Տեղի ունեցավ Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

February 27, 2024

«Բարի լույս» հեռուստածրագրում Newmag-ը ներկայացրեց նոր գիրք. Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդը»։ Գրքի գլխավոր գործընկերը ՎՏԲ Հայաստան բանկն է։ Արմենիա հեռուստաընկերության եթերում անձնական աճի վերաբերյալ ուղեցույցի մասին խոսել են գրքի հեղինակն ու գլխավոր գործընկերը։

Newmag-ը ներկայացնում է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդը» գիրքը։ Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։ Եթերում երիտասարդ գործարար Վարուժան Բաբախանյանը ներկայացրեց, թե ինչու է սկսնակ ու նույնիսկ կայացած գործարարներին, ստեղծագործող մարդկանց կարդալ այս գիրքը.

«Բոլորն ուզում են լինել առաջնորդ, դրա համար պետք է կրթվել։ Այս գիրքը դրա մասին է։ Առաջնորդը նախ և առաջ հոգատար, կրթված մարդն է։ Մարդ, որը  առաջ է տանում իր թիմը, ոչ թե հրամանների, այլ իր օրինակով։ Ցույց է տալիս, թե ինչպես ինչպես երազել, հասնել երազանքին։ Գոռն ասում է, որ թիմում ամեն աշխատող պետք է իմանա իր նպատակը։ Գրքում շատ պրակտիկ քայլեր կան, նույնիսկ օրինակ կա՝ ինչպես իրականացնել «հայկական երազանքը»։ Տարբեր մարդկանց օրինակներ կան, որոնք կոնկրետ մարդկանց, կոնկրետ իրավիճակներ են ցույց տալիս, ինչպես լինել առաջնորդ, ինչպես հասնել հաջողություն»։

«Պրոակտիվ առաջնորդը» գրքի գլխավոր գործընկերը ՎՏԲ-Հայաստան Բանկին է։ ՎՏԲ-Հայաստան բանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Նարե Թադևոսյանն ու Հանրային կապերի գծով մենեջեր Գայանե Հարությունյանը պատմեցին, թե ինչու բանկը որոշեց աջակցել գրքի հրատարակմանը։ Նարե Թադևոսյանը կարծում է, որ հայ գրողների, հայալեզու գրականության ու նաև բիզնես գրականության հրատարակումը մեզ համար շատ կարևոր է. «Առաջնորդ ծնվում են, բայց կարող ենք զարգացնել հմտություններ, ծանոթանալ այլ փորձերի ու օրինակների հետ։ Շատ թրենդային է հիմա, շատերն են գրում իրենց առաջնորդության մասին գրքեր, բայց հայալեզու գրականություն այդ թեմայով շատ քիչ էր»։ 

Գայանե Հարությունյանը հիշեցրեց, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ու Newmag-ի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական ու Ծիծաղը» մանկական գիրքն էր. «Այս անգամ թիրախավորեցինք բիզնես գրականության աջակցությունը։ Հայալեզու գրականության տարածումն ու զարգացումը կարևոր է, դրա համար շատ ենք կարևորում նաև Newmag-ի հետ գործակցությունը, ընթերցողին առաջարկելով սոցիալ-տնտեսական, հոգեբանական, բիզնես ու մանկական գրականություն։ Բիզնես գրականությունը մեծ նշանակություն ունի հիմա, երբ պետք է ծանոթ թեմայի շուրջ նոր գիտելիքներ ձեռք բերել կամ էլ ձեռք բերել նոր հմտություններ»։

Գայանե Հարությունյանն ու Նարե Թադևոսյանը խոսեցին նաև լավ առաջնորդ լինելու մասին. «Ժամանակակից լավ ղեկավարը պետք է լինի անկեղծ, ազնիվ, նախաձեռնող, բարելավի իր իսկ ներդրած կառավարման համակարգը, մոդելները, շահագռրգռված լինի բարձրացնել իր ու իր թիմի գիտելիքները։ Առաջնորդը պետք է լինի նաև երազող, որպեսզի թիմն էլ գնա նրա հետևից, նորարար ու ճկուն լինի»։ 

Գրքի հեղինակը նկատեց, որ Newmag֊ի ձմեռային փառատոնից ու գրքի շնորհանդեսից ստացել է մեծ էներգիա, ինչն արդեն  կապիտալիզացնում է։ Գոռ Կարապետյանը իր առաջնորդի հմտությունները զգացել է բանակում. «Ինձնից պահանջվեց երեք ամիս, որ իմ երկու դասակները սինքրոնանան, ծառայենք լավ ու արդյունավետ։ Գոռ Կարապետյանը կարծում է, որ խանդավառ առաջնորդ ծնվում են, արդյունավետ առաջնորդ դառնում են։ Ընկերս ասում է, որ ինքնաշեն առաջնորդ ենք։ Ամեն դեպքում, առաջնորդ նաև դառնում են։ Ես զուգահեռ տարբեր բաներով եմ զբաղվում»։ 

Գոռ Կարապետյանը կարդաց գրքի նախաբանը, որը սկսվում է առակով։ Հենց նախաբանում է ներկայացրել, թե ինչու է գրել առաջնորդության մասին այս գիրքը. «Եռաշերտ մոտեցում պետք է լինի՝ գիտակցում, պատասխանատվություն, վճռականություն։ Եթե այս գիրքը թարգմանեք այլ լեզվով, չի աշխատի, քանի որ հայկական իրականության մասին է, օրինակները հայկական են, մեր միջավայրից են, մեր կողքին ապրող մարդկանց մասին են։ Ես գրքում պատմում եմ` ինչպես ընտրել ու ինչպես չընտրել մասնագիտություն, ինչպես կառավարել ժամանակը»։

Գոռ Կարապետյանը խոսեց նաև իր թիմի մասին. «Եթե մեծ գործարան է, ռիսկերը շատ են, հորիզոնական հարաբերություններ պահելը բարդ է։ Բայց IT կամ մարքետինգային  ընկերությունում այդ ֆորմատը կաշխատի։ Մենք պետք է ազատվենք «անսխալական բոսսի» բարդույթից։ Երբ առաջնորդը, մենեջերը ցույց է տալիս իր խոցելիությունը, դա բարձրացնում է թիմի մոտիվացիան։ «Հայկական հրաշքի» մասին շատ եմ մտածում, շատ երկրներ են դժվար իրավիճակներից հետո տնտեսական ու այլ ոլորտներում կտրուկ զարգացում ապրել։  Հիմա մեր երկրի համար նման իրավիճակ է։ Մենք էլ պետք է գտնենք մեր «Հայկական հրաշքը» ու իրականացնենք այն»։ 

Կարդացեք նաև