BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Վենետիկ-2017] Կինոփառատոնի գլխավոր թեման` երջանկո

[Վենետիկ-2017] Կինոփառատոնի գլխավոր թեման` երջանկության որոնումը, Ալեքսանդր Փեյնի և Գիլիերմո Դել Տորոյի նոր, հակասական ու հավակնոտ ֆիլմերում

Այս տարի մրցութային ծրագրում ներկայացված է 21 ֆիլմ, որոնցից երկուսը՝ Աելեքսանդր Փեյնի «Փոքրացումն»  ու Գիլիերմո Դել Տորոյի «Ջրի կառուցվածքը» համարվում են ֆավորիտներից ամենակարևորները: Փառատոնը բացեց երկակի Օսկարակիր, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Փեյնի «Փոքրացում»  ֆիլմը, որն արդեն համարվում է գալիք Օսկարի պոտենցիալ մասնակիցներից մեկը: Սատիրիկ ֆանտաստիկայի, տրագիկոմեդիայի և հակաուտոպիայի ետևում ընկած է փոքր մարդու ճակատագիրն ու «ամերիկյան երազանքի» միֆը, որն, ըստ ռեժիսորի, գոյություն չունի:


Փոլ Սաֆրանեքը, գոգոլյան կամ չեխովյան կասկածամիտ ու վախեցած հերոսի պես վազում է ստանդարտացված երջանկության ետևից, դեպի իդեալական թվացող տնակ և նոր տեսակի երջանկություն, որը սակայն մեծ հաշվով աղոտ է․ Փոլը չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ է իրեն հարկավոր, մինչև կողքինները չեն հրում իրեն ապագայի գիրկը: Արդյունքում նա գտնում է իր իդիլիան այնտեղ, որտեղ ակնկալում էր ամենաքիչը՝ վատ անգլերենով խոսացող, մի ոտնանի վիետնամացի քաղաքական ակտիվիստուհու գրկում:

Այս տարվա մրցութային ծրագրի մյուս ֆավորիտը՝ մեքսիկացի հեքիաթասած Գիլիերմո Դել Տորոն ևս խոսում է երջանկություն փնտրող հերոսի անունից: Սակայն եթե Փեյնի Փոլ Սաֆրանեքը պարզապես չգիտի, թե ինչ է ցանկանում, ապա Դել Տորոյի Էլայզան (Սալի Հոքինս) ավելի վճռական է և նպատակասլաց, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Նա ապրում է կինոթատրոնի վերնահարկում, սիրում է սև ու սպիտակ մյուզիքլները, ավտոբուսում ննջելն ու իր հարևան՝ համասեռամոլ նկարիչ Գիլսին (Րիչարդ Ջենքինս): Եվ եթե Գիլսի գողտրիկ բնակարանում, որտեղ Էլայզան անցկացնում է իր օրերը, շրջում են կատուները, մոլբերտների վրա տեղադրված են վինտաժային նկարազարդումները, իսկ գետնին շարված են տասնյակ գրքերը, ապա այնտեղ՝ դրսում, իսկական աշխարհում, Սառի պատերազմն է, ռուս լրտեսները և ամերիկյան ռազմավարությունը, որը թաքցնում է գորշ լաբորատորիաներից մեկում ամենաիսկական մարդ-ամֆիբիային: Էլայզան աշխատում է հենց այդ լաբորատորիայում, գիշերային հերթափոխի մաքրուհի է և ամենակարևորը՝ Էլայզան համր է, սակայն լսում է ամեն ինչ և միաժամանակ ոչ ոքի, խոթում է իր քիթն այնտեղ, որտեղ հարկավոր չէ․ հայտնաբերում է ամֆիբիային և սիրահարվում ջրային հրեշին:



Հրաշապատման հիմքում միշտ ընկած է գեղեցկուհի-դև կամ, օրինակ, գորտ դարձած արքայադուստրի և արքայազնի պատմությունը, որտեղ հերոսներից մեկը փրկում է մյուսին իրական սիրո, համբույրի կամ որոշակի մոգական բարդությունների հաղթահարման շնորհիվ: Դել Տորոյի մոտ այդպես չէ․ ինչպես նշեց ռեժիսորն անձամբ, ֆիլմի մամլո ասուլիսի ժամանակ, կան երկու տեսակի սիրային հարաբերություններ՝ երբ սիրահարները զբաղվում են սեքսով և երբ չեն զբաղվում: Իր ֆիլմը երկրորդ տարբերակը չէ: Այստեղ կան ոչ միայն սեքս ու մաստուրբացիա, համասեռամոլներ ու անկողնային ֆեթիշներ, այլև ամենակենցաղային լանչը, խմորեղենի համտեսը և վինիլային սկավառակների վայելքը․ պարզ մարդկային ուրախությունները: Թեև ֆիլմ խիստ էսթետիկ է, վառ ընդգծված գունային ներկապնակով, Դել Տորոն խոսում է երբեմն վուլգար, կենդանական լեքսիկոնով, ինչը դարձնում է ֆենթեզիաշունչ մթնոլորտը դիսոնանսային: Գլխավոր չարագործը (Մայքլ Շենոն) միզում է առանց առնանդամին դիպչելու, կանանց ներկայությամբ, փիլիսոփայում է զուգարան գնալուց ձեռքեր լվանալու ընթացքից և երազում է, որ սեքսի ժամանակ ոչ մեկ ոչինչ չխոսի: Իսկ Էլայզան պարզապես յուրաքանչյուր նոր օր սկսում է լոգարանային ինքնաբավարարմամբ, մի քանի րոպեն բավական է, մինչև խոհանոցում կեռան լանչի համար նախատեսված ձվերը:



Դել Տորոյը հեքիաթը հիշեցնում է այդպես էլ չմեծացած, կատակասեր դեռահասի էրոտիկ ֆանտազիան: Այն Միխալկով ազգանվամբ ռուս լրտեսների և «Կադիլակ» վարող սադիստ ամերիկացիների, անպաշտպան փոքրամասնությունների և սեփական չորս պատերում պատսպարված թույլերի մասին է, որոնք վաղ թե ուշ կկանգնեն ոտքի: Այստեղ առկա է և այսօր կրկին արդի ռուս-ամերիկայն պատերազմական մրցակցությունը, և իշխանական էգոն, և սեփական ցանկությունների հանդեպ վախը: Իսկ Էլայզան եզակի մարդ է, ով ոչնչից չի վախենում․ չէ որ լոգարանում նա այլևս միայնակ չէ:

Տարածել