7 միտք «Անապակ առեղծված» գրքից՝ արբեցած գինեբույրով ու հագեցած գինեգույնով

July 27, 2023

Գինու մասին խոսել, գրել ու քննարկել են հենց պատրաստելու ժամանակներից սկսած՝ դարեր առաջ ու դարերի ընթացքում։ Բայց միայն անցած մի քանի տասնամյակներում է, որ այն սկսել են գնահատել առևտրային նկատառումներով՝ ներգործելով ոչ միայն մեծ թվով գինի խմողների ընկալումների վրա, այլև, պայմանավորելով նրանց համի զգայարանները: Վահան Զանոյեանի «Անապակ առեղծվածը», ասես, զրույց լինի գինու, զգացմունքների, զգայարանների հետ։ Ներկայացնում ենք 7 միտք գրքից։

1. Կարո՞ղ էր, արդյոք, Վայող ձորի հրապույրը նոր բանալի տալ գինիները մարդկային հույզերին համապատասխանեցնելու համար։ Հենց  հողի մե՞ջ էր, արդյոք, գաղտնիքը։  

2. Մարդկային հույզերին տրված անվանումների մեծ մասը, որոնց մասին նա լսել էր, գերմաներեն էին, գալլիերեն, իդիշ կամ ճապոներեն, բայց դրանք բոլորն էլ իշխում էին Երևանում։ Կարոտաբաղձությունը համընդհանուր էր, նույնիսկ եթե  առանձնահատուկ իմաստ էր ստանում հայերի շրջանում։  

3. Նա սիրում էր գինու անցած պատմական ուղին, խաղողի մշակության ավանդույթի զարգացումը՝ միահյուսված մարդկության պատմության հետ։ Նա գինին տեսնում էր մշակույթների և նույնիսկ կրոնների անքակտելի մաս, քանի որ պատմության ընթացքում այն զարգացել էր մարդու հետ։  

4. Նրանց համար խաղողը՝ ամբողջ արևն իր մեջ առած, աստվածային էր։ Մի քանի հազարամյակ հետո Գալիլեո Գալիլեյն ասելու էր. «Գինին արևի շողերն են, որ միմյանց հետ պահվում են ջրով»։ Այդ մարդիկ սա գիտեին Գալիլեյից 5500 տարի առաջ։  

5. Նրանց համար խաղողի հյութն Աստծո արյունն էր։ Գինի խմելը նշանակում էր ճաշակել Աստծո  մի մասը, դառնալ կես Աստված։ Հետագայում՝ 4000 տարի հետո քրիստոնեությունն ընդունելու էր այդ նույն գաղափարն ու այն դնելու էր հաղորդության խորհրդի հիմքում։ «Դա իմ արյունն է»,-ասում է Քրիստոսը՝ գինով լի բաժակը տալով իր աշակերտներին։  

6. Ավելի քան 6000 տարի առաջ գինին առանձնապես ինչ որ բան չէր, որը պտտեցնում ես, հոտոտում ու համադրում կերակրի հետ։ Այն կրոն էր։ Այն սահմանում էր այն մարդկանց  ու նրանց կյանքը։ Այն մարմնավորում էր կյանքի իմաստը։  Նրանք ավելի մեծ հավատ ունեին գինու հանդեպ, քան այսօր ունի մարդկանց ճնշող մեծամասնությունը, ինչ Աստծու էլ երկրպագեն։  

7. Մենք բոլորս մահկանացու ենք մինչև առաջին համբույրը կամ գինու երկրորդ բաժակը։ Երկրորդ բաժակը քանակի վկայություն չէ։  Գինու ոչ մի սիրահար ձեռքը չի մեկնի՝ լցնելու երկրորդ բաժակը, եթե առաջինն արդեն նրան գայթակղած չլինի։ Երկրորդ բաժակը վկայությունն է այն մասին, թե ինչպես է առաջինը մեզ ստիպել զգալ։ Եվ հենց այդ առաձնահատկությունն է, որ ազատագրում է մեզ ու ի չիք դարձնում մեր մահկանացու լինելը։

Կարդացեք նաև