահած դժբախտության համար, իսկ իր մահից հետո իմ մեծ տղայի կինը` Հայկուշը, միշտ կապի մեջ է եղել Ավ. իսահակյանի ընտանիքի հետ: Ավ . Իսահակյանը մեծ օգնություն էր ցուցաբերում, որպեսզի Վիգենը որբ չմնար (հայրը մահացել էր, իսկ ես նրա կողքին չէի), բայց Մարիա Միխայլովնայի՝ այդ անզուգական կնոջ, այդ մեծ հոգու տեր կնոջ տեսադաշտից Վիգենը բոլորովին չի հեռացել:
«Վարպետին հասկացրո՛ւ` ինձ համար գեղեցիկ կոշիկներ և զգեստներ գնի»
Մինչև այսօր էլ կան մարդիկ, որոնք ինձ անհամեստ հարց են տալիս Դեմիրճյանի տարիքի մասին: Ըստ երևույթին, դրանք դասվում են քաղքենիների շարքին: Ինչ խոսք, տարիքը մնում է տարիք. ո՞վ կարող է ժխտել 30 տարվա տարբերությունը, բայց չէ՞ որ նա Դեմիրճյանն էր, չէ՞ որ հանճար էր: Երբ նրան ասում էի քաշվելով. «Վարպե՛տ, ես Ձեզ մոտ մի փոքրիկ ճնճղուկ եմ, չէ՞ որ Դուք ավելի լավ երկրպագուներ ունեիք և նրանցից որդի կունենայիք: Գուցե և գրող կլիներ Ձեր կինը, ա՜խ, այդ գաղտնիքն ուզում եմ իմանալ», Վարպետն ասում էր. «Ամենակարևորը` պետք է լավ մարդ լինել, բայց թող վերջին անգամ լինի, որ Դուք Ձեզ այդպես ընկճված եք զգում: Դուք իմ Գարունն եք, միշտ էլ կմնաք գարուն, պակաս բանաստեղծություններ չեք գրում»: Պատմեց, որ մի անգամ Մոսկվայում մեկի միջոցով ծանոթանում է մի տիկնոջ հետ, որն ունեցել է բարձրագույն կրթություն, շատ պատրաստված և գեղեցիկ կին է եղել: Արդեն ինքն է պատմում. «Մոտավորապես որոշել ենք, որ գանք Երևան, նա առանձին կապրի մինչև մեր հարցերի լուծումը…»: Մյուս օրը Դեմիրճյանն այդ տիկնոջ ընկերուհուն հարցնում է, թե ինչ տպավորություն է թողել նրա վրա: Ընկերուհին Վարպետին ասում է. «Ես չեմ կարող նրա տպավորությունն անկեղծ չասել: Նախ` ասաց` տարիքի մեծ տարբերություն կա, բայց գրող է, և ես լավ հագնվելու հակում ունեմ, պետք է Վարպետին հասկացնես, որ վաղը ինձ համար (մինչև Երևան գալը) գեղեցիկ կոշիկներ և զգեստներ գնի» »: Պատմում եմ այնպես, ինչպես ինձ է պատմել 1941 թ. դեկտեմբերի 21-ին, երբ մենք վառելիք չունեինք, մանղալում կրակ էինք արել, կողքը նստել, Վիգենը դեռ չկար (այդ օրը նա ինձ նվիրեց «Գարուն» բանաստեղծությունը). «Ես առավոտյան արթնացա, այդ տիկինը զանգեց, որ գա, և միասին նախաճաշենք: Եկավ: Ես շատ բարձր տրամադրությամբ նրան ընդունեցի և ասացի` մեր Երևանը Դուք շատ կհավանեք: Նա ասաց. «Ես մեկ անգամ եղել եմ շատ վաղուց»: Նախաճաշից հետո նրան ասացի. «Գնանք, որոշ գնումներ կատարենք Ձեզ համար մինչև Երևան գնալը»: Նա շատ ուրախացավ, ու բարձր տրամադրությամբ գնացինք Մոսկվայի ԳՈՒՄ: Նախ ես նրան տարա կոշիկների բաժին, ասացի` ընտրե՛ք՝ քանի զույգ և ինչպիսին Ձեզ դուր կգա: Վերցրեց երկու զույգ տարբեր կոշիկներ, որից հետո գնացինք հագուստեղենի բաժին, և ասաց` ես ուզում եմ այնպիսին ունենալ, որ Երևանում ոչ ոք չունենա (դա այնքա՜ն տհաճ էր ինձ համար), բայց ես իմ անելիքը գիտեի: Մի խոսքով, ամեն ինչ գնեցինք, ու գալու ժամանակ ասաց` տանենք հյուրանոց, հետո դուրս գանք: Ես ասացի. «Ո՛չ, ես շտապ տեղ ունեմ գնալու, տարե՛ք Ձեզ մոտ, գնալիս ես Ձեզ իմաց կտամ նախապես: Երկու օր ինձ չզանգեք. ես զբաղված եմ»: Եկա, նույն օրը տոմսակ վերցրեցի ու եկա Երևան: Հյուրանոցի ադմինիստրատորին հանձնարարեցի իմ նամակը հանձնել տիկնոջը, երբ նա ինձ հարցնի: Նամակում գրել էի. «Ձեր ընկերուհուն ասել էիք, որ ինձ գրող եք ճանաչում: Ձեր ցանկացածները գնեցի: Մեր մեջ ամեն ինչ վերջացած է»: Անցավ մի քանի օր: Հեռախոսը զանգում է, վերցնում եմ և լսում նրա ձայնը. «Ես եկել եմ հյուրանոց, խնդրում եմ՝ անցնեք ինձ մոտ, կամ ես կգամ Ձեզ մոտ. Ձեր գրած նամակը ինձ խիստ վիրավորել է, և ես ճիշտ չեմ վարվել: Չէի կարծում, որ իմ մտերիմ ընկերուհին կարող է Ձեզ ամեն ինչ պատմել, այլևս նման բան չի կրկնվի»: Ես ասացի. «Ո՛չ Դուք կգաք և ո՛չ էլ ես»: Ահա և բոլորը: Չեմ սիրել, չեմ սիրում այն մարդկանց, որոնք ձգտում են նյութականին, ես սիրում եմ մեծ հոգու տեր մարդկանց, ինչպես մեր և քո սիրելի Մարիա Միխայլովնան. միայն դժբախտությունն այն է, որ իմ քույրը` Վարսենիկը, և Մարիան իրար տանել չեն կարող»: Վարպետն ինձ զգուշացրեց՝ եթե քույրը գալիս է երեխային (Վիգենին) տեսնելու, չասեմ Մարիային, եթե Մարիան է գալիս, չասեմ Վարսենիկին: Ես այդպես էլ անում էի: Վարպետն անչափ սիրում էր Մարիայի տղային: Նրա որդին էլ հրաշալի մարդ էր, ուներ լավ կին ու մի սիրունիկ աղջիկ:
«Վիգենին լա՛վ նայեք, որ Դերենիկի ազգանունը շարունակվի»
Ես ինձ կաշկանդված էի զգում. դե՛, Մարիա Միխայլովնան զարգացած, կարդացած, մանկավարժ անձնավորություն էր, ինձ լավ էր հասկանում և միշտ ասում էր. «Դուք ոչ մեկի կարծիքը հաշվի մի՛ առեք, միայն Վիգենին լա՛վ նայեք, որպեսզի առողջ լինի և Դերենիկի ազգանունը շարունակի»: Ինքն էլ Վիգենին շատ էր սիրում: Այդպիսի անձնավորություն չկա, չի եղել և չի էլ կարող լինել: Նա նույնիսկ իմ առողջական վիճակով էր հետաքրքրվում, մեծ տղայիս էլ էր շատ սիրում: Եթե նա որևէ բանի կարիք ունենար, մեծ տղաս անմիջապես կաներ: Նրա հիվանդ ժամանակ Նատան ասաց, որ Մարիա Միխայլովնային դեղ է պետք, ինքը չի կարող գնալ, իսկ դա դժվար էր այն ժամանակ, և մեծ տղաս անմիջապես ասաց, որ ինքն իսկույն կճարի Մարիա Միխայլովնայի համար և գնեց. Մարիա Միխայլովնան անկողնուց վեր կենալ չէր կարող:
Երբ հրավերք էր լինում կամ որևէ տեղ էին հրավիրում, Դեմիրճյանը միշտ սեղանի ծայրին էր նստում: Իմ հյուրերն աշխատում էին նրան սեղանի մեջտեղում տեղ տալ, բայց նա ասում էր. «Ո՛չ, եթե մի բան լինի, այնտեղից դուրս պրծնելն ավելի հեշտ է»: Ինձ առանձին ասել էր. «Երբ ես գամ, Դուք անմիջապես իմ աթոռը դրե՛ք և ասե՛ք, որ սա միայն Դերենիկի տեղն է»: Եվ ինձ բացատրել էր, որ եթե շատ վերև նստեմ, անհարմար կլինի բոլորին նեղություն տալը: Ես էլ ասել էի իմ յուրայիններին, և նրանք այլևս նրան չէին ստիպում:
***
Մի քանի խոսք` փոքրիկ Վիգենի մասին. ծնվել է 1943 թ. հունվարի 5-ին, ունի երկու աղջիկ. մեկը փոխադրվում է 4-րդ դասարան, մյուսը 6 տարեկան է: Դեմիրճյանի ցանկությունը կատարվեց. ասում էր` իմ ազգանունը կտաք: Նրա կինն ազգությամբ ռուս է, հոյակապ գիտի հայերեն, երեխաներին տվեց հայկական մսուր-մանկապարտեզ, երեխաները լավ հայերենին տիրապետելուց հետո տվել է ռուսական դպրոց: Վիգենն աշխատում է մանկավարժ, վերջացրել է մանկավարժական ինստիտուտը, կինը` պետհամալսարանի մեխֆակը, աշխատում է ինժեներ Մերգելյանի ինստիտուտում: Մեծ աղջիկը շատ է ընդունակ (քաշել է պապիկին), խոսում է գրական ռուսերեն և հայերեն: Լավ կլիներ, եթե Դեմիրճյանը ողջ լիներ և տեսներ, թե ինչ անուշիկ թոռնիկեր ունի և հիանալի հարս:
***
Մի քանի խոսք եմ ուզում ասել Արփիկ Ավետիսյանի մասին: Գիտեմ շատ վաղուց: Միասին ենք սովորել, բայց նրան ինձ հետ չեմ համեմատում, քանի որ դպրոցում աչքի էր ընկնում արտակարգ ընդունակություններով ու լավ սովորելով: Հրաշալի, գեղեցիկ, սև աչքերով ու գրավիչ աղջիկ էր: Բոլոր դասատուները նրան հարգում էին` որպես լավ սովորողի, իսկ ես միշտ ձգտում էի դեպի թատրոնը, ինքնագործ խմբակները, երգն ու երաժշտությունը, ես տերյանական էի: Դա գալիս է նրանից, որ ես իմ փոքր հասակից չեմ տեսել հորս, և իմ խնամքը և դաստիարակությունը ստացել եմ մեծ եղբորիցս, որն ավարտել է Էջմիածնի ճեմարանը (Կոմիտասի աշակերտն է եղել) և շատ ու շատ անգամներ մանրամասն պատմել է մեր անկրկնելի Կոմիտասի մասին: Ինքն էլ ջութակ էր նվագում անգլիական սաների համար:
***
1953 թ. ես, փոքրիկ Վիգենը և Վիգենի դայակը գնում էինք Կիսլովոդսկ, ես հիվանդ էի (սիրտս): Վարպետը եկավ՝ մեզ ուղեկցելու: Ես մոռացել էի ինձ հետ վերցնել վալերիանի կաթիլներ: Այդ ժամանակ նա շփոթվեց, բայց նույն կուպեում էր պրոֆեսոր Պետրոսյանը. շատ կատակասեր մարդ էր, գլուխը հանեց պատուհանից և ասաց. «Դե՛, Դերենի՛կ, ոչ մի կաթիլ, եթե ես նրա մոտ եմ, նա շատ լավ կզգա»: Վարպետն իրեն լավ զգաց և ժպտալով ասաց. «Դե՛, իմացի՛ր, լավ տեղ կհասցնես»:
Վարպետն աշխատում էր «Մեսրոպ Մաշտոց»-ի վրա (Դեմիրճյանի անավարտ վեպն է - Լ. Ա.) և երբեմն ասում էր. «Այնքան հոդվածներ եմ գրում թերթերին ու ամսագրերին, որ չեմ կարողանում «Մաշտոցը» վերջացնել: Մեկ էլ ուզում եմ մինչև «Մաշտոցը» վերջացնելը գրել շինարարների մասին: Ոչ ոք չի գրում, որ այսպիսի շենքեր են կառուցում»:
Մեծ եղբայրս (երաժիշտ Մաթևոս Ավետիսյան, որին շատ մոտիկից գիտի անվանի գրող Սերո Խանզադյանը) Դեմիրճյանի հետ 1942 թ. հունվարին շատ մտահոգ զրուցում էր Հայրենական պատերազմի մասին: Եղբայրս հարց տվեց Վարպետին. «Ի՞նչ եք կարծում, այս ահեղ պատերազմն ինչո՞վ կվերջանա, մենք կհաղթե՞նք, քանի որ անսպասելի պատերազմ է»: Դեմիրճյանը մի պահ լռելուց հետո ասաց. «Ռուս ժողովուրդը կհաղթի»:
***
Վարպետը շատ էր ցանկանում, որ իր որդին իր ազգանունը շարունակի, և անունը դնի Վիգեն, այդ անունը նրա համար բոլորից բարձր էր: «Իսահակյանն էլ Վիգեն ունի, ես էլ պետք է Վիգեն ունենամ»: Եվ, իրոք, նրա իղձը կատարվեց այդ նույն թվին` 1943 թ.: Էդվարդ Խոջիկի կինն էլ նույն պալատում էր պառկած, որտեղ ես (հրաշալի կին էր՝ կիրթ և շատ մարդկային` Մարգոն): Նա էլ ունեցավ տղա` Բագրատիկին, ես` Վիգենին: Եվ այդ ծանր պահերին թե՛ Խոջիկը, թե՛ Դեմիրճյանը, եթե մի լավ բան ձեռք էին գցում, անմիջապես բերում էին հիվանդանոց` մեզ: Դեմիրճյանը բերեց մի քանի մանդարին, իսկ դա արդեն մեծ բան էր պատերազմի ժամանակ: Ես ու Մարգոն միասին կերանք…
Գայանե Ավետիսյան (Գարուն)
Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան