Ծիծեռնակաբերդ. Հուշակոթողի մասին միֆերն ու իրական պատմությունը
Դա ուղղակի ժողովրդական միֆ է. Ծիծեռնակաբերդում վեր խոյացող զույգ սյուները չեն խորհրդանշում ոչ մեծ ու փոքր Մասիսները, ոչ Արևմտյան ու Արևելյան Հայաստաննեըը, ոչ էլ հայ և ռուս ժողովուրդները: 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերն էյ որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել, ասենք՝ 6 կամ 9: Իսկ Սգո պատը կառուցվեց, որովհետև հուշահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խանգարող բնակեյի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողից: Իրականում հեղինակներն ամենևին այլ խորհրդանիշներ են կառուցել…
-Երբ խորհրդային կառավարությունից մեզ կանչեցին ու հարցրին՝ «Կարո՞ղ եք Հայոց ցեղասպանության հուշահամալիր կառուցել», մենք շատ զարմացած էինք, չէինք հասկանում, թե ինչ են ուզում մեզնից: Եթե թեման չես հասկանում, ինչ նախագծես: Բացի դա, աշխարհում էդ ժամանակ Ցեղասպանության հուշահահամալիրներ չկային: Դա էր առիթը, որ մենք ուսումնասիրեցինք թեման,- Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի հեղինակներից մեկը` նաև Գյումիի և Շուշիի հատակագիծը մշակած անվանի ճարտարապետ Սաշուր Քալաշյանն, ավելի քան 40 տարի առաջ տեղի ունեցածի մասին պատմում է` մտովի վերադառնալով խորհրդային հալոցքի տարիներ,- 1965 թվականն էր. Չարենցը բոլորի շուրթերին էր, աթեիստական երկրում հոգևոր երաժշտությունը եկեղեցիներից դուրս էր թողնվել` հասել էր ռադիոեթեր ու համերգասրահներ, Սևակը գրել էր «Անլռելի զանգակատունը» ու էս գործում ամենակարևորը` Երևանում մեծ ցույցեր սկսվեցին»:
Հայոց ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած զանգվածային երթերն ու ցույցերը Խորհրդային Հայաստանի իշխանություններին կագնեցնում են երկընտրանքի առջև:
-«Հիմա ինչ անենք, ոնց արտահայտենք, ինչ կերպ արտահայտենք, որ և’ հայ աշխատավորների դուրը գա, և’ Մոսկվան դեմ չլինի»,- մտածում էին մինիստրները: Էն ժամանակ էդպես էր, մինչև խնդիրը դնելը պետք էր գաղափարապես հիմնավորել և արտահայտել գրավոր,- ժպտալով հիշում է Սաշուր Քալաշյանը: 1965 թվականին Սովետական Հայաստանի կառավարությունը համաժողովրդական հզոր ցույցերից հետո ի վերջո որոշում է «ինչ-որ» հուշահամալիր կառուցել, որոշվում է նաև, որ «դա» պետք է լինի Ծիծեռնակաբերդում, սա հարմար, դատարկ վայր էր: Բայց «Ի՞նչ է պետք կառուցել» հարցին ի պատասխան խորհրդային պաշտոնյաները նայում են երիտասարդ ճարտարապետներին,- Իրենք էլ չէին գտել ձևը և որոշել էին ուղղակի ներքին կարգով հանձնարարություն տալ մի խումբ ճարտարապետների՝ մեզ, որ հետո կողմնորոշվեն: Էդպես ծնվեց հուշահամալիրի առաջին տարբերակը:
Խորհրդային իշխանությունները նախագծային առաջարկի համար ճարտարապետներին մեկ ամիս են տալիս:
– Մենք էլ չգիտեինք ինչ անել, բոլորս նույն ցավով էինք տառապում: Մտածում էինք` դա պետք է լինի մղձավանջային մի բան, գերեզմանոց… Բայց հուշարձանը, եթե համաժողովրդական է, պետք է չդառնա գերեզման, պիտի մեջն ինչ-որ պայքար ունենա, մինչդեռ գերեզմանում պայքար չկա. մենք առաջին տարբերակը գերեզմանային էինք նախատեսել,- ճարտարապետը ցույց է տալիս առաջին տարբերակի լուսանկարը: – Նույն տեղում` հարթակի մեջ, 9 մետր խորությամբ հսկայական խաչ էր, ժողովուրդը պետք է աստիճաններով իջներ էդ խաչի մեջ: Մենք պատկերացնում էինք մի մե՜ծ գերեզման, վրան էլ զանգակատուն: Իսկ մուտքի մոտ որպես վրեժի խորհրդանիշ` Վարդան Մամիկոնյանի արձանը, որը պետք է գար և վրեժը լուծեր… Սա կառավարություն ներկայացրինք, մեզ ասացին` «էստեղ մտնողը չի ցանկանա ապրել, դա մեզ պետք չէ»: Բնականաբար առաջին տարբերակը չանցավ:
Չստացված փորձից հետո հատուկ հանձնաժողովը որոշում է երկու փուլով մրցույթ անցկացնել:
Ներկայացվեցին հարյուրավոր տարբերակներ, բայց բոլորում էդ «գերեզմանային» բանը կար: Մեկը նույնիսկ առաջարկել էր գետնի տակ Դանթեի դժոխքի ձևով սպիրալաձև հուշահամալիր կառուցել, պատկերացնո՞ւմ եք:
Ժյուրին ընտրում է ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նոր նախագիծը: Հատկացվում է 600 հազար ռուբլի: 1965 թվականին Խորհրդային Միությունում այդքան փողով կարելի էր 30 բնակարանանոց միջին կարգի շենք կառուցել, բայց հուշահամալիրի համար դա չնչին գումար էր:
– Այդ կառույցի համար այն տարիներին դա էլ շատ էր համարվում: Մենք էլ 300 հազար գրեցինք միայն սյունը կառուցելու, մյուս կեսն էլ` իբր այգու բարեկարգման համար:
Բայց դե պետք էր փոքր գումարով մեծ գործ անել: ճարտարապետներին ու շինարարներին օգնում էին նրանք, ում երկար տարիներ ստիպել էին լռել տեսածի մասին:
– Ամեն շաբաթ-կիրակի Հայաստանի շրջաններից, գյուղերից սեփական նախաձեռնությամբ մարդիկ էին ավտոբուսներով գալիս, ասում էին` «Մենք այսինչ գյուղից ենք, մեր նախնիները եկել են Արևմտյան Հայաստանի այսինչ նահանգից, ուզում ենք շաբաթօրյակ անել, ասե՛ք` ինչ անենք»: Գործ շատ կար, ու էդ մարդիկ հաճույքով, թևքերը քշտած` քար էին տեղափոխում կամ շինարարական աղբ թափում: Իսկ երբ անելու բան չէր լինում, սկսում էին հայրենասիրական երգեր երգել:
Ամիսը մեկ շինհրապարակ էր այցելում Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը. որպես կարևոր իրողություն շեշտում է ճարտարապետը:
– Ընկեր Քոչինյանը մեզ անընդհատ ասում էր` «Ժողովո՛ւրդ, շո՛ւտ արեք: Բա որ Մոսկվան հանկարծ շվացնի՞, էլ ոչինչ չենք կարողանա անել»: Անգամ պատրաստ էինք առանց հարթակի հուշահամալիրի բացումն անել. Կենտրոնական իշխանությունը կարող էր ցանկացած պահ կանգնեցնել ծրագիրը: Անգամ էսպիսի պատմություն եղավ, մենք որոշել էինք, որ խոնարհված հսկա սալաքարերից ամեն մեկը պետք է մի կտորից լիներ, բայց պարզվեց քարերի մեր երկրում 12 այդպիսի մեծ կտոր չենք կարող գտնել: ժամանակ չկորցնելու համար որոշեցինք ամեն կտորը չորս քարից սարքել, կարերի տեղում էլ ստացվում էր յուրօրինակ խաչ, բայց դա էլ չստացվեց, բոլորը շտապում էին, ու եղավ, այն ինչ ունենք` բետոն` վրան քարե բազմաթիվ սալիկներ:
Հուշահամալիրը կառուցվում է ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, սակայն, ի տարբերություն մյուս «գերակատարված պլանների», անաղմուկ:
Սուս ու փոա կառուցվեց հուշահամալիրը, ո՛չ թերթերում էր հրապարակվում, ո՛չ էլ որևէ տեղ պաշտոնապես նշվում, ուղղակի ասեկոսեներով մարդիկ գիտեին, որ ինչ-որ բան է կառուցվում: Անգամ մենք մինչև վերջին պահը չգիտեինք` ինչպես է պաշտոնապես կոչվում մեր կատարած աշխատանքը:
Ծիծեռնակաբերդում կառուցվող հուշահամալիրի մասին առաջին անգամ պաշտոնապես խոսվեց 1967-ի նոյեմբերի 30-ին: «Սովետական Հայաստան» օրաթերթն իր ամբողջ երրորդ էջը տրամադրել էր «Ընկ. Ա.Ե. Քոչինչյանի ճառ»-ին և նախօրեի իրադարձությանը: «1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի բացումը», այսպես էր կոչվում մեծ հոդվածը:
– Բացման արարողության ժամանակ ուժեղ քամի էր, ես քայլեցի ծառերի կողմը, որ հավաքված մեծ ամբոխը չնկատի ու… լաց եղա,- 45 տարվա աշխատանքային փորձ ունեցող վարպետը բացեց իր կարծիքով բոլոր իսկական ճարտարապետների մեծ գաղտնիքը, – Երբ ես ուսանող էի, մտածում էի` Թամանյանը ի՜նչ հպարտությամբ է անցել, ասենք, իր կառուցած Հրապարակով կամ Օպերայի կողքով, բայց հետո հասկացա, ճարտարապետն այնքան ժամանակ է ապրում իր ստեղծագործությամբ, քանի դեռ այն կառուցվում է: Երբ ստեղծագործությունն ավարտվում է, շենքը կառուցվում է, ճարտարապետը դրա հանդեպ դառնում է մասնագիտորեն անտարբեր: Հիմա ես ամեն տարի Ծիծեռնակաբերդ եմ գնում ոչ որպես ճարտարապետ, այլ` որպես սովորական մարդ…
ճարտարապետի մտքում հուշահամալիրը բոլորովին այլ, ոչ գերեզմանային նշանակություն ուներ: Եվ հենց դրա շնորհիվ էին կարողացել խորհրդային իշխանություններին համոզել կառուցել, այն, ինչն, ըստ հեղինակի, պետք է հիշեցնի ոչ միայն սուգ ու մղձավանջ, այլ նաև պայքար ու վերածնունդ:
– Մենք էսպես էինք մտածել, սյուները ոչ թե խոնարհված են, այլ բացված: Դա վերքն է սրտի վրա, որբացվել է ու չի փակվում: Իսկ հսկայական սյունն ուղղակի ծիլ է, որ պատռել է հողը, պատռել է ասֆալտն ու դուրս եկել: Տեսե՞լ եք` մի ծիլի հետ սովորաբար միշտ մի փոքրն էլ է հողի միջից դուրս գալիս, որ եթե նրանցից մեկը ցրտահարվի, մյուսը շարունակի աճել… Ես նախագծելիս այսպիսին եմ տեսել հայ ժողովրդի մեծագույն վիշտը խորհրդանշող հուշահամալիրի խորհուրդը:
newmag #06