Մարիաննա Պողոսյան. «Երբեք, երբեք մի՛ մոռացեք Ձեր մեծ երազանքի մասին»
newmag-ն ու աշխարհահռչակ «ՄԱՏՏԵԼ» կորպորացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Մարլի» ընկերությունը բացառիկ մի նախագիծ են իրականացնում, որը հայ փոքրիկներին ու նրանց ծնողներին առաջարկում է երազանքներն իրագործել Barbie-ի հետ: Նպատակը երիտասարդ աղջիկներին ոգևորելը և ներշնչելն է, որ նրանք հետևեն իրենց երազանքներին: Նախագծի համար ընտրվել են իրենց ընտրած մասնագիտություններում հաջողության հասած կանայք, ովքեր իրենց փորձով օրինակ են ծառայում դեռահաս աղջիկներին և ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել այն, ինչ երազում է։
Ի՞նչ է իրականում Barbie-ի նպատակը։ Նրբագեղ տիկնիկի առաքելությունն է աղջիկներին օգնել բացահայտել իրենց անսահմանափակ հնարավորությունները, սովորեցնել երազել և ձգտել. չէ՞ որ աղջիկը նույնպես առանց սահմանափակումների կարող է ընտրել այն մասնագիտությունը, որը ցանկանում է։ Նախագծի համար ընտրված են նաև մեծ երազանքներով դեռահաս աղջիկներ: Այս անգամ մեր հերոսուհին 12-ամյա Ինեսսա Փինաջյանն է: Նա երազում է լրագրող դառնալ: Իր առաջին հարցազրույցն այս ասպարեզում Ինեսսան կունենա բալերինա Մարիաննա Պողոսյանի հետ։
- Հիշո՞ւմ եք Ձեր մանկության առաջին Barbie-ին: Կպատմե՞ք նրա մասին:
- Առաջին Barbie-ն նվեր եմ ստացել 10 տարեկանում: Շատ ակտիվ ու չարաճճի երեխա էի, այդ պատճառով շատ կարճ ժամանակ խաղացի այդ տիկնիկի հետ: Բայց Barbie-ից իմ առաջին տպավորությունը շատ ազդեցիկ էր: Ինձ համար ներդաշնակ և կատարյալ մի կերպար է Barbie-ն:
- Barbie-ն կարո՞ղ է ազդել երեխաների երազանքների վրա:
- Այո՛, կարող է երազանքի ուրվագիծ տալ աղջիկներին: Գուցե դա կատարյալ արտաքինը լինի. չէ՞ որ գեղեցիկ լինելը կնոջ ամենամեծ երազանքն է: Կարևոր է նաև, որ փոքրիկ աղջնակները Barbie-ից մի կարևոր բան էլ սովորեն. արտաքինը գեղեցիկ է, երբ ներաշխարհն էլ է կատարյալ:
- Ինչի՞ մասին էիք երազում, երբ 10 տարեկան աղջիկ էիք:
- Ամենից շատ ուզում էի բալետի գնալ: Երբ մեր տանը կոնֆետի փոքր տուփի վրա տեսա սովետական բալետի պարուհիներին, հիացած հարցրեցի. «Սա ի՞նչ է»: Մայրիկս պատմեց բալետի ու պարուհիների մասին: Հետո հեռուստատեսությամբ դիտեցի Մայա Պլիսեցկայային «Կարմենում» ու պարզապես սիրահարվեցի այդ արվեստին և այդ կնոջ կերպարին: Մինչև այժմ նա ուղղորդում է ինձ:
Կարդացեք նաև.
- «Անկախ տարիքից՝ պետք է հավատալ երազանքին». Լուիզա Ղամբարյան
- Հուրի Գեբեշյան. «Հետևե՛ք երազանքներին»
- Թագուհի Ժանետ. ֆոտոշարք երազանքի մասին
- Ո՞վ է Ձեզ ոգեշնչում:
- Իմ մայրիկը և հայրիկը: Իրենց անցած ճանապարհով, իրենց օրինակով, իրենց մարդկային սկըզբունքներով կամա թե ակամա շատ են ազդել իմ ձևավորման, կայացման վրա: Նաև պապիկս՝ իր խիզախությամբ, ինձ համար կենդանի հերոս էր:
- Կա՞ր այնպիսի բան, որ Ձեզ վախեցնում էր զբաղվել բալետով. չէ՞ որ Դուք շատ ուշ եք սկսել:
- Ես ընդհանրապես չէի պատկերացնի, որ կարող եմ հաղթահարել այդքան բարդ դժվարություններ: Խոսքը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրների մասին է: Ամենամեծ փորձությունը երևի վախն էր, որ հաղթահարեցի ու հավատացի իմ ուժերին:
- Եթե հնարավորություն ընձեռվեր, ի՞նչը կփոխեիք անցյալում:
- Վերջերս նայում էի Փարիզի Գրանդ օպերայի դպրոցի ընդունելությունը՝ ինչպես էին փոքրիկներին զննում, քննում: Ես կերազեի սովորել Գրանդ օպերայի դպրոցում:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մեծ երազանքներով փոքրիկ աղջիկներին:
- Կասեմ` ձեր երազանքը տրոհե՛ք փոքր քայլերի և մշակված ծրագրով սկսե՛ք աստիճանաբար իրագործել ձեր մեծ երազանքը: