BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լեռ Կամսար. Կարմիր օրեր

Լեռ Կամսար. Կարմիր օրեր

Երգիծաբանն այս օրագրությունը սկսել էր 1925-ին, երբ հասկացել էր, որ խորհրդային մամուլի դռները փակ են ոչ կոմունիստական ճշմարտությունների առջև: Այլ այլախոհների հետ 1936-1940 թթ. նա ստրկական աշխատանքի էր քշված Վորկուտայի տայգաներ: Լեռ Կամսարի ձեռագրերը թաքցված են եղել հողում թաղված կճուճների մեջ, որոնք գրեթե ոչնչացել էին 1946 թվականի Երևանի ջրհեղեղի ժամանակ։ Գրողի տան արխիվում Բասարգեչարի (Վարդենիս) աքսորավայրում թղթին հանձնված օրագրությունը վերսկսվում է 1945-46 թվականներից։
Յոթ տարի է՝ աքսորէ վերադարձեր եմ, ու դեռ պետությունը չի արտօներ զիս գրելու: «Քիչ մըն ալ պետք է սպասել»,- կըսէ: Ես հույսս կտրեր եմ բոլորովին:
Ճիգ կթափեմ գրող չըլլալ, մեռնել որպէս գրող՝ չեմ կրնար: Ամբողջ 35 տարի գրելուս համար շատ դժվար կուգա։ Ես առաջ կկարծէի, թէ գրող ըլլալն է դժվարը, այժմ կտեսնեմ, որ չգրող ըլլալն ավելի ծանր է, քան գրող:
Ի՜նչ ընեմ… Հնար ըլլար՝ իմ գրական շնորհքս աժան ծախէի մէկի մը կամ ունակություննիս բեռնակրի մը հետ փոխանակէի:
Երբ աղէտի մը հետևանոք տունդ ձեռքէդ կերթա, մէջի ապրանքը կվաճառես, ինչ գին ալ վճարելու ըլլան… Ի՜նչ ըրի, Աստվա՜ծ, ի՞նչ հանցանք գործեցի, որ տասը տարի լռեցնելէ ետքը՝ կառաջարկեն այժմ մեռնել:
Մեռնել այն ժամանակ, երբ իրենք սաստիկ կարիք կզգան ինձ նման երգիծաբանի մը: Այն ժամանակ, երբ խորհրդային մամուլն գուն կգործէ ժպտալ իր էջերում ու չի հաջողեր:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց: Սովետական Միությունը հաղթեց Գերմանիային: Կսպասէի, որ մեր հաղթական կառավարությունը թևերը սոթտած լվացարանի տակ լավ մը լվացվէր, գար սեղանի շուրջը նստէր և հրամայէր, ինչ անուշ բան կա, սեղանին բերել… Կարծես պատերազմն դեռ չի վերջացած: Ավելին: Կարծես դեռ նո՜ր պիտի սկսի: Այնքան կնճռոտ է պետության ճակատը, այնքան անժպիտ է իր երեսը… Հիմա ի՜նչ ընեմ, Աստված, ի՜նչ ընեմ: Ես ինչպէ՞ս մեռնեմ, երբ անգամ հիվանդ չեմ: Ինչպէ՞ս չգրեմ, երբ միտքերը կհորդեն, կլեցվեն, ինչպէս հորթատված կովի մը ստինքները, ու ծծող չլինելու համար գետին կթափվի պտուկներէն իզուր:
Երեք տարի հեռավոր հյուսիսը տաժանակրության գացի այն պատճառով, որ միշտ պետական ապարատին թերությունը ծաղրեցի ու բնավ չգովեցի, չփափայեցի զիրենք: Բայց մի՞թէ հնար է, որ վիրաբույժը իր ածելիով ու սուր չանգալներով մասաժ կատարէ: Երգիծաբանն որ սկսէ ներբողել, հապա ո՞վ պիտի երգիծէ: Ըստ դատավորիս մեղադրանքի՝ եթէ ես կհարվածեմ ոչ թէ ուղղելու, այլ մեռցնելու համար, ինչո՞ւ 15 տարի թույլ տվիք ձեր թերթերում գրելու: Եթէ վատ բժիշկ էի, 1921 թվին ինչո՞ւ կանչեցիք ինձի Թավրիզէն, ինչո՞ւ ձեր վերքերը բացիք իմ առջև: Ես ընդմիշտ Թավրիզ կմնայի, դուք ալ կապրէիք հոս անսխալական… Այլապէս երգիծանքը տզրուկ է, նա կծծէ կեղտոտ արյունը միայն:
Փողոցին մէջ կպատահի ընթերցողս ու կըսէ.

- Ա՜խ, ե՞րբ վերջապէս անգամ մըն ալ պիտի կարդանք քո ֆելիետոնները, ինչպէ՜ս ծարավի ենք գրվածքներիդ:

Ան ատեն դժվարությամբ թարկած ծխողի մը նման նորէն ծխախոտի տուփը կհանեմ ու պապիրոս մը կփաթտեմ «վերջին անգամ մը» ծխելու համար: Ես որպէս հորդաբուխ ստինքներով կով կապված եմ մի ծառի, իմ ընթերցողները սովահար հորթերու նման՝ մի այլ ծառի, ու պատկառելի հեռավորության վրա կմզզանք ու կգալարենք մեր ծառերու շուրջը…
Երկուշաբթի, 3
Պառկածս տեղ նորէն կանդրադառնամ Հայաստանի կառավարությանը ինձի տված պատասխանին: Կըսէ՝ քո աշխատակցության պէտք չունենք, վասնզի երգիծանքդ շատ սուր է: Այս տեսակ առարկություն կըլլա՞: Զարմացեր մնացեր եմ: Այդ նույնն է, թե սափրիչիդ ըսես՝ քուզո՛ւմ, ատ սուր ածելին վար դիր, փայտէ ածելիով զիս սափրէ, կվախնամ կո՜ր… Չէ՛, տարօրինակ է: Ճամբա՛ տվէք՝ անգամ մըն ալ զարմանամ, զարմանամ ու ապշեմ: Այո՛, ապշեմ ու ապուշ ալ մնամ…
Երեքշաբթի, 10
Խորհրդային բանաստեղծներու բերնին մէջ ոտանավորները կեռան, կփրփրեն, կթափեն. թուղթ չկա, որ վրան անցունեն։ Ինչո՞ւ չեն հայտարարեր. «Ով թուղթ ունի, բերի՝ ձրի ոտանավոր տանք»։ Միևնույն է, այն ոտանավորները, որոնք բնույթով քաղցր- մեղցր ներբողներ են, մինչև մյուս օրը չեն դիմանար. կքացխեն։
Հինգշաբթի, 12
Փաստ է արդէն, որ մուկերը մասսայաբար կթողուն Պետհրատին գրքերու պահեստը։ Խորհրդային գրողներու գիրքերը իրենց ատամներովը կարդալ- վերջացնելով՝ նոր գրքերու կսպասեն անձկավ, որը, սակայն, չկա թղթի սովին պատճառով։ Ես կենդանաբանությունէն քիչ գաղափար ունեմ և հատկապէս չեմ կրնար ըսել՝ մուկերը, ուտելով այդ գրքերը, թղթո՞վ կսնվէին, թէ՞ միջի մտքերով։ Եթէ մտքով, հոգ չէ, մտքերն հիմա ալ չեն պակսեր, իսկ եթէ թղթով, պիտի սպասեն, որ սովետա-ֆիննական առևտրական կապն ամրապնդի քիչ մը։ Անոնք, ճիշտ է, հաշտվեցան, բայց տակավին կռնակ կռնակի կպառկեն…
Շաբաթ, 14
Որպէսզի ճաշը աղէկ մարսվի, պէտք է ունենալ լրիվ ակռաներ ու մանր ծամել։ Անատամ մարդու կերածը մէկ դուռնով ներս կմտնէ, մյուսովը կելլէ՝ առանց օգուտ մը տալու օրգանիզմին։ Որպէսզի մի երկիր կարողանա քաղաքակրթական բարիքներէն օգուտ քաղել, պէտք է ըլլա հարուստ, խելացի ու առնվազն նորմալ։ Այս բարեմասնությունք չունեցող երկիր մը քաղաքակրթությունը մէկ կողմէն կմտնէ, մյուսէն դուրս կելլէ։ Քաղաքակրթական բարիքներէն մէկը օթոմոբիլն է՝ մեքենայացված այդ տրանսպորտը։ Երբ առտուն Երևանի փողոցը կելլես, հազարավոր ավտոներ, ոչ՛, տասը հազարական ավտոներ հևասպառ վեր ու վայր կսուրան, զուգահեռ կերթան ու օրական «տասնյակ մարդիկ» կմեռցունեն։
Բայց օրերով եթէ կանգ առնես-նայես, չես նկատի գէթ մէկ հատիկ մեքենա, որուն մէջ գէթ քանի մը մսխալ բեռ ըլլա։ Եթէ կտեսնես, որ ավտո մըն ալ հեռվէն կուգա ծանրաբեռնված, գիտցի՛ր, որ մէջը բանտարկյալ է։ Ահա խորհրդային միակ ապրանքն։ Ասիկա բեռնատար մեքենաներուն կվերաբերէր։

Տարածել