Առաջին շաբաթն առանց Game of Thrones-ի. ինչքա՞ն արյուն կթափվի 7-րդ եթերաշրջանում
Վեցերորդ եթերաշրջանը սկսվեց և ավարտվեց կանացի ուժի ցուցադրմամբ՝ Մելիսանդրայից մինչև Սերսեա։ Գցելով քարերը նախորդ հինգերորդում՝ այս անգամ Դեվիդ Բենիոֆն ու Դ. Բ. Վայսը զրկեցին կյանքից տղամարդ-անտոգոնիստներին՝ հայր և որդի Բոլտոններին, Ուոլդեր Ֆրեյը, մասամբ անտոգոնիստ Գրեյջոյ հայրիկին, որպեսզի առաջին պլան գնա նրա աղջիկը՝ Յարան։
Դեյեներիս Թարգարիենն այլևս չունի այն մեղմ ու բարի հայացքը, որին սովոր է հանդիսատեսը. որոշակի արտաքին փոփոխությունների և դերասանուհի Էմիլիա Քլարքի շնորհիվ նկատվում է ավելի սառնասիրտ և զուսպ դիմախաղ, որը միշտ չէ որ համակրանք է ներշնչում։
6-րդ եթերաշրջանը Վիշապների Մորը մոտեցրեց Սերսեա Լանիստերին, որը նախկին ամուսնու, երեք երեխաների և Վեստերոսի կեսի արյան գնով գրավել է Երկաթե գահը։ Ջեյմեի և Սերսեայի ինցեստային սերն ու հավատարմագույն դաշինքը ճաքեր է տալիս. չէ՞ որ Ջեյմեն հիմա ավելի փափուկ, հասկացող և օբյեկտիվորեն դատող պրոտոգոնիստ է և կարող է չհանդուրժել այլևս ոչ մի զավակ չունեցող Սերսեային։
Էլարիա Սանդի, նրա համարձակ աղջիկների և Օլենա Թիրելի հանդիպումից, որին ներկա էր նաև փոփոխական, սակայն տվյալ պահին վիշապամայրական պրոտեժե Վարիսը, պարզ դարձավ, որ Դեյեներիսի թիկունքում նաև Դորնն է։
Երկու մոխրագույն կարդինալ՝ Վարիսն ու Բեյլիշը կարող են նպաստել ինտրիգների զարգացմանն ու դավաճանությունների ստեղծմանը. չէ՞ որ հստակ ու բացահայտ ներքին անտոգոնիստները վերացել են։
Ջոն Սնոուի կիսով չափ Թարգարիեն լինելը (նրա մայրը՝ Լիանան սիրավեպ ուներ Դեյեներիսի եղբոր հետ) բարդացնում է նրա Հյուսիսի արքա լինելու փաստը և ապագայում կարող է դառնալ սառցե գահը զիջելու հիմնապատճառ (գուցե այն անցնի Սանսային)։ Սթարք քույրերը, ինչպես և Դեյեներիսը, դարձել են սառնասիրտ և դաժան դիվանագետ ու մարդասպան. մի փոքր հասկանալի չէ, օրինակ, այդ կերպարների ներաշխարհը, կարծես` նրանց շարժում է միայն վրեժի ծարավը, և մենք չենք տեսնում ուրիշ ենթաշերտ, ինչը դարձնում է կերպարներին ավելի միատարր, սակայն միևնույն ժամանակ նաև անկանխատեսելի։
Պարզ է, որ հաջորդ եթերաշրջանը լինելու է ֆեմինների պատերազմ, որտեղ կտեսնենք խիստ անհրաժեշտ կանացի զոհեր:
Տրիվիալ և պրիմիտիվ կարող է լինել Երկաթե կղզիները Գրեյջոյներին վերադարձնելու փաստը, չէ՞ որ այս էպոսում պլանավորվածությունները գրեթե միշտ շարքից դուրս են գալիս կամ պահանջում են երկար ժամանակ, ինչը կարող է չտեղավորվել երկու եթերաշրջանում։ Նաև պետք է ֆիքսել ժամանակին «կորած» երկրորդական կերպարների երկրորդ կյանք ստանալու դետալը, ինչն եղավ, օրինակ՝ Սանդոր Կլիգանի (Շուն) հետ։ Այսպես նաև կարող է ինչ-որ կերպ խաղարկվել Ռոբերտ Բարատեոնի արտամուսնական որդին՝ դարբին Ջենդրին, ում արյունն օգտագործում էր Մելիսանդրան` Ստանիսին ուժեղացնելու նպատակով։ Սակայն արդյունքում Ջենդրին ողջ մնաց և փախչեց (Դավոս Սիվորտի օգնությամբ), այսինքն՝ նրա հետագա հայտնվելը հնարավոր է։
Վերջին եթերաշրջանի սիրելին է ևս մեկ իգական սեռի ներկայացուցիչ՝ երիտասարդ Լիանա Մորնոնտը, որն իր տարիքի համար բավականին իմաստուն է և չափից շատ անվախ. գալիք սերիաներում հաճելի կլինի տեսնել նրա կերպարի զարգացումները։
Մարտինն իր HBO-ական համախոհների հետ փակեց կրոնի և ֆանատիզմի թեման՝ տեղ տալով կանացի կրքերին, որոնք լինելու են անզուսպ, շիկացած և նյարդային։ Թե Սանսան, թե Սերսեան և թե Դեյեներիսը չեն կարող մի քանի էպիզոդ շարունակ թաքցնել իրենց էմոցիաները poker face դիմակի տակ և մի օր, ինչպես և հաճախ պահանջում է Game of thrones-ի էրոտիկ, դաժան և կրքոտ դրամատուրգիան, նրանք տեղ կտան իրենց հույզերին. մեզ մնում է վերցնել գինով լի գավաթը և ըմբոշխնել տեսարժան պահերը։