Դիանա Մալենկո. Հայաստանում ավելի շատ են հարմարվողները, քան չհարմարվողները

September 15, 2016

արևածագ
Կյանքս ամեն օր նոր թափ է առնում, երբ լուսաբաց եմ դիմավորում, արևի առաջին ճառագայթներն եմ տեսնում: Մայրամուտը և գիշերը սիրում եմ, որովհետև տեսակով բու եմ, բայց մայրամուտի վերջում ինքս էլ մարում եմ: Մայրամուտն ինչքան էլ սիրեմ, այն ասոցացվում է ինչ-որ բանի վերջնակետի հետ, իսկ վերջը ես չեմ սիորւմ, միշտ ամեն ինչի սկիզբն եմ սիրում: Այս պատճառով էլ արևածագն ինձ էյֆորիայի մեջ է գցում: Նույնիսկ արև եմ ուզում դաջել մեջքիս, որ ավելի մոտ լինեմ նրան:
միշտ ուշանում եմ
Միշտ ուշանում եմ: Ինչքան էլ հասկանում եմ, որ անպատասխանատվության դրսևորում է, ինչքան էլ հասկանում եմ, որ չի կարելի այդպես վարվել, բայց… ցավոք սրտի` ես միշտ ուշանում եմ: Կյանքում չեմ ուշանում, շտապում եմ կյանքն ապրել և ապրում եմ: Գոնե այդտեղ մի քայլ առաջ եմ ընկնում ու արագ եմ սկսում ապրել: Առօրյա կյանքում քեզ պիտի այնպես դաստիարակես, որ չուշանաս:
ներողություն խնդրելու արվեստը
Գիտակցելով, որ իրականում շատ վատ քայլ եմ անում, փորձում եմ այդ իրավիճակը շտկել ներողություն խնդրելով: Ներողությունն ինձ թվում է աստվածային բառ, որն ամեն իրավիճակում օգնում է, նույնիսկ ամենավատ արարքիցդ հետո, երբ  անկեղծորեն խոստովանում ես, որ մեղավոր ես: Դա ինձ համար ամենահզոր երևույթներից մեկն է աշխարհում: Այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ներողություն խնդրել, խորհուրդ եմ տալիս անել դա, որովհետև առաջին հերթին դա մարդու ներսն է թեթևացնում:



ՄՈՆՈԼՈԳ



ժամանակակից կինոն
Կինոման եմ: Եթե նույնիսկ գիշերը 3-ին տուն մտնեմ ու առավոտյան 6-ին արթնանամ` անպայման մի ֆիլմ պետք է նայեմ: Շատ եմ սիրում կենսագրական ֆիլմեր: Կինոն ինձ համար կյանքին հավասար գիծ է: Երազում եմ, որ մեր ռեժիսորները սկսեն այնքան հետաքրքիր ֆիլմեր նկարել, որ մարդ այդ ֆիլմի նկարահանման ընթացքում ամեն ինչ մոռանա և տրվի այդ ֆիլմին: Ուզում եմ, որ մեր ռեժիսորները հասկանան, որ ի վերջո ժամանակի մեջ մնում ես, եթե արվեստի լավ գործ ես անում, իսկ կինոն ինձ համար արվեստի կարևոր ճյուղ է, այդ պատճառով եմ ցավագին տանում ամենը: Թատերական ինստիտուտը տարեկան 800 ուսանող է ավարտում, բայց այդքանից 10-ն են իրենց մասնագիտությամբ աշխատում: Ես կողմ եմ, որ երիտասարդ կադրեր դասավանդեն Թատերական ինստիտուտում:
քաղաքային կուլտուրա
Ոմանք մեր քաղաքի զարկերակը չեն բռնել, ոմանք սխալ տեղից են բռնել: Ես ճիշտ տեղից եմ բռնել ու ապրում եմ իսկական երևանյան կուլտուրայով, իսկական երևանյան կոլորիտն ու զարկերակն եմ զգում: Իրականում հիմա տարանջատում կա. փաբային կուլտուրան, որը նոր է ու ինձ ուրախացնում է, երկրորդը` այդ փաբային կուլտուրան քննադատողները: Ամեն ինչը միշտ հետաքրքիր է լինում, երբ քննադատություն է լինում: Մեր օրիգինալությունն այն է, որ Սարյանով քայլելիս անհնար է մենակ մնաս, քանի որ շատ ծանոթների կհանդիպես: Ժամանակակից երևանյան կոլորիտի ամենամեծ խաղաքարտը դա է: Բոլորն իրար ճանաչում են: Տնից դուրս են գալիս ու 8-9 ընկերով են վերադառնում: Մարդի՜կ, հանկարծ չկորցնե´ք դա: Դա է իդեալական քաղաքային կուլտուրան: