Ֆիննական կրթության 7 սկզբունքները. կյանքի դպրոց
Միջազգային հետազոտությունների համաձայն՝ ֆինն դպրոցականները արդեն 3-րդ տարին է գրանցում են գիտելիքների ամենաբարձր արդյունքները: Նրանք նաև ամենաընթերցասեր երեխաներն են երկրագնդի վրա, զբաղեցնում են 2-րդ տեղը բնական գիտությունների ցուցանիշներով և 5-րդ տեղը՝ մաթեմատիկայի ցուցանիշներով: Եվ այս ամենի հետ մեկտեղ նրանք ամենաքիչ ժամանակն են անցկացնում սովորելով:
Ահա այն սկզբունքները, որոնք ֆիննական կրթությունը դարձնում են այսքան հետաքրքիր և այսքան արդյունավետ:
√ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
Դպրոցների միջև - Ֆինլանդիայում չկան էլիտար և սովորական դպրոցներ, բոլոր դպրոցներն ունեն նույն կահավորանքը, հնարավորությունները և համաչափ ֆինանսավորումը: Գրեթե բոլոր դպրոցները պետական են:
Առարկաների միջև - Մի առարկայի խորացված ուսուցումը ի հաշիվ մյուս առարկաների չի խրախուսվում: Մաթեմատիկան առավել կարևոր չէ, քան արվեստը, ինչպես և հակառակը:
Ծնողների միջև - Ծնողների մասնագիտությունը և սոցիալական կարգավիճակը վերջին բանն է, որ կարող է իմանալ ուսուցիչը: Հարցերը, անկետաները ծնողների աշխատատեղերի մասին արգելված են:
Աշակերտների միջև - Ֆինները չեն դասակարգում աշակերտներին «խելացիների» և «թույլերի», չեն համեմատում աշակերտներին իրար հետ: Յուրաքանչյուր երեխա համարվում է առանձնահատուկ, և նրանք բոլորը սովորում են միասին, այդ թվում նաև՝ հաշմանդամություն ունեցող երեխաները: Ցանկության դեպքում հանրակրթական դպրոցում կարող է ստեղծվել հատուկ դասարան տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, սակայն ընդհանուր առմամբ դպրոցում անում են առավելագույնը նրանց ընդհանուր կրթական գործընթացի մեջ ներգրավելու համար: Թույլ և ուժեղ աշակերտների միջև տարբերությունը այս երկրում ամենափոքր չափն ունի ամբողջ աշխարհի մակարդակով:
Մեծահասակի և երեխայի իրավունքների միջև - Այստեղ աշակերտներին վերաբերվում են որպես ինքնուրույն անհատականությունների և հենց առաջին դասարանից բացատրում են իրենց իրավունքները, այդ թվում և մեծահասակներից բողոքելու իրավունքը սոցիալական աշխատողին: Բոլոր ուսուցիչները պարտավոր են հարգել երեխաների իրավունքները: Դրա համար նրանք նախ պայմանագիր են կնքում միայն մեկ տարով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ, երկրորդ՝ ստանում են շատ բարձր աշխատավարձ՝ մինչև 5000 եվրո:
√ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Կրթությունից բացի դպրոցում անվճար են նաև սնունդը, էքսկուրսիաներն ու բոլոր արտադասարանական միջոցառումները, տրանսպորտը, դասագրքերը, գրենական պիտույքները, հաշվիչներն ու նոթբուքները: Ցանկացած դրամահավաք դպրոցում արգելված է:
√ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական կրթական ու զարգացման պլան: Դա վերաբերում է դասագրքերի բովանդակությանը, դպրոցական և տնային առաջադրանքներին, վարժություններին և դրանց հատկացվող ժամանակին: Միևնույն դասաժամի ընթացքում աշակերտները տարբեր առաջադրանքներ են կատարում և ստանում իրենց անձնական մակարդակին համապատասխան գնահատական, այն է՝ եթե իր առաջադրանքը կարողանում է կատարել, ստանում է գերազանց գնահատական: Հաջորդ օրը կստանա նոր, փոքր-ինչ ավելի բարդ առաջադրանք, եթե կարողանա լուծել՝ շատ լավ, եթե ոչ՝ կստանա նորից հեշտ առաջադրանք: Ի դեպ, ֆինն ուսուցիչները կամավոր կերպով իրենց վրա են վերցնում այս կամ այն երեխայի հետ մասնավոր պարապմունքները՝ դասերի ժամանակ կամ դրանցից հետո, այնպես որ, կրկնուսույցի դիմելու կարիք նույնպես չի լինում:
√ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆիննական դպրոցներում երեխաներին պատրաստում են կյանքի համար, հենց այդ պատճառով այստեղ քննություններ չկան: Ստուգողական կամ միջանկյալ թեստերը թողնված են ուսուցչի հայեցողությանը: Գոյություն ունի միայն մեկ պարտադիր թեստ՝ միջին դպրոցն ավարտելու ժամանակ, բայց դրան էլ երեխաներն առանձնահատուկ չեն պատրաստվում, ուսուցիչները հաշվետվություն չեն տալիս թեստի արդյունքների վերաբերյալ: Այն, ինչ սովորել են, արդեն իսկ բավարար է: Դպրոցում դասավանդվում է միայն այն, ինչը կարող է պետք գալ կյանքում: Այստեղ դպրոցականները գիտեն, թե ինչ է նշանակում պորտֆոլիո, պայմանագիր, բանկային քարտ, գիտեն հաշվել եկամուտներ, կայքայցեքարտ պատրաստել, հաշվել ապրանքի գինը զեղչերի ժամանակ և այլն:
√ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Ֆիննական դպրոցներում ուսուցիչներին չեն ստուգում, չեն սովորեցնում, թե ինչպես սովորեցնել: Կան միայն ընդհանուր խորհուրդներ և յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է ընտրում այն ուսուցման մեթոդը, որը հարմար է գտնում: Այստեղ վստահում են ոչ միայն ուսուցիչներին, այլև աշակերտներին, և թույլ են տալիս, օրինակ, մեկ այլ բանով զբաղվել: Եթե գրականության դասին ուսուցողական ֆիլմ է միացված, սակայն դա աշակերտին հետաքրքիր չէ, նա կարող է գիրք կարդալ: Համարվում է, որ աշակերտն ինքը կարող է ընտրել, թե ինչն է իր համար ավելի օգտակար:
√ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Սովորում է նա, ով ուզում է սովորել: Ուսուցիչները փորձում են երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնել կրթության հանդեպ, բայց եթե այն բացակայում է, ապա նրան չեն սկսի «երկուսներ շարել», փոխարենը նրանք աշակերտին կսովորեցնեն ապագայի համար պետքական և ոչ բարդ մի մասնագիտություն, չէ՞ որ ոչ բոլորն են պարտավոր ինքնաթիռներ նախագծել. հարկավոր են նաև ավտոբուսի վարորդներ:
Դպրոցում կա համապատասխան մասնագետ, որի առաքելությունը պարզելն է, թե ինչ հակումներ ունի երեխան, արդյո՞ք կարիք կա, որ նա շարունակի կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում, թե ոչ: Ի դեպ, վերջին հանգամանքին Ֆինլանդիայում շատ սովորական են վերաբերվում և համարում բոլորովին էլ ոչ «կյանքի ու մահվան խնդիր»: Եվ չնայած այն բանին, որ ֆիննական դպրոցներում ուսուցումը փափուկ է, նուրբ, սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ չկա վերահսկողություն. Յուրաքանչյուր բաց թողնված դասաժամ պետք է լրացվի: Եթե դասերի ժամանակ չես աշխատում, չես կատարում հանձնարարությունները, խանգարում ես դասը, քեզ չեն վիրավորի, չեն կանչի ծնողներիդ դպրոց, բայց եթե տանն էլ չեն անհանգստանում աշակերտի կրթությամբ, ապա նա պարզապես կմնա նույն դասարանում: Ի դեպ, դա նույնպես ամոթալի բան չի համարվում. հասուն կյանքին պատրաստվելը լուրջ բան է:
√ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ
Ֆինները կարծում են, որ դպրոցի ամենակարևոր առաքելությունը երեխային ապագա ինքնուրույն կյանքի համար նախապատրաստելն է, հետևաբար սովորեցնում են մտածել, տրամաբանել և ինքնուրույն գիտելիքներ գտնել: Կարևոր է ոչ թե բանաձևերն անգիր անելը, այլ տեղեկատուից, ինտերնետից, հաշվիչից, տեքստից ճիշտ օգտվելը, առաջացած խնդիրների համար լուծումներ և ռեսուրսներ գտնելը: Աշակերտների միջև ծագած խնդիրներին մեծահասակները նույնպես չեն խառնվում՝ հնարավորություն տալով ինքնուրույն գլուխ հանել կոնֆլիկտներից ու կենսական տարբեր իրավիճակներից:
¤ ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ
Ուսումնական տարին Ֆինլանդիայում սկսվում է օգոստոսին (8-ից 16ը՝ ըստ դպրոցի հայեցողության), ավարտվում՝ մայիսին: Կա 4 օրյա աշնանային արձակուրդ և երկշաբաթյա սուրբ ծննդյան արձակուրդ: Երկրորդ կիսամյակում կա մեկ շաբաթյա դահուկային արձակուրդ, երբ ֆիննական ընտանիքները մեկնում են դահուկներով սահելու, ինչպես նաև մեկշաբաթյա արձակուրդ Սուրբ Զատիկի օրերին: Ուսուցումը հնգօրյա է, ուրբաթ օրը համարվում է «կարճ օր»:
¤ Ի՞ՆՉ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ
1–2 դասարան – մայրենի լեզու և ընթերցանություն, թվաբանություն, բնագիտություն, կրոն կամ կյանքի հմտություններ՝ ըստ ընտրության, երաժշտություն, կերպարվեստ, աշխատանք, ֆիզկուլտուրա, որից հետո ցնցուղը պարտադիր է:
3–6 դասարաններ – ավելանում են՝ անգլերեն, 4- րդ դասարանից ևս մեկ օտար լեզու՝ ըստ ընտրության (ֆրանսերեն, շվեդերեն, գերմաներեն, ռուսերեն), առարկաներ ըստ ընտրության՝ ստեղնաշարի վրա տեքստ հավաքելու արագություն, փայտի հետ աշխատանք, խոռային երգեցողություն, երաժշտական որևէ գործիք և այլն: Ի դեպ, կրթության 9 տարվա ընթացքում երեխաները շփվում են և այս կամ այն չափով սովորում են գրեթե բոլոր երաժշտական գործիքները: 5-րդ դասարանում ավելանում են կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան, աշխարհագրությունը, պատմությունը:
7–9 դասարաններ – ավելանում են՝ մշակույթ և գրականություն, շվեդերեն, առողջապահություն, աշխատանք, որի շրջանակներում 9րդ դասարանցիներն իրենց համար աշխատատեղ են գտնում և գնում աշխատանքի:
¤ Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Երկրում ընդունված է 10 բալանի գնահատման համակարգ, սակայն մինչև 7-րդ դասարան գնահատում են բանավոր՝ բավարար, լավ, գերազանց, իսկ 1-ից 3-րդ դասարաններում գնահատումն առհասարակ բացակայում է: Գնահատականներն այստեղ վախեցնելու, պատժելու համար չեն, այլ օգտագործվում են որպես մոտիվացիայի միջոց՝ ցանկալի նպատակին հասնելու դեպքում, կամ որպես ինքդ քեզ ստուգելու միջոց գիտելիքները լավացնելու համար: Դասարանի գնահատականները չեն ազդում ուսուցչի կամ դպրոցի հեղինակության վրա:
¤ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ
- Դպրոցի տարածքը ցանկապատված չէ, պահակներ չկան, մուտքի դուռը ավտոմատ բացվում և փակվում է՝ ըստ ժամային գրաֆիկի:
- Նստարանների մոտ նստելը պարտադիր չէ, երեխաները կարող են նստել գորգի վրա. Շատ դասարաններում առկա են նաև բազմոցներ ու բազկաթոռներ:
- Համազգեստ չկա, ինչպես նաև հատուկ պահանջներ հագուստի վերաբերյալ: Անհրաժեշտ է ունենալ հատուկ դպրոցում հագնելու կոշիկ, իսկ դուրս գալուց առաջ հագնել դրսի կոշիկները:
- Տաք եղանակին դասերը շատ հաճախ անցկացվում են դրսում, խոտի կամ համապատասխան նստարանների վրա, որոնք շարված են ամֆիթատրոնի ձևով:
- Տնային առաջադրանքներ հազվադեպ են հանձնարարում, երեխաները պետք է հանգստանան տանը, իսկ ծնողներին ոչ թե դասեր են առաջարկում սովորել երեխաների հետ, այլ նրանց թանգարան, անտառ կամ լողավազան տանել:
- Երեխաներին այստեղ չեն կանչում գրատախտակի մոտ, չեն ստիպում պատմել դասը: Ուսուցիչը ընդհանուր ներկայացնում է թեման, իսկ հետո նստարանների արանքով անցնելով՝ օգնում գլուխ հանել առաջադրանքներից: Նույն գործով զբաղվում է նաև ուսուցչի օգնականը (ֆիննական դպրոցներում կա այդպիսի հաստիք):
Ֆիննական դպրոցը չի ձգտում իդեալական լինել, այն պարզապես անում է այլ բան: Այս դպրոցների աշակերտները չեն սարսափում դպրոց գնալուց, գիշերները չեն ցնցվում նյարդային գերլարվածությունից, չեն երազում արագ մեծանալու ու դպրոցն ավարտելու մասին, չեն ատում դպրոցը և ուսուցիչներին, չեն տանջվում և տանջում ընտանիքի անդամներին քննություններին պատրաստվելու համար: Նրանք հանգիստ են, երջանիկ, դատող ու տրամաբանող, հեշտությամբ նայում են ֆիլմեր առանց թարգմանության, ակտիվ առօրյա ունեն, բակում հեծանիվ ու անվաչմուշկ են քշում, երգում են, երաժշտություն հորինում ու խաղում ներկայացումներում: Նրանք վայելում են կյանքը, իսկ այդ ընթացքում հասցնում են նաև սովորել: