#KarabakhNow. Քառօրյա պատերազմի նժդեհյան ոգին
Սրբագործված զորավարը ոչ միայն հիացմունքի ու խոնարհման է արժանի, այլև չի դադարում արդիական լինել իր ուսմունքով և չգրված օրենքներով: Ապրիլյան այս արհավիրքային օրերին բազում հայորդիներ գործով ապացուցեցին, որ Նժդեհյան ոգի ունեն:
Նժդեհն առավել կարևորում էր հայ երիտասարդի գիտակցության առողջացումը, քանզի հենց երիտասարդությո՛ւնն է պետության ներուժը և ապագան: Հակառակ դեպքում, տուրք տալով կեղծ արժեքներին, կարող է քայքայել մեր երկրի բազմադարյան արմատները: Եթե մարդու մարմինը մաքրության կարիք ունի, ապա ոգին սրբացման: Նժդեհը նպատակ ուներ ստեղծելու հոգեփոխված, ցեղահոգ մայր՝ արծվամայր, ում մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը:
Արծվահոգի զորավարի ասույթները հայի ու հայրենիքի մասին:
«Հերոսական գործերից ոչ նվազ ներշնչող է մահը հերոսական: Ապա ուրեմն , մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հեյրենիքիդ: Ահա՛ իմ դավանած հայրենասիրությունը»:
«Սո՞ւրը , թե՞ գրիչը: Թե՜ մեկը և թե՜ մյուսը ես սիրեցի, և գործածեցի երկուսն էլ: Սակայն հայտնվելով երկընտրանքի առջև, ես պիտի նախընտրեի առաջինը»:
«Չկա հայ մարդ, ով անսխալ կերպով չթվե իր ժողովրդի տկարությունները, բայց սակավաթիվ են նրանք, որոնք գիտեն, թե ուր է թաքնված հայու հզորության հոգևոր աղբյուրը…»:
«Մեր պատմությունը հետայսու աղետալի սխալների կրկնություն չպետք է լինի, այլ՝ սրբագրություն»:
«Կարելի չէ միաժամանակ վատ մարդ, բայց լավ հայ լինել: Նախ մարդ: Դա նշանակում է զգալ իր հոգու մեջ ներկայությունը որևէ բարձր բարոյական իդեալի»:
«Հայրենիքն է ոգու ամենասրբազան բարձյալ ստեղծագործությունը»:
«Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից»:
«Վտանգի մթնոլորտում է, առավելապես, մարդս դրսևորում իր ներքին ուժերը, հակումները, նկարագրի գծերը»:
«Ծառայելով իր ազգին՝ հայրենասերը անուղղակի կերպով ծառայում է մարդկությանը»:
«Հայը կարող է իր թշնամիներին միայն պարտված տեսնել, բայց ոչ երբեք դժբախտ»:
«Քաջերի հարությունն է մահը»:
«Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ»: