BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ «Ջազզվե». Պատմություն-1] «Զանգի´ր, երբ քեզ հարմա

[ «Ջազզվե». Պատմություն-1] «Զանգի´ր, երբ քեզ հարմար կլինի»

«Ջազզվե» սրճարանի անկյունի սեղանի մոտ նստած տղամարդը` բիզնեսմեն Խաչիկ Ասատրյանը, ջազվեից սուրճ ավելացրեց դատարկված բաժակի մեջ և մի փոքր կում արեց, ապա ծխախոտի տուփից մի գլանակ հանեց, վառեց: «Ջազզվե»-ի անդավաճան հաճախորդը լինելու պատճառներից մեկն էլ այն էր, որ սուրճը փաստորեն երկու բաժակ էին մատուցում: Նրան միշտ մի բաժակը չէր հերիքում, և եթե ուրիշ սըրճարանում էր նստում, մի բաժակը պատվիրելուց հետո անմիջապես երկրորդն էր պատվիրում, որպեսզի առաջինը խմելուց հետո չսպասի և անմիջապես անցնի երկրորդին, իսկ «Ջազզվե»-ում դրա կարիքը չկար. մի անգամ պատվիրում էր և երկու բաժակ ստանում:
Եթե դրան գումարում ենք նաև հարազատ միջավայրը` հին ինքնաեռները, պատի ժամացույցները, գրադարակներով գրքերը, որոնք հիշեցնում էին իր բնակարանի նախկին կահավորանքը, ապա հասկանալի է դառնում, թե տղամարդը ինչու էր քաղաքի բոլոր սրճարաններից այս մեկը նախընտրում: Տասնհինգ տարի առաջ նա «եվրոռեմոնտ» արեց իր բնակարանը, ազատեց պատերը գրադարակներից, ազատվեց տան գրքերի մեծ մասից, բայց շատ չանցած՝ սկսեց կարոտել բնակարանի նախկին տեսքը: Նա սկսեց մտաբերել այն իրադարձություները, որոնք տեղի էին ունեցել իր բնակարանում, ուսանողական տարիների բոհեմական երեկոները, կանանց, որոնք գիշերել էին կամ կարճ ժամանակով բնակվել էին այնտեղ… Այդ հիշողությունները նրան մղում էին գիտակցել, որ կյանքի լավագույն կեսն արդեն անցյալում է:
Գրադարակներում հանգրվանած՝ սովետական շրջանի գրքերը սրճարանի կահավորանքի, դիզայնի մասն էին, բայց կիրառական նշանակություն չունեին, և դա Խաչիկին հիշեցնում էր սովետական այն շրջանը, երբ գիրք հավաքելը, հարուստ գրադարան ունենալը «մոդա էր» և նույնիսկ բարձրացնում էր սոցիալական կարգավիճակը: Այն ժամանակ Խաչիկին այդ ձևականությունը քաղքենություն և երեսպաշտություն էր թվում: Ճիշտ է, կարդացել էր վաղամեռիկ ծնողների ու իր հավաքած հարուստ գրադարանի գրեթե բոլոր գրքերը, սակայն իրեն զգում էր այդ ձևականության մի մասը: Բայց ժամանակն իր խըմբագրումները մտցրեց նրա պատկերացումների մեջ: Երբ մի կողմ դրեց ստացած բանասիրական կրթության պարտադրանքը և տան բոլոր պատերը զբաղեցրած գրադարակներից վերջապես ազատվեց, հանկարծ գիտակցեց, որ հարուստ գրադարանները վաղուց «մոդա» չեն, և իրականում ինքը գնում է հոսանքին համընթաց, որ այսօր` գիտելիքի արհամարհման և ուժի պաշտամունքի ժամանակաշրջանում, հարուստ գրադարանը չի բարձրացնում սոցիալական կագավիճակը, թերևս նույնիսկ հակառակը:
Խաչիկը հետադարձ հայացքով սկսեց գնահատել հարուստ գրադարան ունենալու սովետական «մոդան». ավելի լավ է՝ մարդիկ ձևացնեն, թե կարդացող են, գիրքը գնահատող են, քան թե նույնիսկ կարդացող մարդիկ ձևացնեն, թե անողոքաբար ճարպիկ են: «Ջազզվեին» հաջողվել էր սովետական «մոդան» դարձնել իր բրենդի կարևոր բաղկացուցիչը, և այն, որ գրքերով գրադարակը ընդամենը կահավորանքի մի մասն էր, ու գրադարակների մեջ տեղ գտած գրքերը այդտեղ էին հայտնըվել պատահաբար (նրանց փոխարեն կարող էին լինել բոլորովին այլ գրքեր, և դրանից ոչինչ չէր փոխվի), Խաչիկին չէր նյարդայնացնում, թեև ձևին բովանդակություն հաղորդելու համար նա երբեմնվերցնում էր մի գիրք և կարդում, ինչպես հիմա:
Երբ Խաչիկը հայացքը գրքից կտրեց և տեսավ դիմացի սեղանի մոտ նստած ժպտացող կնոջը (կինն ակնհայտորեն իրեն էր ժպտում) և անմիջապես ճանաչեց նրան, հուզմունքի այնպիսի ալիք անցավ նրա մարմնով, որպիսին վաղուց, շատ վաղուց չէր զգացել: Նրանց վերջին հանդիպումից 30 տարի էր անցել, փոխվել էին նրա մարմնի չափերը և դեմքի ուրվագծերը, սակայն նույնն էր մնացել նրա սքանչելի, ինքնավստահ ժպիտը, որ անվստահ էր դարձնում դիմացինին և ստիպում էր անփորձ պատանյակի զգացում ապրել: Անհնար էր այն չճանաչել:
Խաչիկը նույնպես ժպտաց Էլեոնորային և զարմանքով մտածեց, որ ոչինչ չի փոխվել: Իր անկողնում մեկ տասնյակից ավելի կանայք են եղել, երկու անգամ ամուսնացել ու բաժանվել է, առաջին ամուսնությունից հասուն որդի ունի, բայց իրեն նույնքան անվստահ է զգում այդ կնոջ հայացքի ներքո, որքան 30 տարի առաջ, երբ ինքը քսաներկուամյա երիտասարդ էր, իսկ նա՝ երեսունվեցամյա փորձառու, ամուսնացած կին: Հիշեց այն գիշերը, երբ իր բնակարանում անցկացրած ընկերական բոհեմական հավաքույթից հետո իրենք երկուսով էին մնացել, ինքը չէր համարձակվում մոտենալ նրան, թեև ամեն ինչ այնպես բարենպաստ էր դասավորվել, և այնքան պարզ էր նրա համաձայնությունը ու փոխադարձ ցանկությունը, որ երկմտելու, տատանվելու տեղ չէր թողնում: Ի վերջո Էլեոնորան, զգալով իր անվստահությունը, անջատեց սենյակի լույսը, մոտեցավ ու համբուրեց իրեն:
Մոտ մեկ րոպե նրանք նայում էիր միմյանց և ժպտում, մինչև Խաչիկն անակնկալ հանդիպման ազդեցությունից սթափվեց և, մոտենալով նրա սեղանին, նստեց նրա դիմաց, նրբորեն սեղմեց Էլեոնորայի պարզած ձեռքը, որը նրան թվաց չորացած ու սառը: Նրա ձեռքերը անճանաչելիորեն փոխված էին, և թվում էր, որ դրանք նրա ձեռքերը չեն, կարծես ինչ-որ մեկի անողոք կամքը փոխել է դրանք:
Խաչիկը նայում էր Էլեոնորայի՝ կընճիռներով պատված դեմքին, կապտագույն երանգ ստացած ձեռքերին և փորձում էր պատկերացնել, թե ինչպիսին կլինի նրա մարմինը: Նրա հմայքից ինչ-որ բան մնացե՞լ է, թե՞ ոչ: Նա հիշում էր, թե ինչպես այն գիշեր, երբ իրենք սիրով էին զբաղված, ուզում էր տեսնել նրա դեմքի արտահայտությունն այդ պահին, նրա մարմնի մանրամասները, բայց մթության մեջ միայն մարմնի ուրվագծերն էին նշմարվում, իսկ իրեն չլքող ամոթխածությունը թույլ չէր տալիս վառել սենյակի լույսը: Հետո, երբ առավոտյան կողմ նա քուն մտավ, ինքը մոտ կես ժամ սպասեց, ապա ծածկոցը մի կողմ քաշեց և սկսեց հափշտակված հայացքով զննել նրա մերկ մարմինը` ծխելով և խմելով շշի տակ մնացած կոնյակը: Այդ ժամանակ նրան թվաց, թե Էլեոնորան արթուն է, բայց մեծահոգաբար թույլ է տալիս հիանալ իր մերկությամբ, և նա երախտապարտ էր նրան դրա համար:
Երբ կեսօրին արթնացան, զգաց, որ նախորդ օրվա անվստահությունը տեղի է տվել, փորձեց նորից գըրկել Էլեոնորային, բայց նա ասաց, որ շտապում է, արագ հագնվելով՝ դուրս եկավ, և արեգակի ճառագայթների ներքո սիրով զբաղվելու ցանկությունը այդպես էլ անկատար մնաց: Ինքը սիրահարված էր նրան, իսկ նրա համար դա մի գիշերվա արկած էր: Խաչիկը հիշեց, թե ինչպես էր ամիսներ շարունակ հանդիպում փնտրում նրա հետ, հիշեց, որ մեկ տարի շարունակ անպատասխան նամակներ էր գրում նրան, հիշեց, որ դեռ երկար ժամանակ, նույնիսկ երբ Էլեոնորան ամուսնու հետ տեղափոխվեց Մոսկվա, ինքը միայն նրա մասին էր երազում, և այդքան տարի հոգում պահած վիրավորանքը չկարողացավ զսպել:
- Ինչո՞ւ չէիր պատասխանում իմ նամակներին,- ասաց նա, ապա, մտածելով, որ 30 տարի անց ծերացող կնոջը նման մեղադրանք ներկայացնելը անհեթեթ է, ավելացրեց.- կներես, հիմարություն էր ասածս:
- Ես ամուսնացած կին էի,- ներողամտորեն ժպտաց Էլեոնորան:
Էլեոնորան պատմեց, որ ամուսինը 5 տարի առաջ մահացել է, և նրան իր իսկ ցանկությամբ բերել են Երևան ու թաղել ընտանեկան գերեզմանոցում, որ ամուսնու շիրիմը վերականգնել է Հայաստանի հետ գրեթե կտրած կապը, և ամառները որդու ընտանիքի հետ գալիս է հանգստանալու: Խաչիկը պատմեց, որ իր որդին տնտեսագիտականում սովորում է անվճար, և որ ինքը հպարտանում է նրանով, ասաց, թե ինչքան է հոգնել խանութի գործերով զբաղվելուց և մտադիր է տարածքը վարձակալության տալ ու հանգստանալ: Զրույցի ընթացքում մի հարց էր պտտվում Խաչիկի մտքում. Էլեոնորայի ծերացող մարմինն ընդունա՞կ է հաճույք ստանալ:
Խաչիկը ձեռքն Էլեոնորայի ձեռքի վրա դրեց, շոյեց, ապա, որպես խրախուսանք ընդունելով այն, որ Էլեոնորան չհեռացրեց ձեռքը, իր ձեռքերի մեջ վերցրեց նրա ափը:
- Գնանք ինձ մոտ, ես նույն բնակարանում եմ ապրում: Ճիշտ է, նորոգումից հետո այն մի քիչ փոխվել է, բայց որոշ բաներ հիշեցնում են ԱՅՆ բնակարանը,- առաջարկեց նա և անմիջապես էլ մտածեց, որ Էլեոնորան հավանաբար չի էլ հիշում իր սենյակը:
- Կարծում եմ, որ լավ գաղափար չէ,- նույն ներողամիտ ժպիտով ասաց էլեոնորան:
- Է´լյա տատի, Է´լյա տատի…
«Ջազզվե» մտան Էլեոնորայի հարսը և վեցամյա թոռը: Էլեոնորան հարսին ներկայացրեց Խաչիկին՝ ասելով, որ իր վաղեմի ծանոթն է: Խաչիկը մի քանի րոպե նստեց նրանց հետ, շոյեց երբեմնի սիրուհու թոռան գլուխը, ներողություն խնդրեց և ասաց, որ ստիպված է հեռանալ, թեև շատ հաճելի է նրանց ընկերակցությունը: Ապա մոտեցավ բարի մոտ դրված դրամարկղին, վճարեց երկու սեղանների համար և դուրս եկավ: Հազիվ տասը մետր էր հեռացել, երբ թիկունքին լսեց Էլեոնորայի ձայնը և շրջվեց:
- Հրաշալի նամակներ էին,- ասաց իրեն մոտեցած Էլեոնորան,- ես մինչև հիմա պահում եմ դրանք և պարբերաբար վերընթերցում եմ: Զանգի´ր, երբ քեզ հարմար կլինի, ինձ հաճելի էր քեզ տեսնելը:
Էլեոնորան իր այցեքարտը դրեց Խաչիկի ձեռքը և վերադարձավ «Ջազզվեի» իր սեղան: Խաչիկը մի ծխախոտ վառեց և տխրությամբ մտածեց, որ Էլեոնորայի հետ լույսի տակ սիրով զբաղվելու իր ցանկությունը անկատար կմնա, որովհետև ինքը չի համարձակվի վառել լույսը և տեսնել նրա մարմնից մնացած ավերակները, որովհետև կգերադասի իր հիշողության մեջ պահել նրան այնպիսին, ինչպիսին տեսել է այն առավոտյան, երբ հիանում էր բազմոցին մեկնված նրա մարմնի մերկությամբ: Մի բանում էր վստահ, որ պետք է գրադարակներն ու գրքերը ավտոտնակից հանել և նորից դրանցով կահավորել բնակարանը:

Տարածել