Նոբելյան մրցանակակիր. Սիլվա Կապուտիկյանի վրա էլ թքեցին
Բելառուս գրող, լրագրող Սվետլանա Ալեկսիևիչը Նոբելյան մրցանակ է ստացել: Գրականության ոլորտի այս մրցանակը Բելառուսի համար առաջինն է, բայց ռուսերենով գրող Ալեկսիևիչի գործերը Բելառուսում չեն հրատարակվում: Նրա ամենահայտնի գործերը չեչենական պատերազմի, Չեռնոբիլի, 90-ականների ու Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին են: Եվրոպայում երկար ապրելուց հետո նա վերադարձել է Բելառուս, որպեսզի գրի իր նոր գիրքը: «Մեդուզային» տված հարցազրույցում գրողը պատմել է իր նոր գրքի մասին և թե ինչպես են եվրոպացիները դիմավորում ներգաղթյալներին:
- Դուք Ձեզ համարում եք սովետակա՞ն, բելառո՞ւս, ռո՞ւս, թե՞ եվրոպացի գրող:
Սվետլանա - Իմ ճակատագիրն, իրոք, այնքան էլ սովորական չէ. գրում եմ ռուսերեն, ծնվել եմ Ուկրաինայում`ուկրաինացու ու բելառուսի ընտանիքում, միանգամից տեղափոխվել եմ Բելառուսիա: Եվրոպականն իմ ու իմ գրքերի կենսագրությունում ավելի շատ է: Այդպես է ստացվել: 12 տարուց ավելի իմ հայրենիքում չեմ եղել: Ապրել եմ Եվրոպայում` Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում: Մինսկ վերադարձել եմ երկու տարի առաջ:
- «Չեռնոբիլյան աղոթք»-ը[1] նախկինի պես Ձեր ամենահայտնի՞ գիրքն է:
- Այս պահին ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է «Սեքնդ հենդ ժամանակ»-ը[2]:
- Թվում էր` 90-ականները միայն սովետական ընթերցողին պիտի հետաքրքրեին:
- Ոչ, ոչ: 90-ականները հասկանալն ու վերապրելը համաշխարհային միտում է: Եվրոպան այդ տասնամյակում բոլորովին այլ էր, ես արդեն այնտեղ էի ապրում: Հիշում եմ` ընկերուհուս հետ մոլորվել էինք ինչ-որ տեղ` Գերմանիայում, և չէինք կարողանում կողմնորոշվել: Կանգնացրինք գերմանացի մի զույգի, որ ճանապարհը ցույց տան: Աստված իմ, ի՜նչ սկսվեց, երբ իմացան, որ ռուս ենք: Նրանք մեզ համբուրում էին, գրկում, ուրախանում էին մեզնով: Գիտե՞ ք, հետո ես երկար եմ ապրել Գրեմանիայում ու հասկացել եմ, որ գրեթե անհնար է, որ գերմանացիները անծանոթ մարդուն այդպես գրկեն ու համբուրեն: Այն ժամանակ բոլորը, կարծես, խելագարված լինեին:
- Այժմ այդպես չէ՞:
- Ոչ: Հիմա ամենևին այդպես չէ: Եվրոպան էլ է փոխվել: Փոխվել է հետաքրքրության վեկտորը:
- Այսօր ի՞նչն է հուզում Եվրոպային:
- Եվրոպան մարդկայնության քննություն է հանձնում: Եվ, կարծում եմ` անթերի է հանձնում: Ես նոր եմ եկել իտալական հինավուրց Մանտույա քաղաքից: Տեղի ինտելեկտուալները ինձ հրավիրեցին «Բոբիկների երթի»: Այդպիսի երթ առաջին անգամ անցկացվել է Վենետիկում, հիմա բոլոր քաղաքներում կա: Մարդիկ հանում են իրենց կոշիկները ու ոտաբոբիկ քայլում են քաղաքում` ի նշան ներգաղթյալների հետ համերաշխության: Դուք պետք է տեսնեիք այդ մարդկանց դեմքերը: Եվ այն էլ` Իտալիայում, որտեղ ազգայնականությունը շատ ուժեղ է: Մի խոսքով, Եվրոպան պատվով է դուրս գալիս իրեն բաժին հասած փորձություններից:
- Եվ չի՞ վախենում հետևանքներից:
- Լսեք, Եվրոպան 1917 թվականին երեք միլիոն ռուսների ընդունել է, մշակել է, մարսել է: Եվ չի մահացել: Այդ օրից միլիոնից ոչ պակաս ներգաղթյալներ ինչ-որ մի պատմական դժվար պահի միշտ հայտնվում են այնտեղ: Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, ներգաղթյալների մեծ հոսք եղել է, երբ մարդիկ փախչում էին Ռուհոլլա Խոմեինից[3]: Նրանց էլ ընդունեցին: Ֆրանսիայում ես ապրել եմ Սյուրենում: Շուկա էի գնում, բանջարեղեն վաճառող ներգաղթյալ կինը նորությունների իմ հիմնական աղբյուրն էր: Նա ինձ հետ ամեն ինչ քննարկում էր, մենք շատ երկար զրուցում էինք, հետաքրքիր շփում էր:
- Իսկ այս ձմռանը Փարիզը դարձավ սարսափելի նորությունների կենտրոն:
- Այո, բայց Եվրոպան դա էլ հաղթահարեց ու շարունակեց ապրել: Այնտեղ փրկություն փնտրողների պատճառով Եվրոպական արժեքների մոտալուտ վախճանի, վախի մասին, կարծես թե խոսում է միայն ֆրանսիական Ազգայնական ճակատի լիդեր Մարին Լե Պենը: Իտալիա իմ այցելության ժամանակ գիշերում էի ընկերուհուս տանը: Առավոտյան արթնացա նրանից, որ պատուհանի տակ ինչ-որ մեկը շատ գեղեցիկ ու շատ բարձր երգում էր: Հավաքարարն էր: Մենք զրույցի բռնվեցինք: Նա պատմեց, որ ուզում է ներգաղթյալների ընտանիքի ընդունել. «Ես տնակ ունեմ, ինչու չտալ նրան, ով ունի դրա կարիքը»: Սա համաեվրոպական ընկալում է: Խիստ կարեւոր է, որ այդ հայացքներն ու այդ որոշումներն արձակվում են մշակութային շերտից: Եվ հասարակությունն այն ընդունում է:
- Այսինքն, կրթված, մշակութային փոքրամասնությունը` էլիտան, Եվրոպայում թելադրում է օրակա՞րգ: Դուք դա տեսել եք Ձե՞ր աչքերով:
- Այո, աշխարհում բոլորը վաղուց հասկացել են, որ ռացիոնալիստական զարգացումը փակուղի է տանում: Լուսավորյալ Եվրոպան հավատում է, որ աշխարհը կփրկի հումանիստ մարդը: Եթե մենք չմտածենք այդ մարդու մասին, կկործանվենք: Ապագայի հանդեպ այդ պատասխանատվությունը հասարակությունը թողել է մշակույթի գործիչների վրա: Այդ մասին հիմա ամենուր շատ է խոսվում` հանդիպումների, քննարկումների ժամանակ, նույնիսկ հեռուստատեսությամբ: Օրինակ, Ֆրանսիայում, եթե միացնես հեռուստացույցը, ամենայն հավականությամբ կհանդիպես ինչ-որ խոսակցական հաղորդման: Ի դեպ, ոչ այնպես, ինչպես մեզ մոտ է` տասը րոպե խոսում են, հետո երկու ժամ երաժշտություն ու ծիծաղ է: Ոչ: Մեկն է խոսում կես ժամ, մյուսն է խոսում: Խոսում են, մինչև թեման ծամծմվի, որպեսզի բոլորը հասկանան: Ոչ վաղ անցյալում, Գերմանիայի մշակույթի նախարարն էր ելույթ ունենում: Նա ասում էր, թե ի՞նչ է պետք անել աշխարհում կուտակվող ատելության հետ: Հրաշալի էր խոսում: Շատ ազդեցիկ պատմեց, թե ինչ չուներ, երբ փոքր էր, ինչպես էր պայքարում իր իրավունքների համար, ինչպես էր կարողանում զսպել զգացմունքները: Նաև այն մասին, թե մինչև հիմա ինչպես է աշխատում իր վրա: Ես ցնցված էի: Խոսում էր ոչ թե անդեմ բյուրոկրատական մեքենան, այլ մարդը:
[1] Եվրոպայում վաճառվել է ավելի քան 4 միլիոն օրինակով
[2] Գիրքը պատմում է 1990-ականների մասին
[3] Ռուհոլլա Խոմեինի - 1979 թվականին իսլամական հեղափոխության առաջնորդ
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)