Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից գրող Աստրա Ֆիլիպսոնեի «Ընկերոջ տարիֆը» վիպակը (թրեյլեր)
09/03/2026
Կարո՞ղ է ընկերությունն ունենալ ժամավճար․ Ի՞նչ արժի իսկական ընկերությունը, եթե այն կարելի է վարձել մեկ օրվա համար։ Այս հարցն է դառնում լատվիացի գրող Աստրա Ֆիլիպսոնեի «Ընկերոջ տարիֆը» վիպակի առանցքը։
Գործազուրկ և միայնակ Նատան աշխատանքի առաջարկ է ստանում՝ դառնալ «վարձով ընկեր»։ Նրա պարտականություններն առաջին հայացքից պարզ են՝ լսել, զրուցել, ժամանակ անցկացնել հաճախորդների հետ։ Սակայն յուրաքանչյուր հանդիպում աստիճանաբար վերածվում է մարդկային մի ամբողջ պատմության՝ իր գաղտնիքներով, չասված ցավերով ու չբավարարված կարիքներով։
Նատայի հաճախորդները տարբեր են․ միայնակ դեռահաս, տարեց կին, ընտանիքի ներսում մոլորված մարդ, հաջողակ, բայց ներքին դատարկություն ապրող գործարար։ Նրանք գալիս են ոչ միայն զրուցելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իրեն լսեն, ընդունեն և հասկանան։ Եվ հենց այդ պարզ թվացող ցանկությունն է, որ հաճախ ամենադժվարն է իրականացնել՝ հատկապես մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ մշտապես կապի մեջ են, բայց ավելի ու ավելի հաճախ են մենակ մնում։
Աստրա Ֆիլիպսոնեն իր վիպակում ներկայացնում է ժամանակակից մարդու առօրյա դժվարությունների մասին՝ հեռախոսից կախվածության, շփման բարդույթների, ընկերների պակասի, ինքնագնահատականի խնդիրների և աշխատանքի որոնման մասին։ Պատմության հերոսները սովորական մարդիկ են՝ իրենց անհարմարություններով, թերություններով և հակասություններով։ Այդ պատճառով էլ ընթերցողը կնմանեցնի հերոսներին իրեն կամ իր շրջապատի դեմքերին։
Հեղինակի խոսքով՝ ընթերցողները հաճախ գրում են, որ գիրքը «մի շնչով են կարդացել», շատ են հավանել և պատմության մեջ տեսել են հենց իրենց կյանքը։ Դեբյուտանտ գրողի համար նման արձագանքները հաճելի են ու ստեղծագործելու մոտիվացիա։
«Ընկերոջ տարիֆը» թեթև, ժամանցային ընթերցանություն է, բայց թեթև բովանդակության տակ թաքնված են լուրջ հարցեր։ Հնարավո՞ր է գնել ընկերակցություն, բայց ձեռք բերել իրական մտերմություն։ Կարո՞ղ է ժամավճարով սկսված հարաբերությունը վերածվել անկեղծ կապի։ Եվ ո՞վ է իրականում փոխվում այդ հանդիպումների ընթացքում՝ հաճախո՞րդը, թե՞ հերոսը։
Յուրաքանչյուր նոր հանդիպում հերոսուհուն ստիպում է վերանայել իր պատկերացումները մարդկանց, ընկերության և սեփական կյանքի մասին։ Նա աստիճանաբար հասկանում է, որ մարդիկ հաճախ վճարում են ոչ թե պարզապես ժամանակի, այլ ուշադրության, ընդունված լինելու և մարդկային ջերմության համար։ Իսկ այդ ամենը, որքան էլ փորձենք չափել գումարով, իրականում չի տեղավորվում որևէ սակագնի մեջ։
Աստրա Ֆիլիպսոնեի վիպակը հումորով և հուզիչ տեսարաններով պատմում է միայնության, վստահության, մարդկային կապերի և թվային դարաշրջանում իրական մտերմության արժեքի մասին։ Սա գիրք է նրանց համար, ովքեր երբևէ իրենց միայնակ են զգացել բազմամարդ աշխարհում և մտածել են՝ արդյոք կողքին որևէ մեկը կա, որը իսկապես կլսի իրենց։
Աստրա Ֆիլիպսոնեի «Ընկերոջ տարիֆը վիպակ լատվիական գործ է, որը թարգմանել է Նաիրա Խաչատրյանը։
Գրքի գլխավոր գործընկեր՝ Սինեմա Սթար։
Շնորհանդեսը տեղի կունենա Yerevan BookFest2026-ին, սեպտեմբերի 5֊ին, 16:00, Պատմության թանգարանում։ Փառատոնին վիպակը կվաճառվի 30 % զեղչով։
Աստրա Ֆիլիպսոնե
5800 ֏
Նկարագրություն
Ի՞նչ արժի իսկական ընկերությունը, եթե այն կարելի է գնել մեկ օրվա համար։ Գործազուրկ, միայնությանը վաղուց հարմարված Նատան աշխատանքի առաջարկ է ստանում՝ դառնալ «վարձով ընկեր»։ Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է․ լսել, զրուցել, ժամանակ անցկացնել։ Սակայն յուրաքանչյուր հանդիպում բացահայտում է մի նոր կյանք, նոր ճակատագիր ու նոր գաղտնիք։
Նատայի հաճախորդները տարբեր են՝ միայնակ դեռահաս, տարեց կին, ընտանիքի ներսում մոլորված մարդ, հաջողակ, բայց դատարկության զգացումով գործարար... Նրանցից յուրաքանչյուրը գալիս է ոչ թե պարզապես զրուցելու համար, այլ որ իրեն լսեն, ընդունեն ու հասկանան։ Այդ հանդիպումների ընթացքում փոխվում է նաև հենց Նատան՝ վերագտնելով մարդկանց և ինքն իրեն։ Նա ստանում է այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է ընկերությունը սահմանել ժամավճարով։
«Ընկերոջ տարիֆը» ժամանակակից, հումորով և հուզիչ վիպակ է միայնության, մարդկային կապերի, վստահության և թվային դարաշրջանում իրական մտերմության արժեքի մասին։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է իռլանդական ժամանակակից գրականության դեմքերից՝ Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստերը» (թրեյլեր)
Ուսումնական տարվան ընդառաջ C-Quadrat Ampega ընկերությունը 500 նոր գիրք է նվիրել Հայաստանի 10 մարզերի գրադարաններին
«Երբ գալիս է սեպտեմբերը». «Երազ» մանկական մատենաշարը նոր ձևաչափով բացեց գրական սեզոնն ու ներկայացրեց 5 նոր գիրք
Newmag-ը և Yeraz Projects-ը ներկայացնում են «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին». Ֆրեդրիկ Բաքմանի (թրեյլեր)