Ալվարդ Պետրոսյան. Չեմ ուզում մեծարեն ինձ, բայց լավ կլինի, որ հիշեն

Ալվարդ Պետրոսյան. Չեմ ուզում մեծարեն ինձ, բայց լավ կլինի, որ հիշեն

newmag-ը գրի է առել Ալվարդ Պետրոսյանի մոնոլոգը թոռների, նոր սերնդի, ապրիլյան հերոսների, ժողովրդի ու գրականության մասին:

գրողը

Բան պիտի իմանաս, որ գրես։ Իմանաս և ապրես, պիտի կրթված լինես ուղղակի։ Առնվազն Կարպիս Սուրենյանցի նման, որը փայլուն էսսեիստ էր։ Ես գուցե մի քիչ շփացած եմ. եթե իմ 17 տարեկան թոռն արդեն Նիցշե է կարդում, մտածում եմ` ուրեմն ինքը մենակ չի։ Շատ հազվագյուտ հատկանիշ է էդ սերնդի համար` ավելին իմանալու, աշխարհաճանաչողության գրգիռը: Ռաբիսական մի շերտ կա դեռ,բայց միջուկը, կորիզը միշտ էլ փոքր է լինում։ Էդպիսի պտուղ չկա, որի կորիզը մեծ լինի, եթե մեծ է՝ էդքան լավ պտուղ չի։ Մեր էս նոր սերնդի կորիզը շատ լավն է՝ ամուր, շշմելու։ 16 և 18 տարեկանների աշխարհի չեմպիոները, ոսկե մեդալակիրները հայ շախմատիստներն են։ Լացս հաճույքից, հպարտությունից գալիս է։ Էդ էլ հո շախմատը, որ պարապ վախտի խաղալիք չի։ Պիտի ունենանս որոշակի և՛ ազգային գենետիկ հակվածություն, և՛ որոշակի ուղեղի կառուցվածք, չէ՞:

կենդանի դասական

Ինձ միշտ կարելի է ավելորդ անկեղծության մեջ մեղադրել, հակառակը` չէ։ Ես մոդայիկ չեմ։ Միշտ ասում եմ մոդայիկ թիթեռները վառվում են։ Կենդանի բառը լավ է, բայց ես շատ ամաչկոտ մարդ եմ: Ինձ ուղղափառ արձակագիր եմ անվանում։ Բայց կարծում եմ, այնուամենայնիվ, ես երևի թե պրոֆեսինալ եմ։ Իսկ էդ կենդանի դասականը գուցե թոռներիս դուր կգա։  Թոռս  իր մի նկարը ցույց տվեց, որը դասատուները չէին հավանել, իսկ ես հիացած էի։  Ուրախ եմ, որ ես էդ նկարը հավանեցի: Ինքը  վստահ էր, որ կարող է ես էլ չհավանեմ, ասեցի` էս ինչ հրաշք է։ Այսինքն` ես դաական չեմ, որ դասական լինեի, պիտի չհավանեի էդ նկարը:

կուզեի

Երբ  պատմվածքս տպվում էր «Գարունում», ինձ թվում էր, թե ամբողջ Երևանը հմայված իմ հետևից վազում է իմ պատմվածքով հիացած։ Էդ տարիքում լինեի, որովհետև դրանից ավելի չքնաղ վիճակ չեմ հիշում: Հիմա մի տեսակ կուշտ կատվի պես չեմ ուզում ոչին։

հաճոյախոսություն

Միշտ ասել եմ` թմբլիկ եմ, ստիպված հանդիսավոր եմ էդ թմբլիկության պատճառով, չեմ կարող թռչկոտել։ Բայց իմ ներսում բացարձակ ոչ մի հանդսավոր բան չկա։ Տղաս ասում էր «իմ խուլիգան մամաս», և ես դա համարում էի հաճոյախոսություն։ Իմ հարսի հայրը, որը իմ ընկերն էր, ասում էր` «ըհն, եթերային թբմլիկը եկավ»։  Համարում եմ` որպես կին լավագույն հաճոյախոսությունն էդ է եղել։ Շատ շարժուն էի, հիմա ոտքերս գնում-գնում են «յարիս մոտ չեն հասնում»։  Հիվանդ եմ, բայց ուղեղս դեռ մնացել է նույն անկարգ և ոչ դասական վիճակում։

կանանց դարը

Գեղրավեստում աղջիկներն են շատացել։ Օրինակ իմ սերնդի շրջանում մի քանի աղջիկ նկարիչներ կային, որոնցից մեկը՝  ընկերուհիս՝ Ադել Հայրապետյանն էր, հիմա Լեհաստանի առաջին գեղանկարիչներից մեկն է համարվում: Հարսս Թերլեմեզյանի տնօրենն է,  ասում է հիմա ֆանտաստիկ,անհավատալի տաղանդավոր աղջիկներ կան։ Ես վախենում եմ դրանից։ 21 դարը դառնում է կանանց դար, չեմ ուզում։ Տղամարդկանց դարում եմ ուզում ապրել։  Միշտ եմ էդպես մտածել։ Հայրիշխանության կողմնակից եմ։ Վախենում եմ` ինչո՞ւ պիտի էսքան ակտիվանան կանայք, ուրեմն ինչ-որ  մի տեղ տղամարդիկ ազնվացել են։  Ափսոս։

%d5%a1%d5%ac%d5%be%d5%a1%d6%80%d5%a4-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b61իմ կորուստը

Շատ սիրում եմ անկարգությունները։ Բայց Չիլոյի անկարգությունները, Դավիթ Հովհաննեսի անկարգությունները: Ես շատ աղքատացած եմ: Դավիթն իմ շատ սիրելի ընկերն էր և ես էնքան շոկի մեջ էի, նրա մահը անակնկալ էր: Մարդիկ կան, որ չես հավատում, որ կարող է գնան: Այդպես իմ տղան, այդպես Դավիթս…կատաղի, չարենցական իր էդ հախուռն, տաղանդավոր, չարախոսված։ Ուզում եմ ասել՝ աղքատանում ենք։ Հրաչը համեստ, հպարտ Թամրազյանը: Գոնե ինչ-որ մի կետ պիտի մեջդ լինի, որ դու կարողանաս էս ժամանակի մեջ ապրել: Ես հիմա իմ ժամանակի մեջ չեմ, ես ձեր ժամանակի մեջ եմ։ Դա էլ բավական չի,ես իմ 17 տարեկան թոռան ժամանակի մեջ եմ։ Դեռ 11 տարեկան մյուս թոռանս ժամանակի մեջ էլ եմ։

իմ մտերիմները

Երախտամոռությունը ամենասարսափելի մեղքերից մեկն է։ Ես բարձրաձայն մտածողներից եմ, ում սիրում եմ՝ սիրում եմ։ Սիրում եմ նրանց, ովքեր ինձ են սիրում։ Էդ էլ Ալեքսանդր Դյումայից գողացա: Առողջ բան է էլի։

իմ կռիվը

Նկարիչ ընկերներիցս մեկը` լուսահոգի Վիգեն Թադևոսյանը, մի օր ասաց. «ստեղծագործական կիրքդ էնքան ուժեղ է, որ ուզում ես էս ինչքան  ք-ով սկսվող վատ բառ կա մարդ սարքել։ Բայց հետո, որ չի լինում, նստում ես ու զարմացած մտածում ես»։ Եղբայրս էլ ասում էր․ « հիանալի է, հոյակապ է, հետո թըրըխկ ընկնելու ես»։ Ես նախընտրում եմ միշտ սխալվել` լավ մտածելով։ Ես հրեշտակ չեմ, ոչ էլ գառնուկ եմ։ Նաև հիշաչար եմ, և պատժել գիտեմ:

իմ զարմանքը

Տափակ մարդիկ չեն զարմանում, իմ կարծիքով։  Ո՞նց կարող եմ չզարմանալ էս ծաղիկների գեղեցկությունից:Իմ և Սիլվա Կապուտիկյանի տարբերությունը դրանում է։ Նա մտածում էր`մեր համար առաջին տիկինն է,իրեն պիտի անպայման մեծարեն։ Մի անգամ իմ մասին մորաքրոջս ասել էր․ «Խանումը շատ մեծամիտ է, ինձ տեսնում է չի բարևում»։  Հետո ինձ տեսավ, ասեց․ «Քեզ բանբասել եմ, հո չե՞ս նեղացել»։ Ասացի․ – «Չէ, զարմացել եմ, որովհետև, եթե ես Սիլվա Կապուտիկյանը լինեի, առաջինը ես կբարևեի ինձնից կրտսերներին, իսկ ես ոտքի տակ չեմ սիրում ընկնել»։ Չեմ կարծում, որ պարտավոր են մեծարել ինձ, բայց հիշե՞լ. լավ կլինի, որ հիշեն։

քաղաքականություն

Քաղաքականություն չեմ ուզում վերադառնալ։ Մտածողությանս մեջ գուցե կան քաղաքական տարրեր, չեն կարող չլինել։ 88 թվից ես ասել եմ, ու նորից կրկնում եմ`  իմ սերնդի մարդիկ իրավիճակային քաղաքական գործիչներ էին։ Մեր իրականությունը մեզ պարտադրեց քաղաքականություն, Արցախյան ազատամարտը, երկրաշարժը, սովետի քանդվելը,և էս լուրջ քաղաքական գործչի, քաղաքական մտածողություն կրող մարդու կեցվածքը․․․ Ես ավելի շատ հասարակագետ եմ։ Ծիծաղելի է, պրոֆեսիոնալները նոր են գալիս: Ինձ համար ակնահաճո է` երիտասարդ, կրթված, բացառիկ կրթված սերունդ է գալիս։

գրականությունը

Հզոր գրականությունն, այնումենայնիվ, հզոր պետության դրսևորում է։ Փառք Աստծո, որ, այնուամենայնիվ,  20-րդ դարում մենք հզոր գրականություն ունեցանք, Չարենց ունեցանք։ Աշխարհի որ՞ ժողովուրդը չէր ուզենա Չարենց ունենալ։ Վստահ եմ, որ 21-ում էլ դեռ կլինի: Հո էդ արգանդը չի՞ չորացել էս ժողովրդի։ Հաճույք եմ ստանում, երբ իմ թոռը, գնում է Վիեննայում, Շիլեի թանգարանի մայթին պառկած լուսանկար է բերում։ Քաղաքակրթվում են։ Աշխարհի քաղաքացի լինելը չի նշանակում ապազգային լինել։ Գավառամտություն է դա։

տոհմի հիշողությունը

Ուզում եմ, որ թոռներս` իմ Գոռը, իմ Շանթը հիշեն ինձ ոչ միայն նրանով, որ համովիկ ճաշիկներ եմ եփում,  այլ նաև մի ուրիշ հարթության մեջ էլ, որը իրենց տոհմիկ մտածողությունն է պարտադրելու։ Շատ կարևոր է տոհմի զգացողությունը։ Բոլորը չէ, որ դա ունենում են։ Շատերն են խոսում ազնվականության մասին։ Ի՞նչ է ազնվականությունը, ի վերջո բոլորն էլ ինչ-որ մի կետից սկսում են , չէ՞: Մի գեղջուկ էլ է 400 տարի առաջ իր արմատները ունեցել: Ես նախորդ էսսեյումս հաշվել էի 100 դոլարանոցի վրայի էդ մարդու գեները: Հետ եմ գնացել, հետ եմ գնացել, պեղել եմ, պեղել եմ, պարզվում է ինքն իր արմատներով Փյունիկյան ծագում է ունեցել։ Ազնվականությունը տոհմիկ հիշողությունն է, ինչը նշանակում է սեփական արմատի, սեփական տան, սեփական երկրի, սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն, արյան պատասխանատվություն: Դա էլ քեզ ազգ է դարձնում։ Բոլոր ժողովուրդները չէ, որ ազգ են։ Արաբների ողբերգություն ո՞րն է։ 200 միլիոն են, բայց դեռ ազգ չեն, ցեղախմբերով իրար ուտում են։ Պաղեստինցիները շատ տաղանդավոր արաբական ցեղ են։ Բայց  ազգ, էթնիկ միավորում չեն կարող լինել: Իսկ մենք կանք, չէ՞։

ժամանակները, ժողովուրդը

Ցարական Ռուսաստանը հզոր երկիր էր։ Ժողովրդի կեսից ավելին սոված էր, բայց իրենց էդ  նախադասությունն ինձ ցնցում է «За державу»։ Մեր ժողովրդի մեծ մասը էդ գիտակցումը չունի։ Ընտրությունների ժամանակ ասումեն «մեր ժողովուրդը», «ցավը տանեմ մեր ժողովրդի», հաջորդ վայրկյանին կաշառք են բաժանում,   հակատրամաբանական բան է, չէ՞։  Եթե էդ ժողովուրդը դեռ կաշառասուն է, եթե դեռ էդ ժողովուրդը փողը վերցնում է, իր ձայնը ծախում է, ուրեմն իր ցավը  ես դեռ չեմ տանում, այսպես ասած։ Իրականության մեջ ես շատ էլ տանում եմ, բայց էս ժողովուրդը պիտի արժանապատվություն ունենա։  Ես չեմ սիրում, որ ասում են` ոտքդ վերմակիդ չափով մեկնի։ Եթե էդպես մտածեինք 88-ին ազգային զարթոնք չէր լինի։ Մեր վերմակի չափը շատ պուճուր էր, անտրամաբանական էր, որ մենք ոչ միայն վերմակից դուրս եկանք, էդ չափը մեզ չտեղավորեց, այլ նաև հաղթեցինք։ Հսկայական կայսրության միակ երկիրն էինք, որը կորուսյալ հայրենիք հետ բերեցինք և հաղթանակած մտանք 21-րդ դար։

ապրիլյան պատերազմը

Ո՞նց կարող եմ էս սերնդի մասին մեծագույն ակնածանքով չխոսել: էդ երեխեքը կանգնեցին, էդ լկստված, անպետք, գուցե մեջները կան նաև, որ ռաբիս են լսում, ծեծկռտուքներ են սարքում, բայց մեկ էլ հանկարծ հասկացան, որ սա էդ սահմանն է, որ չպետք է թողնեն անցնի թուրքը։ Ուրեմն միջուկը առողջ է էս ազգի։ Մնում է, որ էդ միջուկը մեր իշխանավորները սնեն, պահեն, չփչացնեն, որդ չընկնի մեջը։ Եվ էդ ժամանակ էլ հզոր գրականություն կունենանք։

Գրել կարծիք