[ Սեփական դաշտում ] Հայկազն Ղահրիյան. «Ես դասական լրագրությամբ չեմ զբաղվում»
Ուսանողական տարիներին վստահ էի, որ Հայկազն Ղահրիյանը դառնալու է մարզական մեկնաբան: Դե՛, ուրիշ որևէ մեկին չէի տեսել, որ ֆուտբոլային խաղերից գալիս է ճմռթած շորերով՝ կոճակները պոկված, ձայնը խզված: Մի օր նույնիսկ ինձ՝ հակասպորտային արարածիս, համոզեց գնալ մարզադաշտ: Բայց հետո ստիպված էր բացատրել, թե այդ ինչ էին վանկարկում մարզասերները դատավորի հասցեին: Ճիշտ է, մինչև այդ ճակատը մանր քրտինքով էր պատվել, բայց բացատրությունը հնչեց բավական վայելուչ: Եվ այդ օրից գիտեմ, որ նա կարողանում է անգամ ամենահոռի երևույթները շարադրել քաղաքակիրթ լեզվով: Մի հատկանիշ, որն անգնահատելի է լրագրողի ու հատկապես խմբագրի համար: Առավել ևս՝ Lragir.am-ի գլխավոր խմբագրի համար:
[ Սեփական դաշտում ] Տիգրան Հակոբյան. Բազմակարծություն մի գլխում
- Իմիջիայլոց, մի պատմություն կա, որն էլի Նիկոլ Փաշինյանին է առնչվում, բայց ինձ թվում է, որ դա ընդհանրապես քեզ համար գործելակերպ է: Ի տարբերություն այն լրատվամիջոցների, որոնք տիեզերական աղմուկ են բարձրացնում, երբ ինչ-որ մեկն իրենց մի թթու խոսք է ասում կամ թեթև դիպչում է լրագրողի թևին, այս տարիների ընթացքում ականջիս անընդհատ հասել են քո ղեկավարած լրատվամիջոցներին վերաբերող լուրջ միջադեպների մասին լուրեր: Օրինակ` մեկը Լևոն Զուրաբյանի ու Նիկոլ Փաշինյանի կռիվն էր, մյուսն առնչվել էր Վազգեն Սարգսյանին: Որևէ մեկը, կարծեմ, չես հրապարակայնացրել: Հիմա վաղեմության ժամկետն անցել է. կարծում եմ՝ կարող ես արդեն այդ մասին պատմել ու բացատրել, թե ինչու այն ժամանակ որոշեցիր լռել: Օրինակ` Վազգեն Սարգսյանին առնչվող պատմության մեջ խոսքը, կարծեմ, ռազմական մի միջադեպի էր վերաբերում՝ Օմարի լեռնանցքին:
- Այդ միջադեպում հաստատ մենք էինք մեղավոր: Այդ լուրն իսկապես չարժեր հրապարակել, այն էլ այդ տարիներին: Ընդհանրապես այդ շրջանում ամենաթեժ մարտերը հենց այդ տարածքում էին ընթանում: Դա կարևոր հանգույց էր. մի ժամանակահատվածում ձեռքից ձեռք էր անցնում այդ լեռնանցքը: Եվ մի այդպիսի հերթական դեպքերից մեկն էր, երբ մերոնք նահանջել էին: Դրա մասին էր լուրը՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին: Այդ պայմաններում համարում եմ, որ, իսկապես, մենք ճիշտ չէինք: Իհարկե, հետագայում այն, ինչ կատարվեց, չեմ արդարացնում, բայց սխալը մերն էր:
- Խփե՞լ էր քեզ Վազգեն Սարգսյանը:
- Ես մենակ չէի: Մեր խմբագրությունից ևս մի հոգի կար, հիմա անունը չեմ ուզում տալ, իր թույլտվությունը չեմ հարցրել:
- Դե՛, քո մասո՛վ պատասխանիր միայն:
- Այնտեղ եղել է, այսպես ասենք, քաշքշուկ:
- Այսինքն` այդ մասին չխոսեցիր, որովհետև ընդունեցի՞ր, որ սխալվել եք:
- Այո՛, մեր սխալն է եղել: Հետո, իհարկե, մենք ավելի ուշ խոսել ենք այդ մասին. և՛ ես եմ մեր սխալն ընդունել, և՛ ինքը:
- Մյուս միջադեպի պատճառը հիշում եմ: Երիտասարդ լրագրող Նիկոլ Փաշինյանը գնացել էր «Շամիրամ» կուսակցության գրասենյակ՝ հարցազրույցի, ու նկարագրել, թե իրեն շրջապատել էին կարճ փեշ հագած աղջիկներ, իրեն խմիչք էին հյուրասիրել ու հետո ինքը և Շողեր Մաթևոսյանն առանձնացել էին: Այդ տողից հետո բազմակետ կամ վերջակետ էր դրել ու հավելել՝ հարցազրույցի համար: Ճի՞շտ եմ հիշում: Ու այդ պատճառով Շողերի ամուսինը՝ այն ժամանակ ՀՀ նախագահի օգնական Լևոն Զուրաբյանը, եկել էր խմբագրություն՝ հաշիվներ պարզելու:
- Այո՛, եկել էր: Էլի քաշքշուկ եղավ: Ես այդ պահին ներսում չեմ եղել: Ուրիշ սենյակում էի: Այսինքն՝ աչքովս այդ քաշքշոցը չեմ տեսել: