«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը հունվարի 16-ին նշում է տարեդարձը

January 14, 2022

1976 թվականի հունվարի 16-ին է ծնվել լրագրող, գրող Արա Թադևոսյանը: 1999 թվականից «Մեդիամաքս» մեդիա ընկերության համահիմնադիրն է և տնօրենը: Լրագրողական կարիերայի ընթացքում հրապարակել է մի քանի հարյուր հոդված, հարցազրույց և սյունակ հայկական, արևմտյան և ռուսաստանյան լրատվամիջոցներում: «Երևան XX դար», «Շարժում 1988/25» գրքերի համահեղինակն է և խմբագիրը: 2020-ին գրեց «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը, որը հրատարակել է Newmag-ը:

Լրագրող, խմբագիր, մեդիա ընկերության հիմնադիր Արա Թադևոսյանը երկու տարի առաջ դարձավ նաև գրքի հեղինակ: Տասնամյակների ընթացքում հավաքված պատմությունները պետք է գրի առներ, որ ընթերցողն էլ համոզվեր՝ կյանքը երազանքներն իրականացնելու շղթա է.  «Երբ նոր էի սկսել զբաղվել լրագրությամբ, կենսաբանական գիտությունների դոկտոր ավագ հորաքույրս հաճախ էր ինձ ասում, որ պետք է անպայման գիրք գրեմ։ Ես էլ լուրջ չէի վերաբերում, մտածում էի, «պրոֆեսոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ, ե՞ս ինչի մասին պիտի գրեմ»»:

                                                      

Արա Թադևոսյանի երազանքի իրականացման պատմությունը համաշխարհային ռոք աստղերի՝ Իեն Գիլանի և Թոնի Այոմիի մասին է. այցը Հայասատն, օգնությունը Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Նրանք եկան խորհրդային Հայաստան, որտեղ ռոքը արգելված էր. «Շատ անկեղծ եմ գրել գիրքը, որևէ բան չկա, որ գրված է, և տեղի չի ունեցել. վերջերս ընկերներիցս մեկն ասաց, որ գրքում «խտացված էմոցիաներ են»: Չեմ թաքցնի, որ գիրքն առաջին անգամ գրել եմ ընկերներիս համար, որոնց հետ անցել ենք այդ ճանապարհը: Բայց նաև ցանկացել եմ ցույց տալ, որ եթե ինչ-որ բան շատ ես ցանկանում անել և մեծ ջանք ես գործադրում, շատ մեծ է հավանականությունը, որ կստացվի»: 

Մեծ հոդվածի գաղափարը վերածվեց գրքի ու վերնագրվեց «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»: Սա նաև իր սերունդի ու սերնդակիցների հուշերն են՝ նկատում է Արա Թադևոսյանը. «Ամեն սերունդ ունի իր կռիվն ու հերոսները, իր միֆերն ու առասպելները։ Ամեն սերունդ ունի նաև իր մեծ սերը, որն իր հետ տանում է տարիների ընթացքում։ Իմ սերնդի սերը գուցե ռոքն է։ Գուցե հավատն է քրտնաջան աշխատանքի նկատմամբ։ Ավելի քիչ՝ ցինիզմը, ավելի շատ՝ մարդասիրությունը։ Գուցե այդ ամենը։ Մեր սերնդին ոչնչով այլևս չես զարմացնի ու չես վախեցնի»։

Կարդացեք նաև

Գիրք գրելուց առաջ և հետո Արա Թադևոսյանը զբաղվում է ակտիվ լրագրությամբ, իր մտքերը, խոհերը mediamax.am-ի հեղիակային սյունակներում են: Բայց խոստովանում է՝ երկու նոր գրքի գաղափար ունի, մեկը դարձյալ նոն-ֆիքշըն, մյուսը՝ գեղարվեստական։

Կարդացեք նաև