Արեգ Միքայելյան. Այսօր փողն այն մարդկանց ձեռքում է, որոնք նույնիսկ վայելել չգիտեն

November 17, 2016

հռչակ և հեղինակություն


Հեղինակությունն ինձ համար ավելի դրական է, իսկ հռչակը՝ բացասական, չնայած գուցե որոշ մարդկանց դեպքում հռչակն էլ է դրական: Ամեն ինչ հարաբերական է. օրինակ՝ Վիկտոր Համբարձումյանի մասին հռչակավոր ասելն ամոթ չէ: Իսկ մեկ այլ գիտնականի մասին նշանավոր կամ հռչակավոր ասելը գուցե չափազանցություն է կամ անհամեստություն: Կարևոր է, որ մարդն իր հեղինակությունը ձեռք է բերում երկարամյա աշխատանքի, վստահության, վաստակի շնորհիվ: Եթե որևէ գիտնական երաշխավորագիր է տալիս, և գրության տակ մարդիկ տեսնում են նրա անունը, ազդեցությունը մեծ է լինում. դա նույն հեղինակության շնորհիվ է: Իսկ եթե հայտնիության տեսանկյունից ենք նայում, ես բացասական եմ ընկալում, որովհետև մարդու անձն այնքան չեմ կարևորում, որքան մարդու արածը:

գիտություն


Գիտությունը կտրուկ տարբերվում է շոու բիզնեսից կամ արվեստից, որովհետև նույնիսկ արվեստում մարդիկ սիրում են տարածել իրենց անունը, հռչակ ձեռք բերել: Արվեստը շոու բիզնեսին ավելի մոտ է, քան գիտությունը: Գիտությունն ավելի հեռու է, եթե չհաշվենք պոպուլիստականը: Այն մարդիկ, որոնք այսօր մնացել են գիտության մեջ, ինձ համար նվիրյալներ են: Նրանք ոչինչ չակնկալելով են դա անում: Այսօրվա երիտասարդությունը լրիվ ուրիշ է. նայում է, թե ինչ ակնկալել, ինչ օգուտ կա, ինչի համար արժե գալ գիտության ասպարեզ: Շատերը, օրինակ, գալիս են արտասահման գնալու համար և ոչ այն պատճառով, որ իրենց ձգում է գիտությունը: Ես հույս ունեմ, որ փոփոխություններ կլինեն: Բոլոր զարգացած երկրներում գիտությունը բարձր է գնահատվում:


[ Մոնոլոգ ]





կորուստ


Շատերն են ասում, որ ոչ մի բանի համար պետք չէ ափսոսել, իբր պետք է փորձել ամեն ինչի մեջ դրականը տեսնել: Ես ինձ հարցնում էի. լավ, հարազատ մարդը մահանում է, դրա մեջ ի՞նչ դրական բան կա: Բայց հետո հասկացա, որ կա: Մենք մարդուն կենդանության օրոք այդքան չենք գնահատում, բայց մահանալուց հետո, պարզվում է, ավելի ենք սկսում գնահատել: Կորուստը շատ ծանր, բացասական բան ունի, բայց մյուս կողմից՝ ես փիլիսոփայորեն եմ նայում, փորձում եմ ամեն ինչը դրականի վերածել: Եթե մարդը հեռանում է, եթե մենք այդքան անշնորհք էինք, որ կյանքի ժամանակ նրան չէինք գնահատել, գոնե նրա մահն է ստիպում է անել դա:

նոր սերունդը


Նոր սերունդը մի մեծ թերություն ունի. պահի տակ է մտածում: Նրանք նայում են, թե այսօր որ մասնագիտությունն է կարևորվում, և այդ մասնագիտությունն են ընտրում: Իսկ վա՞ղը: Ոչ ոք չի ասում` իսկ վաղն ի՞նչ է լինելու: Նույնիսկ տրամաբանորեն ապացուցում եմ, որ եթե Դուք հիմա 20 տարեկան եք, Ձեր կյանքը չի վերջացել, Դուք չեք մտածում, որ 30-ում էլ եք ապրելու, 40-ում էլ, 50-ում էլ: Դուք չե՞ք մտածում, թե հետո Հայաստանում ինչն է կարևորվելու. Դուք, ըստ այդմ, Ձեզ պատրաստե՛ք կյանքին, ոչ թե այսօրվա շահերով: Ստատիկ են մտածում, բայց պետք է դինամիկ մտածել: Նոր սերնդի ընկալումներն ու ընդունակությունները շատ ավելի բարձր են, քան մեր ժամանակ էր, բայց, ցավոք սրտի, կարծես սխալ ուղղությամբ, սխալ արժեքների ետևից են գնում: Վստահ եմ՝ ապագայում իրենք ափսոսելու են դրա համար:

նյութապաշտություն


Ինձ համար ամենասարսափելի բանն է: Ինձ համար հոգևորն ավելի բարձր է, քան որևէ նյութական բան: Ավելի լավ է՝ մարդ սոված մնա, բայց ոչ հոգեպես: Եթե կուշտ կերանք ու գնացինք այս կյանքից, ի՞նչ… Ոչ մի արժեք, ոչ մի հետաքրքրություն: Ես հարուստ մարդկանց եմ ճանաչում, որոնք գնում են Փարիզ ու չգիտեն՝ ինչ անել: Չեն մտածում, որ կարելի է գոնե մեկին վարձել, որ իրենց սովորեցնի, թե Փարիզում ինչ կարելի է անել, ինչ արժեքներ կան, ինչ է պետք տեսնել: Լսել եմ, որ ասել են՝ Փարիզի այսինչ ռեստորանում եղե՞լ եք: Դեմ չեմ, թող խոհանոցն էլ փորձեն, բայց իրենց համար ոչ մի արվեստ, ոչ մի հետաքրքրություն չկա: Շատերը աշխարհագրություն չգիտեն: Նրանց համար կարևորը փողն է: Այսօր փողն ավելի շատ այն մարդկանց ձեռքում է, որոնք նույնիսկ վայելել չգիտեն: