«Ակոս»ի թարգմանությունը մեծ ձեռքբերում է, այն կարդալը՝ պարտադիր
Ժիզել Դերմենջյան
2007 թվականի հունվարին բոլորս էլ լրատվամիջոցներից լսեցինք Հրանտ Դինքի սպանության մասին. հատկապես հեռուստատեսությամբ անդադար շրջանառվում էր Դինքի հայտնի նկարը. Ստամբուլում՝ խմբագրատան դիմաց, նրա բերանքսիվայր եւ անշարժացած մարմինը, կոշիկի տակացուի ակներեւ անցքը եւ նրա շուրջ ձեւավորված խաղաղության ամպը, որից այն կողմ մի անախորժ աղմուկ էր բարձրացել։ Շատերս առաջին անգամ հասկացանք, որ մի մեծ հայ ունեինք Թուրքիայում ու որ այո', հայերը ապրում են Թուրքիայում։
Մոտ մեկ տասնամյակ անց Վալերի Մանտոն հայտնվում է Ստամբուլում, այնտեղ ապրում է մեկ ու կես տարի եւ գրում է «Ակոս» վեպը, որի միջոցով ներկայացնում է Ստամբուլում տիրող տրամադրությունները։ Նա, անցնելով Բոսֆորի նեղուցի մի ափից մյուսը, ուսումնասիրում է տեղի մարդկանց կյանքը, սիրահարվում է քաղաքին։ Միեւնույն ժամանակ նրան հուզում են Ստամբուլում տիրող վախի մթնոլորտը, անազատությունը եւ սահմանափակումները, որոնք ուղեկցվում են հասարակության առաջադեմ շերտի ընդվզումներով։ Ընդունելի ծայրահեղականության եւ ազատականության միջեւ առաջացած դիսոնանսն էլ նա դնում է իր դիտարկման կենտրոնում։
Այս վեպում Ստամբուլը եւ նրա բազմաշերտ կյանքը ներկայացվում են բոլոր նրբերանգներով՝ ստիպելով ընթերցողին էլ ավելին բացահայտել։ Քաղաքային տեսարաններ, ձեւավորված բոհո կյանքից դրվագներ. երբեմն թվում է՝ վավերագրական ֆիլմի ժապավեն է ձեռքիդ։ Մանտոյին հետաքրքրում է Հրանտ Դինք անհատը, նրա դերակշռումը թուրքական հասարակության մեջ եւ նրա անձի մեծությունն ու առեղծվածը։ Ինչքա՜ն քիչ բան գիտենք Հրանտ Դինքի մասին. ինչպե՞ս էր նա պատկերացնում համակեցությունը Թուրքիայում, ի՞նչ վախեր ուներ նա, ի՞նչն էր նրան ուժ տալիս հայկական հարցը լսելի դարձնել եւ վերջապես ինչու՞ նրա սպանությունից հետո բազում մարդիկ դուրս եկան փողոց «Ես եմ Հրանտ Դինքը» եւ «Ես հայ եմ» ցուցանակներով ու վանկարկումներով։
Վեպը կլանող է, գրված է պարզ լեզվով, բայցեւայնպես զուրկ չէ զգացմունքայնությունից։ Չունենալով հստակ զարգացող սյուժե՝ շատ դինամիկ է եւ ռիթմիկ։ Կարդալով վեպը՝ կպատկերացնեք ժամանակակից Թուրքիայում տիրող մթնոլորտը, կծանոթանաք Հրանտ Դինքի կենսագրությանը, նրա կատարած աշխատանքին եւ մտքերին եւ կտեղեկանաք այլ առանցքային դեմքերի մասին։
Կարծում եմ Մանտոն վեպի միջոցով ամբողջովին չի բացահայտում Դինքի առեղծվածը, այլ ահազանգում է նրան ուսումնասիրելու եւ ճանաչելու կարեւորության մասին։ Վեպ, որը քեզ տանում է Ստամբուլ, ստիպում թափառել նրա փողոցներով, դառնալ հեղինակի ուրվականը, նրա հետ բացահայտել, զգալ, վրդովվել, հպարտանալ, հուսահատվել եւ ափսոսել։
Իր վերջին հոդվածում Հրանտն իրեն համեմատում էր վախվորած աղավնու հետ, որն ապրում է վախերի մեջ եւ թաքուն հետեւում է, թե ով կնետի առաջին քարը։ Սակայն նա նշում էր նաեւ, թերեւս ինքն իրեն հանգստացնելու համար, որ գիտի՝ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս։ «Ակոս»ը հայերեն թարգմանված ունենալը մեծ ձեռքբերում է, իսկ այն կարդալը՝ կարծում եմ՝ պարտադիր։
Վալերի Մանտո
4800 ֏
Նկարագրություն
Վալերի Մանտոն սիրահարված է Ստամբուլին ու դրա նակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։ Հենց այս ցածր բնազդներն է Ռեջեփ Էրդողանը բորբոքում «քաոսի եզրին հայտնված այս երկրում, որը դեգերում է արմատականության եւ բռնապետության միջեւ»։
Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գլխավոր հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրողներ, հետեւում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»:
Այս դժոխքում է, որ մոլեռանդների ամբոխը մի երեկո, ամադանից հետո, ծեծում է երաժշտական խանութի տիրոջն ու հաճախորդներին, որոնք Radiohead-ի նոր ալբոմն էին լսում։ Այս դժոխքում են ահաբեկիչները 2016-ին հարձակվում Աթաթուրքի օդակայանի վրա: Այն նույն օդակայանի, որտեղով 2017-ին հերոսուհին փախչում է Ֆրանսիա՝ իր վիզայի ժամկետը լրանալուն պես: