Ոչխարների լռությունը. KIll Dim սահակյանցական «զենքով»
Ասում են, պատերազմի մեջ բոլոր մեթոդներն էլ լավն են, իսկ մեդիապատերազմի դեպքում՝ գործիքները ստանում են նաև ստեղծագործական ձևաչափ։ Ռեժիսոր-անիմատոր Դավիթ Սահակյանցը կիրառում է իր մասնագիտական «զենքը» հակառակորդի դեմ և հանուն հայի ոգու բարձր և մարտական տրամադրության։
2010-ին հայկական անիմացիոն տոհմի ժառանգորդները՝ Դավիթ, Հայկ և Նաիրա Սահակյանցները համացանցում առաջին անգամ ներկայացրեցին կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որտեղ գրոտեսկային սքեչ ձևաչափով ներկայացվում էր սահմանին տիրող հայ-ադրբեջանական պայքարը։
Բոլոր կարճամետրաժների գլխավոր և հիմնական հերոսը՝ ադրբեջանցի զինվորի հավաքական կերպարն է, որն էլ կրում է գործողությունների զարգացման ինիցիատորական ֆունկցիան։
Բուրլեսկային պարոդիան ադրբեջանական քաղաքականության, զինուժի, նախագահի և կենցաղա-մշակույթային առարկաների մասին խոսում է նաև սիմվոլիզմի ակցենտով։ Նավթը, ոչխարը, փողը, կացինը, ռուսական զենքը և ամերիկյան դիպուկահարը. իրական փաստերն ու ենթադրելի իրավիճակները հիմք են հանդիսանում ադրբեջանցի զինվորին ծաղրելու համար։
Իհարկե, հումորի այս տեսակը նուրբ և սատիրիկ չէ, սակայն, միանշանակ, ունի ֆանտաստիկ ազդեցություն, ինչի մասին վկայում են հարյուր հազարավոր դիտումները, իսկ ֆիլմերից մի քանիսի «վյուները» գրեթե հասնում են միլիոնի։ Սահակյանցները շատ սուղ ժամկետներում ստանում են պրոդուկտ, որի նպատակն է բարդ և լարված իրավիճակներում մի փոքր ցրել համացանցում հրատապ լուրեր ակնկալող հայ օգտատերերին, և փաստորեն, արտադրանքն արդարացնում է իր հիմնական նպատակներից մեկը։
Մեզ կարող են դուր գալ «Սաուս Փարկն» ու «Սիմփսոնները», որտեղ կան բազում ենթաշերտեր, հղումներ և նախատիպեր, բայց համամետել դրանք «Kill Dim»-ի հետ պետք չէ.
Սահակյանցական ֆիլմերը նկարահանվում են սուղ պայմաններում, առանց պատվերի և հովանավորման, պրոդուկտը չի ցուցադրվում կինոթատրոններում և չի թողարկվում հեռուստատեսությամբ, հետևաբար՝ չկա ֆինանսական ֆիդբեք։
Վերջին շրջանում ստեղծվեց Blitz շարքը, ֆիլմերը վերածվել էին 20-30 վայրկյանանոց սքեչ-հոլովակների, սակայն նույնպես ունեցան հազարավոր դիտումներ և վայելեցին հանդիսատեսի դրական արձագանքը։ «ՔիլԴիմյան» սյուժեներն ոգեշնչվում են հակառակորդի քաղաքականությունից, մեդիա պահվածքից, ալիևյան ստրատեգիայից և երբեմն՝ տրագիկ դեպքերից, իսկ գրեթե ցանկացած սյուժեում կա երաժշտական կամ ֆանտասմագորիկ հղում (օրինակ՝ «Տիտանիկ» ֆիլմը, Ֆեթբոյ Սլիմի հոլովակը կամ Բիթլզ խմբի երգերից մեկը)։
Պրոպագանդական պրոդուկտի հետևանքով, Դավիթ Սահակյանցն ասոցացվում է հայկական բանակի գովաբանման հետ և դառնում է թիրախ հակառակորդի համար. ռեժիսորը չար ու նախանձ նամակներ չի ստանում, սակայն երբեմն քննարկվում է ադրբեջանական ԶԼՄներում, ինչի համար միայն ուրախ է. էֆեկտը ստացված է՝ չէ որ յութուբյան տվյալների շնորհիվ հայտնի է, որ
Ադրբեջանը չորրորդ երկիրն է Հայաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո, որտեղ դիտում են «քիլդիմյան» հակամարտությունը։
Տարանտինոն վկա, Բիլին սպանելն ավելի հեշտ է, քան ադրբեջանական զավեշտալի և աբսուրդին հասնող մեդիաարտադրությունը, որը, կարծես, հատուկ հրահրում է նոր սահակյանցիզմների, իսկ պատշաճ որակի հակապրոդուկտ նավթաբիզնեսի հաշվին մուսուլմանական անիմացիոն կինեմատոգրաֆում պարզապես չկա։