Թուրքմենստանում արգելել են վարել մուգ գույնի մեքենաներ. ի՞նչ է կատարվում Աշխաբադում
Այս երկրում արգելել են սև գույնի մեքենաները, բայց արգելքը որևէ օրենսդրական, որևէ տեսակի գրավոր բնույթ չի կրում: Ներքին գործերի նախարարությունը, երկրի առաջնորդի բանավոր հորդորից ելնելով, սկսել է տուգանային հրապարակ ուղարկել հայտաբերված սև մեքենաները: Քանի որ կարգադրությունը օրենքի ուժ չունի, ճանապարհա-տրանսպորտային ոստիկանությունը ենթադրել է, որ արգելվել է ոչ միայն սև, այլ առհասարակ մուգ գույնի մեքենաների շահագործումը: Ու սկսվել է տարերային տուգանքների շքերթը, իրավապահները սեփական հայեցողությամբ կանգնեցնում են մեքենաներ և պահանջում դադարեցնել շահագործումը, կամ էլ սպիտակ ներկել կարմիր, կանաչ, կապույտ, սև, ցանկացած այլ գույնի մեքենաները:
Հստակ է միայն մեկ բան, նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի սիրում սև գույնը, հավատում է, որ այն անհաջողություն է բերում: Այնպես որ ամենաանվտագ վիճակում են միայն սպիտակ գույնի մեքենաներ ունեցողները:
Կարդացեք նաև.
- Ավելի էժան չի լինելու. Ե՞րբ է ավելի լավ ու հարմար պահը մեքենա գնելու համար
- [Իրականում՝ ոչ] Պե՞տք է արգելել աջ ղեկով մեքենաները Հայաստանում
- Կափարիչի տակ․ Մեքենաների վերահսկողությունը կօ՞գնի կանխել ահաբեկչությունները
Բայց այս քաոսը ընդհանուր խճանկարի միայն մի մասն է: Կանանց ընդհանրապես արգելվել է նստել ղեկին, նույնիսկ եթե մեքենան սպիտակ է: Տվյալներ կան, որ կանանց կանգնեցնում և նրանցից խլում են վարորդական իրավունքները: Այս դեպքում նույնպես որևէ օրենք, գրավոր կարգադրություն գոյություն չունի: ՃՏՊ աշխատակիցները տեղեկացնում են, որ իրենց բանավոր կարգադրել են արգելել կանանց մեքենա վարել: Ավելին, կին վարորդներին զանգահարում են անհայտ անձինք, ներկայանում են որպես թաղայիններ և հարցեր են տալիս վարորդական իրավունք ձեռք բերելու ժամկետների, ընթացակարգի, հանձնած քննությունների քանակի վերաբերյալ: Վերջում հրահանգում են բոլոր կանանց, որոնք վարորդական իրավունք են ստացել անցած 5 տարվա ընթացքում, ներկայանալ և վերահանձնել քննությունները:
Ու այստեղ էլ բացվել է կոռուպցիոն մեծ խոռոչ: Ըստ որոշ տվյալների, կին վարորդներից կաշառք են պահանջում: Թուրքմենստանում կատակում են՝ սև մեքենաներն արգելեցին, կանանց վարել նույնպես, հաջորդ քայլը կարող է լինել՝ արգելել կանանց:
Ու այս ամբողջ պատմությունը պաշտոնապես որևէ կերպ չի մեկնաբանվում ու չի հաստատվում, բայց նաև, չի էլ հերքվում: