Ստեփանավանի աղջիկների փողային նվագախմբի բացառիկ պատմությունը և տխուր ավարտը
Ստեփանավանն այսօր փոքրիկ գավառական ավան է՝ օրեցօր պակասող բնակչությամբ: Մինչդեռ 19-րդ դարի երկրորդ կեսին Ջալալօղլին Լոռվա մշակութային կենտրոնն էր: Հենց այստեղի դպրոցում է սովորել Հովհաննես Թումանյանը մինչև Թիֆլիս տեղափոխվելը: Նրա հուշերում ուշագրավ տեղեկություններ կան Ջալալօղլու մասին: Բացի կարմիր կղմինդրե տանիքներով, սպիտակ, կոկիկ տներից, որոնք զարդարում էին մշակված այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները, այստեղ կար թատրոն, կային ժամանցի վայրեր, այսօրվա քաղաքային այգու տարածքը երեք անգամ գերազանցող զբոսայգի, որը ստեղծել էր ցարական բանակի գեներալ Լեսովոն: Նա էլ 1895 թվականին հիմնադրել էր Ջալալօղլու առաջին փողային նվագախումբը, որը Ստեփանավանում դրեց փողային երաժշտության չընդհատվող ավանդույթի հիմքը:
Ստեփանավանը միշտ ունեցել է փողային նվագախումբ, նույնիսկ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, երբ նվագախմբի ղեկավարը զորակոչվել է: Վաթսունականներին այստեղ ստեղծվել է ջազ բենդ: Նվագել են մշակույթի պալատում, հրապարակում, փողոցներում, գյուղերում, անգամ սարերում՝ անասնապահների համար: Մինչև 88-ի երկրաշարժը Ստեփանավանի քաղաքային զբոսայգու տաղավարում ամառային երեկոներին ելույթ էր ունենում փողային նվագախումբը: Սակայն ստեփանավանցիների հպարտության առարկան վաթսունականներին Մկրտիչ Ստեփանյանի ստեղծած՝ աղջիկների փողային նվագախումբն է, որը բացառիկ էր ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային միության տարածքում:
«Կարծես համընկան Գագարինի թռիչքն ու մեր նվագախմբի ստեղծումը,- պատմում է Մարգարիտա Պապյանը.- Գագարինի թռիչքից հետո դպրոցում տողան եղավ, և հայտարարեցին, որ դպրոցը նոր փողային գործիքներ է ստացել: Ասացին, որ աղջիկների նվագախումբ պիտի լինի, և ով ցանկանում է մասնակցել, թող մոտենա երաժշտության ուսուցչին: Դասամիջոցին գնացի դահլիճ, տեսա, որ շատ աղջիկներ են հավաքվել: Ընկեր Ստեփանյանը մեզ հարևան էր, Կամիր բանակի փողոցում էր ապրում, ես՝ Մարքսի: Ասաց. «Բոլոր գործիքներն արդեն զբաղված են. դու ամրակազմ աղջիկ ես երևում, քեզ մեծ գործիք եմ տալու»: Մինչև այդ ես տեսել էի փողային նվագախումբ: Մեր քաղաքում կար այդ ավանդույթը. քաղաքում բացօթյա կինոթատրոն ունեինք, ամեն երեկո նվագում էին այնտեղ: Պարահրապարակ կար, մարդիկ պարում էին: Բոլոր գործիքներին ծանոթ էի: Որ ասաց՝ մեծ գործիք, պատկերացրի մեծ թմբուկը, բայց երբ ցույց տվին գործիքս՝ բասը, հանգըստացա: Իմ գործիքն ավելի փոքր էր, քան ընկերուհունս: Ճիշտ է, էլի մեծ էր ինձ համար, պիտի գրկեի գործիքը. ձեռքերս չէին հասնում»: