Ընդդեմ Հայաստանի և հանուն հանրապետության. նրանք շահել են դատը միջազգային դատարանում
Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների դատարանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության քննել է ՀՀ քաղաքացիների 60-ից ավելի գործ: ՄԻԵԴ-ում դատը շահած քաղաքացիներին փոխհատուցված գումարների չափը սկսվում է 50 եվրոյից և կարող է հասնել մի քանի 100 հազար եվրոյի: Հայտնի է, որ ՄԻԵԴ-ին հնարավոր է դիմել միայն այն դեպքում, երբ բողոքը կամ հայցը անցել է Հայաստանի բոլոր դատական ատյաններով կամ սպառվել է տեղի դատարանով հարցը լուծելու հնարավորությունը:
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ա Ն Ա Ր Դ Ա Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ի Ն Կ Ա Տ Մ Ա Մ Բ
Անահիտ Սաղաթելյանը Վարդենիսում մոտ 8 տարի դատավոր է աշխատել: 2004-ի փետրվարի 17-ին, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ` դադարեցվել են դատավորի լիազորությունները: Հիմնավորումն այն էր, որ Անահիտը արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում: Նախկին դատավորը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայցում նշված է եղել, որ իրեն զրկել են դատական համակարգից հեռացվելու որոշումը դատարանում վիճարկելու իրավունքից: Եվրադատարանը որոշել է, որ խախտվել են Անահիտ Սաղաթելյանի իրավունքները: Հայաստանի կառավարությունը պարտավորվել է նրան վճարել 4900 եվրո տուգանք:
Ա Պ Օ Ր Ի Ն Ի Ա Ն Ա Զ Ա Տ ՈՒ Թ Յ Ա Ն 44 Օ Ր Վ Ա Հ Ա Մ Ա Ր
Հայկի դեմ քրեական գործ էր հարուցվել 2007-ին` ծանր մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով: Մեկ ամիս անազատության մեջ գտնվելուց հետո, Հայկը փաստաբանի միջնորդությամբ գրավով ազատ է արձակվում: Անցնում է մի քանի օր, և նրան կրկին հրավիրում են քննչական կոմիտե ու կալանավորում: Ճաղերի ետևում Հայկը մնում է երկու շաբաթ: Փաստաբանը նորից դատարան է դիմում` հայցով, որ Հայկի կալանավորումը ապօրինի է: Սահակյանին կրկին բաց են թողնում: Այնուհետև Էրեբունի և Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Սահակյանի գործով արդարացման վճիռ է կայացնում: Նրա փաստաբանը քաղաքացիական հայցով դիմում է դատարան՝ պահանջելով բարոյական փոխհատուցում` իր պաշտպանյալին 44 օր անազատության մեջ պահելու համար։ Մերժում ստանալուց հետո Հայկ Սահակյանը դիմում է ՄԻԵԴ: Եվրոպական դատարանի որոշմամբ` Հայաստանի կառավարությունը պարտավորվում է նրան վճարել 3000 եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Հ Ա Շ Մ Ա Ն Դ Ա Մ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՈՒ Ն Ե Ց Ո Ղ Ե Զ Դ Ի Ն Ը Ն Դ Դ Ե Մ Վ Ճ Ռ Ա Բ Ե Կ Ի
Արմավիրում ապրող եզդի Ռադիֆա Շամոյանի բողոքը սկսվել է սովետական տարիներից: Այն հասավ նաև ՄԻԵԴ: Ռադիֆան 80-ականներին բողոքում էր, որ իրեն բնակարան չեն հատկացնում: Ի վերջո Արմավիրում բնակարան ստացավ: Ռադիֆան հիմա գամված է հաշմանդամության սայլակին: Միայն մի ձեռքն է աշխատում, մի ոտքն էլ անդամահատված է: Ճիշտ է, Ռադիֆայի բնակարանը առաջին հարկում է, սակայն նա շատ մեծ դժվարությամբ է կարողանում տնից դուրս գալ: Ռադիֆան դիմում է դատական գրեթե բոլոր գերատեսչություններին, պահանջում, որ իր տան հարևանությամբ գտնվող շինությունը քանդվի, դրա փոխարեն թեքահարթակ կառուցվի, որպեսզի ինքը կարողանա բակ դուրս գալ: Ռադիֆան, սակայն, դատարանում հայցապահանջի բովանդակությունը փոխում է. նա ոչ թե շինության ապամոնտաժում է պահանջում, այլ պահանջում է, որ այդ շինությունն իրեն տրամադրեն: Դատարանը մերժում է նրա այդ հայցը: Ռադիֆան դիմում է վճռաբեկ դատարան, սակայն դատարանը նրա գործը վարույթ չի վերցնում` հիմնավորելով, որ Ռադիֆան դատարան է ներկայացել փաստաբանի հետ, որը հավատարմագրված չէ Փաստաբանների պալատում: Ռադիֆան իր բողոքը 2008-ին հասցնում է Մարդու իրավուքնների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ը վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ կետի խախտում, այսինքն` անձին զրկել են վճռաբեկ դատարանի մատչելիությունից: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է նրան վճարել 3600 եվրո: