Անգլիական տիտղոսակարգ
Ասպետական սըր տիտղոսը կարող է նախորդել միայն անվանը (բայց ազգանվանը` երբեք): Այսինքն՝ կարելի է ասել՝ սըր Ալեկ Գինես, բայց սըր Գինես` ոչ մի դեպքում: Լորդի տիտղոսի դեպքում հիմնականում հակառակ պատկերն է, բայց ոչ միշտ:
Անգլիայի ազնվականության ծաղիկը` պերերի խավը (peerage), 5 աստիճան ունի՝ հերցոգ (duke), մարկիզ (marquess` ի տարբերություն ֆրանսիական marquis-ի), կոմս (earl և ոչ մի դեպքում` count, որը եվրոպական (մայրցամաքային) արիստոկրատիայի տիտղոս է, թեև անգլիական կոմսի տիկինը` կոմսուհին, այնուամենայնիվ կլինի countess), վիկոնտ (vicount) և բարոն (baron):
Լորդերի պալատի նոր ցմահ անդամներին, որոնք ազնվականության շարքին են դասվել պետության առջև ունեցած ծառայությունների համար, շնորհվում է ստորին` բարոնի տիտղոսը: Ամեն դեպքում այս տիտղոսը կենցաղում և արարողությունների ժամանակ չի նշվում, փոխարենը հիշատակվում է լորդի տիտղոսը, որը կարող է նախորդել միայն տիտղոսի անվանը: Տիտղոսի անվանումն ազգանունը չէ, սակայն կարող է համընկնել նրան (լորդ Բայրոն): Baron Olivier of Brighton տիտղոսն ամբողջությամբ ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի ասել` լորդ Օլիվիե: Այս դեպքում անունը միշտ նախորդում է տիտղոսին. Ալֆրեդ, լորդ Թենիսոն կամ Ջորջ Գորդոն, լորդ Բայրոն:
Մարկիզի, կոմսի և վիկոնտի տիտղոսները նույնպես չեն նշվում ոչ պաշտոնական միջավայրում և փոխարինվում են լորդ-ով (օրինակ` Lord Salisbury կասենք Marquess of Salisbury ասելու փոխարեն, ընդսմին լորդի տիտղոսի դեպքում of նախդիրը չի գործածվում): Այս տիտղոսները, սակայն, պարտադիր և ամբողջական հնչում են արարողությունների ժամանակ: Տիտղոսի անվանումը, եթե չի համընկնում ազգանվան հետ, տարածքն է ցույց տալիս. օրինակ` Anthony Eden, Earl of Avon, և այս դեպքում ճիշտ կլինի ասել՝ լորդ Էյվոն (ընդսմին տիտղոսին նախորդում են և՛ անունը, և՛ ազգանունը):
Հերցոգի տիտղոսը երբեք չի փոխարինվում լորդի տիտղոսով:
Կան, սակայն, այսպես կոչված պատվո տիտղոսներ (courtesy titles), որոնք իրավական որևէ հիմք չունեն: Եվ այս տիպի տիտղոսների մեջ էլ կա լորդի պատվանունը: Այս ավանդական համակարգում հերցոգի ավագ որդին մարկիզ է, մարկիզի ավագ որդին կոմս է, կոմսի ավագ որդին` վիկոնտ: Հերցոգների և մարկիզների կրտսեր որդիները կրում են լորդ պատվանունը, սակայն այս դեպքում տիտղոսը նախորդում է անվանը. լորդ Պիտեր Ուիմսի: Հերցոգների, մարկիզների և կոմսերի բոլոր դուստրերը կրում են լեդի պատվանունը, որը նախորդում է անվանը. լեդի Ջեյն կամ լեդի Ջեյն Սեյմուր: Բայց եթե կինը լեդի պատվանունը ստացել է ամուսնու միջոցով, լեդի պետք է ասել միայն ազգանունից առաջ. Ջոան Փլոուրայթը, ըստ էթիկետի, պետք է կոչվի լեդի Օլիվիե, և ոչ մի դեպքում` լեդի Ջոան:
Վիկոնտների ու բարոնների որդիներն ու դուստրերը, կոմսերի կրտսեր որդիները կրում են արժանապատիվ տիտղոսը: Արարողությունների ժամանակ մարկիզի պատվանունին նախորդում է գերարժանապատիվ տիտղոսը:
Տիտղոսների ծագումնաբանությունը պայմանական է: Բարոն-ը հայտնվեց նորմանների նվաճումից հետո, բայց նախապես վերաբերում էր արքայական վասալ ասպետին: 13-րդ դարում արդեն կար ավագ բարոն - կրտսեր բարոն բաժանումը:
Անգլիայում առաջին վիկոնտը դարձավ Ջոն լորդ Բոմոնտը 1440-ին:
Էրլի (կոմսի) տիտղոսն անգլո- սաքսոնական է և նախապես նշանակում էր որևէ մեծ տարածքի կառավարիչ: Վիլհելմ Նվաճողը փորձում էր այն փոխարինել count տիտղոսով, բայց ապարդյուն:
Անգլիայում առաջին մարկիզը դարձավ Ռիչարդ 2-րդի ֆավորիտ Ռոբերտ դը Վիրը` կոմս Օքսֆորդը, որը Դուբլինի մարկիզի տիտղոսը ստացավ 1385-ին:
Էդուարդ 3-րդի ավագ որդին` Էդուարդ Սև իշխանը (Կոռնուելի կոմսը) 1338-ին դարձավ Անգլիայի առաջին հերցոգը: Նա կոչվեց Կոռնուելյան հերցոգ:
Ասպետի տիտղոսն անձնական է և ժառանգաբար չի փոխանցվում: Ասպետին պետք է դիմել սըր հարգաձևով: Ազնվականական ստորին տիտղոսն է. ասպետները պերերի խավում չեն:
Ստորին ասպետը կոչվում է ասպետ բակալավր (knight bachelor): Երիտասարդ ասպետը, որը որևէ օրդենի անդամ չէր և սեփական դրոշն ունենալու իրավունք չուներ, կոչվում էր ասպետ բակալավր:
Միջին ասպետը կոչվում էր ասպետ դրոշակակիր (knight banneret): Այս աստիճանը շնորհվում էր մարտի դաշտում խիզախության և արիության համար: Նրա դրոշակի լեզվակները կտրում էին, և դրոշակը դառնում էր դրոշ: Եղիսաբեթ 1-ինի գահակալության տարիներին ասպետական այս աստիճանը մոռացության մատնվեց: Վերջին ասպետ դրոշակակիրը գնդապետ Ջոն Սմիթն էր, որը 1642-ին Էջհիլի ճակատամարտում թշնամուց խլեց Կառլոս 1-ինի արքայական շտանդարտը:
Բարոնետի տիտղոսը (knight baronet) սկզբնապես նույնպես ասպետության աստիճան էր, սակայն այդ կարգավիճակում երկար չմնաց: Այս տիտղոսը հիմնել է Հակոբ 1-ինը 1611-ին, որպեսզի Օլստերի պաշտպանության համար փող հավաքի արտոնագրերի վաճառքից: Գեորգ 4-րդի օրոք տիտղոսն արդեն ասպետական չէր, սակայն պահպանում էր սըր պատվո դիմելաձևի իրավունքը: Այդ ժամանակ բարոնետին ասպետից տարբերելու համար բարոնետի անունից հետո գրվում էր Bt, օրինակ` Sir Percival Glyde, Bt: Բարոնետը պեր չէր, սակայն իր տիտղոսը փոխանցում էր ժառանգաբար:
Ասպետության վերին աստիճանը շնորհվում է ասպետական օրդենների անդամներին: Անգլիայում կա 9 օրդեն` եղբայրություն: Որոշ օրդեններ ունեն ներքին 3-5 աստիճանակարգումներ, ամեն աստիճան ունի իր համառոտագրված անունը, որն ավանդաբար դրվում է տիտղոսակրի ազգանունից հետո: Անկախ նրանից, թե քանի աստիճան ունի օրդենը, ասպետական են համարվում առաջին 2 աստիճանները:
Էսքվայր (esquire) հասկացությունը նեղ իմաստով վերաբերում է անտիտղոս ազնվականին, լայն իմաստով համարժեք է պարոն (mister) հարգաձևին: Ամեն դեպքում էսքվայր-ը չի կարելի գործածել որպես դիմելաձև, այլ կարող է որպես գրություն հետևել ազգանվանը փաստաթղթերում և նամակներում (Sherlock Holms, Esq):
Սքվայր (squire) ոչ պաշտոնական տիտղոսը պատմականորեն վերաբերում էր ասպետի զինակրին, բայց 16-րդ դարի վերջից սկսեցին այդպես կոչել խոշոր հողատերերին, որոնք գյուղական շրջաններում հեղինակություն էին: Սքվայր կարող էր լինել և ՛տիտղոսակիր արիստոկրատը, և՛ անտիտղոս կալվածատերը: