BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վրեժ Իսրայելյան. Հայ-թուրքական հինավուրց խաղ

Վրեժ Իսրայելյան. Հայ-թուրքական հինավուրց խաղ

Գրեթե հարյուր տարի առաջ մի թուրք ուզեցավ տարբերվել մյուս թուրքից. հայ գաղթական կնոջը օրորոցային երկվորյակների հետ քարանձավում հայտնաբերելով: Նա զսպեց իր արյունակիցների մոլուցքը և փորձեց ստեղծագործական լիցք հաղորդել իր գործողություններին: Այդ «ստեղծագործության» արդյունքում այսօր ես կամ: Թուրքի այդ տեսակը գաղթական կնոջը փոխշահավետ գործարք առաջարկեց. եթե կինը խեղդի իր երեխաներից մեկին, ինքը խոստանում է պահպանել կնոջ և մյուս երեխայի կյանքը: Երևի կռահեցիք, որ տատս «ընդունել է» գործարքի պայմանները:


Արևելյան Հայաստան հասնելուն պես, հենց Էջմիածնում, մայր տաճարի դեմ հանդիման, տատս խելագարվեց: Հայր, որբանոցներում գոյատևելով, իր կյանքը բերեց-հասցրեց ինձ: Այլ բաների հետ նա ինձ կտակեց նաև այս պատմությունը: Իմ կյանքի շատ ու շատ դրվագներ մոռացել եմ, բայց սա հիշում եմ:


Գրեթե հարյուր տարի անց, Ղարաբաղյան պատերազմի մասին պատմվածք մտմտալիս, հանկարծ հայտնաբերեցի, որ ցավը երևակայության թշնամին է: Ես պատերազմին չեմ մասնակցել, բայց տեսնում եմ, թե ինչպես է ծարավ հողը արյուն խմում, թե ինչպես են արեգակի շողերը խտտում սպանվածի դեմքը, և ինչպես է դրսից սողոսկող ջերմությունը դուրս մղվում նրա սառչող երակներից: Տեսնում եմ, թե ինչպես է վախը արիություն ծնում, և ինչպես են վաղվա հերոս հռչակվողները վախից թրջում իրենց տաբատները:



Պատերազմը մարսելու համար խելք պետք չէ. մի քիչ հանդգնություն, մի քիչ էլ չտեսություն:



Սխալ բան պիտի ասեմ, բայց ապացուցելու եմ, որ ճիշտ է. պատերազմ չտեսած գրողը ավելի լավ է զգում այն, քան այդ ողբերգության միջով անցածը: Ականատեսները միշտ պատերազմի մեջ սխալ բան են փնտրում և այնքան են խորանում այդ զբաղմունքի մեջ, որ կորցնում են ամենաէականը: Այնպես որ, առանց խղճի խայթ զգալու, սեփականել եմ այն, ինչ ուրիշին է պատկանում, ինչպես մեծն Տոլստոյը սեփականեց իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը:


Այն, ինչ պատմելու եմ, հորինվածք է, գրողի երևակայության արդյունք: Հայ և թուրք ազգայնականներին, այս և այն կողմի ականատեսներին խնդրում եմ` գլուխս ջարդելուց առաջ բարի եղեք մի քանի ակնթարթով մտնել հարյուրամյա այն քարանձավը, որտեղից ես չեմ կարողանում դուրս գալ:


* * *


Քամին ազգային պատկանելիություն չուներ. հայ երկրապահների դիրքերը հոտոտելով… Աշոտի աչքերին թոզ փչելով, անարգել խախտեց հայ-ադրբեջանական ռազմաճակատային գիծը և հայտնվեց ազերի կամավորականի մորուքի մեջ: Իր զորությունը գիտակցելով` քամին հանդգնեց ծաղրել հակառակորդների մարտավարական ծրագրերը, նրանց հայրենանվեր նկրտումներն ու հայեցակարգերը, սողոսկեց թշնամիների ինքնաձիգների փողերի մեջ, սվսվացնելով մերթ հայկական, մերթ թուրքական մեղեդիներ, որոնք մերթընդմերթ միաձուլվելով հավասարակշռում էին ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման միջազգային դրույթները: Հաշտարարի իր առաքելությունը քամին շարունակեց հարևան երկրների խաղաղ բնակավայրերին փոխանցելով իրենց քաջազուն զավակների հաղթական տրամադրությունները:


– Էս քամին էլ բռնաբարեց-թողեց,– ցաք ու ցրիվ եղած մորուքը հավաքելով ասաց ազերի կամավորականը:Նույն պահին, հակառակ դիրքում, Աշոտ անունով հայ երկրապահը,սրտնեղելով քամուն իր սրածայր բեղերի դիմակայությունից, հայհոյեց.


– Ես քո տիրոջ մերը...


Քամին հայհոյանքներին պատասխանելու ցանկություն չուներ. մի քիչ հող հայկական դիրքերից, մի քիչ հող ադրբեջանական դիրքերից գողացավ, խառնեց-խառնշտեց, դես փչեց, դեն փչեց, հայ-ադրբեջանական մի փոշու ամպ սարքեր ու հավասարաչափ բաշխեց հակառակորդներին:


– Պարոն գնդապետ,– փոշի կուլ տալով ասաց ազերի կամավորականը,– մի հայ քածի ենք ճանկել: Խոսքը մեր մեջ, շատ համովն է: Ասում եմ` դեսերտի փոխարեն...


– Ռեստորանում չես, Մաքսուդ,– ասաց գնդապետը,– հետո էլ` ճաշակելուց առաջ գոնե մորուքիդ ոջիլներից ազատվիր: Հայերը ոջիլից զզվում են:


– Գերու զզվանք հարցնողն ով է: Մենք մեր գործը ոնց-որ պետք է կանենք... Դժգոհ չի մնա...


Գնդապետ Մեհմեդ Ամիրօղլին զտարյուն թուրք լինելուց զատ, այլ առաքինություններ էլ ուներ: Չուլ ու փալասի մեջ կոլոլված այս կամավորական կոչեցյալ խաժամուժից զզվում էր. «Իբր հայրենասեր են: Շան հոտ է գալիս նրանցից: Եվ սրա՞նք պետք է հայերի վերջը տան»: Նա աշխարհ տեսած մարդ էր: Գիտեր սեփական արժանապատվությունը որպես ազգային արժանապատվություն հրամցնելու նրբությունները: Գիտեր անգլիացուն, հնդիկին, ռուսին ու ճապոնացուն, մյուսներին: Ապրել էր հաղթելու և պարտվելու քաղցրություններն ու դառնությունները: Նրա պատվին թուրքական կիսալուսինը փողփողացել էր աշխարհի ազդեցիկ ասպարեզներում: Նա առաջին թուրքն էր օսմանյան կայսրության պատմության ընթացքում, որին հաջողվել էր նվաճել հրաձգության աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրան նա արժանացել էր եզրափակիչում մի հայ մարզիկի հաղթելով:


Այդ փաստը իր ազգակիցներին ավելի էր ոգևորել, քան բուն տիտղոսը: Հայրենիքում նրան դիմավորել էին որպես ազգային հերոսի, ինչը շոյում էր նրա ինքնասիրությունը, շեշտում նրա յուրահատուկ մարդկային կերտվածքը: Ինչինչ... թուրք հասարակությունը գնահատում է իր այն զավակներին, որոնք ամենադիպուկն են խոցելու արվեստի մեջ: Ըստ գնդապետի` թուրքական պատմությունը միտված է դեպի թիրախները. դրանք են օսմանյան կայսրության տեսլականի թափանիվները: Գուցե դա էր պատճառը, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից նրա մեջ ծնվեց իր արյունակից ազերիներին մարզելու առաքելությամբ, ռազմաճակատ գործուղվելու մտադրությունը:

«Ես չկորաղացա այս թափթփուկներին հասկացնել, որ թիրախը վերազգային բան է: Ամեն ինչի վրա գրում են «հայ» և կրակում այդ ուղղությամբ: Դրա համար էլ հաճախ են վրիպում: «Եթե ուզում ես խոցել` մոռացիր, որ թուրք ես, մոռացիր որ նա հայ է» ասում եմ նրանց: Իսկ նրա՞նք... «Ախր ո՞նց մոռանանք, պարոն գնդապետ»: Ես չկարողացա հասկացնել, որ հային գլխավոր թշնամի հռչակելով, մենք վիրավորում ենք մեր ինքնությունը, նսեմացնում մեր նախնիների երազանքները»,– մտածում էր գնդապետը, և այդ պահերին հուսահատությունը պատում էր նրան: Նույնիսկ Թուրքիա վերադառնալու որոշում էր կայացրել, սակայն ինքնասիրությունը համառել էր: Մեհմեդ Ամիրօղլու հռչակը միանգամից տարածվեց ադրբեջանական զորքերի մեջ: Գնդապետը կամավորականների վստահությունը շահելու ջանք գրեթե չգործադրեց: Ալլահի կողմից նրան շնորհված մարզական տաղանդը, որպես հաղթանակի խորհրդանիշ, ներծծվեց պատերազմի տրամաբանության մեջ:


– Պարոն գնդապետ,– շարունակեց Մաքսուդ անունով կամավորականը,– ղարաբաղցի տղաներից մեկը ոնց որ թե ճանաչում է այդ քածին, ասում է հայերի հրամանատարի քույրն է:


Գնդապետը իր այտոսկրերը ծամծմելով ասաց.


– Լավ է, շատ լավ է:


– Ասում եմ` խրտվիլակ սարքենք ու էն բարձունքին տնկենք: Թող տեսնեն իրենց ապագան:


– Հայերին սեփական խրտվիլակով չես վախեցնի,– ասաց գնդապետը,– նրանք իրենց արյունից էլ գինի կեփեն:


Նրանց հետ ուրիշ լեզվով պիտի խոսես:


– Հայերի հետ խոսելու միայն մեկ լեզու գիտեմ,– ասաց կամավորականը,– խրտվիլակի լեզուն:


Նրանք դեռ անցյալի մեջ են, օգնենք թող այնտեղ էլ մնան:


– Իսկ մե՞նք, մենք հիշելու բան չունե՞նք,– զայրացավ գնդապետը:


– Ո՞րն է լավ, հիշեցնե՞լը, թե՞ հիշելը,– շարունակեց Մաքսուդը:


– Ալլահը վկա,– ասաց գնդապետը,– հայ թե թուրք, նույն բաներն են հիշում և մոռանում:


– Ատում եմ հայերին,– բորբոքվեց կամավորականը,– ճանճի պես միշտ հայտնվում են այն կաթսայի մեջ, ուր մեր երազանքն է եփվում:


– Ատելությունը նույնպես սնունդ է,– ասաց գնդապետը,– հրեաներին և հայերին պետք չէ ատել` զորեղանում են:


– Ուրեմն, սրբել է պետք աշխարհի երեսից,– ներեց կամավորականը:


– Դե սրբիր,– հեգնեց գնդապետը,– էս` դու, էն էլ` հայերը: Թե՞ ուժդ միայն մի աղջնակի վրա է պատում:


– Մաքսուդը մեր գլխին հայագետ է դարձել,– գնդապետին դուր գալու միտումով ծաղրեց մեկ այլ կամավորական:


– Ցավդ տանեմ, էս ի՞նչ լավ բան ասացիր. հայագե¯տ... իսկական անուն է, թե չէ` Մաքսուդ... Մաքսուդ... չի էլ հնչում,– խառնվեց մեկ ուրիշը:


– Այո¯,– ծոր տվեց գնդապետը,– չի հնչում:


– Ահա,– վախից կծկված աղջկան ցույց տալով` ասաց նոր-նոր «Հայագետ» մականունը վաստակաց Մաքսուդը,– ընդամենը սա է հայ կոչվածը: Թույլ տուր վախը չափեմ, արյունս ղզղնել է:


– Ո՛չ,– սրտնեղեց գնդապետը,– այս գեղեցկուհին իմ խաղընկերն է:


– Խաղընկե՞ր,– ուսերը թոթվեց Մաքսուդը,– ի՞նչ խաղընկեր:


– Ես ռազմաբենի արտիստ եմ,– ասաց գնդապետը,– սիրում եմ լեփլեցուն դահլիճներ և անսահման երևակայություն:


Թե ինչեր էր մտածել Ամիրօղլին, կամավորներից ոչ ոք չկռահեց: Ընդունում էին նրա հեղինակությունը, անձը, ավելի քան իրենց լպրծուն գեներալներին, որոնց ռուսահունչ ադրբեջաներենից զզվում էին նույնչափ, որչափ քաղաքական ճարտասաններից:


– Ինձ մենակ թողեք,– սենյակ մտնելով կարգադրեց գնդապետը:


Նստեց սեղանի առջև, հայացքը հառեց ճերմակ թղթին: «Նամակ հայ կամավորական ջոկատի հրամանատարին»,– բարձրաձայն արտասանեց ու սկսեց գրել` ցուցադրելով վայելչագեղության իր տաղանդը:


«Պարոն հրամանատար, եթե ադրբեջանական դիրքերից մի թուրք գնդապետ նամակ է հղում հայ հրամանատարին, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ես ազերի չեմ, ոչ էլ ազերին է թուրք (ինչպես դուք եք պնդում). պարզապես մեզ միավորում և մեկ ազգ է դարձնում հայերի հանդեպ ունեցած մեր նույնական ատելությունը: Ես չեմ առաջարկում քանդել մեր և ձեր միջև եղած այդ պատնեշը, բայց հավատացնում եմ, որ այս պահին ատելությունը չէ, որ ինձ մղում է գործարքի առաջարկով Ձեզ դիմել: Մեզ մոտ մի հայ աղջնակ կա: «Գերություն» բառը նրան չի սազում, դրա համար էլ չեմ շեշտում: Ես խոսքի մարդ եմ, այն ինձ համար ավելին արժե, քան ազգային պատկանելությունն ու ատելությունը: Գիտեմ, որ հայերդ պատվի մարդ եք: Ես Ձեզ հնարավորություն եմ տալիս փրկել աղջնակի (մեր տվյալներով Ձեր քույրն է) կյանքն ու պատիվը: Առաջարկում եմ հինգ մենամարտ նրա համար` ինչպես հին, երանելի ժամանակներում էին անում, երբ խոսքը խոսք էր, պատիվը` պատիվ: Ընտրեք Ձեր լավագույն դիպուկահարներին: Նրանց հետ առանձին-առանձին մենամարտելու եմ ինքս, եթե կենդանի մնամ: Եթե սպանվեմ որևէ մենամարտի ընթացքում, աղջնակը անվնաս Ձեզ կհանձնվի: Եթե հինգին էլ հաղթեմ` դարձյալ կստանաք նրան: Որպեսզի չկասկածեք, որ ծուղակ է, չեզոք տարածքում առաջինը ինքս կհայտնվեմ: Կկրակենք ատրճանակներով. 40 մետր հեռավորությունից: Որպեսզի խաբեություն չփնտրեք վարքիս մեջ, պարզեմ իմ նպատակը. ես լավ եմ կրակում և վստահ եմ, որ հինգ մենամարտում էլ կհաղթեմ: Իսկ դուք, ուզած ելքի դեպքում էլ, աղջնակին փրկելու հարյուր տոկոսանոց հնարավորություն եք վաստակում: Փոխշահավետ առաջարկ է` ես հայրենիք կվերադառնամ իմ կենսագրությունը հարստացրած, իսկ դուք` հայի Ձեր տեսակը կպահպանեք: Վստահ եմ, որ ճիշտ որոշում կկայացնեք: Եթե ընդունենք, որ այս գործարքը հայ-թուրքական հինավուրց խաղ է, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես. Ձեր խաղընկեր, գնդապետ Մեհմեդ Ամիրօղլի»:

Այս անգամ քամին հակառակ կողմից էր փչում. ադրբեջանական դիրքերը հոտոտելով, Մաքսուդի աչքերին թոզ փչելով, նա անարգել կտրեց ադրբեջանա-հայկական ռազմաճակատային գիծը և հանդիպեց հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանի սրածայր բեղերի դիմակայությանը:


– Կամանդիր,– ասաց երկրապահներից մեկը,– թուրքը նամակ է ուղարկել:


Ռուսական բառեր օգտագործելով` հայ երկրապահները փորձում էին իրենց զինվորական կեցվածքին լրջություն հաղորդել:


Թուրքը նամա¯կ է ուղարկել...– փոստատար քամին լուրը տարածեց խրամատի երկայնքով:


– Ավետի՞ս է, թե գույժ. ջոկատը այն ընդունեց խանդավառությամբ: Նամակագրությունը միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունների ամենաարհամարհված ժանրն է եղել:


– Եթե թուրքը նամակ է գրում, ուրեմն, թուրք չէ,– ասաց դեռ քսանը չբոլորած մի տղա, որին երգիծելու տաղանդի համար «Մեղու» մականունն էին կպցրել:


– Եթե թուրք չէ, ուրեմն ազերի էլ չէ,– ասաց մեկ ուրիշը:


– Եթե ազերի չէ, ուրեմն խարտոցն է,– հանրահայտ անեկդոտըը ակնարկելով խայթեց «Մեղուն»:


«Կամանդիր» տիտղոսով մեծարված երկրապահը, որի աչքերին ժամեր առաջ աներես քամին թոզ էր փչել, սրածայր բեղերը ոլորեց, սփյուռքահայերից նվեր ստացած առաջնակարգ սիգարը վառեց, խորը շնչեց ախորժալի ծուխն ու ասաց.


– Չմեռանք` թուրքի նամակին էլ արժանացանք:– Բացեց նամակն ու զարմացած ասաց,– ի¯նչ գեղեցիկ ձեռագիր ունի:


Ձեռքով մոտ կանչեց երկրապահներից մեկին:


– Մոտեցիր ծանրաձողին, «Լեզվաբան»,– ասաց նա,– ճիշտ կթարգմանես, շեշտի տեղը` շեշտ, բութի տեղը` բութ:


– Թուրքերը կետադրական նշաններ չունեն,– ասաց «Մեղուն»,– նախադասությունը սկսում է Ալին, շարունակում է Վալին:


Նամակը, որ շեքսպիրյան հերոսներին վայել ճարտասանությամբ արտասանեց «Լեզվաբանը» ցնցող տպավորություն թողեց հայ երկրապահների վրա: Ազդեցիկ էին թե Մեհմեդ Ամիրօղլու գրելաոճը, թե աղջնակի գերության փաստը, ինչին անտեղյակ էր ջոկատը, թե գնդապետի գործարքի լրջությունն ու նրա ինքնավստահությունը:


– Արա, «Լեզվաբան»,– ասաց երկրապահներից մեկը,– ոնց որ թուրքի նամակ կարդալու համար ծնված լինես: Չլինի՞ շպիոն ես:


Ջոկատը սրամտելու տրամադրություն չուներ: Լրջացել էր նույնիսկ «Մեղուն»:


– Կամանդիր,– ասաց նա,– դու գիտեի՞ր...


– Ե՞ս... Կարևոր չէ,– կմկմաց Աշոտը:


– Ի՞նչ ենք անելու,– տխուր հարցրեց երկրապահներից մեկը:


– Թակարդ է,– ասաց մեկ ուրիշը:


– Անիծյալ թուրք,– նետեց «Լեզվաբանը»,– ինչ էլ խելոք է շարադրել:


– Ես կմենամարտեմ,– առանց շրջվելու ասաց մի երկրապահ:


– Ես էլ:


– Ես էլ:


– Դու կրակել չգիտես,– ասաց «Մեղուն,– ձգանը ատամով ես քաշում:


– Ռուսների հրաձգարանը մեր տնից հարյուր մետրի վրա էր,– ասաց մի ղարաբաղցի,– նրանց մթերք էինք տանում, փոխարենը մեզ` երեխաներիս կրակել էին սովորեցնում:


– Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարծում եք,– տխուր ասաց հրամանատարը:


– Մեր պատվի հետ է խաղում շունը և ոչ միայն պատվի...– ասաց «Լեզվաբանը»:


– Ես գիտեմ այդ գնդապետի մասին,– ասաց հրամանատարը,– նա մեր հինգին էլ կսպանի:


– Կամանդիր, էդ ի՞նչ ես ասում,– բորբոքվեց երկրապահներից մեկը,– հո մենք սոխի գլուխ չե՞նք: Էդ գնդապետ է, ինչ զիբիլ է, թուրք է, չէ՞, հո Ալլահը չի՞:


– Եթե համաձայնենք` մեր հինգին էլ կսպանի: Նա աշխարհահռչակ հրաձիգ է, աշխարհի բազմակի չեմպիոն:


Հրամանատարի խոսքերը ռումբի պայթյունի պես տակն ու վրա արեցին խրամատը: Բոլորը սսկվեցին:

– Մեհմեդ Ամիրօղլին անկեղծ է, սա «հայ թուրքական հինավուրց խաղ է»,– լռությունը խախտեց հրամանատարը:


– Խաղը` խաղ, հասկացանք,– բորբոքվեց տարեց երկրապահը,– չկա՞ այնպիսի «խաղ» որտեղ աշխարհահռչակ հրաձիգը հայը լինի:


– Կա այդպիսի խաղ,– ասաց հրամանատար Աշոտ Վարդանյանը,– ինքը` թուրք գնդապետն է հուշում. «հայի ձեր տեսակը կպահպանեք»:


– Ի՞նչ իմանանք, ո՞րն է «հայի մեր տեսակը», էն ինչ-որ կանք, էդ ենք:


– Մեհմեդ Ամիրօղլին նենգ գործարք է առաջարկել` հինգ մահ մեկ կյանքի դիմաց: Հա, ասեմ, որ այդ աղջնակը իմ քույրը չէ, ես քույր չունեմ: Բայց դա չէ կարևորը: Նա ուզում է մեկ անգամ էլ ճանաչել իր թշնամուն: Ուզում է իմանալ, հայը ընդունա՞կ է հինգին զոհել մեկին փրկելու համար: Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ: Հենց դա պետք է պարզենք: Պատերազմական օրենքներով եթե դատենք, ճիշտ որոշում կկայացնենք, բայց հայի մեր տեսակը չենք պահպանի: Եթե հայի մեր տեսակը պահպանենք, Մեհմեդ Ամիրօղլուն կօգնենք, որ նա էլ թուրքի իր տեսակը պահպանի և հայրենիք վերադառնա «իր կենսագրությունը հարստացրած»: Սա է խնդիրը: Մտածենք: Կես ժամից պատասխան եմ գրելու:


Կես ժամից հայ երկրապահ ջոկատի հրամանատարը «Լեզվաբանի» օգնությամբ գրեց պատասխանը: Ընդհանուր համաձայնությամբ բարձրագույն հրամանատարության հետ այդ հարցը չքննարկեցին` վերադասին փրկելով «հայի իրենց տեսակը» պարզելու տանջալից փնտրտուքից: «Լեզվաբանը» ջանք չխնայեց վայելչագրության նույնքան պատշաճ մակարդակ ապահովելու համար: Պահպանվեց նաև թուրք գնդապետի հրամցրած հարգալից ոճը:


«Թուրք գնդապետ Մեհմեդ Ամիրօղլուն:


Պարոն գնդապետ, Ձեր նամակը ընթերցվեց ամբողջ ջոկատին: Որոշումը կայացրինք քվեարկությամբ` շրջանցելով ռազմական օրենքները: Դուք խնամքով թաքցրել էիք Ձեր հրաձգության աշխարհի չեմպիոն լինելու փաստը: Իզու¯ր... Այդ փաստը ավելի հաստատակամ դարձրեց մեր վճիռը: Ձեր «կենսագրությունը հարստացրած հայրենիք վերադառնալու» զուտ թուրքական երազանքը և «հայի մեր տեսակը պահպանելու» հորդորը ավելի քան անկեղծ էր: «Հայ-թուրքական հինավուրց խաղի» Ձեր առաջարկը ընդունում ենք չնչին հավելումով` հինգերորդ մենամարտողը ես եմ լինելու (համոզված ենք, որ նախորդ չորս մենամարտերում Դուք հաղթելու եք) և կրակելու ենք երեք մետր հեռավորությունից: Այն բավարար է միմյանց աչքերի մեջ նայելու համար: Ատելության այն պաշարը, որ դարեր շարունակ գոյացել է մեր միջև, կսպանի և՛ ինձ, և՛ քեզ: Կենսագրություն հարստացնելու ավելի գեղեցիկ ձև ես չգիտեմ: Ցանկալի է «խաղը» սկսել առավոտյան, որպեսզի ձերոնք և մերոնք առջևում մտածելու օր ունենան: Եթե Ձեր առաջարկած խաղին իմ չնչին հավելումը Ձեզ չի վախեցնում, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես.


Ձեր մահընկեր, հայ երկրապահ ջոկատի հրամանատար`


Աշոտ Վարդանյան»:


Քամին, եթե ռազմական փորձագետ լիներ, չէր հաջողելու տարբերակել հակառակ դիրքերում ամրացած թշնամական բանակները միմյանցից. նույն համազգեստները, նույն բեղ-մորուսները, նույն տանջահար, բայց մարտականորեն տրամադրված դեմքերը, նույն անհամ, երբեմն` համով կատակները, նույն զենքերը, որոնց արձակած պայթյուններից թշնամու չափ իրենք էին վախենում: Ի՞նչ իմանա քամին, թե սրանցից որն է թուրք, որը` հայ: Ախր, գաղտնիք էլ չկա, որ մեկից առնես` մյուսին տաս: Երկուսն էլ թիրախ են. անձրև եկավ` երկուսն էլ թրջվում են, կայծակը երկուսին էլ խփում է, անտեր շունը երկուսի վրա էլ հաչում է: Մեկն էլ չկար, որ ասեր. «Քամի, այ քամի, մարդկանց գործերին մի խառնվիր», ոչ այս կողմից, ոչ այն կողմից մեկն էլ չկար, որ քամուն ժողովուրդների հերոսական պատմություններից դրվագներ հիշեցներ, Օսմանյան կայսրության և Մեծ Հայքի քարտեզները անձամբ քջջելու պատեհություն ընձեռեր: Բայց դե քամին հենց նրա համար է քամի, որ լսելու ընդունակ չէ, իր գործի տերն է` մեկ այս կողմից, մեկ այն կողմից փչում է ու փչում...


* * *


Պատմվածքի սկզբում խոստովանեցի, որ այսպիսի դեպք չի եղել, այն գրողի երևակայության արդյունքն է: Եղել է, թե չի եղել` այն իր տրամաբանական ավարտը պետք է ունենա: Ընթերցողը պարտավոր է իմանալ. կատարե՞ց արդյոք Մեհմեդ Ամիրօղլին իր զուտ թուրքական երազանքը` հարստացնել իր կենսագրությունը: Հաջողվե՞ց, արդյոք, հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանին երեք մետրից նայել թուրք գնդապետի աչքերի մեջ. և ի՞նչ տեսավ այնտեղ: Արդյո՞ք հինգի մեջ էին «Մեղուն», «Լեզվաբանը»: Իսկ աղջնա՞կը...Վերջիվերջո ինչպե՞ս ավարտվեց հայ-թուրքական հինավուրց խաղը...


Գրողի ճակատագիր է, ինքն իրեն փորձանքի մեջ է գցում և ամբողջ կյանքում փորձում է այդ փորձանքից դուրս գալ: Եթե ճշմարտությունն ասեմ` կամ այս կողմից, կամ այն կողմից գլուխս կջարդեն. ընդամենը արձանագրում եմ փաստը` հայ ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ այդ պատերազմում (սա արդեն իմ երևակայության արդյունքը չէ): Իսկ «հայ-թուրքական հինավուրց խաղի» մասին կասեմ հետևյալը. այն շարունակվում է: Ինչո՞ւ է շարունակվում, այդ էլ կասեմ. աղջնակը գերությունից ազատագրվելուց հետո ծնողների հետ արտասահման է մեկնել և, ըստ լուրերի, ամուսնացել է թուրքի հետ (երդվում եմ, սա նույնպես գրողի երևակայության արդյունքը չէ):


Ամեն ինչ խառնվեց իրար. եթե Մեծն Տոլստոյին հաջողվեց սեփականացնել իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը, ես ընդամենը կարողացա մտնել հարյուրամյա մի քարանձավ ու այնտեղից դժվար թե դուրս գամ:

Տարածել