BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Զոհրաբ Հարոյան. Ինչ անել, երբ ուշացել ես թռիչքից.

Զոհրաբ Հարոյան. Ինչ անել, երբ ուշացել ես թռիչքից. ես ծխում եմ

Ես քայլող փորձանք եմ, հետևաբար իմ ճամփորդությունները երբեք ձանձրալի չեն լինում, իսկ վերջում ամեն ինչ ավարտվում է «հեփփի էնդ»-ով։ Ամերիկյան ճամփորդությունս նույնպես բացառություն չէ՝ համենայն դեպս արկածների պակաս չեմ զգում։
Թռիչքիցս մի քանի օր առաջ ժամանակ գտա նայելու տոմսերս, թե երբ, ուր եմ թռնում։ Գնալուց, թե գալուց Վիեննայի օդակայանում մոտ 12 ժամ պետք է սպասեի։ Հետո տոմսերիս ժամերը սինքրոնացրի օրացույցիս հետ, ներբեռնեցի մի քանի օնլայն գիրք, որոնք ինքնաթիռում պետք է կարդայի, ներբեռնեցի Վիեննայի քարտեզը, Լեդ Զեփելինի ու Դիփ Փարփլի մի քանի երգ, որ ճանապարհին չձանձրանամ ու գործս համարեցի ավարտված։
Սովորաբար ճամփորդելիս ինձ օգնում են այս հավելվածները.
Maps.me. Այս քարտեզ-հավելվածի առավելությունն այն է, որ աշխատում է նաև offline ռեժիմում։ Ավելին՝ ցույց է տալիս քո աշխարհագրական դիրքը և առանց ինտերնետ կարող ես փնտրել քո ուզած տեղը և ծրագիրը քեզ կուղեկցի մինչև վերջ։ Հավելվածը ցույց է տալիս մոտակա սննդի օբյեկտները, հյուրանոցներ, անվճար wifi գոտիները։ Ավելին՝ ցույց է տալիս քո շարժման արագությունը և ծովի մակարդակից բարձրությունը, հետևաբար ինքնաթիռում, եթե ուզես կարող ես նշել թռիչքիդ վայրը, չափես ինքնաթիռի արագությունը և հստակ իմանաս, թե որքան մնաց թռիչքի ավարտին։
iBooks. Կան գիրք կարդալու համար նախատեսված հարյուրավոր, գուցե հազարավոր հավելվածներ, բայց իմ սիրած ծրագիրը հենց Apple -ի առաջարկած ծրագրն է։ Բացի անտանելի ճաշակով մշակումից այս ծրագիրը շատ հարմարավետ է ընթերցելու համար։ Կարող ես ֆոնի գույները հարմարեցնել քո ճաշակով, տառաչափը ուղղել, թերթել, ինչպես գիրքը կթերթես ու թողնելուց նշել էջանշանը, որ հաջորդ բացելիս տեղը չկորցնես։
Wikihood. Այս հավելվածը գտնում է քո աշխարհագրական դիրքը և «պատմում» դրանց մասին։ Այսինքն՝ ըստ քո գտնվելու վայրի դու կարողանում են բացահայտել` ինչ կա քո շուրջ և որոշել այցելել այդ վայր, թե ոչ։ Այս ծրագիրը միայն մեկ «թերություն» ունի՝ աշխատում է միայն օնլայն։
Գիշերը ճիշտ ժամանակին օդակայանում էի, և մի քանի ժամ անց արդեն Վիեննայում։ Տոմսերի վրա այլևս չկարդացի, թե որ ժամին է թռիչքը, ավտոմատ հիշում էի, որ 12 ժամ պետք է մնամ Վիեննայի օդակայանում, և քանի որ ունեմ «շենգեն վիզա», որոշեցի դուրս գամ ու քաղաքում անցկացնեմ այդ 12 ժամը։ Օդակայանի հենց դիմաց ավտոբուսներ են կանգնում նայեցի Շտեֆանի հրապարակ գնացողն ու նստեցի։ Ժամը 6։50 էր։
Քաղաքի կենտրոնում միայն շինարարներ էին ու վազող մարդիկ։ Մի քիչ չափչփեցի քաղաքում, հետո նախաճաշեցի, հետո էլի ման եկա ու նստեցի հանգստանալու։ Ազատ WiFi էի փնտրում, երբ նկատեցի հեռախոսիս օրացույցին գրված է, որ հենց այս պահին օդում եմ։ Ժամը 12:40 էր արդեն։ Հանեցի տոմսս ու պարզվեց իմ թռիչքը 9։50 էր։
Սովորաբար մարդիկ լինում են երկու տեսակի՝ ովքեր այդ պահին կորցնում են խոսելու ունակությունը և մարդիկ, որոնք չափազանց շատ են խոսում, նույնիսկ զահլա են տանում։ Ես երրորդ տեսակն եմ, եթե կա նման տեսակ, ծխում եմ։ Դե ինչ անես կորցրածը հետ չես բերի՝ ժամը հետ չես տա, չես գնա օդաչուին ասես՝ կներեք քնած էի մնացել։ Խոսելու ունակությունը կորցնելը, կամ խուճապի մատնվել, նույնիսկ լացելը փրկություն չէր։
Մոտ 400 մետր էր հեռու այն ավտոբուսի կանգառը, որ ինձ բերել էր Վիեննայի կենտրոն։ Մի 10 րոպե սպասելուց հետո եկավ մեկը, որ պարզվեց ազատ WiFi ունի։ Մինչև օդակայան հասնելս կարդացի` ինչ են անում մարդիկ, երբ ուշանում են ինքնաթիռից։ Ահա թե ինչ պարզվեց՝
Եթե ուշացել եք հաշվառումից, դեռևս չի նշանակում, որ տոմսը պետք է դեն գցեք՝ հատկապես եթե գնել եք նաև հետադարձի տոմս։ Կախված տարիֆից դուք կարող եք այն փոխարինել մեկ այլ մոտակա թռիչքի տոմսով, որտեղ ազատ տեղ կարող է լինել։ Դրա համար անհրաժեշտ է մոտենալ օդակայանում ձեր ավիաընկերության պատուհանին։
Ավիաընկերությունը կարող է ձեզ տուգանել ուշանալու համար։ Իհարկե սա ավելի լավ տարբերակ է, քան նոր տոմս գնելը։ Ի դեպ՝ որքան երկար է թռիչքը այնքան թանկ է տուգանքը։
Այս երկու հնարավորությունները կարող են չաշխատել, եթե ձեր տոմսը գնել եք ակցիայի միջոցով, կամ ևս մեկ վայրէջք ունեք, այդ դեպքում ամեն ինչ կխառնվի իրար, հետևաբար պետք է նոր տոմս գնել։
Վիեննայի օդակայան մտնելուց առաջ, որոշեցի մի հատ էլ ծխել, որովհետև գուցե էլ հնարավորություն չունենամ մի քանի ժամ ծխելու, որից հետո արագ արդեն ներս մտա։ Ավիաընկերության պատուհանի մոտ հերթ չկար, բայց հերթը կարգավորող մի տղա կար։ Մոտեցա ու անգլերենով սկսեցի պատմել, որ ժամը խառնել եմ, որ սրճարանում ուրիշ բան էի տեսել, որ նախաճաշ..., որ Վիեննա...
-Հանգիստ, ամեն ինչ նորմալ է։ Մի անհանգստացի։
-Ո՞նց չանհանգստանամ, Վաշինգթոնի ինքնաթիռն եմ բաց թողել։
⁃ էտ ռեյսը չեղարկել են, մոտեցի պատուհանին, տոմսդ տուր, իրենք կփոխեն, էս մնացածը մի պատմի իրանց։
 ⁃ Լավ հասկացա։ Բա դու ինչու՞ ես հայերեն խոսում, -վերջապես գլխի ընկա ես։
 ⁃ Հայ եմ, էլ ինչի։ Չմոռանաս, միայն ասա փոխեք ու վերջ։
Մինչև տոմսս փոխեցի հետ եկա, հերթապահությունը հանձնել էր՝ ուզում էի սուրճի հրավիրել։ Չնայած, լավ էր, որ հանձնել էր, ով գիտի մեկ էլ Ֆրանկֆուրտի չվերթից ուշանայի ։)

Տարածել