[Արդեն դիտել ենք] «Բրավո, Վիրտուոզ». Անսպասելի լավ և նոր ու չծեծված հայկական մեյնսթրիմ կինո

March 3, 2017

Չձևավորված կինեմատոգրաֆական դեմք ունեցող երկրներում, օրինակ՝ Հայաստանում, յուրաքանչյուր ստանդարտից դուրս ֆիլմին դեռ իր սաղմնավորման պահին նախանշված է սեփական ժանրա-էկոլոգիական սանդղակը։ Եթե ֆիլմը դուրս է մնում հիմնական ֆունկցիոնալ սպեկտրից՝ ծիծաղեցնել-հուզել-վախեցնել, և իր վրա է վերցնում ուրիշ, հայկական կինոյի համար ավելի էքսպերիմենտալ հնարքներ և միջոցներ, ստացվում է ոչ միանշանակ ֆիլմ։ Ֆիլմ, որի մասին կլինեն տարբեր կարծիքներ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ և՛ հավանող, և՛ չհավանող խմբերը մինչև վերջ չեն կարողանա բացատրել, թե որտեղ է թաղված ստացված ֆիլմ լինելու գրավականը
Սկսենք պատմությունից. Ալիկը («Կյանք ու կռվի» կյանքը, Սամվել Թադևոսյանը) երաժիշտ է, կլարնետիստ: Ապրում է կոնսերվատորիայի պրոֆեսոր, ինտելիգենտ պապու հետ սովետից մնացած բարձր առաստաղներ ունեցող համեստ և կոկիկ տանը։ Ալիկը սենտիմենտալ է, ժողովրդական լեզվով ասած շուտ հուզվող, իսկ դպրոցա-փողոցային սլենգով կարելի է ավելացնել՝ մի քիչ «դոդիկ»։ Ննջասենյակում՝ Pink Floyd-ի ու Led Zeppelin-ի պոստառներ, հյուրասենյակում՝ նվագախմբի պարապմունքներ։ Խումբը կրում է տղայի՝ Արցախում զոհված ծնողների անունները, գլխավորում է՝ Ալիկի պապիկը։

Կրիմինալ և ռաբիս աշխարհներից սկբզնապես անպաշտպան երաժիշտը դուրս է մնում նաև երևանյան կյանքի միջին ստանդարտներից, մինիմում արտաքնապես։ Ինչի արդյունքում հանդիսատեսին ներկայացվում է այսօրվա հայաստանյան սոցիումի համար ճերմակ ագռավային կերպար, որը չպետք է բախվի իր կաստայի սկզբունքներին 180 աստիճան հակասող սոցիումի հետ։ Սակայն պատահում է այն, ինչ պատահում է. նվագախմբի ադմինիստրատորը գալիք համերգի համար նախատեսված գումարի հետ միասին լքում է իր կոմունալ սենյակն ու փախչում է Եվրոպա կամ Ամերիկա կամ ուրիշ մի տեղ։ Ալիկն ընկնում է մի պետ.դռնից մյուսը, և արդյունքում ստիպված աշխատանքի է անցնում իր՝ դասական երաժշտության, պրոֆեսոր պապիկի դաստիարակության և ռոքային նախասիրություններից բաղկացած աշխարհից ռադիկալ տարբերվող ու հակասող ճոխ և ռաբիս ռեստորանում։
http://www.youtube.com/watch?v=BPsh7LYdwaY
Նվաստացուցիչ աշխատանքային օրվանից և տեղական աստղ՝ «Վիրտուոզ» մականունով կլարնետիստ Սաքուլիկի հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո, Ալիկը հայտնաբերում է ռեստորանի գետնին զանգագարող հեռախոս, պատասխանում է զանգին և ստանում է հրահանգներ՝ գումարի, ատրճանակի և պատվերի մասին։ Քանի որ Ալիկի համար ամենակարևորը նվագախմբի գալիք համերգն է, նա միանգամից վերցնում է գումարն ու զենքը, և ընկնում է անանուն պատվիրատուից ֆինանսական կախվածության մեջ։ Զուգարան այցերից մեկի ժամանակ էլ (իսկ զուգարանային այցերն այս ֆիլմում շատ են), նա ծանոթանում է ըմբոստ և գեղեցիկ, մշտապես ծխող և հերոսի կարիք ունեցող Լարայի հետ։ Եթե ջինսով, կեդերով ու երկար մազերով ինտելիգենտ ընտանիքի զավակ Ալիկը մարգինալ է թվում փայլուն, սև վերնաշապիկ հաստ փորերին ձգած քյաբաբասեր հասարակություն մեջ, ապա գոթական ատրիբուտիկայով և միայն ռուսերեն խոսող ֆրիկ Լարայի ներկայությունն այստեղ մինիմում տարօրինակ է։ Երկու ստանդարտից դուրս երիտասարդի արկածային սիրային պատմությունը վերածվում է իրար փրկել-հասունացնելու խնդրի։ Այստեղ շատ կարևոր է, որ նրանք պայքարում են ոչ թե անհատների դեմ, այլ ճնշող մեծամասնության, ամբոխի, կոռումպացված իշխանության և պատգամավորական ախորժակ ունեցող ռեստորանատերերի։

Մեր կյանքում լինում են տարբեր զավեշտալի և անհավատալի դեպքեր, սակայն երբեք ոչ մի գերշպարված օրիորդ չի մոտենում քեզ զուգարանում և չի խնդրում կրակայրիչ (իրականում ունենալով այն), դու Լուիս Քերոլի Ալիսայի պես չես ընկնում հայելու այն կողմը և չես տեսնում քո անտիպոդին՝ կլարնետիստ մեկին։ Իհարկե, ռեժիսոր Լևոն Մինասյանի առաջին լիամետրաժը արկածային հեքիաթ է, կոմեդիայի և մելոդրամայի էլեմենտներով։ Այստեղ կա նաև սոցիալ-քաղաքական սատիրայի չափաբաժինը (ոնց առանց դրա), բայց մեծ հաշվով սա, ինչպես կասեն գրականագետները, դաստիարակչական վեպ է։ Մի տղայի տղամարդ դառնալու պատմություն-ուղի, որտեղ նրա շուրջ ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնցից հետո իրական կյանքում ոչ ոք ողջ չի մնում։ Իսկ սա ժանրերի միքս է, կատակերգական գրոտեսկի, առաջին սիրո պատմության և ավանտյուրիստական հոգու կողքին քայլում է նատուրալիզմը, քայլում է ծանր և ինքնավստահ, սև հագուստով ու ոսկե շղթաներով։ Սակայն ինչքան էլ մեր կինոարտադրությունում չլինեն հավերժ իդեալների պայքարի թեմաներ ու քայլող կլիշեներ, նման ֆիլմ մեր հանդիսատեսը դեռ չի տեսել։

Ֆիլմի հեղինակ, սցենարիստ և ռեժիսոր Լևոն Մինասյանն ունի հեղինակային տեսլական, հումորի զգացում և հայկական կինոյի համար գտնում է բավականին ոչ սովորական կատարողական հնարքներ։ Նրա ֆիլմում առկա է ֆանտասմագորիկ բաղադրիչը, նա չի վախենում համարձակ լուծումներից, ինչ արժե միայն տիեզերական սեքսի գերէսթետիկ տեսարանը։ Իհարկե, մնում են որոշ անհասկանալի հարցեր հերոսի կերպարի և նրա շուրջ կատարվող գժանոցի վերաբերյալ, սակայն «Բրավո, Վիրտուոզոն» ունի ուրույն հմայք, որից գալիս է նոր, չծեծված հայկական մեյնսթրիմի հոտ։ Եթե ստացվի դա նկատել, ուրեմն 102 րոպեն անիմաստ չեն անցել։

Լուսանկարները` IMBd