[Շարունակությունը՝ գրքում] Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Գիշերն անույշ է
Հիմա արդեն քեզ հետ եմ, ի՜նչ անույշ է գիշերը,
Եվ խավար է իմ չորս դին, լոկ արշալույսն է վերին
Զեփյուռի պես թափանցում սաղարթախիտ թփերը,
Ապա հուշիկ կաթում է մամռակալած կածանին:
ՋՈՆ ՔԻՑ
«Ձոն սոխակին»
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
1917 թվականի գարնանը, երբ բժիշկ Ռիչարդ Դայվերը առաջին անգամ ժամանեց Ցյուրիխ, քսանվեց տարեկան էր` հիանալի տարիք տղամարդու համար, ամուրիի իսկական ծաղկուն հասակ: Նրա երիտասարդական տարիները համընկան պատերազմական օրերի հետ, սակայն դա չէր անհանգստացնում Դիքին, որովհետև նա արդեն իրենից չափազանց մեծ արժեք էր ներկայացնում՝ չափազանց մեծ ներդրում, որպեսզի գնդակի բաժին դառնա: Տարիներ անց նրան թվում էր, որ նույնիսկ ցյուրիխյան իր մենաստանում անգամ թեթևակի անգամ չէր խուսափել արտաքին աշխարհից, բայց դրա մասին երբեք վերջնական կարծիք չկազմեց և 1917 թվականին ծիծաղում էր այդ մտքի վրա` ներողամտորեն ասելով, որ պատերազմն իր կողքով անցավ: Տեղական խորհրդի որոշմամբ նա Ցյուրիխ եկավ՝ ուսումն ավարտելու և կոչում ստանալու, ինչպես ծրագրել էր:
Զվիցերիան մի կղզի էր, որը մի կողմից ողողում էին Գորիզիայից եկող ամպրոպի ալիքները, իսկ մյուս կողմից՝ Սոմ և Էն գետերը երիզող ջրվեժները: Այդ ժամանակ թվում էր, թե գավառներում ավելի շատ կասկածելի օտարականներ կային, քան հիվանդներ, բայց դա սոսկ ենթադրություն էր. Բեռնի և Ժնևի փոքրիկ սրճարաններում քչփչացող տղամարդիկ ամենայն հավանականությամբ կա՛մ ադամանդի վաճառականներ էին, կա՛մ էլ շրջիկ առևտրական գործակալներ: Այնուամենայնիվ, ոչ մեկի աչքից չէին վրիպում կուրացած, միոտանի մարդկանցով և կամ մեռնող մարմիններով լեցուն հանդիպակաց գնացքների շարանները, որ սլանում էին Քոնսթանս և Նոյշաթել կապուտակ լճերի միջև: Գարեջրատներում և խանութների ցուցափեղկերում կախված էին խայտաբղետ ազդեր, որոնք ներկայացնում էին 1914 թվականին իրենց սահմանները պաշտպանող զվիցերացիներին, դաժանություն ներշնչող երիտասարդներ ու ծերունիներ՝ հայացքները հառած լեռներն ի վար՝ ֆրանսիացիների ու գերմանացիների աղոտ ստվերներին. դրանց նպատակը զվիցերացուն հավատացնելն էր, որ նա ևս կիսել է այդ օրերի վարակիչ փառքը: Սակայն կոտորածը շարունակվում էր, իսկ ազդերը խունանում էին, և երբ Միացյալ Նահանգները անսպասելիորեն պատերազմի մեջ մտավ, ոչ մի երկիր այնքան չզարմացավ, որքան նրա եվրոպացի քույր հանրապետությունը՝ Զվիցերիան:
Մինչ այդ բժիշկ Դայվերը հասցրել էր պատերազմը տեսնել հեռվից: 1914 թվականին նա Օքսֆորդի ուսանող էր և Քոնեքթիքութի նահանգից ստանում էր Ռոդզի անվան թոշակ: Հայրենիք վերադառնալով՝ նա վերջին տարին սովորեց Ջոնզ Հոփքինսի համալսարանում և ավարտեց 1916–ին: Վախը, որ եթե չշտապի, ապա մեծն Ֆրոյդը զոհ կգնա օդային հարձակման, նրան բերեց Վիեննա: Նույնիսկ այդ օրերին Վիեննան զառամյալ էր՝ մահվան սարսափից սառած, բայց Դիքին հաջողվեց բավականաչափ նավթ ու ածուխ գտնել և Դամենսթիֆգասսե փողոցի իր սենյակում գրել հոդվածներ, որոնք հետագայում չնայած ոչնչացվեցին, բայց վերականգնվելով՝ հիմք ծառայեցին Ցյուրիխում 1920 թվականին հրատարակած գրքի համար: Մեզնից յուրաքանչյուրի կյանքում կա սիրելի, հերոսական ժամանակաշրջան, և հիմա Դիք Դայվերի համար այդ ժամանակն էր: Ընդ որում՝ նա գաղափար անգամ չուներ իր հրապուրիչ լինելու մասին. ուրիշներին պատճառած և փոխադարձաբար ստացած հաճույքը նա ամենևին էլ անսովոր բան չէր համարում առողջ մարդկանց համար: Նյու Հեյվընում սովորելու վերջին տարին ուսանողներից մեկը նրան անվանեց «Երջանիկ Դիք», և այդ մականունը դեռ երկար հնչում էր նրա ականջին:
— Երջանի՛կ Դիք, դու՝ մեծ փայտիկ,— մրմնջում էր նա կիսաձայն՝ պտույտներ գործելով սենյակում ածխացող վերջին փայտիկների բոցի ներքո:— Ա՜յ թե գուշակեցիր, հա՜: Մինչև քո գալը ոչ ոք գլխի չէր ընկել:
1917 թվականի սկզբին, երբ ածուխ ճարելը գնալով դժվարացավ, Դիքը վառեց իր հավաքած համարյա հարյուր դասագրքերը, բայց ամեն անգամ հերթական գիրքը կրակը նետելիս նրան հրճվանք էր պատճառում այն վստահությունը, որ անգիր գիտե հատորը և անհրաժեշտության դեպքում հինգ տարի անց էլ կկարողանա հակիրճ շարադրել բովանդակությունը: Սա կատարվում էր ցանկացած ժամի` կարիքի դեպքում: Հատակի գորգիկը ուսերին գցած` ուսումնականի անխռով հանդարտությամբ, որն աշխարհում ամենից շատ է մոտ աստվածային անդորրին, բայց որն, ինչպես շուտով հայտնի կդառնա, մոտենում էր իր վախճանին, նա վառում էր գիրքը գրքի հետևից:
Վախճանի ժամանակավոր ուշացման համար Դիքը երախտապարտ էր իր մարմնին, որը մարզվել էր Նյու Հեյվընի մարզադաշտում, իսկ հիմա՝ ձմռանը, լող էր տալիս Դանուբում: Նա ապրում էր միևնույն հարկաբաժնում դեսպանատան երկրորդ քարտուղար Էլքինզի հետ: Երբեմն նրանց այցելում էին երկու սիրուն աղջիկներ, և դրանով էլ ամեն ինչ ավարտվում էր, ինչպես և դեսպանատան հետ կապը: Էդ Էլքինզի հետ շփումը նրա մեջ արթնացրեց առաջին տարտամ կասկածը իր սեփական մտքերի խորության նկատմամբ: Երբեմն նրան թվում էր, թե դրանք այնքան էլ չեն տարբերվում Էլքինզի մտքերից, այն Էլքինզի, ով կարող էր թվարկել Նյու Հեյվընի ֆուտբոլի թիմի վերջին երեսուն տարվա բոլոր հարձակվողներին:
«Եվ Երջանիկ Դիքը չի կարող լինել այս խելացի մարդկանցից մեկը, նա պետք է լինի պակաս անձեռնմխելի, նույնիսկ փոքր–ինչ անկատար: Եթե կյանքը հետք չթողնի նրա վրա, ապա հիվանդությունը կամ անհաջող սերը, կամ ինքնանվաստացման զգացումը չեն կատարի այդ գործը, չնայած լավ կլիներ վերակառուցել ջարդված մի մասդ, մինչև այն դառնար նախկինից ավելի կատարյալ»:
Շարունակությունը՝ գրքում կարդացեք նաև՝
- Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Մեծն Գեթսբի
- Յունաս Յունասսոն. Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ
- Առնո Գայգեր. Ծեր թագավորը իր աքսորավայրում
Նա ծաղրում էր իր այդ բացատրությունը՝ համարելով դատարկաբանություն և «ամերիկյան». յուրաքանչյուր անմիտ խոսքի համար մի չափանիշ ուներ՝ ինքն ամերիկացի է: Եվ գիտեր, որ իր անմատչելիության գինը անկատարությունն էր:
«Ամենալավ բանը, որ ցանկանում եմ քեզ, սիրելի՛ս,— ասում է Թեքերեյի «Վարդն ու մատանին» ստեղծագործության Սև Փայտիկ փերին,— մի փոքրիկ դժբախտություն»:
Որոշակի տրամադրության մեջ նա կառչում էր իր սեփական բացատրությանը. «Մի՞թե ես մեղավոր եմ, որ Փիթ Լիվինգսթոնը ընտրության օրը նստել էր հանդերձարանում, երբ բոլորը նրան էին փնտրում: Եթե այդպես չլիներ, ես ոչ մի դեպքում թոշակ չէի ստանա, այն էլ՝ այդքան քիչ ծանոթությամբ: Փիթն արժանի թեկնածուն էր, իսկ նրա փոխարեն ես պիտի նստեի հանդերձարանում: Գուցե այդպես էլ անեի, եթե իմանայի, որ որոշ առավելություն ունեմ: Մերսերը վերջին շաբաթները հաճախ էր այցելում ինձ: Ես, անտարակույս, գլխի էի ընկնում իմ առավելության մասին: Բայց ճիշտն ասած՝ տեղին կլիներ, եթե «խենթությունս» բռներ, ու ամեն ինչ փչացնեի»:
Համալսարանում դասախոսություններից հետո նա հաճախ էր քննարկում այդ հարցը երիտասարդ ռումինացի մտավորականի հետ, որը համոզում էր նրան՝ ասելով. «Վկայություն չկա, որ Գյոթեն կամ էլ, օրինակ Յունգը երբևէ «ներքին հակասություն» ունեցած լինեին բառիս ժամանակակից իմաստով: Դու ռոմանտիկ փիլիսոփա չես, դու գիտնական ես: Հիշողություն, համառություն և կամք, հատկապես՝ առողջ բանականություն: Եթե ինքդ քեզ ճիշտ չգնահատես, հետագայում գլխացավանքի մեջ կընկնես: Ժամանակին ես ճանաչում էի մի մարդու, որը երկու տարի շարունակ ուսումնասիրում էր զրահակիր կենդանու ուղեղը՝ հուսալով, որ վաղ թե ուշ այդ կենդանու ուղեղի մասին ավելին կիմանա, քան որևէ մեկը: Ես նրա հետ վիճում էի՝ ապացուցելով, որ նա մարդկության գիտելիքների բնագավառը չէր ընդլայնի և որ իզուր էր չարչարվում: Եվ ի՞նչ: Երբ աշխատանքն ուղարկեց բժշկական ամսագրին, մերժում ստացավ, որովհետև ամսագիրը հենց նոր ընդունել էր այդ նույն թեմայով մեկ այլ հեղինակի գիտական ուսումնասիրությունը»:
Երբ Դիքը Ցյուրիխ հասավ, նրա աքիլլեսյան գարշապարների թիվն ավելի քիչ էր, քան հազարոտնուկինը, բայց և այնպես, եղածը բավական էր: Դրանք ուժի, առողջության և մարդկանց բարություն անելու իղձերն էին, մի ամբողջ ազգի իղձեր՝ ծնունդ առած նախամայրերի ստերից, նրանց կեղծ մրմունջներից, որ դռան հետևում գայլեր չկան: Կոչում ստանալուց հետո նա աշխատանքի անցավ Օբի Բար քաղաքի նոր կազմակերպված նյարդաբանության բաժանմունքում: Ֆրանսիայում, ի մեծ տհաճություն նրա, աշխատանքն ավելի վարչական էր, քան գործնական: Իբրև փոխհատուցում՝ նա բավականաչափ ժամանակ գտավ ավարտելու այն փոքր ձեռնարկը, որ սկսել էր գրել Ցյուրիխում, և նյութ հավաքել հաջորդի համար: 1919 թվականի գարնանը նա զորացրվեց և վերադարձավ Ցյուրիխ:
Վերը հիշատակվածը կենսագրական վեպի սկիզբ է հիշեցնում, բայց առանց հուսադրող ակնարկի, թե հերոսը Գրանթի նման անգործ նստած է Գալենայի իր խանութում՝ պատրաստ արձագանքելու խճճված բախտի կանչին: Սակայն պետք է նշել, որ Դիք Դայվերի ժամն արդեն հասել էր:
Զանգակ Հրատարակչություն