The New Yorker. Պուտինը մեծ ծառայություն մատուցեց ՆԱՏՕ-ին
Նախագահ Օբամայի` Էստոնիա այցը և ՆԱՏՕ-ի` Ուելսում կայացած գագաթնաժողովը նոր լիցք հաղորդեցին ԱՄՆ նախագահի որդեգրած արտաքին քաղաքականության նոր մոտեցումներին: Վերջին շրջանում Օբամային ավելի ու ավելի հաճախ էին քննադատում, որ նրա վարչակազմը դեռ չի մշակել Իրաքում ի հայտ եկած «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարի ռազմավարությունը:
«Ժամանակն է, որ պարոն Օբաման ասի, թե այս նոր վտանգի դեմ ինչ կարող է անել ԱՄՆ-ն»,- գրում է «Վաշինգտոն փոստը»:
«Wall Street» ամսագիրը շտապեց ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ նախագահ Օբամային և Գերմանիայի կանցլեր Մերկելին «խաղից դուրս» թողնելու համար «շնորհավորել» Պուտինին. «Նախագահ Օբաման եվրոպացիներին ներքաշեց այս ճգնաժամ, որը մեծ նշանակություն չուներ կամ իմաստ չուներ առհասարակ»:
Օբաման կարող է իր էստոնական և ուելսյան այցերը դիտարկել որպես որոշակի դադար: «Իսլամական պետության» առաջխաղացումն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի քաղաքականությունը նախագահ Օբամայի վարչակազմը դարձրել են հանգամանքների գերի: Այդ հանգամանքները պահանջում են համակարգված արձագանք, սակայն դուրս են Օբամայի վերահսկողությունից: Օբամայի այս այցերի գերնպատակն էր ցույց տալ, որ ԱՄՆ-ն շարունակում է առաջատար մնալ ՆԱՏՕ-ում: Դաշինքի համաշխարհային դերակատարումը վերջին շրջանում սկսել էր իմաստազրկվել, բայց ՆԱՏՕ-ն Պուտինի շնորհիվ կրկին արդարացրեց իր գոյությունը կամ վերաիմաստավորեց այն կամ էլ վերագտավ իր նախկին նշանակությունը:
Օբաման ռուսական ռևանշի շնորհիվ ջերմ ընդունելության արժանացավ Ուելսում: Սպիտակ տան եվրոպական դաշնակիցները մեծ ոգևորությամբ են ընդունում ռազմական պոտենցիալը դեպի արևելք ընդլայնելու գաղափարը: Բալթյան երկրները ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն կստանան, կստեղծվեն արագ արձագանքման ուժեր, որոնք ի վիճակի կլինեն 48 ժամում տեղակայվել արևելյան ուղղությամբ: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները վերահաստատեցին, որ պատրաստ են անդամ-պետություններից որևէ մեկի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում հանդես գալ մեկ և միասնական ճակատով:
Հաշվի առնելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, դաշինքի նոր միջոցառումները չեն կարող ուղղակի ազդեցություն ունենալ ուկրաինական ճգնաժամի վրա, սակայն ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Չարլ Կուպչանը համարում է, որ «Times»-ին տված հարցազրույցում Օբաման շատ հստակ մեսիջ էր ուղղել Պուտինին. «Էստոնիայում կամ բալթյան մեկ այլ երկրում ուկրաինական սցենարը կրկնելու կամ ռազմական որևէ միջամտության մասին մտածել անգամ չհամարձակվեք»:
Սպիտակ տունը վստահ է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 պետությունները հետևողական կլինեն պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:
Նույնիսկ Գերմանիան, որը մի քանի տասնամյակ միլիտարիստական հակումներ չէր դրսևորում, պատրաստ է ֆինանսավորել անվտանգության ամրապնդման նախագծերը:
Ուելսի գագաթնաժողովը բեկումնային դարձավ, ինչը հնարավոր չէր առանց Վլադիմիր Պուտինի: ԽՍՀՄ փլուզումից և սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գոյության իմաստը մնացել էր օդում: Հարցականի տակ էր դրվում ԱՄՆ պրոտեկտորատի խնդիրը: Կարծես այլևս արդարացված չէր ԱՄՆ տասնյակ ռազմաբազաների և հազարավոր զորամիավորումների ներկայությունը Եվրոպայում` մի աշխարհամասում, որին այլևս չէր սպառնում որևէ ակնհայտ արտաքին վտանգ: Այս խնդրի խորացմանը մեծապես նպաստեցին 1990-ականներին Գերմանիայի վերամիավորումն ու Արևելյան Եվրոպայի երկրների անկախացումը ԽՍՀՄ-ից:
2001-ի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ՆԱՏՕ-ի գոյությունը վերաիմաստավորվեց, և համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարը դարձավ դաշինքի գերխնդիրը: Սակայն ՆԱՏՕ-ի այս նպատակը այնքան էլ լավ չէր աշխատում: Եվրոպական որոշ երկրներ դեմ էին ԱՄՆ առաջնորդությամբ Իրաք ներխուժմանը, անտարբեր էին նաև Աֆղանստան ներխուժելու հարցում, շահագրգռված չէին, որ Լիբիայում, Եմենում և Սոմալիում ռազմական գործողություններ ծավալվեն: Կազմակերպության ներսում պառակտման նշաններ էին ի հայտ գալիս:
ԱՄՆ-ն Եվրոպայի իր դաշնակիցներին մեղադրում էր գլոբալ անվտանգության ծանր բեռն իր հետ չկիսելու մեջ. դաշինքի անդամ պետությունները պետք է իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսեին անվտանգության համար, սակայն իրականում քչերն էին այդպես վարվում: Եվրոպական երկրների պաշտոնյաները հաճախ նեղսրտում էին, որ ԱՄՆ-ն, օգտագործելով առաջնորդի իր դերը, ավելի է ապակայունացնում իրավիճակն աշխարհում:
Այս տեսանկյունից շատ անորոշ էր երևում ՆԱՏՕ-ի ապագան: 2013 թ. Ատլանտյան խորհրդի հայտարարության մեջ նշված է. «Աշխարհը շատ արագ է փոխվում: Եթե ՆԱՏՕ-ն ի վիճակի չլինի հարմարվել համաշխարհային նոր իրականությանը, ապա շատ մեծ հավանականությամբ կսկսվի ապաինտեգրումը»:
Ճիշտ ժամանակին հայտնվեց վերընտրված Պուտինը` ՆԱՏՕ-ի անդամ պետություններին պարգևելով հենց այն, ինչ նրանց պետք էր` ընդհանուր թշնամու կերպար: Եվ ոչ միայն ընդհանուր, նաև շատ հայտնի: Կրեմլն անեքսիայի ենթարկեց Ղրիմը, որտեղ բնակչության մեծ մասը ռուսամետ էր, և սա արդարացվեց իբրև պատմական անարդարության վերականգնում: Սակայն Ուկրաինայի արևելքում ապակայունացումը, ապստամբներին զենք և զինամթերք մատակարարելը, ԵՄ շահերն ու պատժամիջոցներն արհամարհելը նոր ավյուն հաղորդեցին տրասատլանտյան դաշինքի շարքերին: Պուտինը վերածնեց սովետական շրջանին և Պետրոս 1-ինին բնորոշ քաղաքականությունը:
«ՆԱՏՕ-ն ինչ-որ առումով պետք է երախտապարտ լինի Վլադիմիր Պուտինին»,- «Los Angeles Time»-ին ասել է Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Եվրոպայի ծրագրի ղեկավար Հիթեր Քոնլին:
Հեռանկարի տեսանկյունից պարտադիր չէ, որ ՆԱՏՕ-ՌԴ թշնամությունը հանգեցնի ՆԱՏՕ-ի համար դրական արդյունքի: Էստոնիան, Լատվիան, Լիտվան միացան ՆԱՏՕ-ի ճամբարին, սակայն սա չնպաստեց տարածաշրջանային անդորրին, այլ ավելի ագրեսիվ դարձրեց Մոսկվային:
Պատմաբանները կարծում են, որ ավելի գործնական քայլեր են հարկավոր Ռուսաստանի ագրեսիվությունը թոթափելու համար: ՌԴ-ին պետք է հնարավորություն տալ երբևէ անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, քանի որ Ռուսաստանը Եվրոպային ավելի մոտ է, քան ԱՄՆ-ն:
Պուտինիզմն այսօր պիկ է ապրում, թեև դա մնում է Արևելյան Ուկրաինայի ճգնաժամի և օրհասական խնդիրների ստվերում: Այսուամենայնիվ, ԱՄՆ ռազմավարությունը այս խնդրում պետք է Պուտինին և ՌԴ-ին ստիպի ավելի բարձր գին վճարել իր հարևանին քամահրելու համար: Անկասկած, առաջիկա շաբաթների ընթացքում ավելի մեծ ջանքեր կգործադրվեն, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցների խստացման տեսքով: Պուտինն իրեն բնորոշ ցուցադրականությամբ շարունակում է պահպանել անդրդվելի մարտիկի կեցվածքը: ԵՄ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Խոսե Մանուել Բարոզոյի հետ խոսելիս նա ասել է, որ կարող էր 2 շաբաթում գրավել Կիևը: Եթե ցանկանար:
Գուցե սա ճիշտ է, սակայն լայնածավալ ինտերվենցիան մի՞թե բխում է ՌԴ առաջնորդի շահերից: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հաստատ չի լուծի Արևմուտքի խնդիրները Պուտինի հետ, սակայն այն առնվազն հստակ մեսիջ է Պուտինին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նրա ծավալապաշտական քաղաքականությունը:
Հեղինակ՝ Ջոն Քասիդի
Թարգմանեց Տաթևիկ Գևորգյանը
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)