[newITwar] Բիլայնն ընդդեմ վճարային տերմինալների. Որքա՞ն կտևի և ո՞վ կհաղթի նոր պատերազմում

February 18, 2017

Փետրվարի 16-ից Բիլայնի բաժանորդներին, վճարային տերմինալների մոտ տհաճ անակնկալ էր սպասվում: Բիլայնի և ոչ մի ծառայության համար հնարավոր չէ վճարում կատարել: Պատճառը պարզ դարձավ կեսօրից հետո, երբ Բիլայնը հայտարարեց, որ դադարեցրել է գործակցությունը TellCell, EasyPay և Idram տերմինալային վճարային համակարգերի հետ:

Պատճառն, ըստ Բիլայնի, հաճախորդների հանդեպ կիրառվող խտրականությունն է: Եթե մնացած օպերատորներից 1001 դրամից սկսած միջնորդավճար չի գանձվում, ապա Բիլայնի բաժանորդներից այն գանձվում է միայն 10 000 դրամից: Բիլայնի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով, սա արվում է հաճախորդների շահերը պաշտպանելու համար. «Մենք առաջարկեցինք այդ կետը հանել, որ ամբողջ գումարը փոխանցվի հաճախորդի հաշվին, կրկնում եմ, հաճախորդի, ոչ թե մեր: Կամ գոնե նույն պայմաններով, ինչ մնացած օպերատորների դեպքում: Չհամաձայնեցին: Մոտ մեկուկես ամիս բանակցել ենք, և երբ բանակցությունները մտան փակուղի, մեզ այլ բան չէր մնում անել, քան անջատել ծառայությունները: Վճարում հնարավոր է կատարել միայն Բիլայնի գրասենյակներում դրված տերմինալներից և Idram-ի էլեկտրոնային դրամապանակից, քանի որ գումար չի պահվում»,- newmag-ին պատմել է Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդների շահերը պաշտպանելու փորձը, սակայն, հենց այդ նույն հաճախորդներին դուր չեկավ: Բիլայնի Ֆեյսբուքի պատասխանատուն ուղղակի չէր հասցնում պատասխանել մեկը մյուսից տհաճ, անհաբարեհունչ, հաճախ նաև վիրավորական մեկնաբանություններին:


Հաջորդ օրը, սակայն, բանակցությունները արդյունք տվեցին: Easypay-ը համաձայնեց Գծավոր օպերատորի առաջարկած պայմաններին: Idram-ն ու TelCell-ը դեռ անդրդվելի են: Երբ փորձեցինք կապվել երկուսի հետ էլ, TelCell-ը հրաժարվեց որևէ մեկնաբանությունից: Քիչ անց հաղորդագրություն տարածեց, որտեղ անհասկանալի էր, ի վերջո, ընդունում է Բիլայնի դժգոհությունը, թե ոչ. «Սա Beeline ընկերության միակողմանի որոշումն է: Դադարեցվել է անգամ բանակցություններում չքննարկվող՝ ֆիքսված հեռախոսակապի ու ինտերնետ ծառայության համար վճարումների ընդունումը: «Թել-Սել» ընկերությունը միշտ բաց է երկխոսության, փոխզիջումների եւ համագործակցության համար: Էլեկտրոնային վճարումների շուկայում շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում «Թել-Սել»-ը հավատարիմ է հաճախորդների սպասարկման մատչելիություն ապահովելու եւ վճարումների գործընթացը հարմարավետ դարձնելու իր քաղաքականությանը»:
Idram  էլեկտրոնային վճարման համակարգի մամուլի ծառայութունն էլ նշում է, որ Բիլայնը մեկ օրվա մեջ ցանկացել է փոխել կոմերցիոն բոլոր պայմանավորվածությունները: Բանն այն է, որ Բիլայնի առաջ քաշած պահանջները չեն համապատասխանում տերմինալային բիզնեսի շահերին: Idram-ից տեղեկացրին, որ բանակցությունները դեռ շարունակվում են և հույս ունեն, որ Բիլայնի հետ կգտնեն ընդհանուր եզր` գործակցությունը շարունակելու համար:
Անդրեյ Պյատախինը տերմինալները սպասարկող ընկերությունների հետ ընդհանուր հայտարարի չգալը կարճ բնութագրեց. «Պարզապես ուզում են ավելի շատ փող աշխատել: Պատճառը միայն փողն է»:
Օնլայն վճարումների մասնագետ Գևորգ Պողոսյանի կարծիքով, այստեղ բացի հաճախորդների շահերից բախվում են նաև շատ լուրջ կոմերցիոն շահեր: Բացի հաճախորդներից գանձվող գումարից, տերմինալներ սպասարկող ընկերությունները օպերատորներից նաև միջնորդավճար են ստանում:
Ըստ Գևորգ Պողոսյանի՝ վճարային տերմինալները իսկապես վատ են վարվում Բիլայնի հետ. ավելի շատ են գանձում և բջջային օպերատորից, և բջջային օպերատորների հաճախորդներից:  
«Եթե նայենք բիզնես և օրենսդրական տեսանկյունից այստեղ ոչ մի սխալ չկա, քանի որ ազատ են իրենց սակագները սահմանելու հարցում, սակայն գործընկերային հարաբերությունների տեսանկյունից սա ակնհայտ խտրականություն է: Ստացվում է, որ մյուս երկու օպերատորների հաճախորդների համար ապահովվում են ավելի լավ պայմաններ, քան Բիլայնի հաճախորդների համար: Հիմա, եթե Տերմինալները սպասարկող ընկերությունները գնան զիջման, իհարկե որոշ գումար կկորցնեն, ինչը, բնականաբար, ցանկալի չէ նրանց համար, բայց պայմանագիրը խզելու դեպքում, ավելի շատ է լինում նրանց կորուստը, այնպես որ ես կարծում եմ, որ ընդհանուր հայտարարի անպայման կգան»:
Թե որքան կտևի գծավոր օպերատորի ու տերմինալները սպասարկող ընկերությունների բանակցությունները հայտնի չէ: Ակնհայտ է սակայն, որ ձգձգվող բանակցությունից չի շահում և ոչ մի կողմը: Երկուսն էլ կորցնում են հաճախորդներ: