«Ինտուրիստ». հյուրանոցի լուսավոր անցյալի մութ անկյունները
20-րդ դարասկզբին հյուրանոցները միայն զբոսաշրջիկների համար չէին: Հայտնի մարդիկ` ազնվականներ, գրողներ, դերասաններ, գիտնականներ, դիվանագետներ, հեղափոխականներ, գեներալներ Փարիզի, Հռոմի, Երևանի, Լոնդոնի, Բեռլինի ու եվրոպական մյուս մայրաքաղաքների հյուրանոցներում ոչ թե իջևանում, այլ ապրում էին (հաճախ տարիներ շարունակ): Բարձաշխարհիկ կյանքը եռում էր հատկապես հյուրանոցների լյուքս համարներում և ռեստորաններում:
Խորհրդային Հայաստանում արտասահմանյան հյուրերի հանգրվանը «Ինտուրիստն» էր, որն այդպես էր կոչվում մինչև 1959թ.` մինչև «Երևան» վերանվանվելը: (Այժմ այն կոչվում է Golden Tulip Yerevan): Չարենցն այնտեղ բնակվել է 1928-35 թթ.` 2-դ հարկի լյուքս համարում: Գուրգեն Մահարուն «Ինտուրիստի» ռեստորանում 1936թ. ձերբակալել են այն պահին, երբ նա Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ կոնյակ էր ըմպում ու ձմերուկ համտեսում:
Մեծապատիվ ֆինմախինատորներ. վայրի կապիտալիզմը տարերքի մեջ է
Խորհրդային տարիներին օտար լեզուների ֆակուլտետն ավարտածների համար «Ինտուրիստում» աշխատելը բաղձալի երազանք էր, քանի որ սովետական մարդը արտասահմանի ազատ ու անկաշկանդ կյանքի մասին կարող էր պատկերացում կազմել Ռեմարկի ու Հեմինգուեյի վեպերով, Բերգմանի և Գոդարի ֆիլմերով, Թուլուզ Լոտրեկի կտավներով:
Գիդերին ժպիտով «գիդաշխատող» էին անվանում: Գիդ աշխատելու համար կար չգրված օրենք ու պայման` նա պետք է դառնար КГБ-ի ինֆորմատոր: КГБ-ն տեղավորում էր աշխատանքի, КГБ-ն էլ հսկում էր իր աշխատողին ու տուրիստների մասին թարմ տեղեկություններ ստանում նրանից: Աշխատանքային օրվա ավարտին գիդերը զեկուցագիր էին գրում, թե արտասահմանյան խումբը օրվա ընթացքում ինչով է հատկապես հետաքրքրվել խորհրդային երկրում, ինչ է հասցրել լուսանկարել իր ֆոտոխցիկով: Հաճախ ստացվում էր այնպես, որ ազատ հայացքների տեր եվրոպացի կամ ամերիկացի զբոսաշրջիկը հայաստանյան ճանապարհորդության ընթացքում լուսանակարում էր տեսած գրեթե ամեն կոթող, վանք ու շենք: Խորհրդային մարդու համար դա խիստ կասկածելի էր տալիս. լրտես չլինի՞: Այդ պատճառով մշտարթուն և զգոն КГБ-ն պետք է տեղյակ լիներ ինտուրիստի (иностранный турист) ամեն քայլին:
Օտարերկրացիների համար նախատեսված հյուրանոցում սենյակ վարձելը հեշտ չէր սովետական քաղաքացու համար: Հյուրանոցի ադմինիստրատորը ԽՍՀՄ քաղաքացուն ընդունելու համար պետք է նախապես զանգ ստանար Կենտկոմից, Պետպլանից, Սովմինից ու ՆԳՆ-ից: Եվ դա միայն առաջին փուլն էր: Հյուրանոցի ադմինիստրացիան կարող էր առաստաղին նայելով արհեստավարժ ստել, թե ազատ սենյակ չկա: Կամ` կա ընդամենը մեկ ազատ սենյակ, բայց միայն մի քանի ժամով: Բայց նույնիսկ այդ դեպքում առանց կաշառք տալու հնարավո չէր համար վերցնել: Կաշառքը դնում էին անձնագրի մեջ ու անմեղ հայացքով մեկնում ադմինիստատորին: Նրա դեմքի հոգնած ու զզված արտահայտությունից կարելի էր գլխի ընկնել, որ նա դարի «լավությունն է արել», և ընդառաջել է խեղճուկրակ աշխատավորին:
«Ինտուրիստն» էր թելադրում տուրիստին իր տանիքի տակ մնալու կոշտ պայմանները: Օրինակ, ուղիղ կեսգիշերին, երբեմն էլ նաև երեկոյան 11-ին հյուրանոցը փակում էր դռները ուշացած հյուրի առջև: «Սա ձեր Ամերիկան չէ, որ երբ ցանկանք` վերադառնաք հյուրանոց: Սա Սովետական Միությունն է»: Այնպես որ` հյուրերը գրեթե պարտադրված հյուրանոց էին վերադառնում ճիշտ ժամանակին` ինչպես պարտաճանաչ զինվորը` զորանոց:
«Պատվերով աղջիկների» մուտքը հյուրանոց խստիվ արգելվում էր, բայց միայն պաշտոնապես: Արտասահմանցիները Խորհրդային Հայաստանում թեթև վարքի տեր կանանց հետ ծանոթանում էին այսպես կոչված Վալյուտային բարերում: Այնտեղ սպասարկումը դոլարով էր, աղջիկները նույնպես տրվում էին դոլարով: Դրա համար էլ այդ մարմնավաճառներին անվանում էին վալյուտչիցաներ: Ինտուրիստի շենքի կամ վալյուտնի բարի դիմաց նրանք միանգամից աչքի էին ընկնում նախ նրբաճաշակ ու գունագեղ հագուստով, որը նոր էր բերված, ասենք`Փարիզից, և հետո` բարձր դասի հետ շփվող կանանց բնորոշ ինքնավստահ պահվածքն էր վկայում նրանց «էլիտար մասնագիտության» մասին: Հյուրանոցների ֆոյեներում ևս կարելի էր տեսել նրանց, քանի որ հյուրանոցի հարկի հերթապահների հետ գործակցում էին, ու հերթապահը պետք է վստահ լիներ, որ իր գործընկեր մարմնավաճառը մատնագրեր չի հղի ՊԱԿ: