BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ես, մեկ էլ Շեքսպիրի «Համլետը»՝ իր «լինե՞լ», թե՞ «չ

Ես, մեկ էլ Շեքսպիրի «Համլետը»՝ իր «լինե՞լ», թե՞ «չլինե՞լ»-ով կամ Ջեբկիրը

Արդեն ահագին ժամանակ է՝ ուղեղս տակնուվրա է լինում, խառնվում եմ, չեմ կողմնորոշվում՝ գրե՞լ, թե՞ չգրել: Ահա՛, խնդրեմ. դեռ մի տող չգրած՝ կարծես դարձա Շեքսպիր: Ի՞նչ է, ծիծաղելի՞ է: Բայց չէ՞ որ Շեքսպիրն էլ ինձ նման մարդ է եղել: Լավ, ինչ որ է. որոշեցի գրել: Գրել մի պատմություն, որը կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ, բայց, դե՛, կներեք, հենց ինձ հետ պատահեց: Ուրեմն այդպես էր պետք: Ի վերուստ հասցեատերը ես էի:
Դեպքը կատարվել է Թիֆլիսում: Տփխիս, Թիֆլիս, Թբիլիսի. այս երեք անվանումները կրող քաղաքում է կատարվել այս պատմությունը: Այսպես, ուրեմն. իմ ապրած ժամանակահատվածում և ինձնից առաջ քաղաքը կոչվում էր Թիֆլիս, հետևաբար քաղաքացիներն էլ` թիֆլիսցիներ: Թիֆլիսը քաղաք էր, Թիֆլիսը մայրաքաղաք էր նաև մեզ համար՝ հայերիս: Թիֆլիսը թատրոն էր, Թիֆլիսը... է՛ր, ինչքան էլ ցավալի է: Կկարողանա՞մ արդյոք իմ ընթերցողին ապացուցել այս պատմության իսկությունը, այսինքն` կհավատա՞, թե՞ ոչ: Կհավատա` ավելի լավ իր համար, չի հավատա` «հանդամը» հավատա, ինչպես մայրս կասեր:
Մա՛յրս. ա՛յ, հենց մորիցս էլ սկսվում է իրական և ինչ-որ տեղ առեղծվածային այս պատմությունը: Պատմություն, որ սկիզբ է առնում... ավելի ճիշտ` որի հիմքը դրվեց 1952 թվականի հունվարին: Թե ինչ եղանակ է եղել այդ ժամանակ` չգիտեմ, տեղեկություն չունեմ: Հատկապես այն օրը, երբ ծնողներս գիշերով, տաք անկողնում պառկած, չգիտես ինչով էին զբաղված: Կարող ենք ենթադրել` ինչով, բայց չարժե խորանալ, մանավանդ որ իրենց անձնական գործն է: Ինչևէ, ուզում եմ հուսալ, որ ինձ համար այդ բախտորոշ գիշերն իրենց համար ջերմ է եղել` չգիտակցելով, իհարկե, թե ինչ պատմության հիմք են գցում:
Ահա այդ տարվա և ամսվա ջերմ գիշերից հետո սկսվեց այսպես ասած` իմ կայացումը: Գտնվելով մորս արգանդում, սկզբնական շրջանում ո՛չ հասկանում էի, ո՛չ էլ գիտակցում, թե ով եմ և ինչ եմ, մինչև անցավ որոշ ժամանակ: Հետո՝ օրերից մի օր, մայրս գլխի ընկավ, որ ինքը մենակ չէ. ինձ հետ է:
Տեղավորված լինելով աստվածային այդ տարածքում՝ մի քանի շաբաթ անց՝ մոտավորապես չորս ամիսս լրանալուց հետո, սկսել էի կամաց-կամաց զգալ, տեսնել, լսել... Անկեղծ ասած` կարիք չկա պատմելու՝ այդ չորս ամսվա ընթացքում ինչեր թափվեցին գլխիս: Բայց մի դեպքի վրա ուզում եմ կանգ առնել: Ես, ուրեմն, ապրում էի իմ տանը` մորս արգանդում, մայրս էլ հորս, եղբայրներիս և քույրերիս հետ ապրում էր շենքի արգանդում: Այո՛, այո՛, սխալ չհասկացաք: Այսպես ասած` մեր բնակարանը շենքի տակ էր, և տուն մտնելու համար իջնում էինք ութ աստիճան: Այդ ներքնահարկ բնակարանին ասում էինք «պադվալ»: Մեզ հարազատ դարձած պադվալը Կազարմի թաղի սրտում էր, Կազարմի թաղն էլ` Հավլաբարի սրտում, Հավլաբարն էլ` Թիֆլիսի սրտում, Թիֆլիսն էլ` իմ սրտում: Դե՛, հիմա եկեք պատկերացնենք, թե խեղճ մայրս պադվալի այդ աստիճաններով քանի՜ անգամ է իջել, բարձրացել` իր մեջ կրելով ինձ, ինձնից առաջ էլ` եղբայրներիս ու քույրերիս:
1952 թվականի գարունը տարերքի մեջ էր` իր հետ բերելով և՛ ջերմություն, և՛ ծաղկած ծառեր: Մայրս, գարնանային տրամադրությունը սրտում, բարձրանում էր աստիճաններով, երբ հանդիպեց մեր շենքի առաջին հարկի հարևանուհուն` Օֆիկ տոտային: Երևի կարծեցիք՝ անգրագետ եմ, եթե «տոտա» եմ ասում: Բա ի՞նչ ասեի, «ծյոծյա՞» (հորաքույր-մորաքույր): Ի՞նչ է, ուզում եք, որ Կազարմի թաղը հետևիցս սուլե՞ր, ձե՞ռ առներ: Իբր ի՞նչ. տեսե՛ք-տեսե՛ք՝ գրագե՞տ եմ: Ոչ մի դեպքում. Օֆիկը տոտա էր, ու բոլոր ծյոծյաներն էլ տոտա էին: Մայրս էլ Օֆիկ տոտայի համար էր տոտա: Մի խոսքով, բարև-բարի լույս փոխանակելուց հետո զրույցի բռնվեցին: Բամբասում էին անցած օրվա անցուդարձից, որովհետև ո՛չ իրենք, ո՛չ Կազարմի թաղը, ո՛չ Հավլաբարը, ո՛չ էլ Թիֆլիսը չէին կարող չբամբասել. այդպիսին էր նրանց ներսում հոսող արյունը, ոնց որ Քուռ գետը` Թիֆլիսի ներսում:

Տարածել