Մարիամ Մերաբովա. Քաղաքական խաղերից հեռու
«Հայկական ջազ» հասկացություն եղել է ու կա: Այն տարբերվում է իր կոլորիտով: Ինչպես հայկական գեղանկարչության գույները չես շփոթի, այդպես էլ հայկական ջազի մեղեդիները ճանաչելի են հեռվից հեռու»:
Ցուցադրական ջազն իրականից Մերաբովան հեշտ է տարբերում. երաժշտությունը պետք է անկեղծ լինի: Հայկական ջազի ռուսաստանյան ձայնը համարում է, որ սևամորթների էթնիկ երաժշտությունը ճգնաժամ է ապրում ամբողջ աշխարհում. «Ամերիկայում հիմա ջազ չկա: Մայլս Դևիսի մտերիմը մի անգամ բողոքում էր, թե վերջ, ընկերնե՛ր, ԱՄՆ-ում ջազը մեռած է: Այն հնչում է միայն Նյու Յորքում»:
Մարիամը ցավով է արձանագրում` հանդիսատեսի պահանջները փոխվել են: Լսարանն ավելի պարզունակ է դարձել.«Կյանքն այնքան բարդ է հիմա դարձել: Մարդիկ գալիս են համերգի և ուզում են հանգստանալ: Հանգիստը նրանք գտնում են թեթև երգերի մեջ: Ինստրումենտալ լուրջ երաժշտությունը պետք է լսել և կարողանալ ընկալել, ինչը բարդ առաջադրանք է ժամանակակից երիտասարդության համար: Մենք` որպես անհատ ու արտիստ, ավելի խորը, լուրջ ենք դառնում ժամանակի հետ, մեր լսարանը, հակառակը,դեպի համաշխարհայնացում է գնում, պարզունակ է դառնում»:
iPad-ների ու iPhone-ների, «Facebook»-ի և «Twitter»-ի դարում ապրող երիտասարդն այլևս տոմսարկղի մոտ հերթ կանգնելու կարիք չունի: Ցանկացած համերգի կարող են հետևել տանը` HD որակով, լայնէկրան հեռուստացույցով:
Միանման հագնվող, նույն ռոք տակտերի տակ գլուխը թափահարող երիտասարդները սարսափեցնում են Մերաբովային. «Բոլորը նույն ֆաբրիկայից կարծես դուրս եկած լինեն, նույն ոճաբանի ձեռքի տակով անցած լինեն: Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Անհատականությունը՝ որպես այդպիսին, ավելի ու ավելի հազվադեպ է հանդիպում: Ես ամենևին դեմ չեմ տեխնիկական առաջընթացին: Ոչ մի դեպքում: Բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: «Facebook» ես էլ եմ օգտագործում: Լավ տարածք է շփվելու, գովազդի համար: Բայց եթե սկսեմ այնտեղ ապրել օրվա 12 ժամը,կկործանվեմ: Մինչդեռ կան այդպիսի մարդիկ: Նրանց հետաքրքիր չէ կյանքը, նրանց համար ձանձրալի է ապրելը»: