«Առավոտ» օրաթերթի հատուկ անդրադարձը «Սափիենս» գրքին

Լուրն այն մասին, որ Յուվալ Նոյ Հարարիի բեսթսելերը՝ «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» թարգմանվել է հայերեն եւ մեկ շաբաթ առաջ հրատարակվել է, ինձ հրաշալի հնարավորություն տվեց որոշ ժամանակով մոռանալ քաղաքականության մասին, եւ այս սյունակը նվիրել վերջին տասնամյակի նշանավոր գրքերից մեկին: Պատմությունից 20 դասախոսությունների հավաքածուն՝ գրված 2011 թվականին՝ Երուսաղեմի հրեական համալսարանի այն ժամանակ լայն հանրությանը դեռեւս անհայտ պրոֆեսորի կողմից, անմիջապես բեսթսելեր դարձավ Իսրայելում, դարձնելով 35-ամյա Հարարիին տեղական մասշտաբի հայտնի դեմք: 2014-ին գրքի անգլերեն թարգմանությունը մտավ The New York Times -ի բեսթսելերների ցանկը եւ Հարարին վաստակեց non-fiction ժանրի ամենահայտնի հեղինակի եւ գլոբալ մտածողի փառքը:
Սկզբում ակադեմիական շրջանակները գրքին մոտենում էին զգուշաբար՝ միանգամայն արդարացիորեն նկատելով, որ Հարարին չի ասել ոչ մի նոր բան, նա ընդամենը համակարգել եւ հետաքրքիր ձեւով շարադրել է գոյություն ունեցող փաստերը: Բայց հենց դա՛ էլ գիրքը դարձրել է հանրահայտ: Առանցքային բառն այստեղ «հետաքրքիր»-ն է: Sapiens -ը կարդացվում է մի շնչով, նրանից հնարավոր չէ կտրվել: Հարարին գտնում է հասկանալի օրինակներ, բերում է ժամանակակից համեմատականներ եւ գտնում է ճիշտ բառերը՝ ամենեւին ոչ պարզունակ հասկացությունները բացատրելու համար: Բայց հարցն այն չէ, թե ինչպես է նա այդ անում, այլ այն, թե հատկապես ի՛նչ է նա փորձում մեզ պատմել: Sapiens -ը այն մասին չէ (ավելի ճիշտ՝ ոչ այնքան այն մասին է), թե հատկապես ինչ է տեղի ունեցել մարդկության հետ: Հարարիի համար կարեւոր էր պատասխանել «ինչո՞ւ» հարցերին, այլ ոչ թե «ի՞նչ»:
Հենց այդ պատճառով էլ այս գրքում շատ քիչ են տարեթվերը եւ շատ են խորհրդածությունները: Հենց այդ պատճառով էլ Հարարին բերում է բազմաթիվ զուգահեռներ՝ այսօրվա իրականության հետ, եւ փորձում է թարգմանել բարդ մարդաբանական, մշակութային, գիտական եւ սոցիոլոգիական հասկացությունները շարքային մահկանացուների համար հասկանալի լեզվով:
Հանկարծ պարզվում է, որ մեր սերը քաղցրի հանդեպ՝ կալորիական սննդի՝ տասնյակ հազարավոր տարիների փնտրտուքի արդյունքն է, իսկ կանաչ լուսատու ճագարը՝ հաջորդ էվոլյուցիոն ցատկի ավետաբերը: Քաղաքական միությունները ամուսնականով ամրապնդելու սովորույթը նկատվել է դեռեւս պրիմատների մոտ: Ճգնաժամերի ընթացքում ծնելիության անկումը, որ մեր օրերին գիտակցված է կատարվում, ունեցել է կարգավորման կենսաբանական մեխանիզմ՝ սովի տարիներին կանանց սեռական հասունացումը դանդաղում էր եւ երեխաներն ավելի քիչ էին ծնվում: Եվ ժամանակակից Հայաստանի համար ներկայումս ակտուալ՝ սեռով պայմանավորված արհեստական վիժումների՝ սելեկտիվ աբորտների խնդիրը նույնպես նոր չէ՝ մինչեւ ուլտրաձայնային հետազոտության հայտնաբերումը անցանկալի աղջիկներին սպանում էին ծնվելուց անմիջապես հետո:
Հարարին ցույց է տալիս, որ մենք՝ մեր զարգացման ընթացքում, պարբերաբար փոխվում էինք, փորձելով գտնել գոյատեւման հնարավորինս էֆեկտիվ մեխանիզմները, փոխում էինք շրջակա միջավայրը՝ ստեղծելով կյանքի համար հարմարավետ պայմաններ, սխալներ էինք անում եւ դասեր էինք քաղում այդ սխալներից: Սկսելով ուշ շրջանի պրիմատներից եւ զգուշորեն հայացք ձգելով ապագային՝ Հարարին փորձում է մեզ՝ մարդկությանը, բացատրել, թե ով ենք մենք եւ ուր ենք գնում:
Նախորդ շաբաթվանից սկսած՝ արդեն նաեւ հայերեն:
Յուվալ Նոյ Հարարի, Sapiens Մարդկության համառոտ պատմություն, Newmag հրատարակչատուն, 2020
Ս.Յ.
Հ.Գ.- Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, ապա մարդկության պատմության մասին դասախոսությունները, որոնցից էլ սկսվեց Sapiens-ը, հասանելի է YouTube-ում՝ Հարարիի հեղինակային ալիքում: Այնտեղ կարող եք գտնել Online Course: A Brief History of Humankind էջը եւ վայելել:

Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
