[newmusic] Որակյալ և պոզիտիվ Aram MP3-ն ու Սիրուշոն, սեքս և արյուն Մենսոնից և նոր «Penthouse»-ը
Չեմ կարող ասել, որ բոլորը գլուխգործոց են, բայց այն փաստը, որ հայկական շուկայում հայտնվում են երգեր, որոնց համար ոչ միայն չես ամաչում, այլև սիրով տեղադրում ես Նյումեգի երգացանկում, արդեն իսկ ուրախալի է:
Նախապես նշեմ, որ շաբաթվա երգաշատության պատճառով կլինեմ մաքսիմալ լակոնիկ՝ քիչ տեքստ, շատ երաժշտություն սկզբունքով:
Ինձ համար այնքան էլ պոզիտիվ չէր շաբաթը Marilyn Manson-ով սկսելը, բայց Johnny Depp-ի՝ հոլովակում նկարահանվելը հետաքրքրություն առաջացրեց: Ամեն ինչ դասական Մենսոնական է՝ սեքս, արյուն, մերկ աղջիկներ ու Աստվածաշնչյան թեմա (Դեփն ու Մենսոնը մարմնավորում են Կայենին և Աբելին):
Imagine Dragons անունը ինձ մոտ սկսել է ասոցացվել որակի հետ: Ու այդպես էլ կա՝ նրանք դեռ երբեք չեն հիասթափեցրել թե ՛ երաժշտական առումով, թե ՛ տեսահոլովակների: Whatever It Takes-ը՝ խոսքերիս ապացույց:
Հին ու բարի soul-ի սիրահարներին անպայման կուրախացնի Sharon Jones-ը: Դասական հնչյուններ ու վոկալ՝ առանց ավելորդությունների ու թիթիզության: Մնացածն, ինչպես ասում է երգի վերնագիրը, ժամանակի հարց է:
Անգլիական հիփ հոփն անչափ սիրում եմ ոչ միայն բրիտանական անգլերենի յուրօրինակության համար, այլև ժանրի մի ճյուղի, որը ծնվել է հենց Լոնդոնում և կոչվում է Grime: Հենց այս ոճում է կարդում 67-ը (այո, ես էլ վաթսունյոթ կարդացի):
Անկեղծ ասած, մինչև այս պահը John Legend-ի՝ լսածս վերջին ամենահաջող երգը «Who Did That To You»-ն էր՝ Տարանտինոյի «Ջանգո ազատագրվածը» ֆիլմից:
Նոր «Penthouse»-ը մի փոքր հույս տվեց, որ այս վիճակագրությունը կփոխվի:
Դժվարանում եմ բնորոշել, թե ժամանակակից ջազը հատկապես ինչով է առանձնանում, բայց լսելիս ենթագիտակցորեն հասկանում ես, որ նոր հնչյուններ են հասնում ականջիդ: Այդպիսի հնչյուններ հասցնողներից է Thundercat-ը:
Ֆրանսիական Phoenix խմբի նոր՝ «Ti Amo» տեսահոլովակում ակտիվորեն պրոպագանդվում է 70-ականների մշակույթն ու հայտնի դերասանուհի Սիբիլ Շեփերդի գեղեցկությունը, և դա ինձ դուր է գալիս, հուսամ նաև ձեզ դուր կգա:
Իսկ հիմա անցնենք մեր երգիչներին ու երաժիշտներին:
Վերջին երկու օրերին հայկական համացանցը չէր կողմնորոշվում՝ որ երգին առավել շատ ուշադրություն ընձեռել. Սիրուշոյի «Huh-Hah» -ի՞ն, թե՞ Aram MP3-ի և 3.33-ի դուետին՝ «SKSUM ENQ» լատինատառ անվանումով:
Երկուսն էլ, չնայած կանխատեսելիությանը, ստացվել են որակյալ և պոզիտիվ: Ոճային առումով բավականին տարբեր են, բայց պարային են ու ՀՀ տարածքում հիթ դառնալու մեծ պոտենցիալով:
Անչափ ուրախալի է, երբ հայկական ժամանակակից երգում լսում ես այնպիսի հայերեն, որը քեզ հիշեցնում է ծնողներիդ ու նրանց ընկերների կիրթ ու մի տեսակ ուրիշ, էլեգանտ հայերենը: Այդպիսի հայերենով էին երգում 70-ականների Երևանում, և այդպիսինն է ստացվել նաև Արման Աղաջանյանի ու Արմինկայի դուետը, իսկ վերոհիշյալ հայերենի գաղտնիքը շատ պարզ է՝ երգի խոսքերի հեղինակն է լուսահոգի Տիգրան Նաղդալյանը:
Ցուցակը եզրափակում եմ հայկական թառը նոր մակարդակի վրա բարձրացրած Միքայել Ոսկանյանի և RED-ի համատեղ աշխատանքով: Ականջը պարզապես շոյվում է, երբ լսում ես էլեկտրոնային երաժշտություն՝ համեմված թառի կոլորիտային, բայց ոչ «քյարթու» նոտաներով: Առանձին շնորհակալություն՝ SoundCloud-ի համար. այստեղ երաժշտությունը շատ ավելի հաճելի է ունկնդրել: